• am
  • ru
  • en
Версия для печати
09.04.2007

Հայոց առեվտրատնտեսական ներկայությունն աշխարհում

   

Խաչատուր Դադայան

ՉԻՆԱՍՏԱՆ

Չինաստանը մեր պատմիչների երկերում կոչվել է Ճենաց երկիր (այստեղից էլ՝ ճենապակի բառը)։

Հայ-չինական առևտրատնտեսական շփումներն սկիզբ են առել Արտաշատի հիմնադրմամբ (Ք.ծ.ա. 170թ.)։ Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ հայոց մայրաքաղաքն արագորեն դարձավ տարանցիկ միջազգային առևտրի կենտրոն, ինչի արդյունքում հայ վաճառականներն սկսեցին Չինաստանից ներկրել հում մետաքս (խոզակից հանված կամ խոզակի վրա գտնվող անմշակ հումք) ու մետաքսյա կտորեղեն, իսկ փոխարենն արտահանել պղինձ, կապար, արճիճ, ոսկեթել գործվածքներ, Ալեքսանդրիայի ու Միջագետքի ապակե իրեր և անոթներ։

Ք.ծ.ա. 140-86թթ. չինացի վաճառականները հում մետաքսով, լայքայով ու ջեյթով (չինական կաթնագույն թանկագին քարեր) բեռնավորված քարավանները բերում էին միջինասիական Թարիմ գետի հունի մոտ և փոխանակում հայ վաճառականների ոսկու և արծաթի հետ։

IV դարում, ըստ Խորենացու, Մամգուն անունով մի նախարար Չինաստանից փախչում և աղխով գալիս-հաստատվում է Հայաստանում՝ հիմք դնելով Մամիկոնյան նշանավոր գերդաստանին։

Վաղ ֆեոդալիզմի շրջանում հայերը Չինաստանում արդեն ունեին կայուն ներկայություն և զբաղվում էին խաղողի մշակությամբ ու գինեգործությամբ. դրա վկայությունն են VII-Xդդ. պահպանված արծվաքիթ, սև բեղ-մորուքով, գինով լի մեկական տիկ գրկած ու ծալապատիկ նստած հայ գինեվաճառների երեք հախճապակե արձանիկները։

1313թ. Թայվանի Ցյուանջոու ծովածոցի համանուն քաղաքում մի մեծահարուստ հայ տիկին կառուցել է մեծ ու գեղեցիկ եկեղեցի և նվիրել կաթոլիկներին։

XVIIդ., ժամանակակցի վկայությամբ, մետաքսի արտադրությունը, թնդանոթ ձուլելու գաղտնիքը, նավագնացության մեջ կողմնացույց օգտագործելը և այլ նորույթներ չինացիներից սովորելով՝ Եվրոպայում տարածել են Օդորիկոս Պորդենոնցին, Մարկո Պոլոն և Վենետիկյան հասարակապետության նավապետ Անտոն Հայը։

Նոր Ջուղայի (Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու) հիմնադրումից հետո (1605թ.) Հնդկաստանի վրայով հայ երթևեկ վաճառականների «թիրախ» դարձավ նաև Չինաստանը։ 1686-1691թթ. Տիբեթի Լհասայից Չինաստանի Սինինգ քաղաք էին անցնում նորջուղայեցիներ Ծատուրը, Մելիջանը, Նիկողոսն ու Դավութը, իսկ Պողոսի որդի Մելիջանը տևական բնակություն էր հաստատել այդ քաղաքում։ Նրանց առևտրական հետաքրքրության առարկաներն էին ձուլածո ոսկին, մուշկը (չինական մշկայծյամի արտաթորանքից ստացվող, Եվրոպայում օծանելիքի արտադրության մեջ գործածվող և անչափ թանկ գին ունեցող բուրումնավետ նյութ), թեյը, գործվածքները և այլ ապրանքներ։

XVIIIդ. կեսին բրուսացի խոջա Շուքուրը վենետիկաբնակ մեծահարուստ վաճառական Հովհ. Սեղբոսյանի առևտրական գործակալն էր Պեկինում։ Նույն դարի վերջերին Չինաստանում բնակվող գանձակեցի Մնացական Գասպարյանը խոշոր գումար կտակեց Սբ. Էջմիածնին, իսկ Մակաոյում ապրող Հովհ. Մաթևոսյանը 80 հազ. ռուփի կտակեց Նոր Նախիջևանի համայնքին։

XIXդ. սկզբին հայ-չինական հարաբերություններում տեղի է ունենում պատմամշակութային վիթխարի նշանակություն ունեցող իրադարձություն։ Մակաոյում, վաճառականի ընտանիքում ծնված Հովհաննես Ղազարյանը (նույնինքը՝ Ջոն Լասսար), որ փայլուն տիրապետում էր չինարենին և Կալկաթայում աշխատում էր որպես թարգմանիչ, 1802թ. ձեռնամուխ է լինում Աստվածաշնչի թարգմանությանը։ 1805թ. 26-ամյա երիտասարդն ավարտում է Գիրք Ծննդոցի և Մատթեոսի Ավետարանի թարգմանությունները և մի քանի գլուխ տպագրում։ Անժամանակ մահը խանգարում է գործն ավարտի հասցնել, բայց փաստ է, որ Աստվածաշնչի առաջին չինարեն թարգմանիչը եղել է հայ։

XIXդ. երկրորդ կեսին մեծ թվով հայ վաճառականներ էին ապրում Մուկդենում, Շանհայում, Խարբինում, Չանչունում, Տյանցզինում։ Վերջինիս գորգի խոշոր գործարանը, ուր աշխատում էր 2000 մարդ, հիմնել և ղեկավարում էին հայերը։

Հայոց համար առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Հոնկոնգը, ուր 1870-ական թթ. կային մեծահարուստ կալվածատերեր (Հ. Խաչիկյան, Ա. Աբգարյան, Ս. Հարությունյան և այլք)։

XXդ. առաջին քառորդը նշանավորվեց նոր զարգացումներով։ Ռուսաստանի բոլշևիկյան հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմը պատճառ դարձան, որ Հեռավոր Արևելքում գտնվող շատ հայեր (զինվորականներ, բժիշկներ, փաստաբաններ, ձեռնարկատերեր և այլք) անցնեն Մանջուրիա և բնակություն հաստատեն մի շարք քաղաքներում։ 1920-ական թթ. Շանհայի քաղաքային մարզադաշտը պատկանում էր Հայկ Ասատրյանին։ 1923թ. վիրահայ Կարապետ Ասպետյանի շնորհիվ Խարբինում կառուցվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1930-ական թթ. նույն քաղաքում գործում էին Հայոց բարեգործական միություն, «Արծիվ» անվամբ մարզակումբ, թատերասիրաց միություն։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մանջուրիայի հայերը (շուրջ 1200 հոգի) հալածանքների ենթարկվեցին ինչպես ճապոնացիների, այնպես էլ չինացիների կողմից։ 1950-1960թթ. Չինաստանում կային 2-3 տասնյակ հայեր, որոնք ստիպված արտագաղթեցին Ավստրալիա, ԱՄՆ, Կանադա և այլ երկրներ։

Բոլոր ժամանակների ամենանշանավոր չինաբնակ հայը եղել է նորջուղայեցի Պողոս Խաչատուրի Աստվածատրյանը (նույնինքը՝ սըր Պոլ Չաթեր, 1846-1926թթ)։ 1864-ից բնակություն է հաստատել Հոնկոնգում, եղել է նավատեր, բանկատեր, կառուցել է տեղի նավահանգիստը, համալսարանը, բազմաթիվ բնակելի շենքեր։ Հղացել է «Praya Rocla mation» ծրագիրը, որի շնորհիվ լայնացվել է ծովափը։ Կղզու անգլիական գաղութային վարչության և օրենսդիր ժողովի անդամ էր, ցմահ հաշտարար դատավոր։ Կալկաթայի Սբ. Նազարեթ եկեղեցին փրկել է նյութական ծանրագույն վիճակից՝ 1924թ. նվիրաբերելով 3 մլն ռուփի։ Պատկառելի գումարներ է հատկացրել բազմաթիվ հաստատությունների՝ առանց ազգի ու կրոնի խտրության։ Ի պատիվ նրա՝ Հոնկոնգի երկու փողոց կրել են «Աստվածատրյան» և «Խաչիկ» անունները։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր