• am
  • ru
  • en
Версия для печати
02.04.2007

«Ծպտյալ» հայերի կրոնադարձությունը (ըստ թուրքական աղբյուրների)

   

Ռուբեն Մելքոնյան

Վերջին տարիներին տարբեր շրջանակներում բավականին աշխուժացել է հետաքրքրությունը Թուրքիայում բնակվող իսլամացած և «ծպտյալ» հայերի նկատմամբ1: Հարկ է նշել, որ արդեն տևական ժամանակ է, ինչ հենց այդ հայերի սերունդները սկսել են ինքնաբացահայտվել՝ փնտրել իրենց արյունակիցներին, ազգականներին, իսկ Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայում ներկայումս արտաքուստ խրախուսվող, սակայն թվացյալ ազատության սահմանները բոլոր դեպքերում նպաստում են դրան: Տարիներ շարունակ այս թեմաների նկատմամբ Թուրքիայում գործադրված արգելքը սկսում է ճաքեր տալ և պատճառ դառնալ «էթնիկ պատկանելության ճգնաժամի» ի հայտ գալուն: Հրանտ Դինքը այս հանգամանքը դիպուկ է բնութագրել՝ ասելով. «Ներկայումս Թուրքիայում շատերը դեգերում են իրենց էթնիկ պատկանելության լաբիրինթոսում»:

Օրեցօր նոր ծավալներ ընդգրկող այս հարցն արդեն իր արտացոլումն է գտել թուրք ժամանակակից գրականության մեջ, և մի շարք հեղինակներ, ինչպիսիք են Ֆեթհիյե Չեթինը, Իրֆան Փալալըն, Քեմալ Յալչընը, անդրադառնում են իսլամացած ու «ծպտյալ» հայերի խնդրին: Հիշյալ հեղինակների ստեղծագործությունները, ունենալով փաստագրական հիմք, կարևոր են խնդրի համակողմանի լուսաբանման համար, սակայն ասենք, որ դրանցում (թերևս, որոշ բացառություն կարելի է համարել Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» վիպակը) երբեմն դրվում են նաև քողարկված ենթատեքստեր, որոնք, վրիպելով սովորական ընթերցողների աչքից, տեղիք են տալիս ավելորդ հիացական գնահատականների: «Ծպտյալ» և իսլամացած հայերի խնդիրը սկսել է լրջորեն մտահոգել նաև թուրք գիտական շրջանակներին2, և սրա վկայությունն են այն ուսումնասիրությունները, որոնք արվում են այս ուղղությամբ ներկայումս: Այսպես, արդեն տպագրված մի շարք հոդվածների կողքին, 2006 թվականին Ստամբուլում լույս է տեսել և արդեն հասցրել վերահրատարակվել թուրք լրագրող Էրհան Բաշյուրթի «Հայ որդեգիրները» գիրքը, որտեղ քննության է առնվում Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց ծնողներից խլված կամ որբ մնացած, այնուհետև բռնի իսլամացված և թուրքերի ու քրդերի կողմից որդեգրված հայ երեխաների խնդիրը: Հիշյալ գրքում, որը, թերևս, այս թեմայով հրատարակված առաջին գիտական աշխատանքներից է, ներկայացված են հետաքրքիր որոշ փաստեր ոչ միայն իսլամացած, այլև «ծպտյալ» հայերի մասին: Սակայն, ինչպես և պետք էր սպասել, թուրք լրագրողը չի խուսափել կողմնակալ, անհիմն գնահատականներից, փաստերի խեղաթյուրումներից, քաղաքական ենթատեքստերից և այլն: Բայց և այնպես, աշխատանքի շահեկան կողմերից կարելի է համարել այն, որ սույն գրքում «ծպտյալ» հայերի մասին ձեռք ենք բերում որոշակի աղբյուրներ, որոնք գալիս են լրացնելու այս խնդրի վերաբերյալ մեր ունեցած սակավաթիվ նյութերի շրջանակը: «Ծպտյալ» հայերի վերաբերյալ մանրամասն ուսումնասիրության կարելի է հանդիպել նաև Հաքան Գյուվենի «Աքսիոն» հանդեսում տպագրված (14.03.2005) «Վերադառնում են իրենց իրական կրոնին» վերնագրով հոդվածում, որից էլ ընդարձակ մեջբերումներ են արված նաև Բաշյուրթի վերոնշյալ գրքում: «Ծպտյալ» և իսլամացած հայերի մասին «Տատս հայ էր» վերնագրով ընդարձակ հոդվածով է հանդես եկել նույն Էրհան Բաշյուրթը «Աքսիոն» հանդեսի մեկ այլ (26.12.2005) համարում: Այս և նման այլևայլ հրապարակումները ցույց են տալիս, որ թուրքական տարբեր շրջանակներ հետաքրքրված են և մեծ ուշադրությամբ հետևում են «ծպտյալ» հայերի շրջանակներում կատարվող յուրաքանչյուր զարգացմանը:

Վերը նշվածի խոսուն վկայությունն է այն հանգամանալից հետազոտությունը, որ կատարվել է Թուրքիայում՝ իսլամից հրաժարված և այլ կրոն՝ հիմնականում քրիստոնեություն ընդունած քաղաքացիների մասին: Այս խնդիրը քննության է առնվել նաև միսիոներական շարժման նոր թափ ստանալու համատեքստում: Հետազոտության մեջ ներկայացված է, թե Թուրքիայում եկեղեցու վերածված ինչքան տներ են գործում, քանի Ավետարան է բաժանվել մարդկանց և այլն: Սրանով փորձ է արվել պատասխանել նաև բավականին աշխուժորեն քննարկվող «քրիստոնեություն ընդունող թուրքեր» խնդրին, և ի վերջո եկել են այն եզրակացության, որ կրոնափոխվածների գերակշիռ մասը ոչ թե թուրքեր են, այլ Թուրքիայում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ (հայեր, հույներ, ասորիներ): Նշված հետազոտության ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել են բնակչության գրանցամատյանները, ավելի քան 100 տարվա ընդգրկմամբ, որպեսզի տրվի այս հարցերի հստակ պատասխանը: Արդյունքում` հայտնի են դարձել նաև հայերիս համար հետաքրքիր որոշ տվյալներ. այսպես, պարզվել է, որ 1916–2004թթ. ընթացքում Թուրքիայում իսլամից պաշտոնապես հրաժարվել է մոտ 2000 քաղաքացի և մանրամասն ուսումնասիրությունը ի հայտ է բերել, որ նրանց մեծ մասը կամ ավելի կոնկրետ` 1340-ը, ծագումով հայեր են, որոնք վերընդունել են քրիստոնեություն: Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ վերոնշյալ 1340 հայերը ոչ թե կրոնափոխ են, այլ կրոնադարձ, քանի որ բնակչության գրանցամատյանների ուսումնասիրության ընթացքում (ընդ որում` նաև Օսմանյան ժամանակաշրջանի) վեր է հանվել այդ կրոնադարձների մինչև 3-րդ, 4-րդ պորտի նախնիների էթնիկ և կրոնական պատկանելությունը, և պարզվել է, որ հիշյալ մարդիկ ծագումով հայեր են, որոնց նախնիները Հայոց ցեղասպանության ժամանակ առերես ընդունել են իսլամ, որպեսզի ազատվեն աքսորից ու կոտորածից, իսկ իրականում շարունակել են գաղտնի պահել քրիստոնեական ավանդույթները. այլ խոսքերով ասած` դրանք «ծպտյալ» կամ «կրիպտո» հայերն են:

Ե՛վ Էրհան Բաշյուրթի գրքում, և՛ Հաքան Գյուվենի հոդվածում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է անգամ կրոնադարձության աշխարհագրությունը: Այսպես, կրոնադարձությունն ավելի շատ կատարվել է Ստամբուլում, ապա դրան հետևում են Դիարբեքիրը, Ադըյամանը, Բաթմանը, Սիվասը (Սեբաստիա), Թունջելին և Մալաթիան: Ավելին, Ստամբուլում կրոնադարձությունն ուսումնասիրել են նաև ըստ թաղամասերի, և արդյունքում պարզվել է, որ կրոնադարձներն ավելի շատ գրանցված են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում (մոտ 150 մարդ), որին հետևում են Շիշլի և Էմինօնյու թաղամասերը: Ավելորդ չի լինի ներկայացնել նաև «ծպտյալ» հայերի կրոնադարձության մի քանի կոնկրետ փաստեր, որոնք տեղ են գտել հիշյալ աղբյուրներում.

– 1971 թվականին Թունջելի նահանգի Դոլուքյուփ գյուղում գրանցված 1947թ. ծնված, էթնիկ հայ Սեֆեր Աքյուզը, որ շրջապատում հայտնի է եղել որպես մուսուլման, դիմելով քաղաքացիական հարցերով Ստամբուլի 1-ին ատյանի դատարան, հրաժարվել է իսլամից և ընդունել քրիստոնեություն: Այնուհետև մի քանի տարվա ընթացքում նույն ընտանիքից 34 հոգի ևս ընդունել են քրիստոնեություն:

– 1995 թվականին Յոզգաթ նահանգի Բողազլըյան գավառում գրանցված Հաջի Սարըքայան ընդունել է քրիստոնեություն, իսկ նրանից մի քանի տարի առաջ և մի քանի տարի հետո նույն քայլին են դիմել նաև նրա 14 ազգականները: Վերջինը քրիստոնեության է անցել Օզնուր Սարըքայան, 2003 թվականին:

– Սասունում գրանցված Զենգիլների ընտանիքից 1975-ից մինչև 2003 թվականը 9 մարդ ընդունել են քրիստոնեություն:

– Պատահում է նաև, որ կրոնի հետ միասին փոխում են նաև անունները և ընդունում հայկական անձնանուններ: Օրինակ, Էլյազիգի նահանգի Քեբան գավառում գրանցված Թյուրքան Աքջան, 1995 թվականին ընդունելով քրիստոնեություն, փոխում է նաև անունը` դառնալով Մարիամ Սարգսյան:

– 1993 թվականին Թունջելիում գրանցված 84-ամյա Մուսթաֆա Աթեշը, որը մասնակցել է նաև 1937թ. Դերսիմի ապստամբությանը` «դարբին Մուսթաֆա» անունով, վերադարձել է քրիստոնեության:

– Կրոնադարձվածների ցուցակում մեր հանդիպած տարիքով ամենափոքրը 2004 թվականի փետրվարի 19-ին ծնված, Ստամբուլում գրանցված Մելիսա Չաքըրն է, որի ծնողների (Սյուզան և Սարգիս) 2004 թվականի մայիսի 27-ի դիմումի համաձայն` փաստաթղթերում փոխվել է նրա կրոնական պատկանելությունը:

Ի դեպ, գրեթե բոլոր կրոնադարձված հայերին ներկայացնելիս տրվում է նաև նրանց տոհմածառը:

Վերոնշյալ փաստերից պարզ է դառնում, որ երբեմն կրոնադարձվում են ամբողջ ընտանիքով, ազգականներով: Սակայն պատահում է նաև, որ միևնույն ընտանիքից կրոնադարձվում են ոչ բոլորը և ստացվում է տարօրինակ պատկեր, երբ, օրինակ, հինգ եղբայրներից երեքը, բացահայտելով իրենց հայկական ծագումը, ընդունել են քրիստոնեություն, իսկ մյուս երկու եղբայրները շարունակում են գրանցված մնալ իբրև մուսուլմաններ:

Թուրք հետազոտողներն ուշադրություն են հրավիրում նաև մի շարք այլ հանգամանքների վրա. օրինակ, արձանագրվել է, որ «ծպտյալ» հայերը մեծ թիվ են կազմում հատկապես քրդերի և ալևիների շրջաններում: Նշվում է, որ մեր «ծպտյալ» ազգակիցները, համարյա առանց բացառության, խուսափում են խառնամուսնություններից, նախընտրում են ներքին ամուսնություններ, այսինքն՝ ձգտում են ամուսնանալ միայն իրենց բախտակից «ծպտյալ» հայերի հետ, ինչը նրանց հնարավորություն է տալիս շարունակել հայ-քրիստոնեական ավանդույթները և մաքուր պահելով արյունը՝ ի վերջո էթնիկ հայ մնալ: Բացի այդ, կյանքի այս ներփակ բնույթը թույլ է տալիս դեռևս չբացահայտված «ծպտյալներին» գաղտնի պահել իրենց իրական էթնիկ պատկանելությունը և շարունակել արտաքուստ ներկայանալ որպես թուրք և քուրդ մուսուլման:

Թուրքական աղբյուրները ևս մի հետաքրքիր նրբերանգի վրա են ուշադրություն հրավիրում՝ արձանագրելով, որ «ծպտյալ» հայերը ձգտում են ձեռք բերել մեկից ավելի գրանցում, բացի այդ, հաճախ փոխում են գրանցումը՝ այդ կերպ փորձելով «կորցնել հետքերը»: Հայտնի է, որ թուրքական համապատասխան գերատեսչություններում կրոնափոխ, որդեգիր հայերն ու նրանց սերունդները3 հատուկ գրանցված են, և դա արված է նաև այն նպատակով, որպեսզի իշխանությունների համար անվստահելի այս խմբից մարդիկ չգրավեն պատասխանատու պաշտոններ և չունենան լծակներ ու, բացի այդ, մնան մշտական հսկողության տակ:

«Ծպտյալ» հայերի կրոնադարձության դեպքերին անդրադառնալիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել հետևյալ երկու հանգամանքների վրա.

  1. Ըստ իսլամի, այն մարդիկ, որոնք, ընդունելով մուսուլմանություն, այնուհետև հրաժարվում են այդ հավատից, ենթակա են մահապատժի: Սակայն քանի որ Թուրքիան կրոնապետություն չէ, ուստի այդ պատիժը չունի օրենքի ուժ, սակայն դա չի բացառում այն, որ իսլամից հրաժարվածները կրոնական ծայրահեղականների կողմից կարող են ընկալվել որպես թիրախներ: Բացի այդ, հոգեկան առումով չափազանց դժվար է «ծպտյալներին»` արտաքին աշխարհից շարունակ թաքցնել իրենց էթնիկ և կրոնական պատկանելությունը, բայց, միևնույն ժամանակ, հեշտ չէ նաև թուրքական իրականության պայմաններում բացահայտ ապրել որպես հայ-քրիստոնյա: Այսինքն` այս կրոնադարձությունը նույնիսկ Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայում պետք համարել որոշակի խիզախություն: Հարկ ենք համարում ավելացնել նաև, որ կրոնադարձության դեպքեր են գրանցվում նաև Եվրոպա արտագաղթած «ծպտյալ» հայերի շրջանակներում. եվրոպական ազատության պայմաններում այդ քայլին դիմելը, ինչ խոսք, շատ ավելի հեշտ է և անվտանգ:
  2. Շատ հաճախ «հայ» և «քրիստոնյա» հասկացությունները նույնացվում են: Հենց այս պատճառով էլ «ծպտյալ» հայերի կրոնադարձությունն ինչ-որ առումով կարելի է համարել նաև վերադարձ դեպի ազգային ակունքներ` ազգադարձություն: Հայոց ցեղասպանությունից ավելի քան 90 տարի հետո էլ` ապրելով և մաքառելով անասելի դժվարին պայմաններում, առերես կրոնափոխված «ծպտյալ» հայերը կարողացել են պահպանել ազգային-կրոնական նկարագրի շատ շերտեր և դրանք փոխանցել սերունդներին:

1 Իսլամացած հայ ասելով (խոսքն ավելի վաղ իսլամացած համշենահայերի մասին չէ) նկատի ունենք Հայոց ցեղասպանության ժամանակ առևանգված հայ կանանց, երեխաներին, որոնք իսլամացվելով` ամուսնացել են թուրքերի և քրդերի հետ. սրա հետևանքով ներկայիս Թուրքիայում ձևավորվել է խառնածինների մի հոծ բանակ, որոնց մի մասն ընդունում է իր կիսահայկական ծագումը, իսկ մի մասը` ժխտում կամ փորձում է կարևորություն չտալ դրան: Բռնի խլված և իսլամացած հայ երեխաները թուրքական աղբյուրներում անվանվում են «որդեգիրներ»: Իսկ «ծպտյալ» հայերը ցեղասպանության ժամանակ առերես իսլամ ընդունած, արտաքուստ թուրք, քուրդ մուսուլման ներկայացող, բայց գերակշիռ դեպքերում իրենց ազգային-կրոնական նկարագիրը գաղտնի շարունակող, ներփակ համայնքներով ապրող, խառնամուսնություններից խուսափող մեր ազգակիցներն են, որոնք իսլամ ընդունելու միջոցով զերծ են մնացել կոտորվելուց և տասնամյակների ընթացքում` հիմնականում խուսափելով ձուլումից, կարողացել են հայկականությունը շարունակել մինչև մեր օրերը:

2 Ավելորդ չէ նշել, որ թուրքական պատմական ընկերության նախագահ, հայտնի պատմակեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն «Միլլիյեթ» թերթի 25.02.2007 համարում անհանգստություն է հայտնել Հրանտ Դինքի թաղման արարողության մասնակիցների թվաքանակի ու հնչեցված «բոլորս հայ ենք» կարգախոսի վերաբերյալ: Ըստ Հալաչօղլուի՝ Դինքի թաղման արարողությանը մոտավորապես 50000-անոց հայկական համայնքից կարող էր մասնակցել 20000 հայ և 10000 էլ իրենց բողոքի ձայնը անկեղծ բարձրացնող թուրքեր, այսինքն՝ մոտ 30000 մարդ: «Իսկ ովքե՞ր են մնացածները,- հարցնում է Հալաչօղլուն և ավելացնում,- անհրաժեշտ է այժմ այս ամենը շատ լավ ուսումնասիրենք և իմանանք»: Այնուհետև, մեջբերելով Դինքի այն միտքը, թե Թուրքիայում մուսուլման հայեր էլ կան, Հալաչօղլուն կասկած է հայտնում, թե միգուցե թաղման թափորի մնացած մասնակիցներն այդ հայերն են եղել և առաջարկում, որպեսզի պետական հետազոտական հաստատությունները դրան գնահատական տան:

3 Թուրքիայում բազմաթիվ են դեպքերը, երբ իրենց ծնողների կրոնափոխ, այսինքն՝ հետագայում իսլամ ընդունած լինելը պարզվում է այն ժամանակ, երբ նրանց զավակները դիմում են պատասխանատու պաշտոն ստանձնելու կամ զինվորական աշխատանքի անցնելու համար և ստանում մերժում իրենց ծնողների հավատափոխ լինելու հանգամանքով պայմանավորված: Նման դեպքերում ծնողների տարիներով թաքցրած գաղտնիքը բացահայտվում է, և բարեպաշտ մուսուլմանի համարում ունեցող կամ իրեն զտարյուն թուրք կարծող մարդիկ ապրում են հոգեբանական խոր ճգնաժամ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր