• am
  • ru
  • en
Версия для печати
06.09.2007

«ԿԱՆ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐ, ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԵՋ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՅ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ» Հարցազրույց Ստամբուլում բնակվող համշենցի Քայել Մարգարօղլուի հետ

   

Ռուբեն Մելքոնյան

Hamshenis (medium)- Ի՞նչ կարող ես ասել ներկայիս Թուրքիայում ապրող համշենահայերի քանակի մասին:

- Թուրքիայում ներկայումս մոտավորապես 50.000 համշենցի է ապրում: Համշենցիների մի մասն ապրում է Սև ծովի արևելյան ափերին, մի մասը՝ Ադափազարի շրջանում, համշենցիներ կան նաև Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում:

-Ինչպիսի՞ն է լեզվի վիճակը, պահպանվե՞լ է արդյոք Համշենի բարբառը:

- Երևի գիտեք, որ համշեներենը1 ներկայումս միայն Հոփայի խմբի համշենցիների մոտ է պահպանվել, մյուս խումբը` չամլըհեմշինցիները, իրենց լեզվում պահպանել են որոշ բառեր, անձնանուններ, տեղանուններ, ինչպես նաև մշակութային տարրեր: Մենք` Հոփայի խմբի համշենցիներս, նախկինում թուրքերեն իրականում սովորում էինք միայն դպրոցում, իսկ տանը գերազանցապես համշեներենն էր օգտագործվում: Հիմա էլ վիճակն ընդհանուր առմամբ այդպես է, սակայն վերջին տարիներին, այնուամենայնիվ, որոշ փոփոխություններ նկատվում են: Այսպես. որպեսզի երեխաները դպրոցում շատ հետ չընկնեն, հիմա սկսել են նաև տանը նրանց հետ ավելի շատ թուրքերեն խոսել և, օրինակ, ներկայիս երեխաներն իմ սերնդի չափ համշեներեն չգիտեն: Բացի այդ, թուրքական հեռուստաալիքները, ֆիլմերը ևս նպաստում են թուրքերենի ավելի շատ օգտագործմանը: Սակայն հիմա էլ ավագ սերնդից մարդիկ կան, որոնք գրեթե չեն կիրառում թուրքերենը, դա կապված է նաև նրանց կյանքի ներփակ բնույթի հետ, իսկ երիտասարդների շրջանում, որոնք սովորում են համալսարաններում կամ աշխատում են մեծ քաղաքներում, վիճակն այլ է: Վերջերս նկատվում է մեկ այլ միտում ևս. նրանք, ովքեր իրենց էթնիկ պատկանելության մասին գիտեն, անպայման ջանում են սովորել և կիրառել համշեներեն, ավելին` այն սովորեցնել իրենց երեխաներին:

- Համշենցիների մյուս խումբը` արևմտյանը, ինչպե՞ս է, որ չի պահպանել իր մայրենին` ի տարբերություն Հոփայի խմբի:

- Իմ ենթադրությամբ` դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Հոփայի խումբն ավելի շատ բնակվում է գյուղերում, քաղաքների հետ շատ առնչություն չունի, այսինքն՝ ավելի ներփակ են ապրում, և միայն վերջին 20 տարիներին է, որ սկսել է հարաբերվել դրսի աշխարհի հետ: Կյանքի այս ներփակ բնույթը, ներքին ամուսնությունները և այլն նպաստել են լեզվի պահպանմանը: Մյուս ենթադրությունս այն է, որ մեր խումբն ավելի ուշ է մուսուլմանություն ընդունել, իսկ արևմտյանը` ավելի վաղ, և լեզվի կորուստը միգուցե նաև դրա հետ կարելի է կապել:

- Ինչպե՞ս են հարաբերությունները երկու խմբերի միջև:

- Լավ են, սակայն մի բան ասեմ. երբ համշենցիների հայ լինելու մասին քննարկումներ կամ վեճեր են սկսվում, արևմտյան համշենցիներն ասում են. «Ոչ թե մենք, այլ Հոփայի համշենցիներն են հայ»:

- Ինչպիսի՞ն է կրոնի դերը համշենցիների մոտ:

- Հայտնի է, որ Թուրքիայի համշենցիները մուսուլման են, բայց իսլամը շատերիս համար մեծ կարևորություն չունի, կրոնն ավելի շատ ֆ‎ոն է, այն մեր առօրյա կյանքի վրա շատ մեծ ազդեցություն չունի, շատ կրոնասեր չենք: Նշեմ, որ համշենցիները չեն հետևում իսլամի որոշ սկզբունքների, օրինակ` խմում են ալկոհոլային խմիչքներ, խոզի միս ուտում, մզկիթ հաճախ չեն գնում: Համշենցիները քրիստոնյա եղած ժամանակ էլ շատ կրոնամոլ չեն եղել: Ավելացնեմ նաև, որ Համշենում մզկիթներ սկսել են կառուցել առավելապես վերջին երկու տասնամյակում: Սակայն կարծում եմ, որ համշենցիների կրոնի մեջ և առօրյա կյանքում քրիստոնեության որոշ տարրեր, այնուամենայնիվ, մինչև հիմա էլ կան:

- Այո, հայտնի է, որ քրիստոնեության և նախաքրիստոնեական հայկական հավատքի որոշ տարրեր կան համշենցիների մոտ, հենց միայն, օրինակ, վարդավառը, տրընդեզը: Իսկ ուրիշ ի՞նչ այլ հետաքրքիր օրինակ կարող ես նշել:

- Օրինակ, հարսանիքից հետո տուն մտնելիս փեսան դռան վերևը դանակով խաչ է գծում, ավելի ճիշտ՝ ոչ թե խաչ, այլ խաչը խորհրդանշող չորս խազ է անում:

- Իսկ ինչպիսի՞ն է ազգային ինքնագիտակցության խնդիրը համշենցիների մոտ:

- Երիտասարդները և կրթված, գրագետ մարդիկ ինքնության խնդիրը գիտեն, տեղյակ են, մեծահասակների մի մասն այդ փաստը չի ընդունում, սակայն սա կարող է պայմանավորված լինել նաև անտեղյակությամբ: Նշեմ, որ հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ հայաստանցի հայերը սկսեցին Վրաստանի տարածքով Թուրքիա գալ-գնալ, և երբ համշենցիները սկեցին շփվել, խոսել, տեսան, որ լեզուն նույնն է, նրանց մոտ ինչ-որ բան փոխվեց, ինչ-որ բան սկսեցին հասկանալ: Սակայն կան համշենցիներ, հատկապես երիտասարդների մեջ, որոնք իրենց բացահայտ հայ են համարում:

- Իսկ իրական էթնիկ պատկանելությունը մերժելու գործում արդյոք դեր չունի՞ Թուրքիայում ձևավորված վախի մթնոլորտը:

- Ես կարծում եմ, որ դա ոչ թե այժմյան վախի մթնոլորտի, այլ ավելի շատ անցյալի, այսինքն` ենթագիտակցական մի վախի ազդեցության արդյունք է: Կան համշենցիներ, որոնք, իմանալով հանդերձ իրենց իրական էթնիկ պատկանելությունը, աշխատում են այդ մասին շատ չխոսել` խուսափելու համար ավելորդ բարդություններից. օրինակ` թուրքի հետ առևտրով զբաղվող կամ համատեղ բիզնես ունեցող մարդուն դա կարող է և վնաս պատճառել, այսինքն` ուղղակի ճնշումներ չկան, բայց այսպիսի անուղղակի ճնշումներ հնարավոր է լինեն: Մի խումբ համշենցիներ էլ մտածում են, որ միևնույն է` այսքան դարեր են անցել, իրենք փոխվել են, հիմա վեր կենան, ասեն հայ են, ի՞նչ պիտի փոխվի:

- Ամուսնության խնդիրը ինչպե՞ս է համշենցիների մոտ, պահպանվո՞ւմ է արդյոք ներքին ամուսնությունների ավանդույթը, թե՞ դա արդեն խախտվել է:

- Ներկայումս էլ շատ են ներքին ամուսնությունները, նախկինում ընդհանրապես դրսից ոչ մեկի հետ չէին ամուսնանում: Սակայն վերջին տարիներին վիճակը մի փոքր փոխվել է, հատկապես մեծ քաղաքներում ապրող երիտասարդներն ամուսնանում են թուրքերի, քրդերի, մի խոսքով` օտարների հետ, սակայն Համշենում այդպես չէ և ամուսնանում են գերազանցապես համշենցիների հետ. օրինակ` իմ եղբայրը, որ ապրում է Համշենում, ամուսնացել է համշենցու հետ, իսկ Ստամբուլում ապրող քույրս` քրդի հետ:

- Իսկ Թուրքիայի հայերի հետ ամուսնանո՞ւմ են:

- Գիտես, մենք Թուրքիայի հայերին նախկինում շատ չէինք ճանաչում, շփվում, նոր-նոր է, որ սկսում ենք իրար ճանաչել: Նրանք էլ են սկսել հետաքրքրվել համշենցիներով, Համշենով, գալիս են, գնում: Ամուսնության խնդրին գալով` ասեմ, որ կարող է համշենցին ամուսնանալ ստամբուլահայի հետ, սակայն ինչ պետք է լինի հետո, երբ երեխա ծնվի, այդ երեխան եկեղեցում պետք է կնքվի, թե ոչ, այսինքն՝ սա կախված է կոնկրետ անձերից և կրոնի հանդեպ ունեցած նրանց անձնական վերաբերմունքից:

- Համշենցիներն ի՞նչ են մտածում Հայաստանի մասին, այն համարո՞ւմ են արդյոք նախկին հայրենիք կամ բնօրրան:

- Ոչ, նման բան չկա, սակայն շատ են ցանկանում գալ, տեսնել, որովհետև հետաքրքրվում են լեզվով և միգուցե, եթե ինքնության մասին կասկածներ ունեն, նաև դա փարատելու համար: Սակայն եթե անկեղծ ես ուզում իմանալ, ապա Հայաստանը որպես նախկին հայրենիք չեն ընդունում, այդպիսի բան չկա, իրենց հայրենիքը նրանք համարում են սևծովյան ափերը, որովհետև իրենց հայրերը, պապերը այդտեղ են ծնվել, այդտեղ ապրել:

- Սակայն մինչև սևծովյան ափերը գալը որտե՞ղ են ապրել, խոսքս դրա մասին է:

- Բայց քո նշած դեպքից ինչքա՜ն է անցել, շուրջ 1200 տարի, համշենցիներն իրենք իրենց արդեն այս սևծովյան մշակույթի կրողներ են համարում և ոչ` հայաստանյան:

- Իսկ ի՞նչ են մտածում համշենցիները Հրանտ Դինքի սպանության մասին:

- Հրանտը խիզախ խոսող մարդ էր և այնպիսի բաներ էր ասում, որ շատերը կվախենային դա ասել: Նա ասում էր, որ մինչ 1915-ը այստեղ ապրող 1.500.000 հայերը չկան, ի՞նչ եղան, ո՞ւր են: Հայտնի է, որ թուրքական պետությունը ժողովրդից շատ բաներ, ներառյալ և այս հարցը, փակ է պահում և հրամցնում միայն պաշտոնական տեսակետները, և ահա Դինքը նպաստեց, որ այս հարցն ավելի մասսայական քննարկվի, ու շատ բաներ սկսեցին ի հայտ գալ, շատերի համար մինչ այդ անհայտ բաներ պարզվեցին: Եթե դեպքերն այս հունով զարգանան, չի բացառվում, որ մի օր մեծ թվով մարդիկ իրենց մեջ ուժ կգտնեն ասելու, որ 1915-ին տեղի ունեցածների համար պետք է ներողություն խնդրել: Դինքի սպանությամբ փորձ արվեց նաև հարված հասցնել այս միտումին, բայց տեսա՞ք, թե ինչ եղավ նրա մահից հետո, երբ 100.000 մարդ դուրս եկավ փողոց: Սպանության գիշերը առաջինը հազարավոր ձախակողմյաններ դուրս եկան փողոց, և նրանք հայեր չէին: Ես քեզ ասեմ, որ Թուրքիայի հայերի մեծ մասը զգուշավոր է. նրանք միշտ ասում են՝ չխոսենք, չասենք, որ հայ ենք, մարդ չլսի, չիմանա, այսինքն` փոքրամասնության հոգեբանությունը միշտ ուղեկցում է նրանց:

Այո, նման վարքագծի ես անձամբ եմ ականատես եղել Ստամբուլում, երբ ինձ ուղեկցող ստամբուլահայը հասարակական վայրերում առաջարկում էր չխոսել հայերեն, որ կողքից հանկարծ չլսեն, չիմանան, որ հայ ենք:

- Դա սխալ պահվածք է: Օրինակ` մի դեպք պատմեմ ինձ հետ կապված: Մի երկու տարի առաջ իմ թուրք գործընկերը, ում հետ այդ ժամանակ աշխատում էի, շատ գոհ լինելով ինձնից` հարցրեց, թե որտեղի՞ց եմ: Ես էլ ասացի՝ համշենցի եմ, հարցրեց` համշենցիները ովքե՞ր են, լա՞զ են, պատասխանեցի, որ նախկին հայեր են, նա էլ զարմացած ասաց. «Անհնար է, դու չես կարող հայ լինել, որովհետև դու շատ լավ մարդ ես»: Ես էլ նրան զայրացած հարցրի. «Դու այդ քանի՞ հայ ես ճանաչում, որ նման կարծիքի ես»: Նա էլ պատասխանեց. «Ոչ մի, ես գրքերում եմ դա կարդացել»: Մեր այս զրույցից հետո նրա մոտ ինչ-որ բան փոխվեց, երևի զգաց, որ սխալ էր մտածում: Այսինքն՝ չխոսելը սխալ է: Ահա Դինքը այս պատկերացումները և մտածելակերպը կոտրեց: Նրա սպանության երեկոյան ձախերը սկսեցին հավաքվել և այն էլ բավական մեծ թվով, այնուհետև հայերն էլ սկսեցին միանալ: Թուրքիայի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ եղան` Անկարայում, Իզմիրում, այլուր:

- Իսկ Համշենում Դինքի սպանության հետ կապված ինչ-որ միջոցառում եղա՞վ:

- Համշենում բողոքի ակցիա չեղավ, բայց շատ համշենցիների եմ ես տեսել թաղման արարողության և Ստամբուլի բողոքի ցույցի ժամանակ, որին անձամբ մասնակցում էի: Մարդիկ կային, որոնք եկել էին Համշենից հատուկ դրան մասնակցելու համար: Ավելին ասեմ. սպանության գիշերը և հաջորդ օրերին բողոքի ակցիայի հիմնական կազմակերպիչներից երեքը համշենցիներ էին: Նշեմ նաև, որ համշենցիներն ընդհանրապես քաղաքականացված մարդիկ են, դեմ` ամեն տեսակի անարդարության, և նրանց մեծ մասն ընդդիմադիր է:

- Հայտնի է նաև, որ որոշ համշենցիներ զբաղեցրել են բարձր պաշտոններ Թուրքիայի Հանրապետությունում, օրինակ` նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը, Մուրադ Քարայալչընը և այլն:

- Այո, կան պաշտոնյաներ, բայց, օրինակ, բարձրաստիճան զինվորականների մեջ համշենցիներ չկան:

- Ինչի՞ հետ է սա կապված:

- Հայտնի է, որ զինվորական համակարգ մտնել ցանկացողի կենսագրությունը մանրակրիտ ուսումնասիրվում է:

- Այսինքն` ուզում ես ասել, որ այդ մանրակրկիտ ուսումնասիրությունները պարզում են, որ համշենցիներն ունեն հայկական ծագում և այդ պատճառով չեն ընդունվում զինվորական համակարգ:

- Այո:

- Եվ վերջում. ի՞նչ ես մտածում հայաստանցի հայերի և համշենահայերի հարաբերությունների մասին:

- Ես կարծում եմ, որ պետք է սերտացնել մշակութային կապերը, միգուցե ընդհանուր ծրագրեր կազմակերպել: Օրինակ` հայկական մշակույթը, բանահյուսական նյութերը, լեզուն մեծ ազդեցություն են ունենում համշենցիների վրա` կապված նաև քո նշած ազգային ինքնագիտակցության հետ: Այդ ամենը` ժողովրդական երգերը, տոները, լեզուն և այլնը, պարզորոշ ցույց են տալիս հայերի և համշենցիների նմանությունը, ընդհանրությունը...

1 Տեքստում միտումնավոր թողել ենք «համշեներեն» եզրը, քանի որ այդպես էր օգտագործում մեր զրուցակիցը (Ռ.Մ.)։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր