• am
  • ru
  • en
Версия для печати
07.05.2007

«Ծպտյալ» հայերի հետ կապված նոր իրողություններ

   

Ռուբեն Մելքոնյան

Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ ժամանակ առ ժամանակ հանդես է եկել եւ երբեմն մեծ ծավալներ ընդգրկել, այսպես կոչված, «ավազակների եւ ավազակության» խնդիրը: Ավազակները կամ թուրքերենով` «էշքիյաներ» կոչվածները մարդիկ էին, որոնք սոցիալական կամ այլ բնույթի անարդարությունից դրդված` բարձրացել են լեռները եւ զբաղվել ավազակությամբ ու դրանով փորձել տեր կանգնել ոչ միայն իրենց, այլեւ հասարակ ժողովրդի օրինական շահերին: «Բարի ավազակները», ի տարբերություն թալանչի-ոճրագործների, հասարակության լայն շերտերի մեջ ընդունվել են որպես հասարակ ժողովրդի շահերի պաշտպաններ, սոցիալական կեղեքումների դեմ պայքարող մարտիկներ. ժողովուրդն էլ, բնականաբար, ավազակների այս «ռոբինհուդյան» տեսակին ցույց է տվել իր աջակցությունն ու դրական վերաբերմունքը եւ հարկ եղած դեպքերում օժանդակել նրան:

Թուրքական մի շարք աղբյուրներում ներկայացվում են փաստեր, որոնք վերաբերում են հանրապետական Թուրքիայում գործունեություն ծավալած հայ «ավազակների» եւ «ծպտյալ» կամ իսլամացած հայ բնակչության փոխհարաբերություններին: Ինչպես ստորեւ կտեսնենք, նրանք երբեմն, թերեւս, ոչ պատահական զուգադիպությամբ, գործել են «ծպտյալ» հայերով բնակեցված տարածքներում` ամեն կերպ փորձելով կապեր հաստատել նրանց հետ, օգնել, սատարել, որպեսզի վերջինները հնարավորինս չհեռանան իրենց ազգային ակունքներից եւ նույնիսկ հաճախ կոչ են արել բացահայտել իրենց բուն էթնիկ պատկանելությունը:

Մի շարք թուրք հետազոտողներ, անդրադառնալով վերը նշված խնդրին, ուշադրությունը սեւեռում են հետեւյալ հարցի պարզաբանման վրա` հայերը ինչի՞ց դրդված են դիմում նման գործողությունների եւ անդամակցում ծայրահեղական խմբավորումների: Ըստ նրանց բնորոշման եւ բառապաշարի` այդ «ահաբեկիչ, անջատողական, պառակտիչ գործողություններ անող» «ծպտյալ» հայերը շատ հաճախ առաջնորդվում են վրեժխնդրության զգացումի թելադրանքով, որի պատճառը, թուրքական ձեւակերպմամբ, «1915 թվականի հայերի տեղահանությունն է»: Այս կարծիքն ապացուցելու է գալիս այն փաստը, որ ծայրահեղական կազմակերպությունների ձերբակալված որոշ անդամների մոտ հայտնաբերվել են նաեւ պաստառներ, որոնց վրա գրված է եղել հետեւյալ արտահայտությունը. «Հայոց ցեղասպանության պատասխանը տալու եք»:

Թուրքական գրավոր աղբյուրներում ներկայացվում են նաեւ ծայրահեղական խմբավորումների անդամ որոշ հայերի տվյալներ, որոնցից որպես նմուշներ մեջբերենք մի քանիսը.

–Կարպիս Ալթընօղլի անունով մի հայ, օրինակ, նշվում է որպես ծայրահեղական կազմակերպություններից մեկի տեսաբան: Հետաքրքիր է, որ նա կրոնադարձված «ծպտյալ» հայի ժառանգ է, հայրը` Օհաննես Ալթընօղլին, ըստ թուրքական աղբյուրների, աքսորի երեխաներից է, այսինքն` ցեղասպանության ժամանակ որբ մնացածներից, եւ 1957 թվականին, դիմելով Ամասիայի քաղաքացիական հարցերով 1-ին ատյանի դատարան, վերընդունել է քրիստոնեություն, իսկ մայրը, նույնպես ամասիացի, 1921 թվականին ծնված, հայ-քրիստոնյա է, անունը` Մարիամ:

–Ադըյաման նահանգի Գերգեր գավառում գրանցված, իսլամացած, սակայն ծագումով հայ, Սադըք Բաքըրջըօղլուն (նշված է նաեւ նրա հայկական տոհմածառը) 1996 թվականին կրոնադարձվել է, վերընդունել քրիստոնեություն, իսկ 1998-ին նույն քայլին է գնացել նաեւ նրա եղբայր Շեֆիք Բաքըրջըօղլուն:

–Մանվել Դեմիր, ծնվել է 1963 թվականին Կեսարիայի նահանգի Բունյան գավառի Չիղի գյուղում. ընտանիքը ճարահատյալ գաղթել է Ստամբուլ` իրենց գյուղի վրա կատարված հարձակումների պատճառով: Մանվելն ավարտել է Ստամբուլի Սկյութարի Սուրբ Խաչ վարժարանը: Գործել է «Օմեր» ծածկանունով եւ զոհվել 1988 թվականի հունվարի 24-ին:

Իր կյանքով եւ գործունեությամբ հատկապես հետաքրքիր է հայ «ավազակ» Օրհան Բաքըրը (իսկական անունն է Արմենակ Բաքըրջյան, ծնվել է 1953 թվականին, Դիարբեքիրում): Ստամբուլի համալսարանում սովորելուն զուգընթաց նա իր ընկերոջ` «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հետ աշխատել է հայկական Սուրբ Խաչ վարժարանում` որպես դասուսույց, եւ հենց այդ տարիներին էլ նրանք ակտիվորեն զվաղվել ու հետաքրքրվել են Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում ապրող քրդախոս, իսլամացած հայերի խնդրով: Ավելին, ինչպես հետագայում խոստովանել է Դինքը, նրանք բազմիցս այցելել են այդ տարածքները, հավաքել քրդացած հայ մանուկներին եւ բերել` Սկյութարի Սուրբ Խաչ վարժարանում հայկական կրթություն տալու1: Այս աշխատանքներում նրանց մեծապես աջակցել է դիարբեքիրցի քահանա տեր Գրիգոսը (ըստ երեւույթին` Կիրակոս կամ Գրիգորիս), որը քաջատեղյակ լինելով ամբողջ արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններին եւ շրջելով այդ վայրերով` ձգտել է գտնել 1915-ից հետո ցաքուցրիվ մնացած հայերին: Հիշյալ գործում իր օգնությունն է ցուցաբերել նաեւ ժամանակի Պոլսո Հայոց պատրիարք Գարեգին Խաչատուրյանը:

Օրհան Բաքըրը եւ իր համախոհ ընկերներն այդ տարիներին անդամակցել են ծայրահեղ ձախակողմյան խմբավորումներից մեկին եւ դրա համար թաքցրել են նաեւ իրենց հայկական անձնանունները: Որոշ ժամանակ անց Արմենակը որոշում է «բարձրանալ լեռները», այսինքն` դառնալ «ավազակ», եւ հետաքրքրական է, որ նա արդեն «Ալի աղա» կեղծանունով (կոդային անունով) հիմնականում գործել է Թունջելի– Էլյազիգ–Երզնկա շրջաններում եւ, ինչպես նշում են թուրքական աղբյուրները, կարողացել է կապ հաստատել նաեւ տեղի «ծպտյալ» հայերի հետ: Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության տարիներին շատ հայեր ապաստան են գտել Դերսիմի քուրդ-ալեւիների, զազաների մոտ2: Օրհան Բաքըրի եւ Դերսիմի «ծպտյալ» հայերի կապերին է անդրադառնում «Ակոս» շաբաթաթերթում (27.05.2005) Ազատ Դեմիր ստորագրությամբ հոդվածագիրը, որն իր հոր եւ Օրհան Բաքըրի շփումների արդյունքում պարզել է, որ իրենք եւս ծագումով հայ են, ինչպես նաեւ տեղեկացել է, թե ովքեր են «գաղտնի քրիստոնյա» եւ «գաղտնի հայ» կոչվածները: Ազատ Դեմիրի հուշերում եւս խոսվում է, որ պետության կողմից «ավազակ, ահաբեկիչ» համարվող մարդկանց հասարակ ժողովուրդը եւ մասնավորապես իրենց համագյուղացիները դրական էին վերաբերվում, լավ ընդունում եւ նրանց ընկալում իբրեւ «հեղափոխականներ»: Նա պատմում է, որ «ավազակների» խմբի ղեկավարին` Օրհան Բաքըրին, իր հայրն առանձնահատուկ պատվի եւ ուշադրության է արժանացրել, իսկ երբ նրանք երկուսով առանձին են եղել, խոսել ու այնուհետեւ արցունքոտ աչքերով երգել են իրեն անծանոթ մի լեզվով, որն ինչպես պարզվել է հետագայում` հայերենն է եղել: Օրհան Բաքըրը եւ միգուցե այլ հայ ,ավազակներե սերտ կապերի մեջ են եղել տեղի «ծպտյալ» հայերի հետ, պարբերաբար հանդիպել նրանց, փորձել նպաստել, որ նրանք իսպառ չկորցնեն ազգային նկարագիրը:

Հատկապես հետաքրքիր եւ դրամատիկ զարգացումներով հագեցած են Օրհան Բաքըրի եւ Էլյազիգի մզկիթի իմամի հարաբերությունները: Պարզվում է, որ այդ իմամը իրականում նույնպես «ծպտյալ» հայ է. նրա ամբողջ ընտանիքը զոհ է գնացել ցեղասպանության տարիներին, եւ ինքն էլ, վիրավոր վիճակում, մի կերպ է փրկվել: Սակայն ամենահետաքրքրականը եւ սահմռկեցուցիչն այն է, որ այդ իմամը իրականում հայ քահանա է, որը ցերեկները մզկիթում հանդես է գալիս որպես իմամ, իսկ գիշերներն իր տան նկուղում կառուցած գաղտնի եկեղեցում քահանայություն է անում (ի դեպ, ավելորդ չէ նշել, որ այսպիսի իմամ-քահանաների գոյության մասին հանդիպում ենք նաեւ այլ աղբյուրներում): Ծպտյալ քահանան եւ Օրհան Բաքըրը հանդիպում են հենց այդ ընդհատակյա նկուղային եկեղեցում, զրուցում եւ բանավիճում տարբեր հարցերի շուրջ: Օրհանը ցանկություն է հայտնում, որ նա վերադառնա իր իրական ինքնությանը եւ չթաքցնի իր ծագումը, սակայն ծպտյալ քահանան այդ առաջարկին համաձայն չի լինում: Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Օրհան Բաքըրը շարունակել է դեռեւս ուսանելու տարիներին սկսած գործունեությունը, այն է` վերադարձնել Հայոց մնացորդաց իրենց ազգային ակունքներին:

Օրհան Բաքըրը տարիներ շարունակ հետապնդման մեջ է եղել եւ 1980 թվականի մայիսի 13-ին Էլյազիգի նահանգի Քարաքոչան գավառում, ընկնելով ծուղակի մեջ, զոհվել է: Օրհանի մահից հետո իր ընկերները գաղտնի փախցրել են նրա աճյունը եւ, իր իսկ կտակի համաձայն, թաղել Ֆարաչ լեռներում: Նրա հուղարկավորությունը վերածվել է մեծ արարողության, որին, ըստ վերոնշյալ հոդվածում տեղ գտած փաստերի, մասնակցել են հազարավոր մարդիկ, ենթադրաբար նաեւ մեծ թվով «ծպտյալ» հայեր3:

Այսպիսով, թուրքական աղբյուրների վերը բերված փաստերն ի հայտ են բերում «ծպտյալ» հայերի հետ կապված նոր իրողություններ ու ծալքեր, որոնք վկայությունն են այն բանի, որ մեր ապրող արյան մեջ մշտարթուն են Մեծ եղեռնի հասցրած ցավն ու արդար հատուցման տենչը: Ի դեպ, վերջին տարիներին Թուրքիայում հրատարակվող գրքերը, հոդվածները, ուսումնասիրությունները, ներկայացնելով իսլամ ընդունելու միջոցով «փրկված» հայերին, ինչպես եւ սպասելի էր, սկսել են արտահայտել այն միտքը, թե այդ բոլորն անառարկելի ապացույցներ են, որ 1915-ի դեպքերը ցեղասպանություն չի կարելի որակել, քանի որ ոչ բոլոր հայերն են կոտորվել: Սակայն, ակնհայտորեն, թուրք հեղինակներն անտեսում են այդ «ծպտյալ» եւ իսլամացած հայերի ի հայտ գալու պատճառները` միտումնավոր խոսք չբացելով այն մասին, որ ֆիզիկական «փրկությունը» իրագործվել է ազգային եւ կրոնական նկարագրի խեղման գնով:

Թուրքական քարոզչամեքենան ի չարն է օգտագործում նաեւ ծայրահեղական խմբավորումներում ծագումով հայերի ընդգրկման փաստը եւ ամեն կերպ ուշադրություն հրավիրելով այդ հանգամանքի վրա` փորձում է ցույց տալ, որ հայերն իրենց բնույթով ահաբեկիչ են եւ ապստամբ: Այս նուրբ թեմայի մասին խոսելիս, կարծում ենք, պետք է շրջահայաց լինել եւ ուշադրություն դարձնել վերը ասվածների վրա, համոզիչ ապացույցներով իրազեկել, որ ծայրահեղական խմբավորումների շատ թվով հայեր արդարացի վրիժառուի կամ «բարի ավազակի» նկարագիր ու էություն ունեն, եւ դրա վառ ապացույցն են նրանց ու հասարակ ժողովրդի փոխադարձ ջերմ հարաբերությունները: Բացի այդ, վերոնշյալ հայերի խնդիրը քննելիս չպետք է անտեսել նաեւ հոգեբանական կողմը եւ այն, որ շատ հայ «ավազակներ» գործել են հատկապես «ծպտյալ» հայերով բնակեցված տարածքներում: Ձախակողմյան, այն էլ ծայրահեղ ձախակողմյան խմբավորումների անդամ հայ «ավազակները» փորձել են ծպտյալ հայերի շրջանում աշխատանքներ իրականացնել, որպեսզի նրանք վերադառնան իրենց արմատներին կամ ամուր պահեն դրանք, եւ միգուցե դա տվել է նաեւ որոշակի արդյունք: Այս ամենը մեզ թույլ է տալիս նաեւ ինչ-որ տեղ նրանց համարել ,ազգապահպան վրիժառուներե: Եվ եթե չլինեին թուրքական տիրապետության հենց սկզբից ի վեր իրագործվող ազգային-կրոնական բռնաճնշումները, եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, մարդիկ ստիպված չէին լինի դառնալ «ծպտյալ», վրիժառու եւ «բարի ավազակներ»....

1 Ավելորդ չէ նշել, որ Հրանտ Դինքի կինը` Ռաքելը, նույնպես քրդացած Էրմենի վարթո աշիրեթից է:

2 Այստեղ ապաստանած հայերի մասին տարբեր աղբյուրներ նշում են տարբեր թվեր` 20 հազարից մինչեւ 40 հազար: Սրանց մի մասը տարիների ընթացքում ձուլվել է քրդերի հետ եւ մեծապես կորցրել ազգային դիմագիծը, սակայն որոշ մասի մոտ դեռեւս պահպանվում են ազգային-կրոնական նկարագրի որոշ նշույլներ: Հայտնի է, որ զազաները հարգանքով են վերաբերվում հայկական քրիստոնեական սրբավայրերին, նրանց խոսվածքում երբեմն հանդիպում են կիսաաղավաղված հայերեն բառեր եւ այլն:

3 Նշենք նաեւ, որ Օրհան Բաքըրի եւ այլ հայ «ավազակների» կյանքը եւ գործունեությունը դարձել են գրականության հետաքրքրության առարկա, եւ Մուրադ Քահրաման անունով մի հեղինակ գրել է «Ճիչ» վերնագրով գիրք նրանց մասին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր