Սպանդ Մալաթիայում (պատճառներ և հետևանքներ)

2007 թվականի ապրիլի 18-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում գործող «Զիրվե» հրատարակչատանը տեղի է ունեցել սպանություն, որի հետևանքով զոհվել են հրատարակչության երեք աշխատակից, որոնցից մեկը գերմանացի էր, երկուսը՝ Թուրքիայի քաղաքացիներ: Այս հրատարակչությունը տպագրում և տարածում էր քրիստոնեական գրականություն: Նշվում է նաև, որ նրանք, լինելով բողոքական եկեղեցու հետևորդներ, միսիոներական գործունեություն էին ծավալում Թուրքիայում:
Միսիոներականությունը Թուրքիայում 21-րդ դարում
Վերջին տարիներին Թուրքիայում բավական աշխուժացել են միսիոներական շարժման վերաբերյալ քննարկումները, բանավեճերը և ուսումնասիրությունները: Դարերի պատմություն ունեցող միսիոներական շարժումը, ըստ թուրքական աղբյուրների, լայն ծավալներ է ստանում ներկայիս Թուրքիայում, և նաև որպես դրա ուղղակի հետևանք է համարվում արդեն հազարների հասնող մուսուլմանների քրիստոնեություն ընդունելը: Թուրքական որոշ աղբյուրներ մուսուլմանների մի մասի կրոնափոխությունը համարում են կրոնադարձություն և վկայակոչելով տարբեր փաստեր՝ վեր հանում, որ իսլամից հրաժարվածների մեծ մասը նախկինում քրիստոնեություն դավանած էթնիկ ոչ թուրքերի սերունդներ են: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կրոնափոխվածների մեծամասնությունը՝ կամ մոտավորապես 60%-ը, նախկինում քրիստոնեություն դավանած էթնիկ հայեր են: Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ կրոնափոխվածների մեջ մեծ թիվ են կազմում նաև այնպիսիները, որոնք քրիստոնեություն ընդունելուց հետո համալրում են կաթոլիկ կամ բողոքական եկեղեցու հետևորդների շարքերը, և այստեղ, անշուշտ, մեծ է հենց վերը նշված միսիոներների գործունեության դերը1: Սակայն պետք է նկատի ունենալ, որ դարերի ընթացքում ձևավորված պատկերացմամբ՝ «հայ» և «քրիստոնյա» իմաստները դարձել են ինչ-որ առումով հոմանիշ, և այս պատճառով էթնիկ հայերի կրոնադարձությունը կարող ենք նաև որոշակիորեն համարել ազգային ակունքներին վերադարձի փորձ կամ գոնե ազգային պատկանելության գիտակցության զարթոնք:
Ըստ թուրքական աղբյուրների՝ միսիոներները հատկապես ակտիվ գործունեություն են ծավալում Թուրքիայի արևելյան և հարավարելյան շրջաններում: Միսիոներների այս նախապատվությունը պատահական չէ և շատ տրամաբանական է, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո հատկապես այդ շրջաններում են մնացել իսլամացած, ձուլված և կիսաձուլված հայեր: Չկամենալով կտրուկ պնդումներ անել, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ բողոքական կամ կաթոլիկ միսիոներների կարևոր «թիրախներից» մեկը, բնականաբար և տրամաբանորեն, պետք է որ լինեն հենց իսլամացած հայերի սերունդները: Հարկ ենք համարում որոշակի վերապահում անել «ծպտյալ» հայերի համար, որովհետև նրանք, ունենալով կյանքի ներփակ բնույթ, կարողացել են ինչ-որ կերպ շարունակել նաև մինչ ցեղասպանությունն իրենց ունեցած բուն կրոնի որոշ ատրիբուտներ, և եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ տարածքների հայերի գերակշիռ մասը եղել է Առաքելական եկեղեցու հետևորդ, ապա կարող ենք եզրակացնել, որ գաղտնի շարունակվող քրիստոնեական ծեսերը և ավանդույթները գերազանցապես պետք է լինեն հենց Առաքելական եկեղեցունը:
Մյուս կողմից՝ կարծիքներ կան նաև, որ միսիոներների կարևոր նպատակակետերից են նաև ալևիները, և նրանց շրջանում իրականացվող քարոզչությունը կապվում է խոշոր տերությունների շահերի ու աշխարհաքաղաքական խնդիրների հետ:
Մալաթիան՝ որպես միսիոներական շարժման հենակետերից մեկը
Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ ներկայիս միսիոներական շարժման կարևոր հենակետերից են Մալաթիան և նրա հարակից բնակավայրերը: Սա, մեր կարծիքով, կարող է մեծապես պայմանավորված լինել հնարավոր համակիրներ գտնելու և հավաքագրելու՝ վերը նշված ակնկալիքի հետ: Օրինակ, թուրք պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեն պնդում է, որ կոնկրետ Մալաթիայում ապրում է «ծպտյալ» հայերի մոտ 3500 ընտանիք: Մալաթիան և շրջակայքը, լինելով նախկինում քրիստոնյա հոծ բնակչություն ունեցող բնակավայր, միսիոներների համար կարող էին դառնալ հետաքրքության առարկա հենց «քրիստոնեության բեկորներ» գտնելու և այդ հիմքով քարոզչություն ծավալելու առումով: Եվ պետք է պատահականություն չհամարել, որ հենց այստեղ է գործել նախկինում «Քայրա», իսկ հետագայում արդեն «Զիրվե» վերանվանված հրատարակչությունը, որը, պատկանելով բողոքական միսիոներներին, զբաղվել է քրիստոնեական գրականության տպագրմամբ և տարածմամբ: Միսիոներական շարժումը հետաքրքրում և անհանգստացնում է ոչ միայն Թուրքիայի գիտական, իսլամիստական, ծայրահեղական շրջանակներին, այլև պետական կառույցներին: Օրինակ՝ անվտանգության ծառայության Մալաթիայի բաժանմունքի ներկայացրած տվյալների համաձայն, նահանգում գործում է 53 «տուն-եկեղեցի», գաղտնի և անվճար բաժանվում է Ավետարան, միսիոներական շարժման ղեկավար և շարքային օղակներում գործում են Գերմանիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիներ: Ըստ նույն աղբյուրի՝ վերջին տարիներին Մալաթիայում այս ուղղությամբ աշխատանքներն աշխուժացել են, ինչպես նաև ավելացել է հետևորդների ու եկեղեցու վերածված տների թիվը: 2001թ. միսիոներության հարցը քննարկվել է անգամ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում. պարզվել է, որ Թուրքիայում մոտ 10 000 հոգի կրոնափոխ է եղել, իսկ միսիոներների թիվը շուրջ 50 է: Ըստ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության 2005թ. փետրվարին պատրաստած զեկույցի՝ միսիոներները, Ստամբուլն օգտագործելով որպես բազա, գործում են Անատոլիայում, և վերջին մեկ տարվա ընթացքում բացել են 230 ընդհատակյա եկեղեցի: Իր կյանքի վերջում միսիոներության դեմ բացահայտ պայքար էր սկսել Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթը, որի կարծիքով՝ Եվրամիության անդամակցության ճանապարհը միևնույն ժամանակ վնաս է հասցնում իրենց կրոնին՝ իսլամին, ինչին նրանք չեն կարող համաձայնել: Ըստ Թուքիայի ներքին գործերի նախարար Աբդյուլքադիր Աքսուի 2006թ. հրապարակած տվյալների՝ վերջին յոթ տարվա ընթացքում 344 մուսուլմաններ կրոնափոխ են եղել, ընդ որում՝ սրանցից 338-ը ընդունել են քրիստոնեություն, իսկ 6-ը՝ հուդայականություն: Այսպիսով, օրեցօր նոր ծավալներ ներառող միսիոներականությունը թուրքական համապատասխան գերատեսչությունները սկսել են դասել Թուրքիայի համար լուրջ սպառնալիք ներկայացնող վտանգների շարքում:
Սպանդ Ավետարան տպագրող «Զիրվե» հրատարակչատանը
Ս.թ. ապրիլի 18-ին, ցերեկվա ժամերին, հինգ երիտասարդ, ներխուժելով Մալաթիայում գործող «Զիրվե» հրատարակչատուն, մի քանի ժամ դաժանաբար տանջել են այնտեղ գտնվող երեք աշխատակցի, որից հետո սպանել՝ կտրելով նրանց կոկորդները: Ուշագրավ է, որ բոլոր մարդասպանները 19-20 տարեկան են և, ըստ նախնական տվյալների, Մալաթիայի համալսարանի նախապատրաստական բաժնի ուսանողներ: Սահմռկեցուցիչ է նաև այն փաստը, որ այդ երիտասարդներն իրենց զոհերին կապելով աթոռներին՝ ժամեր շարունակ դանակահարել և ուղղակի կտրատել են նրանց: Դեպքի վայր հասած ոստիկանները ձերբակալել են հինգ մարդասպաններին, որոնցից մեկը՝ կազմակերպիչ Էմրե Գյունայդընը, փորձելով փախչել, ցած է նետվել երրորդ հարկից և վիրավորվել: Զոհերից երկուսին ոստիկանները գտել են մահացած, իսկ մեկին՝ Ուղուր Յուքսելին, ծանր վիրավորված, որին էլ տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես հայտնել է Մալաթիայի հիվանդանոցի բժիշկ Մուրաթ Ուղրաշը, Ուղուր Յուքսելին հասցվել են «անհաշվելի քանակությամբ» դանակի հարվածներ (ըստ մեկ այլ աղբյուրի՝ զոհերին մի քանի ժամվա ընթացքում հասցվել է դանակի ավելի քան 150 հարված, անդամահատված են եղել մարմնի մասեր) և ըստ բժշկի՝ ակնհայտ է նրանց տանջամահ անելու ցանկությունը: Ուղուր Յուքսելը երկու ժամ անց մահացել է հիվանդանոցում: Հանցագործներից յուրաքանչյուրի մոտ հայտնաբերվել են միևնույն բովանդակությամբ գրություններ, որտեղ ասվում է, որ նրանք գիտակցաբար գնում են մահվան և դա անում են «հանուն հայրենիքի», քանի որ կրոնը «ձեռից գնում է», ու սա թող «դաս լինի կրոնի թշնամիներին»: Հայտնի է դարձել նաև, որ մարդասպանները և զոհերը ծանոթ են եղել. հանցագործներն այն պատրվակով, թե իբր հետաքրքրվում են քրիստոնեությամբ, մի քանի ամիս շփվել են իրենց ապագա զոհերի հետ և հավաքել տվյալներ: Սա փաստում է, որ սպանությունը նախօրոք է ծրագրված եղել: Մարդասպանները դեպքից մի քանի օր առաջ ձերբակալվել են հրաձգության պարապմունքի ժամանակ, բայց շատ շուտով ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը ևս խոստովանել է, որ սպանությունը կատարելու համար ընտրությունը կանգ է առել իր վրա «պարապմունքների ժամանակ աչքի ընկնելու պատճառով»: Կարծիքներ են հնչել, որ նման գործողություններ են ծրագրված նաև այլ շրջաններում, և եթե այս խումբը չձերբակալվեր, հնարավոր է, որ շարունակեր իր գործունեությունը:
Թիրախի ընտրությունը
Ինչպես նշում են մի շարք աղբյուրներ, այդ թվում և «Զիրվե» հրատարակչատան գլխավոր տնօրեն Համզա Օզանթը, նրանք արդեն վաղուց տարբեր տեսակի սպառնալիքներ էին ստանում: Նախապես «Քայրա» անվանումով գործող հրատարակչության անվանափոխությունն էլ հենց կապված է այդ սպառնալիքների հետ, որոնք ստացվել են, այսպես կոչված, «իդեալիստներից»: Հայտնի է, որ իրենց իդեալիստներ հորջորջողներն իրականում «Գորշ գայլեր»-ի երիտասարդական թևն են: Դիարբեքիրի բողոքական եկեղեցու առաջնորդ Ահմեթ Գյուվեները հայտարարել է, որ իրենք ևս շարունակ ստանում են սպառնալիքներ պարունակող նամակներ, ըստ նրա վկայության՝ ապրիլի 8-ին Մալաթիայում, Զատկի տոնի հետ կապված միջոցառման ժամանակ, նրանց հասցեին սպառնալիքներ են հնչել, մի խումբ երիտասարդներ փորձել են խանգարել պատարագը: Բացի այդ, և՛ քաղաքական որոշ գործիչներ ու կազմակերպություններ, և՛ հասարակության տարբեր խավեր, և՛ զանգվածային լրատվամիջոցներ քրիստոնյաներին, ազգային փոքրամասնություններին, մի խոսքով՝ Թուրքիայի «օտարներին» շարունակ ներկայացրել և ներկայացնում են որպես թիրախներ: Այդպես էր նաև Հրանտ Դինքի սպանությանը նախորդած ժամանակահատվածում, այդպես է եղել նաև Մալաթիայի սպանդի ժամանակ, և ինչքան էլ ցավալի ու մտահոգիչ լինի, նույն կերպ շարունակվում է ներկայումս և, թերևս, շարունակվելու է ապագայում: Որպես ասվածի ապացույց՝ բերենք ամենաթարմ մի օրինակ. Մալաթիայի սպանդից հետո, երբ հեռուստատեսության ուղիղ եթերում քննարկվում էր Թուրքիայում միսիոներական շարժման հարցը, Անկարայի առևտրի պալատի նախագահ Սինան Այգյունը ներկայացրեց ընդհատակյա եկեղեցիների հասցեներ և նույնիսկ երկու անգամ կրկնեց դրանք՝ ըստ երևույթին նպատակ ունենալով հրավիրել մարդասպանների ուշադրությունը: Հիշյալ Սինան Այգյունը առաջիններից էր, որ հրապարակավ ընդդիմացավ Դինքի սպանությունից հետո լայն տարածում գտած «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսին, ասելով, որ իր անունը Սինան է, և ինքը թուրք է: Վերը նշված հոգևորական Գյուվեների պնդմամբ՝ Մալաթիայի տեղական մամուլը վերջին 6 ամսվա ընթացքում լի է եղել հակաքրիստոնեական նյութերով, և նույնիսկ շարունակ շրջանառվել են ապրիլի 18-ին սպանվածների անունները, այսինքն՝ բացահայտ նշվել են թիրախները և համապատասխան խմբերի ուշադրությունը հրավիրվել նրանց վրա: Ըստ նրա, նույն վիճակն է տիրում նաև Դիարբեքիրում և, ելնելով դրանից, Գյուվեները հայտարարում է, որ իրեն նույն ճակատագիրն է սպասվում, նա արդեն թիրախ է և կարող է ամեն րոպե սպանվել: Բողոքական հոգևորականը նշել է նաև, որ սպանվածները գիտեին իրենց հավանական սպանության մասին և Իզմիրում բնակվող մի վստահելի ընտանիքի լիազորագիր են թողել, որով նրանց են լիազորել իրենց ընտանիքների և երեխաների խնամքը: Նա ավելացրել է նաև, որ ինքը ևս պատրաստվում է նման լիազորագիր թողնել, քանի որ ինքը նույնպես ունի ընտանիք և երեխաներ: Նկատենք, որ միսիոներականությունը Թուրքիայում քրեորեն պատժելի չէ, և միգուցե այդ պատճառով էլ ավելի ակտիվ է գործում ժողովրդական դատաստանի ինստիտուտը: Սակայն, բացի այդ, այժմ Թուրքիայում ընթանում են մի քանի դատական գործեր, ուր միսիոներներին դատում են քրեական օրենսգրքի հայտնի 301-րդ հոդվածով՝ գտնելով, որ «միսիոներական գործունեություն ծավալելիս վիրավորել են թուրքական ինքնությանը»: Հենց այս նույն օրերին լսվող մի դատական գործին մասնակցում է նաև ժամանակին Դինքի դեմ ակտիվ գործունեություն ծավալած տխրահռչակ իրավաբան Քեմալ Քերինչսիզը:
Թվարկենք նաև մամուլում տեղ գտած 2005-2007թթ. ընթացքում Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների և կազմակերպությունների վրա կատարված հարձակումներից մի քանիսը.
2005թ. ապրիլ – Ստամբուլի բողոքական եկեղեցու առաջ բողոքի ցույց է կազմակերպվել, ծեծի է ենթարկվել այն տան տերը, որտեղ գտնվում է եկեղեցին:
2005թ. ապրիլ - Պայթուցիկներ են նետվել Անկարայի միջազգային բողոքական եկեղեցու վրա:
2005թ. նոյեմբեր – Փորձ է արվել այրել Անթալիայի բողոքականներին պատկանող Սուրբ Պողոս մշակութային կենտրոնը:
2006թ. հունվար - Ծեծի է ենթարկվել և մահվան սպառնալիք ստացել Ադանայի բողոքական եկեղեցու առաջնորդ Քամիլ Քըրօղլուն:
2006թ. փետրվար – Սպանվել է Տրապիզոնի կաթոլիկ եկեղեցու հոգևորական Անդրեա Սանթորոն:
2006թ. փետրվար – Իզմիրում ծեծի է ենթարկվել և մահվան սպառնալիք ստացել կաթոլիկ մի հոգևորական:
2006թ. մարտ – Մերսինում կաթոլիկ եկեղեցու անդամներին սպառնացել են դանակով:
2006թ. ապրիլ – Հարձակում է կատարվել Դիարբեքիրի ասորական եկեղեցու վրա:
2006թ. հուլիս – Սամսունում դանակահարվել և վիրավորվել է կաթոլիկ մի հոգևորական:
2007թ. հունվար – Հարձակում է կատարվել Սամսունի բողոքական եկեղեցու վրա:
Ավելացնենք նաև, որ Թուրքիայում Հայոց Առաքելական եկեղեցին (Պոլսո Հայոց պատրիարքարան) և նրա սպասավորները նույնպես զերծ չեն մնում հարձակումներից և սպառնալիքներից: Բավական է միայն հիշատակել Դինքի սպանությանը հաջորդած օրերին Ստամբուլի հայկական եկեղեցիներից մի քանիսի պատերին հայտնված սպառնալից գրությունները, ինչպես նաև Դինքի քառասունքի արարողության ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքի դեմ իրականացված անհաջող մահափորձը:
Արձագանքները
Արտաքին արձագանքներ- Մալաթիայի սպանդը լայն արձագանք է գտել ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ոճրագործության դատապարտմամբ հանդես են եկել միջազգային մի շարք կառույցներ: Սպանդին անմիջապես արձագանքել են նաև հեղինակավոր այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Ռոյթերս»-ը, «Բի Բի Սի»-ն, «Դեյլի թելեգրաֆ»-ը, «Դի վելթ»-ը, «Նյու Յորք թայմս»-ը, «Ասոշիեյթիդ փրես»-ը և այլն:
Ներքին արձագանքներ- Սակայն ավելի հետաքրքիր են դեպքից հետո Թուրքիայում ծայր առած արձագանքները: Իհարկե, սպանդը դարձավ թուրքական մամուլի թիվ 1 նյութը. անմիջապես հոդվածներով հանդես եկան վերլուծաբաններ և անվանի լրագրողներ։ Մեհմեթ Ալի Բիրանդը, օրինակ, նշում էր, որ ներկայումս Իրաքում պատանդ վերցնող, այնուհետև նրանց կոկորդները կտրող իսլամիստ ահաբեկիչների և Թուրքիայի միջև տարբերություն չկա, քանի որ նույնն են թիրախները՝ քրիստոնայները կամ, իրենց բնորոշմամբ, «անհավատները», և նույնն են նաև շարժառիթները՝ «հանուն հայրենիքի», «հանուն իսլամի»: Մեկ ուրիշ լրագրող՝ Թահա Աքյոլը, «Միլլիեթ» թերթում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թուրքական հասարակությունում քիչ չեն Դինքին սպանող Օգյուն Սամասթի նմանները, և տալիս է թուրքական իրականության համար մի ոչ այնքան հռետորական հարց. «Հաջորդը ո՞վ է, ո՞ր հանցագործությունն է լինելու հաջորդը»: Նույն «Միլլիեթ»-ում լրագրող Էջե Թեմելքուրանն առաջ է քաշում այն միտքը, որ այս ամենը, ի վերջո, ուղղված է Թուրքիայի փոքրամասնությունների դեմ։ Ըստ նրա՝ արդեն քրիստոնյաների ու հատկապես հայերի շրջանում սկսվել է արտագաղթ: Նույն հոդվածագիրը հարց է տալիս, թե ինչ է լինելու հետո, երբ Թուրքիայի «օտարները», այսինքն՝ փոքրամասնությունները, լքեն երկիրը: Ըստ նրա՝ ծայրահեղական խմբերի կամ հոսանքների համար կենսական է «թշնամի ունենալը», և հետագայում՝ ազգային փոքրամասնություններից Թուրքիայի հնարավոր դատարկումից հետո, նրանք իրենց հարձակման սլաքները կուղղեն արդեն «ավելի քիչ թուրքերի» կամ «ավելի քիչ մուսուլմանների» դեմ:
Մալաթիայում կատարված ոճիրը դատապարտեցին նաև Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը, քաղաքական կուսակցությունների նախագահները, հունական և հայկական պատրիարքարանները:
Ապրիլի 19-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի նստացույց են կազմակերպել, որի ընթացքում շարունակելով «կարգախոսների պատերազմը»՝ բարձրացվել է Դինքի սպանությունից հետո շրջանառության մեջ դրված կարգախոսի նմանությամբ մի պաստառ. «Ուս ուսի ֆաշիզմի դեմ, բոլորս քրիստոնյա ենք»: Ուշագրավ է նաև, որ հավաքված մի քանի հարյուր մարդիկ հաճախակի վանկարկել են «Բոլորս քրիստոնյա ենք, բոլորս հայ ենք» և մոմեր են վառել: Նստացույցի մասնակիցներն իշխանություններից պահանջել են կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել ընդդեմ երկրում սաստկացող ազգայնականության, հակառակ պարագայում վաղն արդեն շատ ուշ է լինելու: Կոչ է արվել նաև թույլ չտալ, որ մարդասպանները հերոսացվեն, ինչպես որ եղավ Դինքի սպանությունից հետո: Բողոքի փոքրամասշտաբ միջոցառումներ են կազմակերպվել նաև Մալաթիայում ու մայրաքաղաք Անկարայում:
Սակայն, ինչպես Դինքի սպանությունից հետո, այնպես էլ այժմ, թուրքական հասարակության որոշակի շրջանակներում կան նաև դրական արձագանքներ: Ինչպես նշեցինք, թուրք հասարակության տարբեր շերտեր տասնամյակներ շարունակ թիրախ են համարում և ցույց տալիս այդ երկրում մնացած շատ սակավաթիվ ազգային և կրոնական փոքրամասնություններին: Արդեն երկար ժամանակ է, ինչ միսիոներները գտնվում են նման հարձակումների կիզակետում՝ մեղադրվելով դավաճանության, երկիրը մասնատելու և այլնի մեջ: Սպանությունից հետո էլ շատերն այս հանցագործության համար մեղավոր էին համարում «միսիոներական շարժմանը»: Սպանության օրը ինտերնետային ֆորումներում, թերթերի ընթերցողների մեկնաբանություններում հանցագործներին ուղղված աջակցության և պաշտպանության արտահայտություններ հայտնվեցին, մարդասպանները հորջորջվեցին «Մալաթիայի ասպետներ»: Խոր ափսոսանք էր հայտնվում նաև, որ մարդասպաններին չի հաջողվել մինչև վերջ կտոր-կտոր անել զոհերին, խորհուրդներ կան սպանության իրականացման մեթոդի հետ կապված: Թերթերի ընթերցողների մեկնաբանությունների մեջ բավական հաճախ հանդիպում է ազգայնականների հայտնի կոչը. «Կամ սիրիր, կամ հեռացիր»: Տարբեր վայրերից շնորհավորանքներ էին ուղղվում «Մալաթիայի ասպետներին», նշվում, որ այսպիսին է լինելու բոլոր քրիստոնյաների վերջը, իսլամի դեմ գործողները պետք է գլխատվեն: Կան նաև բացահայտ պանթյուրքիստական կոչեր. «Առաջնորդողն է Ղուրանը, իսկ նպատակն է Թուրանը», «Այս երկրում հազարավոր Օգյուն Սամասթներ կան, Թուրքիան թուրքերինն է»: Հանդիպում են նաև այդ գործը շարունակելու կոչեր. «Արթնացի՛ր, հե՛յ, թուրք երիտասարդ, արթնացի՛ր, չորս գլուխը դեռ բավարար չէ»: Նշվում են նաև թիրախներ, օրինակ, կոչ է արվում չմոռանալ «Թունջելիի անհավատներին»: Կան նաև անձնավորված սպառնալիքներ. «Օրհան Փամուք, քեզ չենք մոռացել… դու դեռ մեր մտքում ես...»:
Հանդիպում են նաև հանցագործությունն անվերապահորեն քննադատող հայտարարություններ և մեկնաբանություններ, սակայն սրանց մեջ էլ մեծ թիվ են կազմում «հավասարակշռող» կոչեր. Օրինակ՝ առաջարկվում է այս սպանությունը քննադատելու հետ մեկտեղ քննադատել նաև տարբեր ժամանակ սպանված թուրքերի սպանությունները, ընդ որում՝ հայերին ևս առաջարկվում է հայտնի կարգախոսի նմանությամբ հայտարարել. «Մենք բոլորս թուրք ենք»՝ նշելով սպանվածների անունները:
Զոհերը կրոնափո՞խ էին, թե՞ կրոնադարձ
«Զիրվե» հրատարակչատանը սպանվել են երեք հոգի՝ գերմանացի Թիլման Էքեհարթ Գեսկեն և Թուրքիայի քաղաքացիներ Նեջաթի Այդընը (ծնունդով՝ էրզրումցի), Ուղուր Յուքսելը (ծնունդով՝ էլյազիգցի): Շեշտենք, որ նրանց ծավալած գործունեությունը, ինչպես նաև եղերական մահը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք կվերածվեն քրիստոնեության մարտիրոսների։ Բողոքական եկեղեցու Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ զոհերն իրենց «առաջին նահատակներն են» այդ տարածքներում: Հայտնի է, որ Ուղուր Յուքսելը սերում է ալևի ընտանիքից և պաշտոնապես քրիստոնեություն է ընդունել 2005թ.: Նրա ընտանիքը Էլյազիգի Մանսուր գյուղից է, որտեղ և հողին է հանձնվել Ուղուրի աճյունը։ Ուշագրավ է նաև, որ հիշյալ գյուղում չկա մզկիթ: Իսկ Նեջաթի Այդընը, որը բողոքական եկեղեցում հասել էր պաստորի կոչման, պաշտոնապես քրիստոնեություն է ընդունել 1999թ.: Ի դեպ, նա քրիստոնեություն ընդունելու պատճառով մերժվել է իր ընտանիքի կողմից: Այդընի ավագ եղբոր կարծիքով՝ նրա քրիստոնյա դառնալու մեջ մեծ դեր ունի վերջինիս քրիստոնյա կինը, որի հետ ամուսնանալուց հետո է եղբայրը հրաժարվել իսլամից: Սակայն շատ ուշագրավ է Նեջաթի Այդընի նամակը՝ ուղղված իր ընտանիքին, որտեղ նա բացատրել էր իր այդ քայլին գնալու դրդապատճառը: Վերոնշյալ նամակում նա գրում է. «Ես վերադառնում եմ Քրիստոսի համայնքին, որին պատկանել եմ (ընդգծումը մերն է- Ռ.Մ)»: Հայտնի է, որ 2004թ. սկսած՝ Մալաթիայում սկսել են ջանքեր գործադրվել, որպեսզի վերաբացվեն այնտեղի փակ եկեղեցիները: Վերոհիշյալ պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեն նույնպես անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ Մալաթիայում 122 քաղաքացի դիմել են նահանգապետարան՝ եկեղեցին վերաբացելու պահանջով: Ըստ պնդումների՝ Նեջաթի Այդընը և նրա ընկեր Հուսեին Յելքինը, որը նույնպես որոշ ժամանակ առաջ ընդունել է քրիստոնեություն, զբաղվել են սույն հարցով, և նրանց ջանքերով կազմակերպված խումբն այս ուղղությամբ աշխատանքներ է տարել: Նշվում է նաև, որ այս երկուսը հաճախ այցելել են Մալաթիայի մերձակայքում գտնվող պատմական Վանք (ենթադրաբար հայ առաքելական) եկեղեցին՝ այն վերաբացելու նպատակով և հայտարարել, որ այն մի օր բացվելու է աղոթքի համար: Ըստ թուրքական աղբյուրների՝ միսիոներ Մարտին դե Դոլանգեից հետո Մալաթիայի քրիստոնյաների շրջանում ամենաազդեցիկը հենց Նեջաթի Այդընն էր: Պարզվել է նաև, որ 2000թ. Այդընը ձերբակալվել և հարցաքննվել է քրդական և ալևիական գյուղերում գործունեություն ծավալելու համար: Սակայն դրանից հետո էլ նա շարունակել է իր աշխատանքը։ Անվտանգության մարմինների տեղեկությունների համաձայն՝ Նեջաթի Այդընը և իր ընկերները գործել են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում: Չափազանց ուշագրավ է նաև, որ Նեջաթին ակտիվորեն հետաքրքրվել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքներով: Ըստ թուրքական «Աքսիոն» հանդեսի տվյալների, որոնք ստացվել են անվտանգության ծառայության՝ այդ տարածքների միսիոներական շարժման հարցերով պատասխանատու մի աշխատակցից, վերոնշյալ անձնավորությունները կրոնափոխությունից ավելի շատ աշխատում են ժողովրդագրական պատկերի փոփոխման ուղղությամբ: Նույն պաշտոնյան ընդգծել է, որ այդ աշխատանքները հատկապես մեծ թափով են իրականացվում «ծպտյալ» հայերի միջավայրում, ինչպես նաև նախկին հայկական գյուղերում, քրդերի ու ալևիների շրջանում: Կրոնադարձության մասին խոսելիս Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ևս արտահայտել է այն միտքը, որ քրիստոնեություն ընդունողների մեծ մասը նախկինում քրիստոնյա եղած մարդկանց սերունդներն են: Այս բոլոր փաստերը թույլ են տալիս մեզ ենթադրել, որ շատ մեծ է հավանականությունը, որ դաժանորեն սպանված Ուղուր Յուքսելը և Նեջաթի Այդընը ոչ թե կրոնափոխներ են, այլ կրոնադարձներ: Չի բացառվում նաև, որ նրանք լինեն «ծպտյալ» կամ իսլամացած հայերի սերունդներ: Հատկապես Նեջաթի Այդընի գործունեության վերլուծությունը տեղիք է տալիս նման եզրահանգման:
Այսպիսով, քննելով և վերլուծելով վերոնշյալ փաստերը՝ կարող ենք եզրակացնել.
1. Չնայած Եվրամիության ճանապարհն ընտրած Թուրքիայում, երբեմն արտաքուստ և մակերեսորեն, այնուամենայնիվ, տեղի են ունենում որոշակի տեղաշարժեր, սակայն թուրքական հասարակության մեջ բավական ուժեղ և ազդեցիկ է ազգայնական կողմնորոշում ունեցողների թիվը: Կարևոր է նկատի առնել, որ ազգայնականությունը խոր արմատներ ունի հատկապես երիտասարդ սերնդի մեջ։ Կարծում ենք՝ նրանք ավելի դոմինանտ ուժ են, քան հակառակ տեսակետներ ունեցողները: Սրանում մեծ դեր ունեն նաև այդ երկրում ազգային-կրոնական փոքրամասնությունների նկատմամբ դարերով ձևավորված ատելությունն ու խտրական վերաբերմունքը: Թուրքիայի հանրապետության քաղաքացի փոքրամասնությունները դիտվում են որպես «օտարներ», նրանց վերաբերվում են իբրև այդպիսին: Իսկ ավելի ծայրահեղական խավի շրջանում այդ «օտարներն» ընկալվում են որպես թշնամի, դավաճան: Ի դեպ, սա սպասելի է մի երկրում, որտեղ դպրոցական դասագրքերում անգամ, օրինակ, հայերը ներկայացվում են որպես ստոր, դավաճան ժողովուրդ:
Վերջերս շատ է քննարկվում Թուրքիայում գոյություն ունեցող «Derin devlet»՝ «խորքային պետություն» հասկացությունը. դրա կողքին ավելացնենք և առաջ քաշենք «Derin toplum»՝ «խորքային հասարակություն» պայմանական եզրը: Ի՞նչ է ենթադրում «խորքային հասարակություն» ձևակերպումը. այն թուրք հասարակության դոմինանտ և, բնականաբար, թելադրող, շարժիչ հատվածի իրական տրամադրությունների, մտածելակերպի արտահայտությունն ու խտացումն է: Հենց նույն «խորքային հասարակության» դրսևորումներից են 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում հույներին և հայերին կոտորողներն ու թալանողները, Հռոմի պապի դեմ մահափորձ կատարողը, Տրապիզոնում կաթոլիկ հոգևորականին, Հրանտ Դինքին, Մալաթիայի հրատարակչության աշխատակիցներին սպանողները։ Նման օրինակները բազմաթիվ են: Ինչպես խոստովանում են իրենք՝ թուրքերը, նրանց զինանոցը հարուստ է օգյուն սամասթներով, որոնք միշտ պատրաստ են «հանուն պետության և կրոնի» սպանել Թուրքիայի «օտարներին»: Փորձը ցույց է տալիս, որ թուրք հասարակության գերակշիռ մասն արտաքուստ կամ լռելյայն պատրաստ է հերոսացնել այդ մարդասպաններին, և, մեր կարծիքով, շատ մեծ է հավանականությունը, որ համանման տարբեր հանցագործություններ էլի կլինեն, միշտ կհայտնվեն «հանուն հայրենիքի» հերոսանալ ձգտողներ: Այսինքն՝ թուրք հասարակությունը կամ ավելի ճիշտ՝ «խորքային հասարակությունը», այս ամենի մեջ ունի մեղքի մեծ բաժին: Բավական տրամաբանական և բնական է թվում նաև «խորքային պետության» և «խորքային հասարակության» աներևույթ փոխկապակցվածությունը:
2. Թուրքիայում ձևավորված անհանդուրժողականությունը հատկապես ընդգծված է արտահայտվում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրիստոնյաների դեմ: «Անհավատ-գյավուրը», ինչպես կոչում են նրանք քրիստոնյաներին, շատ հաճախ ընկալվում է ստորի, դավաճանի, թշնամու իմաստով, և նրանց դեմ պայքարը թուրքի համար «պատվաբեր» և անհրաժեշտ է:
Վերջին տարիներին «ծպտյալ» հայերի շրջանակներում տեղի ունեցող կրոնադարձության և վերազարթոնքի որոշ դրսևորումներ խիստ անհանգստացնում են թուրքական տարբեր շրջանակներին։ Դրանով է պայմանավորված նաև նրանց հետաքրքրությունն այդ հարցի հանդեպ: «Ծպտյալ» և պաշտոնապես կրոնադարձված հայերը որպես թիրախ են ընկալվում և ներկայացվում հասարակությանը: Օրինակ՝ պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեն կոչ է անում «դեմոկրատիայի սահմանների մեջ մնալով», գործողություններ ձեռնարկել «ծպտյալ» հայերի մոտ նկատվող և թուրքերի համար անցանկալի զարգացումների դեմ: Իսլամից պաշտոնապես հրաժարվածները, ըստ այդ կրոնի, ենթակա են մահապատժի, բայց աշխարհիկ պետություն Թուրքիայում իսլամի այս սկզբունքը չունի օրենքի ուժ: Սակայն, ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածում («Ծպտյալ» հայերի կրոնադարձությունը»), կրոնափոխներն ու կրոնադարձները, հավանական է, դառնան ծայրահեղականների թիրախ, և Մալաթիայի «Զիրվե» հրատարակչության երկու աշխատակիցների սպանությունն ապացուցեց մեր ենթադրության իրավացիությունը:
Մալաթիայի սպանդը միևնույն ժամանակ առնչություն ունի թուրքական տարբեր աղբյուրներում նշվող «ծպտյալ» հայերի շրջանում իսկապես տեղի ունեցող որոշ զարգացումների հետ: Սպանված Նեջաթի Այդընը բողոքական եկեղեցու հետևորդ էր, բայց ակտիվորեն զբաղվել և հետաքրքրվել է նաև առաքելական եկեղեցիների վերաբացման հետ կապված աշխատանքներով, բացի այդ, տիրապետելով քրդերենին՝ գործունեություն է իրականացրել Թուրքիայի հատկապես արևելյան և հարավարևելյան շրջաններում, ուր, ինչպես հայտնի է, մնացել են ձուլված կամ կիսաձուլված, քրդախոս հայեր: Ավելորդ չէ նշել, որ միսիոներները տարածում են նաև քրդերեն տպագրած Ավետարաններ:
Այս սպանությունը կարող է փոքր-ինչ դանդաղեցնել և նույնիսկ մի պահ կասեցնել «ծպտյալ» հայերի մեջ սկսված կրոնադարձության և ինքնաբացահայտման գործընթացը, և կարծում ենք՝ հենց այդ նպատակին է ուղղված վախի մթնոլորտում ապրող բացահայտ և «ծպտյալ» հայերի նկատմամբ սպառնալիքներից կոնկրետ գործողությունների անցնելը: Բայց միևնույն ժամանակ չի կարելի բացառել և հակառակ ռեակցիան. այն է՝ կրոնադարձության ավելի լայն թափ ստանալը:
3. Ի վերջո, ինչի՞ համար է սաստկացել ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ այս արշավը, որին առերես պետական իշխանությունը դեմ է հանդես գալիս և քննադատում: Կարծում ենք՝ սրա պատճառները շատ ավելի խորն են և թաքնված են ազգային-կրոնական տեսակետից միատարր Թուրքիայի ձևավորման ձգտման մեջ: Եթե նայենք նորագույն շրջանի Թուրքիայի պատմությանը, ապա Առաջին աշխարհամարտից և Հայոց ցեղասպանությունից հետո այդ երկրում մնացած սակավաթիվ ազգային փոքրամասնությունները շարունակաբար ենթարկվել են պետականորեն կազմակերպված հալածանքի, որի նպատակն էր դրդել նրանց «կամովին» հեռանալ Թուրքիայից: Այժմ Թուրքիայում մնացած ազգային փոքրամասնությունների թիվը դրա խոսուն վկայությունն է՝ մոտ 100 0002, որի մեծ մաս են կազմում հայերը, և բնական է, որ հիմնական նշանակետն ու թիրախը պետք է լինեն նրանք: Ներկայումս շարունակվող գործողությունները, կարծում ենք, հետապնդում են նույն նպատակը՝ դատարկել Թուրքիան «օտար» տարրից, և արդեն կան հակասական տեղեկություններ, որ պոլսահայ համայնքում ծայր է առել արտագաղթի ալիք, կամ էլ գոնե սկսել են ավելի շատ մտածել երկիրը լքելու մասին: Հանրապետական Թուրքիայում նույն բախտին են արժանացել հույները, որոնց թիվն այսօր այդ երկրում հազիվ 2000 է:
«Թյուրքականության» (պանթյուրքիզմ) գաղափարախոս Զիյա Գյոքալփը (1876-1924թթ.), որի գաղափարներն ու տեսակետները համընկել ու համընկնում են թուրքական իշխանությունների վարած պետական քաղաքականության հետ, գտնում էր, որ Թուրքիայում, թուրքերից բացի, ուրիշ ազգեր պետք է գոյություն չունենան: Ոչ թուրք ազգերը կամ պետք է թուրքանան, կամ հեռանան, և այս միտքը կրկին դարձել է արդի թուրք ազգայնականների կարգախոսը՝ «կամ սիրիր, կամ հեռացիր»: Ընդ որում՝ «սիրիր» բառը պետք է հասկանալ «ձուլվիր» իմաստով: Բայց, միևնույն ժամանակ, «եվրոպականացման» ուղին ընտրած Թուրքիային, կարծում ենք, անհրաժեշտ են ազգային փոքրամասնությունների համայնքներ, որոնք, հարկ եղած դեպքում, իշխանություններին պետքական հայտարարություններով հանդես կգան՝ ուղղված արտաքին աշխարհին: Սրանով էլ ամբողջ աշխարհին փորձ կարվի ներկայացնել, թե Թուրքիայում ազգային փոքրամասնությունների վիճակը լավ է: Բայց թուրքական իշխանություններին պետք չեն ազգային փոքրամասնությունների շատ մեծաթիվ համայնքներ, բավական է և մեկ-երկու հազարը, ինչպիսին հունականն է, և սրանք էլ բազմամիլիոնանոց Թուրքիայում ավելի շատ կնմանվեն թանգարանային ցուցանմուշի:
1 Տեղեկություններ կան, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը շատ ակտիվ չի արձագանքում կրոնափոխվել ցանկացողների դիմումներին, ըստ երևույթին՝ որպեսզի խուսափի թուրքական իշխանությունների և տարբեր խմբերի կողմից «երկիրը ապակայունացնելու», «պառակտիչ գործունեություն ծավալելու» մեջ մեղադրվելուց, միգուցե նաև այդ պատճառով էլ էթնիկ հայ կրոնադարձների մի մասը սկսում է հարել բողոքական կամ կաթոլիկ եկեղեցուն: Մենք, սակայն, չենք տիրապետում այս հարցի վերաբերյալ պատրիարքարանի պաշտոնական դիրքորոշմանը:
2 Նշենք, որ այս թվերը խիստ մոտավոր են, որովհետև զանազան աղբյուրներում նշվում են տարբեր տվյալներ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]