• am
  • ru
  • en
Версия для печати
24.09.2007

ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԸ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

   

Ռուբեն Մելքոնյան

image (medium) «Թուրքական պատմական ընկերության» նախագահ, «պալատական» պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուի՝ սույն թվականի օգոստոսի 18-ին Կեսարիա քաղաքում կայացած սիմպոզիումի ժամանակ հավատափոխ հայերի մասին արտահայտած մտքերն անմիջապես լայն արձագանք գտան թուրքական մամուլում և քաղաքական, գիտական, մտավորական շրջանակներում։ Հիշյալ սիմպոզիումում Հալաչօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի քրդերի մեծ մասն իրականում ունի թուրքմենական ծագում, իսկ ալևի քրդերը դավանափոխ հայեր են, որոնք առերես իսլամ են ընդունել և փոխել իրենց անունները` 1915թ. «տեղահանությունից» ազատվելու համար. «Այսօր բազմաթիվ մարդիկ, որոնք հայտնի են որպես քուրդ ալևի, ցավոք սրտի, հավատափոխ հայեր են։ Մեր երկիրը մասնատել ձգտող PKK և TIKKO1 ահաբեկչական կազմակերպության անդամներից շատերը հենց այս հայերն են։ Այսինքն, ինչպես և մենք կարծում էինք, PKK-ն և TIKKO-ն իրականում քրդական շարժումներ չեն»։

Այս խոսքերն անմիջապես ունեցան ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ։ Այսպես, Հալաչօղլուի դեմ հանդես եկան բազմաթիվ ալևիական կազմակերպություններ, մտավորականներ, պատմաբաններ՝ նրան որակելով ռասիստ, ոչ օբյեկտիվ և անհիմն խոսող «գիտնական»։ Օրինակ` «Հյուրիյեթ» թերթի լրագրող Մեհմեթ Յըլմազը հարց էր տալիս, թե ինչու պետք է այդ հայերը փոխեին իրենց անունները և ներկայանային որպես մուսուլմաններ։ Իսկ հայտնի գրող և լրագրող Մուրաթ Բելգեն արտահայտեց այն միտքը, թե իսլամ ընդունելու միջոցով փրկված այդ 100 հազար հայերի նման քայլը պատկերացում է տալիս, թե ինչ է եղել նրանց հետ, ովքեր չեն դիմել այդ քայլին։ Հալաչօղլուի դեմ հանդես եկան դատական հայցով, շատերը սկսեցին պահանջել նաև նրա հրաժարականը։ Այս ամենը «ստիպեց» Հալաչօղլուին մամլո ասուլիս հրավիրել և մեկնաբանություններ տալ։ Մասնավորապես, նա նշեց, թե չի պնդել, որ բոլոր քրդերն ունեն թուրքմենական ծագում, կամ բոլոր ալևիներն են հայ, սակայն ինքն ունի փաստեր, որոնք ապացուցում են, որ 1915թ. «տեղահանության» ժամանակ շատ հայեր առերես ընդունել են իսլամ` աքսորից փրկվելու համար, և նման մարդիկ մեծ թիվ են կազմում հատկապես քուրդ ալևիների շրջանում։ Հալաչօղլուն ավելացրեց, որ ունի հավատափոխ բոլոր հայերի ցուցակը և տիրապետում է նրանց մասին մանրամասն տվյալների։ «Իմ ձեռքին կան 100 հազար հավատափոխ հայերի մասին մանրամասներ. նրանց նախկին հայկական անունը, թուրքական անունը, բնակության վայրը և այլն»,- հայտարարեց նա՝ միևնույն ժամանակ ասելով, որ դա չպետք է ընկալվի որպես սպառնալիք։ Բացի այդ, ըստ Հալաչօղլուի՝ ինքը և իր ղեկավարած Թուրքական պատմական ընկերությունը «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ մի ամրոց է», և ներկայումս նա իր աշխատանքներում փորձում է տալ հայկական կողմի այն հարցի պատասխանը, թե ուր են մինչև 1915թ. այդ տարածքներում ապրող 1 500 000 հայերը։ «Իրականում ո՞ւր են այդ հայերը, ես որպես գիտնական արդյոք պարտավոր չե՞մ սա ուսումնասիրել»,- նկատել է պատմակեղծարարը։ Հալաչօղլուն գտնում է, որ հավատափոխ հայերի մասին իր այս «գիտական աշխատանքը» հենց այդ հարցի պատասխանն է, և մատնացույց անելով մահից փրկվելու համար ստիպված իսլամ ընդունած հայերին՝ ասում է. «Ահա այդ «անհետացած» հայերը, նրանք չեն կոտորվել, և նշանակում է, որ հայկական կողմը մինչև այսօր սուտ է խոսել։ Իմ ասածներն ուղղակի ոչնչացնում են հայկական սփյուռքի պնդումները»։

Նշենք նաև, որ բազմաթիվ կառույցներ, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ հանդես եկան ի պաշտպանություն «հալածյալ» Հալաչօղլուի և ընդդեմ նրա նկատմամբ «լինչի դատաստանի»։ Մամուլում նույնիսկ սկսեց շրջանառվել այն միտքը, թե միգուցե այս «լինչի» ակցիան ուղղորդված է հենց ծպտյալ կամ հավատափոխ հայերի կողմից։ Հալաչօղլուն չբացառեց նաև այդ վարկածը։

Այդ օրերին Թուրքիայում շատերն անդրադարձան հայերի կրոնափոխության հարցին` պաշտպանելով Հալաչօղլուի տեսակետը։ Օրինակ, թուրք պատմաբան Աբդուռահման Քություքը, հաստատելով, որ իրականում նման բան տեղի է ունեցել, ավելացրել է. «Կիլիկիայում հայերի հավատափոխության դեպքեր գրանցվել են 1909 և 1915 թվականներին»։ Միայն նշված տարեթվերն արդեն փաստում են, որ այդ կրոնափոխություններն անմիջականորեն կապված են 1909թ. կիլիկեհայության կոտորածների և 1915թ. Հայոց ցեղասպանության հետ։ Եվ ի վերջո հայտնի փաստ է, որ ցեղասպանությունից ազատվելու համար որոշ հայեր իրոք դիմել են արտաքուստ կրոնափոխության քայլին, բայց Հալաչօղլուի պնդումները, թե այդպիսով բոլոր հայերն ազատվել են կոտորածից և ցեղասպանություն չի եղել, դուրս է ոչ միայն գիտականության, այլև տրամաբանության սահմաններից, ուստի ուղղակի անիմաստ է նույնիսկ մեկնաբանել նման պնդումները։

Գալով քուրդ ալևիների, զազաների շրջանում հավատափոխ հայերի առկայության խնդրին՝ նշենք, որ դա հաստատող փաստեր կան, և 1915թ. Հայոց ցեղասպանության տարիներին իրոք բազմաթիվ հայեր ապաստան են գտել Դերսիմի ալևիների մոտ։ Թուրքական աղբյուրները նույնիսկ նշում են, որ այդտեղ ապաստանած հայերի թիվը մոտավորապես եղել է 50 հազար։ Հատկապես Դերսիմի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատերազմի մեջ գտնվող օսմանյան բանակը շատ մեծ վերահսկողություն չի ունեցել այդ տարածքների վրա, ինչն էլ հնարավորություն է տվել տեղացիներին պատսպարել հայերին։ Թուրքիայի դերսիմցի ալևիների հետ մեր անձնական շփումների արդյունքում տեղեկացել ենք, որ, օրինակ, մինչև այսօր էլ նրանց շրջանում տարածված է մի դարձվածանման միտք՝ «Մեր տան հայը», որը կարելի է ընդունել հայերին իրենց տներում ապաստան տալու ուղղակի վկայություն և հիշողություն։ Ինչպես վկայում են տարբեր փաստեր, թուրքական պետությունը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել հավատափոխ կամ ծպտյալ հայերի խնդիրը և պարբերաբար մանրամասն ուսումնասիրություններ իրականացրել։ Հայտնի է, որ դեռևս Թալեաթը հատուկ ուշադրություն է դարձրել Հայոց ցեղասպանության տարիներին հայերի կրոնափոխության հարցին` փորձելով կանոնակարգել այն։ Նույն Հալաչօղլուն մեջբերում է պետության կողմից 1936-37թթ. կատարած ուսումնասիրության արդյունքները, որտեղ մանրամասն ներկայացված են հավատափոխ հայերի բնակության վայրերը, գյուղերը, թաղամասերը, այդ մարդկանց նախկին հայկական և հետո արդեն թուրքական անունները։ Պետության կողմից մանրամասն փաստեր հավաքելը, հատկապես Դերսիմ նահանգում ապրող հավատափոխ հայերի մասին, մեր կարծիքով՝ ունեցել է կոնկրետ նպատակ։ Հայտնի է, որ 1938թ. թուրքական պետությունը կազմակերպել է կոտորած Դերսիմում, և պատմելով այդ կոտորածի մասին՝ մեր զրուցակից դերսիմցի շատ ալևիներ մեջբերում էին իրենց ավագներից ու կոտորածի ժամանակակիցներից լսածները, որոնց համաձայն՝ այդ ժամանակ թուրքական բանակի թիվ մեկ թիրախը 1915-ին այնտեղ ապաստան գտած հայերն էին։ Ինչպես նշեց մի տարեց զրուցակից, «1915-ին կիսատ թողածը շարունակեցին 1938-ին, և այդ կոտորածի ժամանակ սպանվեցին բավական մեծ թվով հավատափոխ հայեր»։ Ի մի բերելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ, փաստորեն, թուրքական պետությունը 1936-37թթ. հավատափոխ հայերի մասին մանրամասն տվյալներ հավաքելով՝ 1938-ին իրականացրել է նրանց մի մասի կոտորածը Դերսիմում։

Հալաչօղլուն ներկայացրել է նաև 1915-1920թթ. Թունջելի (Դերսիմ) նահանգի որոշ շրջաններում ապրող բացահայտ և հավատափոխ հայերի մի ցուցակ` ասելով, թե սա իր ունեցած տվյալների ընդամենը փոքր մասն է։

Շրջան Հայ բնակչություն Հավատափոխ հայեր
Չեմիշգեզեք 35 137
Նազըմիյե 2 23
Փուլումուր 1 1
Օվաջըք 16 --
Մազգիրթ 68 44
Հոզաթ 353 17
Փերթեք 32 102
Ընդամենը 507 324

Ի վերջո, ինչի՞ հետ էր կապված այս ամբողջ աղմուկը, որը բարձրացավ Թուրքիայում Հալաչօղլուի հայտարարությունից հետո, և արդյո՞ք սա ուղղորդված էր իշխանության կողմից, թե՞ ոչ։ Ըստ Հալաչօղլուի՝ իր այս հետազոտությունը որևէ կապ չունի իշխանությունների հետ և ունի զուտ գիտական ուղղվածություն։ Բայց նաև ավելացնում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է այս ամենը տրամադրել պետական օղակներին2։ Լինելով «պալատական» պատմաբան՝ Հալաչօղլուն հայտնի է իր սկանդալային և ոչ գիտական հայտարարություններով, որոնք, որպես կանոն, միշտ գտնում են լայն արձագանք, ինչն էլ, իր հերթին, մեծապես կապված է նրա զբաղեցրած պաշտոնի3 հետ, ինչպես նաև հաճախ առաջ է գալիս արհեստականորեն և ուղղորդված։ Կոնկրետ վերջին հայտարարությունը չի կարելի համարել սենսացիոն, որովհետև, ըստ էության, Հալաչօղլուն որևէ նոր բան չի ասել։ Թուրքիայում իսլամացած հայերի գոյությունը վաղուց հայտնի փաստ է, իսկ հայտարարության մյուս մասը, թե սա սպառիչ պատասխան է հայկական կողմին, լուրջ չեն ընդունում անգամ իրենք՝ թուրքերը, և, ինչպես իրավացիորեն նկատել էր մի թուրք լրագրող, «Ինչ մեղք է Թուրքիան, եթե Հայկական հարցում իրոք առաջնորդվում է Հալաչօղլուի խորհուրդներով»։ Նոր չէին նաև Հալաչօղլուի հայտարարությունները տարբեր ծայրահեղական կառույցներում ծագումով հայերի առկայության մասին։ Տարիներ շարունակ թուրքական մամուլը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ խոսում են այդ մասին, տարբեր մարդկանց վերագրում հայկական ծագում (այդ թվում՝ Աբդուլահ Օջալանին), նշում, որ սպանված շատ քուրդ ահաբեկիչներ թլպատված չեն և այլն։ Հալաչօղլուի հայտարարությունից արհեստական մեծ արձագանք ստեղծելու մեջ, բնականաբար, մեծ էր մամուլի դերը, և թուրքական գրեթե բոլոր թերթերն իրենց առաջին էջերում, հեռուստաընկերությունները լրատվական թողարկումներում անդրադառնում էին այս խնդրին։ Մինչդեռ Հալաչօղլուից ավելի վաղ նույն թեմայով բազմիցս արտահայտվել էր և ավելի կոշտ հայտարարություններ արել թուրք մեկ այլ պատմաբան` պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեն, որն ավելի խորությամբ է զբաղվում ծպտյալ և իսլամացած հայերի խնդրով, սակայն նրա մտքերը և հայտարարությունները մամուլում շատ մեծ արձագանք չգտան։

Կարևոր է նկատել, որ Հալաչօղլուի հայտարարությունը և բարձրացած աղմուկը համընկան Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածին։ Այդ օրերին հասարակության ուշադրությունը սևեռված էր հիմա արդեն Թուրքիայի նախագահ, իսկ այն ժամանակ նախագահի թեկնածու Աբդուլահ Գյուլի կրոնամետ դիմանկարի կամ ավելի կոնկրետ՝ նրա կնոջ գլխաշորի խնդրի վրա։ Քաղաքական իսլամի խորհրդանիշը` կանացի գլխաշորը, դարձել էր հասարակության, մամուլի, քաղաքական գործիչների թիվ մեկ նյութը։ Եվ ահա Հալաչօղլուի հայտարարությունը զգալի չափով թուլացրեց հասարակական սևեռվածությունը գլխաշորի թեմայի վրա։ Այդ նպատակին հասնելու համար ընտրված թեման` Հայկական հարցը, գրեթե միշտ կտա սպասված արդյունքը։ Ընդ որում՝ ներկայումս պետական քարոզչություն է տարվում, որ թուրքերը ստիպված են պայքարել ոչ միայն բացահայտ հայերի, այլև հենց իրենց` թուրքերի մեջ գործող ծպտյալ հայերի դեմ, որոնք նաև համագործակցում են քրդերի հետ` երկիրը մասնատելու համար։

Հալաչօղլուի հայտարարությունը և դրա լայն արձագանքը մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ կրոնափոխ և ծպտյալ հայերի թեման գտնվում է թուրքական տարբեր շրջանակների ուշադրության կենտրոնում, որոնք արդեն սկսել են դա օգտագործել և շահարկել։ Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ «պալատական» պատմաբանի հիշյալ հայտարարությունը կարող էր ունենալ այդ օրերի քաղաքական զարգացումներից հասարակության ուշադրության կենտրոնացումը թուլացնելու նպատակ։

1PKK - Քրդական բանվորական կուսակցություն, TIKKO - Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրության բանակ, որը ձախ ծայրահեղական կազմակերպություն է։

2Այստեղ ավելորդ չէ նշել, որ ներկայումս էլ թուրքական պետությունը կամ որոշ «անկախ» վերլուծական կենտրոններ և մասնագետներ ինտենսիվորեն աշխատում են հավատափոխ և ծպտյալ հայերի խնդրի շուրջ։ Սրա ապացույցներից են, օրինակ, նրանց հրապարակած թվերն իսլամացած հայերի թվաքանակի մասին, որոնք շարունակ թարմացվում են։

3Նշենք, որ Թուրքական պատմական ընկերությունը պետական կառույց է, որի ղեկավարին նշանակում է անձամբ վարչապետը մեկ տարի ժամանակով և հաջորդ տարի նպատակահարմարության դեպքում երկարաձգում է պայմանագիրը։ Յուսուֆ Հալաչօղլուն այս կառույցը ղեկավարում է 1993թ. սեպտեմբերի 21-ից մինչև օրս։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր