Պոլսահայ համայնքը. արդի հիմնախնդիրներ

Դեռևս 572-ին Կ.Պոլսում ձևավորվել է հայկական կրոնական համայնք: Օսմանյան տիրապետության շրջանում ստեղծվել է հայոց պատրիարքություն, որին սուլթանը տվել է որոշակի եկեղեցական-համայնական իրավունքներ: Պետության կողմից պոլսահայ համայնքի ղեկավար էր ճանաչված Պոլսի հայոց պատրիարքը: 1863թ. Ազգային սահմնադրության ընդունումից հետո վերակազմվել են ազգային կյանքը կազմակերպող տարբեր միություններ: 1930-1940-ականներին պոլսահայերի ազգային իրավունքներն ու հայոց պատրիարքության իրավունքներն էապես սահմանափակվում են: Հայ համայնքի ղեկավար մարմին մնում է Պոլսի հայոց պատրիարքը: Համայնքը կառավարող մարմինն է Գաղութի ժողովը, որը հենվում է թաղային խորհուրդների վրա: Ներկայումս պոլսահայ համայնքը հաշվվում է 60 հազար:
Ստամբուլահայերի մեջ արդեն առանձին շերտ են կազմում նաև 1990-ականներից ի վեր Հայաստանից գնացած էմիգրանտները:
Ինչպես հայտնի է, համաձայն Լոզանի դաշնագրի՝ հայ համայնքը ճանաչված է որպես կրոնական փոքրամասնություն, որի իրավական ներկայացուցիչը պատրիարքն է /չնայած որ Թուրքիան աշխարհիկ պետություն է/: Սակայն այսօր Պոլսո հայոց պատրիարքարանը որևէ իրավական կարգավիճակ չունի: Ասվածի ապացույցն է այն փաստը, որ պատրիարքության և իր հետ կապված ցանկացած հարցով Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Թուրքիայի սովորական քաղաքացիների նման դիմում է Ստամբուլի թաղապետին և ոչ թե քաղաքագլխին։
Պոլսահայ համայնքում կուսակցություններ կամ հասարակական-քաղաքական կազմակերպություններ չկան, իսկ դա նշանակում է, որ հայ համայնքը քաղաքականացված կամ էլ գաղափարականացված չէ: Միևնույն ժամանակ, համայնքում ազգային գաղափարները խոր հիմքեր չունեն:
Ինչ վերաբերում է համայնքի գործառույթներին, ապա պետք է նշել, որ այդ հարցում կան երկու հիմնական տեսակետներ։ Ամենահիմնականն ու ավանդականն այն տեսակետն է՝ համաձայն որի պոլսահայ համայնքի ղեկավարը պատրիարքն է, ով թե’ աշխարհիկ, թե’ հոգևոր իշխանության կրողն է: Չնայած այս թեզը վիճարկելի է, քանի որ այն կարող էր կենսունակ լինել նախքան 1924թ., երբ համայնքում գործում էր Ազգային սահմանադրությունը, և եկեղեցին համայնքի կրթական, լուսավորչական և մնացած այլ խնդիրներով զբաղվելու իրավունք ուներ: Հետագայում, երբ Թուրքիան ընդունեց եվրոպական սկզբունքներով ամրագրված քաղաքացիական իրավունք, և կրոնն ու պետությունն առանձնացվեցին, վերացան պատրիարքարանին կից թե’ կրթական և թե’ դատաստանական խորհուրդները, և պատրիարքարանն ընդհանրապես զրկվեց իր հիմնական իրավասություններից՝ պարտավորվելով զբաղվել զուտ եկեղեցու կամ կրոնի գործերով:
Եվ կա երկրոդ տեսակետը, որն առաջ էր քաշում «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքը: Նա ասում էր, որ պոլսահայ համայնքը պետք է ունենա թե’ հոգևոր, թե’ աշխարհիկ առաջնորդ: Այս հանգամանքը որոշակի լարվածություն էր ստեղծել Հրանտ Դինքի և Մեսրոպ Մութաֆյանի միջև: Վերջինս լարված հարաբերություններ ուներ նաև «Ժամանակ» օրաթերթի հետ, ինչը կապված էր պատրիարքի ոչ էջմիածնական, անթիլիասական ուղղվածության հետ։
Ստամբուլում գործում է Պոլսո հայտնի Կեդրոնականը, որը լիցեյ է, այսինքն՝ ունի 9,10, 11 դասարաններ: Լիցեյ է նաև Սկյուտարի Ս.Խաչ դպրեվանքը, Սահակյանը, Էսայանը: Բացի այդ, պոլսահայերի նյութական միջոցներով գործում է Ս.Փրկիչ հիվանդանոցը, որը հիմնվել է 1834-ին Հարություն Պեզճյան ամիրայի ծախսերով: Մեծ դժվարություններ կան` կապված վարժարանների ֆինանսավորման հետ։ Սակայն եթե որևէ վարժարան փակվի, այն բացելու թույլտվություն հնարավոր չէ ձեռք բերել, այդ իսկ պատճառով հայերը ձգտում են ամեն կերպ պահել հայկական վարժարանները։
Եկեցեղու դերը պոլսահայ կյանքում շատ սահմանափակ է՝ ծնունդ, կնունք, հարսանիք, թաղում: Եկեղեցին չի կարող համայնքին իր հետևից տանել, նա առաջնորդի դերում չի կարող հանդես գալ:
Պոլսահայ համայնքը կազմված է երկու հիմնական շերտից՝ բուն պոլսահայերից և սոցիալական տարբեր շերտեր ներառող գավառացիներից, որոնք Ստամբուլ են եկել տարբեր ժամանակներում հիմնականում տնտեսական դրդապատճառներից ելնելով: Ընդհանուր առմամբ, հայկական ինքնությունը պոլսահայերի մոտ շատ խորը չէ կամ գուցե առաջնային չէ: Ամեն պարագայում, կա այն տեսակետը, որ պոլսահայերի շրջանում առաջնային բաղադրիչ է քրիստոնեական ինքնությունը: Այս հանգամանքն ունի իր օբյեկտիվ պատճառները: Ամեն ինչ գալիս է կրթական համակարգից: Ազգային դպրոցներում արգելված է հայ ժողովորդի պատմությունը, հայ երեխաներն անցնում են միայն հայոց լեզու: Մտավոր և նյութական հարուստ մշակույթ ունեցող նախկին պոլսահայ համայնքն այլևս չկա: Մտավորականները շատ քիչ են: Ցավով պետք է նշել, որ պոլսահայ էլիտայի հիմնական մասն արդեն 1980-ականներին արտագաղթել էր երկրից, և կարծես մնացին գավառացիները, որոնք մեծամասամբ հայերենին չեն էլ տիրապետում:
Հայերենը պոլսահայ ընտանիքների ամենաթույլ կողմերից մեկն է: Կարելի է ասել, որ պոլսահայերի խոսակցականում գերիշխող է թուրքերենը /20 տոկոս՝ հայերեն, 80 տոկոս՝ թուրքերեն/:
Հատկանշական է, որ է պոլսահայերի նոր սերունդը մինչև վերջերս չէր լսել Հայոց ցեղասպանության մասին: Ընտանիքներում այդ մասին համարյա չէր խոսվում: Իսկ հիմա բոլորը գիտեն այդ մասին: Բնականաբար, այն տարբեր արձագանքներ է գտել: Մի մասի կարծիքով՝ իրենք արդեն երրորդ, չորրորդ սերունդն են, և ուզում են չխառնվել այդ ամենին, ապրել հանգիստ կյանքով: Մի մասն էլ՝ ներքին դրամա է ապրում և փորձում է պարզապես թաքցնել ատելությունը:
Կարելի է ասել, որ պոլսահայ համայնքի դեմ սպառնալիքներ միշտ էլ կան։ Հրանտ Դինքի քառասունքի օրը Գում Գափուի եկեղեցի մտավ մի զինված թուրք և կրակահերթ բացեց: Որոշ տվյալներով` դա պատրիարքի դեմ ուղղված մահափորձ էր: Սպառնալիքներ ժամանակ առ ժամանակ լինում են: Երբեմն կոտրվում են եկեղեցու պատուհանները կամ եկեղեցիների պատերին ինչ-որ բաներ են գրվում: Հրանտ Դինքից հետո նման երևույթները ցայտուն են դարձել: Երկրում կան արմատական ազգայնական կուսակցություններ: Էթնոդավանական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի դեմ, միշտ էլ կան մարտահրավերներ չնայած այն փաստին, որ Թուրքիան ձգտում է Եվրամիություն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]