• am
  • ru
  • en
Версия для печати
19.03.2007

Հայոց առևտրատնտեսական ներկայությունն աշխարհում

   

Խաչատուր Դադայան

ԱՆԳԼԻԱ

Հայ-անգլիական առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են երկու հարթությունում. 1) միջազգային, այսինքն՝ աշխարհի տարբեր երկրներում, 2) բուն Անգլիայում։

Միջազգային ասպարեզում հայոց վերաբերմունքն անգլիացիների նկատմամբ միանշանակ բացասական է։ Հաղթելով ծովային տերություններ Իսպանիային ու Պորտուգալիային՝ Մեծ Բրիտանիան ինքը վերածվեց ծովային գերտերության և սկսեց իրականացնել էքսպանսիոնիստական քաղաքականություն։ Նա հայտնվեց Արևելքի բազմաթիվ երկրներում (Հնդկաստան, Պարսկաստան, Եգիպտոս, Թուրքիա և այլն), ուր ջերմ աջակցության արժանացավ հայ վաճառականների հանրակցությունների կողմից, բայց հենց նրանք՝ որպես տնտեսական վտանգավոր մրցակիցներ, անգլիացիների ուղղակի կամ անուղղակի պարտադրանքի հետևանքով զիջեցին շուկաներն ու դուրս մղվեցին։ Պատահական չէ, որ Եգիպտոսի վարչապետ Նուբար Նուբարյանը (1825-1899թթ.) Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցիչ լորդ Քրոմերիին ասել էր. «Դուք Եվրոպայի թուրքերն եք»։

Բրիտանական կղզիներն առաջին անգամ հիշատակվում են Անանիա Շիրակացու «Աշխարհացոյցում» (VIIդ.)։ Իսկ առաջին փոխճանաչողական շփումները տեղի են ունենում խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ սպիտակ թիկնոցներին կարմիր խաչ կրող բրիտանացիները, բելգիացիների ու ֆրանսիացիների հետ մեկտեղ, յոթ անգամ ոտք են դնում Կիլիկյան Հայաստան։

1511 թվականից հայերի շնորհիվ անգլերենում հայտնվում է carpet բառը։

1608թ., Ջեյմս I թագավորի օրոք, Outlands-ում հայերը տնկում են թթենիներ և հիմնում շերամաբուծարան։ 1647թ. հայ վաճառական Բաբա Խաչատուրը Անգլիա է բերում մի շարք ապրանքներ, այդ թվում՝ վենետիկյան ապակի ու հայելիներ։ Մեկ տարի անց Ամստերդամից շուրջ երեք տասնյակ ոսկեգործներ հատում են Լա Մանշը, հաստատվում Պլիմուտում և սկսում զբաղվել իրենց արհեստով, սակայն ահաբեկվելով Կրոմվելից՝ լքում երկիրը։ 1674թ. Անգլիա ճանապարհորդություն է կատարում տաղերգու Հակոբ Գրիգորենցը և իր հիացմունքն արտահայտում «Գովք Պրիթանիոյ» ստեղծագործությունում. դա հայոց լեզվով առաջին աշխատանքն է, որը պարունակում է անգլիացիների կենցաղի, վարքուբարքի նկարագրությունը։

1730թ. Լոնդոն այցելած իսպանացի ուղեգիր Դոն Գոնզալեսը վկայում է, որ հայոց շուկան՝ walk-ը, գտնվում էր արևելքից Smittin’s Street-ի և հյուսիսից Threadneedle Street-ի միջև, մի կողմում ունենալով հոլանդացի ոսկերիչների, մյուս կողմում՝ պորտուգալացիների շուկան։ Այս walk-երը գտնվում էին Royal-Exchange-ում, և հայերն զբաղվում էին ակնավաճառությամբ ու գորգերի առևտրով (A Collection of Voyages and Travels, Thomas Osborne, London, 1745, vol. 1, p. 119)։

Այդուհանդերձ, այս առնչությունները դրվագային, տեղեկառու-իմացաբանական բնույթ ունեին, սակայն հենց դրանք հող նախապատրաստեցին Անգլիայում հայերի մշտական բնակություն հաստատելու համար։ Եվ, բնականաբար, առաջնեկի դեր ստանձնեցին նորջուղայեցիները, որոնք Հնդկաստանում ամենասերտ շփումներ ունեին անգլիացիների հետ։

Գրիգոր Խալդարյանը, որ շուրջ երկու տասնամյակ Հնդկաստանում առևտրով էր զբաղվել, 1760թ. տեղափոխվեց Լոնդոն՝ նպատակ ունենալով հիմնել տպարան և դրա բիզնեսով ապրուստ վաստակել։ Տասը տարվա ընթացքում նյութական զգալի կորուստների գնով արդյունքի հասավ և նույնիսկ տպագրեց «Դաւանութիւն հաւատոյ» գիրքը։ Սակայն Լոնդոնում հայկական տպարանի արտադրանքը սպառման շուկա չուներ, և 1781թ. Գ.Խալդարյանն ստիպված սարքավորումները տեղափոխեց Պետերբուրգ։

1785թ. մադրասաբնակ Ալեքսանդր Էդուարդի Ղարամյանը ժամանեց Լոնդոն՝ ուսումնառության։ (Նրա հոր կտակով 1834թ. Պադուայում բացվեց Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը, որը փակվեց 1995-ին)։ 1829թ. նա նշանակվեց Լոնդոնի շերիֆ՝ կառավարության ներկայացուցիչ։ 1847թ. հուլիսի 29-ին մասնակցեց Համայնքների պալատի ընտրություններին, ստացավ 295 քվե (երկրորդ տեղն զբաղեցրածից 19-ով ավելի) և դարձավ ազգությամբ հայ առաջին խորհրդարանականը։

Սակայն ապագա անգլահայ գաղութի ձևավորման գործում առաջնային դերակատարություն ստանձնեցին արևմտահայերը։ XIXդ. սկզբին «Եվրոպայի հիվանդ մարդուն»՝ Թուրքիային պատկանում էր համաշխարհային ապրանքաշրջանառության ընդամենը 1%-ը։ Բրիտանական կայսրության համար Թուրքիան հանդիսանում էր «տնտեսական տարածք», որի յուրացումն անխուսափելիորեն հանգեցնելու էր գաղութացման կամ կիսագաղութացման։ XIXդ. 20-40-ական թթ. Անգլիան իր վերահսկողության տակ վերցրեց Օսմանյան կայսրության ապրանքաշրջանառության շուրջ 31%-ը։ Ամբողջ հարյուրամյակի ընթացքում Թուրքիա ներմուծված բամբակյա և մանվածքային կտորեղենի ընդհանուր արժողությունն աճեց ավելի քան 100 անգամ, իսկ բնակչության մեկ շնչի հաշվարկով՝ մոտ 50 անգամ։ Արդյունքը եղավ այն, որ տեղական սպառման շուկայում ներմուծվող ապրանքների տեսակարար կշիռը 4-5%-ից հասավ 80-ի։ 40-ական թթ. սկզբից մինչև 1870-1872թթ. եվրոպական (և, առաջին հերթին, անգլիական) բամբակյա արտադրանքի մասնաբաժինը թուրքական շուկայում 30-ից հասավ 80%-ի։

Բրիտանական տնտեսական էքսպանսիայի իրականացման գործում զգալի էր հայերի դերը, և դա ուներ իր շարժառիթները։ Նախ, ռազմաֆեոդալական Թուրքիայում հայոց կապիտալը գործում էր մշտակա սպառնալիքների ներքո՝ սեփականության բռնազավթումները, կեղեքումները, կամայականությունները սովորական երևույթ էին։ Սա էր պատճառը, որ հայերը ֆինանսական ներդրումներ էին կատարում ոչ թե արտադրության, այլ առևտրի, վարձակալական, միջնորդական, վաշխառուական գործարքների մեջ։ Անգլիայի տնտեսական ներխուժումը Թուրքիա միանգամայն ձեռնտու էր հայոց կապիտալին, քանզի հնարավորություն էր ընձեռում ներդրվելու նոր շուկաներում, բիզնեսի նոր ոլորտներում։

Երկրորդ, Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին առևտրի մեծ մասը գտնվում էր հայոց ձեռքում, և բնական է, որ անգլիացիներն առաջին հերթին գործ պիտի ունենային հայերի հետ։ Տեղի ունեցավ կապիտալների փոխներթափանցում, «ուծացում», սակայն տնտեսականորեն, արտաքնապես «անգլացվելուն» զուգընթաց հայոց կապիտալը չկորցրեց իր ամենաարժեքավոր հատկանիշը՝ ազգային բնույթը։

1835թ. Անգլիայի տեքստիլ արդյունաբերության «մայրաքաղաք» Մանչեսթր ոտք դրեցին պոլսեցի մանուֆակտուրավաճառներ Գրիգոր, Հարություն և Հովհաննես Միրասեյիդյան եղբայրները, որոնք էլ դարձան անգլահայ կայուն առևտրատնտեսական համայնքի հիմնադիրները։ Նրանց հետևեցին տիվրիկցի Մանուկ, Հարություն, Գևորգ և Խաչիկ Գաբամաճյան եղբայրները, որոնց մանուֆակտուրայի ու երկաթե իրերի առևտրական տունը մեծ հեղինակություն ձեռք բերեց անգլիական ֆիրմաների, ֆաբրիկաների, գործարանների շրջանում և առևտրական լայն ու բազմակողմանի գործառնություններով ակնառու դիրք գրավեց Թուրքիայի ասիական ու եվրոպական մասերում։

Հարություն Մուշլյանն առաջինն էր, որ ամուսնացավ անգլուհու հետ, սակայն հայկական եկեղեցի կառուցելու համար հողատարածք գնեց Upper Brook փողոցում։

1840-ից հիմնված մանուֆակտուրայի ու երկաթեղենի հայկական առևտրական տներից մի քանիսն ունեցան երկարատև կյանք. այսպես, Հովհ. Հակոբյանի ֆիրման գործեց 35 տարի, Մարտիրոս Թոքատյանինը՝ 40, իսկ Կարապետ Եղիազարյանինը՝ 45 տարի։

Անգլիական բիզնեսն ուներ, թերևս, միայն իրեն բնորոշ առանձնահատկություն. հետամնաց Թուրքիայից եկած հայ վաճառականներն արագ ըմբռնեցին, որ բնատուր ձեռներեցությունից, առևտրական տաղանդից զատ՝ այստեղ խիստ հարգի էին հիմնարար գիտելիքներն ու բարձր կրթվածությունը։ Դա էր պատճառը, որ բիզնեսին զուգընթաց՝ Կարապետ Կարագյոզյանը դասավանդում էր Քոլրիջի Սթյուարտ Միլ համալսարանում, Մ.Թոքատյանը Կոնտիում ուսումնասիրում էր փիլիսոփայություն, ֆրանսիական, անգլիական, գերմանական գրականություն, իսկ Գարեգին Փափազյանը Շեքսպիր էր թարգմանում։

Առաջին սերնդին հետևում է 50-60-ական թթ. ալիքը, որը հաստատվելով Անգլիայում՝ տնտեսական սերտ կապեր էր պահպանում Կ.Պոլսի ու գավառների հետ։ Մեկ տասնյակի չափ նորահաստատ հայ վաճառականներ Թուրքիա էին արտահանում անգլիական ապրանքներ, իսկ այնտեղից ներկրում թուրքական, պարսկական, կովկասյան տնայնագործական ու բնամթերային արտադրանք։

1862թ. ամբողջ անգլահայ համայնքը, որ զուտ առևտրատնտեսական մի հանրակցություն էր, բաղկացած էր Մանչեսթրում ու Լիվերպուլում բնակվող 30 վաճառականներից ու նրանց ընտանիքների անդամներից։ Տնտեսապես փայլուն դիրքի հասած այս մարդիկ, բնականաբար, պիտի հոգ տանեին ազգային ինքնակազմակերպման մասին։ Արդեն 1866-ին Մանչեսթրի, Լոնդոնի ու Լիվերպուլի հայերը գումարեցին Ընդհանուր ժողով ու ձևավորեցին հոգաբարձություն, որը ձեռնամուխ եղավ համայնքի ներքին կանոնագրքի ստեղծմանը և Մանչեսթրում եկեղեցի կառուցելու համար հանգանակություն կազմակերպելուն։ Ուշագրավ է, որ կանոնագրքի ստեղծմանն ու վավերացմանը մասնակցեց 14 վաճառական, այդ թվում՝ ապագա «նավթարքա», 24-ամյա Ալեքսանդր Մանթաշյանցը։

1870թ. հանգանակվեց 3010 ֆունտ, 10 շիլինգ և 11 փենս, որով Մանչեսթրի Upper Brook փողոցում կառուցվեց Սբ Երրորդություն հայոց եկեղեցին։

1875-1890թթ. միայն Մանչեսթրում կար 75-80 հայապատկան առևտրական տուն, որոնք 25 մասնաճյուղեր ունեին Պոլսում ու Զմյուռնիայում։

Համիդյան ջարդերին համայնքն արագ արձագանքեց. ստեղծվեցին մի շարք հանձնախմբեր (սովելոց, գաղթականաց, որբախնամ), և հանգանակվեցին գումարներ՝ հօգուտ աղետյալ ազգակիցների։

XIXդ. վերջին-XXդ. սկզբին Լոնդոնում բնակություն հաստատած փոքրաթիվ արևմտահայերին, Հնդկաստանից ու Հնդկաչինի երկրներից տեղափոխված պարսկահայերին ավելացան կովկասահայերը։ Դրդապատճառն այն էր, որ անգլիական կապիտալը ներխուժեց Կովկասի արդյունաբերություն ու հատկապես Բաքվի նավթարդյունաբերություն, և հայ կապիտալիստներն իրենց բիզնեսը վաճառեցին անգլիացիներին (նավթարդյունաբերողներ Առաքել Ծատուրյան, Գևորգ Քալանթարյան, Հովհ. Թումայան, «Գ.Ա. Առափելյան և ընկ.», «Բուդաղյան եղբայրներ», «Հակոբ և Հովակիմ Ադամյան եղբայրներ»։ 1899թ. Զանգեզուրի իրենց պղնձահալ գործարաններն ու հանքերը վաճառեցին Ալ. Մելիք-Ազարյանցն ու Մութաֆյան եղբայրները, ինչի արդյունքում ստեղծվեց Anglo-Russian copper Mining Syndicate, Ltd-ն)։ Տնտեսական այս խոշորածավալ գործարքի հետևանքով ֆիրմաների նախկին տերերից, նրանց հարազատներից ու բարեկամներից շատերը տեղափոխվեցին Անգլիա։

1910-ական թթ. Մանչեսթրում բնակվում էր 650 հայ, Սաֆբորդում՝ 150, Լիվերպուլում՝ 20, Լոնդոնում՝ 400 հոգի։ Այս տարաբնույթ զանգվածը կարելի է բաժանել երեք խմբի. 1.արևմտահայեր (պոլսեցիներ, զմյուռնիացիներ, թալասցիներ, խարբերդցիներ, եգիպտոսցիներ, վանեցիներ և այլք), 2. պարսկահայեր (նորջուղայեցիներ, թեհրանցիներ, թավրիզցիներ և այլք), 3. արևելահայեր (երևանցիներ, ղարաբաղցիներ, թիֆլիսցիներ, բաքվեցիներ և այլք)։ Սույն խմբերն ունեին հոգեբանական, մտածելակերպային էական տարբերություններ, զանազան իրողությունների կրողներ էին, սակայն միավորիչը նյութական ապահով վիճակում և ունեցվածքային գրեթե նույն հարթության վրա գտնվելն էր։

Առաջին աշխարհամարտի ժամանակ, մեծ ջանքերի գնով, անգլիական կառավարությունը թրքահպատակ հայերին թշնամի չճանաչեց և համայնքի լիազորներ նշանակեց՝ Լոնդոնի համար հնդկահայ գնդապետ Գրեգորիին, Մանչեսթրի համար՝ մասոն, Ազատ որմնադիրների օթյակի բարձրաստիճան անդամ Հովհ. Գամպերյանին։

Ցեղասպանության ժամանակ փոքրաթիվ անգլահայ համայնքը բողոքի հզոր ալիք բարձրացրեց, կազմակերպեց բազմաթիվ հանրահավաքներ, քարոզչական միջոցառումներ և ընդհանուր առմամբ ժողովեց ավելի քան 155 հազ. ֆունտ ստերլինգ՝ ազգային կարիքների համար։

1920-ական թթ. համայնքի համար սկսվեց նոր՝ վերապրումի փուլ։ Նավթաբիզնեսի ներկայացուցիչների, գորգի ու մորթի-մուշտակեղենի վաճառականների ազգականների ու մտերիմների ներգաղթի հետևանքով անգլահայերի թիվը հասավ 2000-ի, ընդ որում, լոնդոնաբնակներինը՝ 800-ի։

1922թ. համաշխարհային նավթաբիզնեսի ականավոր գործիչ Գալուստ Գյուլբենկյանը 21.500 ֆունտ ստերլինգ գումարով կառուցեց Լոնդոնի Սբ Սարգիս հայոց եկեղեցին։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր