ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Թյուրքական ցեղերի Փոքր Ասիա եւ Հայկական լեռնաշխարհ ներխուժելուց հետո այդ տարածքներում պարբերաբար տեղի է ունեցել ոչ մուսուլման բնակչության բռնի իսլամացում: Կրոնափոխության հարմար թիրախներից են միշտ համարվել երեխաները, որոնց իսլամացնելով վաղ տարիքում` կարելի էր ավելի հեշտ ջնջել ազգային եւ կրոնական դեռեւս ձեւավորվող ինքնագիտակցությունը: Հենց այս տրամաբանությամբ է գործել Օսմանյան կայսրությունում մեծ տարածում գտած եւ երկար դարեր կիրառված մանկահավաքի (դեւշիրմե) ինստիտուտը, որն ունեցել է նաեւ «արյան հարկ» անվանումը: Մանկահավաքի ժամանակ կայսրության ոչ մուսուլման բնակչությունից հավաքվել են փոքրահասակ տղա երեխաները, որոնց տրվել է կրոնական եւ ռազմական կրթություն, եւ հենց նրանցից էլ ձեւավորվել են ենիչերիների զորագնդերը:
Հայերը, լինելով Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հիմնական ազգերից մեկը, բնականաբար, պարբերաբար ենթարկվել են բռնի իսլամացման, որը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր ծավալներ: Հայտնի է, որ հայերի իսլամացման վերջին լայնածավալ ակցիան տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարիներին: Եղել են դեպքեր, երբ կրոնափոխության շնորհիվ որոշ հայեր խուսափել են աքսորից եւ ջարդից, բայց դա չի ընդգրկել լայն ծավալներ, քանի որ 1915-ին հիմնական նպատակը եղել է ոչ թե ձուլել, այլ ընդհանրապես ոչնչացնել հայ էթնոսը: Նշենք, սակայն, որ ցեղասպանության տարիներին «կամովին» մուսուլմանություն ընդունելու հայերի պատրաստակամությունը ոչ միշտ է միանշանակ հավանության արժանացել կառավարության կողմից, եւ այս առումով հետաքրքիր է ներկայումս Թուրքիայի կառավարության (վարչապետի աշխատակազմի) օսմանյան արխիվում պահպանված` ներքին գործերի նախարարության 1915թ. հունիսի 30-ին հայաբնակ նահանգներ ուղարկված ծածկագիր գրությունը, որտեղ ասվում է, որ հայերի կրոնափոխությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրանց աքսորին: Ավելացվում է, որ վտանգի պահին հայերը բազմիցս են դիմել նման մեթոդի, սակայն հետո շարունակել են գործել մուսուլմանների դեմ:
Սակայն, չնայած այս զգուշացմանը, եղել են որոշ բացառություններ, եւ արձանագրվել են դեպքեր, երբ իսլամացումը, այնուամենայնիվ, փրկել է գաղթից եւ կոտորածից, վկա` ներկայիս Թուրքիայում ապրող ծպտյալ հայերը:
Ինչպես վկայում են մի շարք աղբյուրներ, այդ թվում եւ թուրքական, Հայոց ցեղասպանության տարիներին մեծ թվով հայ երեխաներ են առեւանգվել թուրքերի եւ քրդերի կողմից: Շատ հազվադեպ իրենք` հայերը, աքսորի գնալիս, զգալով մոտալուտ արհավիրքը, իրենց երեխաներին կամովին պահ են տվել հարեւան մուսուլմաններին (այդ երեխաները թուրքական աղբյուրներում անվանվում են «ավանդ թողնված երեխաներ»): Որբ մնացած հայ երեխաների մի մասն էլ օսմանյան կառավարության հրամանով հավաքվել է թուրքական որբանոցներում եւ իսլամացվել: Այս մասին վկայող փաստեր են պահպանված օսմանյան արխիվներում: Թուրք գիտնական Իբրահիմ Էթհեմ Աթնուրի 2005թ. տպագրած «Հայ կանանց եւ երեխաների խնդիրը Թուրքիայում 1915-1923թթ.» գրքում օգտագործված են այդ թվականներին որբ եւ այրի հայ երեխաների ու կանանց խնդրի վերաբերյալ բազմաթիվ արխիվային նյութեր, այդ թվում նաեւ Թուրքիայի վարչապետի աշխատակազմին կից օսմանյան արխիվի ծածկագիր բաժնի նյութերը: Բնականաբար, շարունակելով թուրքական «գիտական» ավանդույթները` հեղինակն աղավաղում է փաստերը կամ ներկայացնում իր ոչ օբյեկտիվ ու ոչ տրամաբանական գնահատականները տվյալ հարցի շուրջ. սակայն մեզ համար կարեւոր են գրքում տեղ գտած հատկապես արխիվային նյութերը, որոնք հետաքրքիր փաստեր են պարունակում: Համադրելով այս եւ այլ աղբյուրների ներկայացրած փաստերը` կարելի է եզրակացնել, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացումն ու ձուլումը կատարվել են երկու մակարդակով` պետության եւ հասարակության լայն խավերի կողմից: Այս փաստը թուրքերը չեն էլ ժխտում, ուղղակի փորձ է արվում դա ներկայացնել այլ լույսի ներքո եւ օգտագործել քարոզչական նպատակով:
1. Կոտորածից փրկված, անտեր, անտուն, անխնամ մնացած հայ որբ երեխաները պետության աջակցությամբ իսլամացվել են եւ բաժանվել մուսուլման ընտանիքներին: Դա է վկայում օսմանյան արխիվում պահպանված 1915թ. հուլիսի 10-ի թվագրված գրությունը, որտեղ ասվում է, որ իսլամացված որբ հայ երեխաներին պետք է հանձնել բարեկեցիկ մուսուլման ընտանիքներին եւ հատկապես այն գյուղերում ու գյուղաքաղաքներում, ուր հայեր չկան: Եթե երեխաների թիվը մեծ է, նրանց պետք է հանձնել դժվարությամբ ապրուստը հոգող մուսուլման ընտանիքներին եւ ամեն երեխայի համար ամսական նրանց վճարել 30 քուրուշ: Պետք է ցուցակագրել այդ երեխաների թվի եւ գտնվելու վայրերի մասին տվյալներն ու դրանք ուղարկել կենտրոն: Հատուկ նշվում է, որ այս երեխաները հանձնվում են այդ ընտանիքներին այն պայմանով, որ նրանց տրվի մուսուլմանական կրթություն: Նույնաբովանդակ գրություններ հանդիպում են նաեւ հետագայում` ուղղված տարբեր նահանգների ղեկավարներին: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ բոլոր այդ գրություններում հատուկ նշվում է, որ երեխաներին պետք է բաժանել հատկապես այն վայրերում, ուր չկան հայեր: Նպատակն այն է, որ թեկուզ հետագայում էլ այդ երեխաները հնարավորություն չունենան շփվել իրենց ազգակիցների հետ եւ շատ հեշտությամբ ձուլվեն ու իսլամանան:
Սրան զուգահեռ` օսմանյան կառավարությունը, չնայած պատերազմական վիճակին, ինքն էլ է նախաձեռնում որբանոցներ բացել, ուր հավաքվում են որբ հայ երեխաները: Բնականաբար, այդ որբանոցներում հավաքված հայ երեխաները իսլամացվում էին, ստանում մուսուլմանական կրթություն, եւ այդ ամենը` պետական ամենաբարձր հսկողության ներքո: Օսմանյան արխիվներում պահպանվել են երիտթուրքական պարագլուխ Էնվերի գրությունները` ուղղված ներքին գործերի նախարար Թալեաթին, որտեղ նա ցանկություն էր հայտնում եւ պահանջում, որ որբ հայ երեխաներն ուղարկվեն հատկապես թուրքական որբանոցներ (այդ տարիներին Օսմանյան կայսրության տարածքում գործում էին եվրոպական, ամերիկյան, միսիոներական որբանոցներ եւս): 1916թ. մայիսի 9-ի` ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության մեջ Էնվերը գրում է. «Կրոնափոխ եւ ոչ կրոնափոխ հայ որբերը եթե ուղարկվեն մեր որբանոցներ, ես պատրաստ եմ ռազմական բյուջեից հոգալու դրա համար անհրաժեշտ ծախսերը»: Քանի որ որբանոցները ենթակա էին կրթության նախարարությանը, Թալեաթը, կրթության նախարարի համաձայնությունը ստանալուց հետո, 1916թ. մայիսի 16-ին տեղեկացնում է Էնվերին, որ իսլամացած եւ ոչ իսլամացած հայ երեխաները կվերցվեն թուրքական որբանոցներ, եւ ծախսերը կհոգա ներքին գործերի նախարարությունը: Արդեն 1916թ. հունիսի 1-ի` Մարդինի նահանգապետարան կրթության նախարարության ուղարկած ծածկագիր հեռագրում նշվում է, որ Մարդինի որբանոց պետք է վերցնել միայն իսլամացած հայ երեխաներին: Ավելի վաղ` 1916թ. ապրիլի 30-ին, ներքին գործերի նախարարության` հայ կանանց եւ երեխաների վերաբերյալ հրապարակած ընդհանուր հրամանի 3-րդ կետում հստակ նշվում է. «Մինչեւ 12 տարեկան հայ երեխաներին վերցնել մեր որբանոցները»:
Որբ հայ երեխաների իսլամացման եւ ձուլման հարցով բավական հետաքրքրված մյուս բարձրաստիճան պաշտոնյան հայտնի երիտթուրքական պարագլուխ Ջեմալ փաշան է, որը զբաղվել է Սիրիայում եւ Լիբանանում գտնվող հայ որբերի հարցերով: Նրա նախաձեռնությամբ Ային Թուրա ֆրանսիական ճիզվիտական միսիային պատկանող մենաստանում ստեղծվել է որբանոց, ուր հավաքվել են հայ երեխաները` թուրքացվելու նպատակով: Հատուկ այս գործի համար Ջեմալը Ստամբուլից հրավիրել է պանթուրքիստ կին գրող Հալիդե Էդիբին, որը հայտնի է ցեղասպանության տարիներին հայ երեխաների իսլամացման եւ թուրքացման գործում իր ակտիվ ջանքերով: Հենց նույն Հալիդե Էդիբը հետագայում գրում է, որ Ային Թուրա որբանոցի իսլամացած հայ բոլոր երեխաներին տրվել էին թուրքական կամ մուսուլմանական անձնանուններ:
2. Հայ երեխաների իսլամացման եւ թուրքացման գործում մեծ ջանքեր են գործադրել նաեւ թուրքական հասարակության լայն շրջանակները: Ինչպես նշեցինք, Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերը եւ քրդերն առեւանգել եւ խլել են բազմաթիվ հայ մանուկների եւ իսլամացրել: Թուրքական կողմը, չկարողանալով ժխտել այս անառարկելի փաստը, միեւնույն ժամանակ շրջանառության մեջ է գցել այն վարկածը, թե իբր «բարեգութ» թուրքերն ուղղակի հումանիստական զգացումներից ելնելով` «փրկել» են աքսորյալ հայ երեխաներին: Անշուշտ, կարելի է ընդունել, որ երբեմն, շատ հազվադեպ դա տեղի է ունեցել, բայց գերակշիռ դեպքերում հայ երեխաներին խլել են` բռնությամբ նրանց իսլամացնելու, թուրքացնելու նպատակով, եւ դա անելիս առաջնորդվել են ոչ թե հումանիստական, այլ զուտ անձնական, տնտեսական նկատառումներով: Հասկանալու համար թուրքերի եւ քրդերի` աքսորյալ հայ երեխաներին «փրկելու» եւ իսլամացնելու շարժառիթները, մեր կարծիքով, ամենեւին երկրորդական չպետք է համարել իսլամա-թուրքական իրականության որոշ նրբերանգներ: Խլելով եւ ձուլելով հայ երեխաներին` թուրք եւ քուրդ գյուղացիները մի կողմից ձեռք էին բերում ձրի աշխատուժ եւ, մյուս կողմից, հատկապես հայ աղջիկ երեխաները դառնում էին նրանց հարեմների զոհը: Մի կարեւոր նրբերանգ էլ կա` կապված իսլամա-թուրքական ամուսնության սովորույթների հետ, համաձայն որի` տղայի կողմն ուղղակի գնում է հարսին` նրա ծնողներին վճարելով որոշակի գումար: Ձեռք բերելով հայ աղջիկ երեխաներին, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ փաստերը, նրանք այնուհետեւ այդ աղջիկներին ամուսնացնում էին իրենց տղաների հետ` այդպիսով խուսափելով նաեւ ամուսնական «գլխագին» վճարելու ծանր պարտականությունից: Բացի այդ, առեւանգված եւ իսլամացված հայ երեխաները նաեւ վաճառվել են, ու դա եղել է տարածված եկամտի աղբյուր առեւանգիչների համար: Այս ամենը լիովին տեղավորվում է ստրկավաճառություն բնորոշման սահմաններում, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչ հարուստ է Օսմանյան կայսրության փորձն այդ ասպարեզում: Ներկայումս էլ Թուրքիայում ծայր առած «էթնիկ ճգնաժամի» քննարկման շրջանակներում անընդհատ ի հայտ են գալիս նոր փաստեր ցեղասպանության ժամանակ առեւանգված հայ երեխաների, հատկապես աղջիկների մասին, որոնց մուսուլմանների հետ ամուսնության հետեւանքով ներկայիս Թուրքիայում ձեւավորվել է խառնածինների հոծ բանակ, որոնք հայկական արյան որոշակի տոկոս ունեն:
Այսպիսով, վերոնշյալ փաստերի զուգադրման արդյունքում ի հայտ են գալիս թուրքական «գիտական» շրջանակների եւ քարոզչամեքենայի արդեն ավանդական դարձած զեղծարարության` պարզունակության հասնող թուլությունը եւ անտրամաբանական լինելը: Փաստերը նաեւ հստակ ցույց են տալիս, որ օսմանյան ղեկավարությունը եւ հասարակության լայն շերտերը, Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացնելով հայ որբ երեխաներին, շարունակել են ոչ մուսուլման ազգերի ձուլման քաղաքականությունը եւ դրանով էլ ավելի խճճել իրենց առանց այդ էլ խառնիճաղանջ էթնիկ նկարագիրը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]