• am
  • ru
  • en
Версия для печати
30.08.2007

ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

   

Հրանտ Դինքի սպանությունը, դրան առնչվող դեպքերը, ինչպես նաև օրերս սկսված դատավարությունը շարունակում են կարևոր տեղ զբաղեցնել Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում: Օրինակ, «Մենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսն այնպիսի խորությամբ է խոցել թուրքերի «ազգային ինքնագիտակցությունը», որ ամեն պատեհ և անպատեհ առիթով դա հիշվում ու մեջբերվում է, և ի պատասխան՝ բազմաթիվ հակընդդեմ կարգախոսներ են մեջտեղ հանվում: Հենց միայն նշված կարգախոսի պատճառով գրվել են բազմաթիվ հոդվածներ, քաղաքական շատ գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են դրան և մեկնաբանություններ արել, որոնք գերազանցապես մերժողական բնույթ ունեն: Այնքան ընդգծված են թուրքական հասարակության տարբեր շերտերում հնչող բուռն արձագանքները հիշյալ կարգախոսի դեմ, որ «Միլլիեթ» օրաթերթի լրագրող Էջե Թեմելքուրանը սարկաստիկ շեշտադրումներ ունեցող իր` «Եկել է բացահայտման ժամանակը. HHD հայկական գաղտնի կազմակերպությունը» հոդվածում, նկատի ունենալով Դինքի թաղման արարողությունը և այդ ժամանակ հնչած արտահայտություններն ու դրանից հետո սկիզբ առած ծայրահեղական մեկնաբանությունները, նկատում է, որ շատերը, անհանգստանալով «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսից, ենթադրում են, որ դա նորաստեղծ հայկական կառույցի ձեռնարկած գործն է: «Կառույցն ունի 100.000 ակտիվ անդամ և մոտ 200.000 համակիրներ: Այն ստեղծվել է ընդամենը մեկ օրում, և նրա նպատակն է մասնատել Թուրքիան, մոռացության դատապարտել թուրքական ինքնությունը, մուսուլմանական հավատը»,- նկատում է հոդվածագիրը և ծաղրանքով նշում, որ եկել է արդեն այս գաղտնի երևույթի մասին բարձրաձայնելու ժամանակը. «Հայկական այդ կառույցի անունն է HHD, այսինքն՝ «Hepimiz Hrant Dinkiz» («Բոլորս Հրանտ Դինք ենք» արտահայտության հապավումը- Ռ.Մ.): Սարկազմով և հեգնանքով շաղախված այս հոդվածը ցույց է տալիս, որ Թուրքիայի քիչ թե շատ առաջադեմ կամ այդպիսին համարվող որոշ մարդիկ և ուժեր անգամ նկատում են հայտնի կարգախոսի առաջացրած ծայրահեղական, բայց թուրքական իրականության համար լիովին համարժեք արձագանքը:

Դինքի սպանությունը և թաղման բազմահազարանոց արարողությունը ոմանք կապեցին նաև Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի հետ` նշելով, որ այն ինչ-որ առումով շրջադարձային դեր ունեցավ վերոհիշյալ հայերի համար: Այսօր այդ կարծիքը գնալով լայն տարածում է գտնում, ու արդեն շատերը Դինքի սպանությունը և թաղման արարողությունը համարում են ծպտյալ հայերի զարթոնքի նշան1: Մամուլում և զանազան վերլուծություններում կարծիքներ են հնչում, որ ծպտյալ հայերը մեծ թիվ են կազմում նաև պետական համակարգում, ինչպես նաև մասնավոր սեկտորում: Օրինակ, «Հեղափոխության պատմության ինստիտուտի» նախկին տնօրեն, դոկտոր, պրո‎ֆ‎եսոր Հասան Քյոնին հետևյալ կարծիքն է հայտնում. «Այն հայ երեխաները, որոնց ընտանիքները մահացել էին աքսորից առաջ, տրվում էին թուրքերին, մի մասը մուսուլման էր դառնում, մի մասին ամուսնացնում էին, մի մասն ամբողջովին ձուլվում էր, և նրանց թիվը պակասում էր, սակայն մեր օրերում, անշուշտ, կան ծպտյալ հայեր և այն էլ զգալի թվով: Մենք ունենք նաև հայկական արմատներով հավատափոխ քաղաքացիներ, որոնք պետության մեջ կարևոր պաշտոնների են հասել»:

Դինքի մահը որպես ծպտյալ հայերի զարթոնք ներկայացնելու թեզը հատկապես ակտիվ է պաշտպանում Թուրքիայի Ինենյու համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պրո‎ֆ‎եսոր Սալիմ Ջյոհջեն, որն առաջիններից էր, որ հայտարարեց, թե «Դինքի սպանությունը «ծպտյալ» հայերի համար հայտնություն էր»: Այս պատմաբանը, որ շուրջ 25 տարի զբաղվում է նաև հայկական խնդրով, վերջերս թուրքական «Բարեմ» հանդեսին տված հարցազրույցում, շարունակելով ծպտյալ հայերի թեման, կարծես, մանրամասնում է նախորդ հարցազրույցում արտահայտած մտքերը և հավելում նորերը: Ստորև թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացնում ենք հիշյալ հարցազրույցը:

«ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ»

- Ի՞նչ առումով եք Հրանտ Դինքի սպանությունը «ծպտյալ» հայերի համար հայտնություն համարում:

- Հայտնի է, որ Եվրամիության անդամակցության գործընթացը ոգևորել և աշխուժացրել է Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, և այս առումով շատ բնական են մեր հայ քաղաքացիների` որոշակի հարցերում գործադրած բացահայտ ջանքերը: Դրանց թվին պետք է դասել եկեղեցի վերաբացելու պահանջը, դատարաններին ուղղված մի շարք դիմումները, կալվածքների վերաբերյալ գնալով ուժեղացող պահանջները և այլն: Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ 20-րդ դարի սկզբին այս կամ այն պատճառով իսլամ ընդունած հայկական ծագմամբ մեր քաղաքացիների ուղղությամբ տարվող աշխատանքները վերջին ութ-տասը տարիներին ապշեցնող թափ են ստացել: Այսպիսի զարգացումը չէր կարող ի հայտ գալ հենց այնպես, և պարզ է, որ սրա հիմքում ապագային միտված մի շարք հաշվարկներ կան: Թուրքերի հետ հաշիվներ պարզելու, նրանցից վրեժ լուծելու և, ի վերջո, «դրախտային Հայաստանը» վերակերտելու նպատակները, մինչև 1980-ականների կեսերը հայերի, հիմնականում սփյուռքահայերի մեծ մասի` այս տարածքների հանդեպ ունեցած հետաքրքրությունը ցանկանում էին իրականացնել հետևյալ ռոմանտիկ մոտեցմամբ. հատկապես արևելյան Անատոլիայում վերստեղծել գործուն հայկական ներկայություն` այն դարձնելով հենասյուն նպատակի իրագործման համար: Այլ կերպ ասած, հետևելով անցյալում Իսրայելի օրինակին` ժամանակային որոշակի ընդմիջումներով դրսից բերվող բնակչությամբ ստեղծել մի նոր հայրենիք: Սակայն այս միտքն անիրագործելի դարձավ` բախվելով այն իրողության հետ, որ ներկայումս նույնիսկ Հայաստանի բնակչությանն իր տեղում չեն կարողանում պահել: Մեր օրերում, օգտվելով որոշակիորեն փոփոխված պայմանների ընձեռած հնարավորություններից, այլ ուղիներ են հետապնդվում: Այդ պատճառով ոչ հեռու անցյալում Թուրքիայում սկսվեցին կրկին տեղացի հայ բնակչություն ձևավորելու աշխատանքները` այս անգամ հիմք ընդունելով էթնիկ ծագումը: Ակնհայտ է նաև, որ այս հարցում բավական հաջողության են հասել: Այսպես, օրինակ, Ալի, Ահմեթ, Մեհմեթ, Հասան, Հուսեյն անուններ կրող և մինչ այդ իրենց ազգային ինքնությունը թաքցնող հայկական ծագմամբ բավական շատ քաղաքացիներ այս սպանությունից շատ կարճ ժամանակ անց, հիմնականում Ստամբուլում և որոշ քաղաքներում, ի հայտ եկան որպես իրենց անելիքը շատ լավ իմացող, գիտակից միասնություն: Իհարկե, առանձին ուսումնասիրության կարոտ հարց է, թե արդյոք սպանված Հրանտ Դինքը և առնվազն նրա մերձավոր շրջապատը այս ամենի մեջ որոշիչ ազդեցություն ունեն, թե ոչ: Ի դեպ, Դինքը թե՛ տարբեր ամսագրերին տված մեկնաբանություններում, թե՛ Հայաստանում ունեցած իր մի ելույթում պնդել է, որ Թուրքիայում կան իսլամացված հայեր և նույնիսկ շեշտել է, որ նրանց թիվը հասնում է 500.000-ի սահմաններին (ես նույնպես հակված եմ սրան մոտ մի թիվ ենթադրել): «Կրիպտո» հայերի հանկարծահաս բնազդով, միանգամից երևան գալը, գրեթե վերակենդանանալը, իմ կարծիքով, հայտնություն է և հեռուն տանող ծրագրերի տեսանկյունից՝ մի կարևոր սկիզբ: Երբ ուշադիր ուսումնասիրում ես Ստամբուլում կատարված թաղման արարողությունը և որոշ նահանգներում իրականացված գործողությունները, այս հանգամանքը բացահայտ երևում է: 2015թ., այսինքն` աքսորի և տեղահանության որոշման ընդունման 100- ամյակի մոտենալն էլ «կրիպտո» հայերի խնդրում առկա սպառնալիքները բավական մեծացրել են: Փոքր-ինչ մանրամասնեմ. մինչև 2015թ. հատկապես արտերկրի հայերն ամեն ինչ անելու են շատ պետությունների խորհրդարաններում Թուրքիայի դեմ մի շարք քաղաքական որոշումներ ընդունել տալու համար: Առնվազն հիմա այս որոշումներն իրականում ոչ մեկին օգուտ չեն տալիս: Սակայն ցեղասպանության օրինագծերի տարածման հետևանքով ձևավորվող պատկերը հրահրիչ ազդեցություն է ունենալու ներկայումս էլ ծրագրված գործող և վրեժ լուծել ցանկացող մի շարք մարդկանց շրջանում: Այս հնարավոր ազդեցության մասին մտածելն անգամ սարսափելի է: Այն միաժամանակ հող կնախապատրաստի, որպեսզի փոքրամասշտաբ սադրանքն անգամ վերածվի սարսափելի զինված ալիքի: Մի պահ մտածեք. զինված հարձակման դիմած որևէ հայի գործողությունը շատ երկրներում որպես ահաբեկչություն չեն դիտելու, որովհետև առկա են լինելու իրենց խորհրդարաններում ընդունված ցեղասպանության օրինագծերը: Բացի դրանից, մինչ այդ հայերի «ցեղասպանության զոհ» լինելու միտքն այդ երկրների հասարակական կարծիքի մեջ լայնորեն արմատավորված կլինի: Հայերի զինված ելույթները կդիտվեն որպես «ինքնապաշտպանություն, իրավունքին տեր կանգնել կամ էլ ազգային ազատագրական շարժում»: Ուստի ես կարծում եմ, որ ապագայում` հավանաբար սկսած 2013-2014 թվականներից, հատկապես «կրիպտո» հայերի կողմից Թուրքիան ենթարկվելու է բացահայտ կամ էլ թաքուն հարձակման, որն անցյալ դարի սկզբներին տեղի ունեցածներից շատ ավելի տարբեր է լինելու:

- Ըստ ձեզ, Դինքի սպանության համար ընտրված ժամանակն ինչ-որ նշանակություն ունե՞ր:

- Ոմանց համար շատ հարմար ընտրված ժամանակ էր: Այստեղ, նախ, անհրաժեշտ եմ համարում շեշտել մի հանգամանք. ես չեմ հավատում, թե մեր երկրում պատահական ինչ-որ դեպք տեղի ունենա, ներառյալ և Հրանտ Դինքի սպանությունը: Այնպես է, որ Թուրքիայում ամեն ինչ ծրագրված, նախագծված և որոշակի կարգով է իրականացվում, առանց ոմանց ցանկության և կամքի՝ սովորաբար ճյուղի տերևն անգամ չի շարժվում: Բացի այդ, սպանությունից հետո ի հայտ եկած զարգացումները ցույց են տալիս, որ 100-ամյակի քաղաքական հիմքերը մեծ հաշվով արդեն ձևավորվում են: Թեկուզ փոքրաթիվ, այնուամենայնիվ որոշ մտավորականներ, գրող-նկարիչներ բացահայտ հայտարարեցին, որ ամոթ են զգում թուրք լինելու համար: Ժողովրդի միջից շատերը, որոնք այս հարցում կասկած չունեին և հիմք ընդունելով ընտանիքի ավագներից լսածները՝ հայտարարում էին, թե «այս վայրերում հայերը հարազատներիս, համաքաղաքացիներիս կոտորել են, մենք էլ նրանց մի ուրիշ վայրում ուժով գերազանցել ենք, այս ենք արել և այլն», արդեն սկսել են ասել` «մենք հայերին կոտորել ենք»: Համառորեն աշխատում են թուրքական հասարակությանը մեղավորության զգացումով համակել: Այս բանի դեմ հանդես գալու մեծ հնարավորություն ունեցող և իրականում էլ դեմ դուրս եկող իսկական թուրք ազգայնականներին էլ ինչ-որ կերպ սպանության հետ կապելով ու թիրախ ներկայացնելով՝ ցանկանում են նրանց զրկել ազդեցության լծակներից: Այսպիսով նպատակ է հետապնդվում ապագայի հայկական գործունեության համար թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում կանաչ ճանապարհ բացել` ստեղծել խելամտության սահմաններն անցնող հանդուրժողականության, բարյացակամության, անդիմադրողականության մի մթնոլորտ: Կապ ունենան, թե չունենան, շատ դեպքերի համար թուրք ազգայնականներին պարբերաբար մեղադրելը մինչև այսօր ցանկալի արդյունք չի տվել: Սակայն Դինքի սպանության պատրվակով բարձրացված աղմուկը Թուրքիայում ապրող և մինչև այսօր իրենց իրական ինքնությունը թաքցնող հայերի գործունեությունը խթանելու և նախաձեռնվող զինված ելույթների համար «հարմար մի մթնոլորտ»-ի հասնելու տեսանկյունից կարևոր է:

- Կրիպտո հայերի և նրանց գործունեության հետ կապված պաշտոնական տվյալներ կա՞ն:

- Չգիտեմ, սակայն անհրաժեշտ է, որ լինեն: Հայտնի է, որ հատկապես աքսորի և տեղահանության ժամանակաշրջանում օսմանյան հպատակ մոտ 100.000 հայեր իսլամ են ընդունել: Հայտնի է նաև, որ ավելի ուշ նրանց մի մասը նախկին կրոնին է վերադարձել: Բացի սրանից, կան զգալի թվով մարդիկ ևս, որոնք արտաքուստ մուսուլման են երևում, սակայն իրականում շարունակում են քրիստոնյա-գրիգորյան սովորույթները: Թեկուզ հայտնի է, որ նրանք իրենց շրջապատում միմյանց հայկական անուններով են դիմում, սակայն դրսում և պաշտոնական փաստաթղթերում թուրքական անուններ օգտագործելու վրա հատուկ ուշադրություն են դարձնում: Ըստ իմ դիտարկումների՝ հատկապես վերջին տնտեսական դժվարությունների ժամանակ որոշ «կրիպտո» հայերի ընտանիքներին ինձ անհայտ մի աղբյուրից զգալի չափով օգնություն է ցուցաբերվել: Այս բոլոր գործողություններն իրականացվում են նաև Ստամբուլի հայերի ջանքերով: Օրինակ, մի քաղաքացի կա, բժիշկ է, սակայն իր մասնագիտությամբ չի զբաղվում, իրեն նվիրել է այդ (ծպտյալ հայերին օգնելու- Ռ.Մ.) գործին։ Ամեն ամիս 15 օրով գալիս է Մալաթիա, առանձին-առանձին այցելում որոշակի մարդկանց: Հետևողական ձևով հանդիպում է, օգնում նրանց խնդիրները լուծելուն: Այստեղ ուշագրավ է, որ այն մարդիկ որոնց նա հանդիպում է, միանգամից սկսում են տնտեսապես զարգանալ:

- Տեղեկություններ կա՞ն ծպտյալ հայերի թվաքանակի մասին:

- Թուրքիայում ծպտյալ հայերի թվի մասին խոսելիս անհրաժեշտ է կանգ առնել նաև հայ որդեգիրների փաստի վրա: Աքսորյալների կամքով հարևաններին կամ էլ մտերիմներին թողնված երեխաներից և աքսորի ճամփին ինչ-որ ձևով իրենց ընտանիքներից բաժանված և պատասխանատուների կամ էլ նրանց միջնորդությամբ բարեհոգի մարդկանց կողմից խնամքի տակ վերցված երեխաներից ձևավորվել է որդեգիրների մի մեծ խումբ, որոնցից շատ քչերն են ավելի ուշ իրենց ազգակիցների հետ ամուսնացել: Գերակշիռ մասը թուրքերի կամ էլ քրդերի հետ է ամուսնացել, և այս ճանապարհով ձևավորված բնակչությունը, ենթադրում եմ, որ ներկայումս մոտ 200.000 է կազմում: Սակայն քանի որ այսօր Թուրքիայում «թուրք» հասկացողությունը որոշ հատվածների համար շատ մեծ կարևորություն չունի, սրանց մի մասն ըստ էության ինքնության փնտրտուքի մեջ է: Օրինակ, ներկայումս նկատվում է, որ այն մարդկանց մեջ, որոնց միայն մայրն է հայ, հայկական ինքնության գիտակցությունն ավելի առաջնային է: Բացի սրանից, ես կարծում եմ, որ աքսորից փրկվելու համար կամ էլ անկեղծորեն իսլամ ընդունածները մոտ 400.000 են կազմում: Ծպտյալ հայերը սրանց և 200.000 որդեգիրների մոտ 40%-ն են կազմում:

- Այս թիվը արդյո՞ք բավարար է Թուրքիայում ահաբեկչական գործունեություն ծավալելու համար:

- Ես կարծում եմ, որ հայերի զինված շարժումը սկիզբ է առնելու քաղաքներից: Հատկապես արևելյան և հարավարևելյան անատոլիական որևէ քաղաքում որոշակի գործողություններ իրականացնելու համար 10-12.000-անոց գաղութը բավարար է: Ըստ էության, տարածաշրջանի քաղաքներում մոտավորապես այս քանակությամբ ծպտյալ հայեր կան:

- Կարելի՞ է հայերի ծրագրած պարտիզանական շարժումը կապել PKK ահաբեկչական կազմակերպության հետ:

- Պարտիզանական շարժման հիմքում ընկած է երեք փուլ. նախապատրաստություն և քաղաքական հենարանի ձևավորում, զինված ելույթներ և հարցի քաղաքականացման ճանապարհով արդյունքի հասնել: Պարզ է, որ ներկայումս ավարտին է մոտենում քաղաքական հողի նախապատրաստման փուլը: PKK-ն սա 1980-ից առաջ էր սկսել և ավելի ուշ` ահաբեկչության փուլին անցել: Ես կարծում եմ, որ հայերն այս հարցում բավական փորձ են ձեռք բերել: Չէ՞ որ հայտնի փաստ է, որ զգալի թվով հայեր անցյալում ներթափանցել են ձախակողմյան կազմակերպություններ և նույնիսկ որոշ ժամանակաշրջանում ձևավորել են այդ կազմակերպությունների ղեկավար կազմը: Գալով հայերի և PKK հարաբերություններին` ասեմ, որ այս երկու խմբերի սերտ համագործակցությունն ակնհայտ է: Այս իրողությունը վերջին թաղման արարողության ժամանակ իրեն զգալ տվեց:

- Հայերը կապ ունե՞ն այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ:

- Հայերը PKK-ին զուգահեռ և՛ DHKP-C-ում («Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցության ճակատ»), և՛ TIKKO-ում («Թուրքիայի բանվորագյուղացիական ազատագրության բանակ») շարքերում բավական ազդեցիկ տեղ են գրավել: Երբ անդրադառնում ենք վերոհիշյալ ձախակողմյան կազմակերպություններին, հատկապես դրանց ղեկավար կազմին, ապա անմիջապես ուշադրություն է գրավում ծագումով հայերի ակտիվությունը: Այստեղ անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այլ ինքնության տակ այս կազմակերպություններում գործողների վրա: Օրինակ, Դինքն ասում էր, որ հատկապես ալևի քրդերն իրենց կողմից փրկված շատ հայերի որդեգրել են: Էրզրումի նախկին պատգամավորներից մեկը բացահայտեց, որ հայերի մի մեծ խումբ քրդանալով միացել է իրենց աշիրեթներին (ցեղերին), և այս փաստը պատմական փաստաթղթերով էլ է ապացուցվում: Սրան զուգահեռ՝ Հրանտ Դինքի կինը` Ռաքելը, նույնպես նախկինում քրդացած, հետո իր իսկական ինքնությանը վերադարձած մեկն է: Հայտնի է նաև, որ այսօր էլ արևելյան Անատոլիայում քրդացած կամ էլ քրդական ինքնության տակ իրենց գոյությունը շարունակող մեծ թվով հայեր կան, որոնք մի շարք կազմակերպությունների նախաձեռնած զինված ելույթներում էլ ակտիվ դեր են ստանձնում:

- Ո՞րն է 100-ամյակի հետ կապված այս բոլոր ծրագրերի նպատակը:

- Նպատակը հստակ է. աքսորի և տեղահանության որոշման, նրանց բնորոշմամբ` «ցեղասպանության» համար վրեժը լուծել և «դրախտային Հայաստան» ստեղծել:

- Իսկ ինչպիսի՞ նախապատրաստական քայլեր պետք է անի Թուրքիան ընդդեմ ապագայում հնարավոր հայկական ահաբեկչության:

- Օրինակ, մենք կարող ենք գործը սկսել Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կրթություն ստացող մեր հայ քաղաքացիների թվաքանակի և արտասահմանում նրանց կատարած գործունեության մասին տեղեկություններ հավաքելով: Եթե մի օր նրանք Թուրքիա են վերադառնալու, կարևոր է իմանալ, թե այդ մարդիկ ինչ կրթություն են ստացել և ձեռք բերած գիտելիքներն ինչ կերպ են ուզում կիրառել: Հայտնի է, որ անցյալում հայ կոմիտեականները ևս արտասահմանում կրթություն էին ստանում և վերադառնում Թուրքիա:

- Կա՞ն արդյոք քաղաքներ, որոնք հայերը զինված հարձակման ծրագրի տեսանկյունից կարևոր են համարում:

- Իհարկե, կան. Մալաթիան, Էրզրումը, Սեբաստիան այս տեսակետից շատ կարևոր են: Սրանք հանգուցային նշանակության քաղաքներ են: Մարաշը նույնպես շատ կարևոր է: Պատմության շրջադարձային դեպքերը միշտ այս տարածքներում են իրականացվել, սրանից հետո էլ է այդպես լինելու: Այս տարածքը պահելը շատ դժվար է:

Թուրքերենից թարգմանեց
Ռուբեն Մելքոնյանը

1 Թուրքիայում հետզհետե ավելի շատ է քննարկվում ու սևեռուն դառնում «կրիպտո հայերի» խնդիրը, և անգամ Եվրատեսիլ երաժշտական մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգիչներին Թուրքիայի կողմից բարձր քվեներ տալը շատերը կապում են ծպտյալ հայերի հետ` պատճառաբանելով, որ հենց նրանք են քվեարկել իրենց ազգակիցների օգտին: Այստեղ ավելորդ չէ նշել, որ Թուրքիայի հեռախոսային օպերատորները նույնիսկ ուսումնասիրում էին, թե հատկապես որ շրջաններից են ուղարկվել այդ sms-ները:


դեպի ետ