ՀՈՒՆԳԱՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՆ
Հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդն արդեն 10 տարի զբաղվում է հայոց լեզվի, հայկական մշակույթի, բանահյուսության հարցերով: Նրա հետաքրքրության ոլորտում է գտնվում նաեւ հունգարահայ համայնքը` իր բազմաշերտ խնդիրներով: Բենեդեկը հայագիտություն է ուսումնասիրել Հունգարիայի պետական համալսարանում` հայտնի հայագետ, պրոֆեսոր Էդմոնդ Շյուցի մոտ: Նա գլխավորում է իր իսկ հիմնած «Գիտակազմակերպչական ինստիտուտը», որն այլ խնդիրների շարքում զբաղվում է նաեւ հայագիտությամբ, ինչպես նաեւ հրատարակում է գրքեր եւ կազմակերպում դասընթացներ: Ինչպես տեղեկացանք հունգարացի հայագետից, որն, ի դեպ, լավ տիրապետում է ոչ միայն արդի արեւելահայերենին, այլեւ գրաբարին ու արեւմտահայերենին, Հունգարիայի որեւէ համալսարանում չկա հայագիտության ամբիոն, եւ երիտասարդ գիտնականի կարեւոր նպատակներից է առաջիկայում հիմնել նման կենտրոն: Վերջերս Բենեդեկ Ժիգմոնդը հերթական անգամ այցելել էր Հայաստան, եւ մեր խնդրանքով զրուցեցինք հիմնականում հունգարահայ համայնքի մասին:
–Ե՞րբ են հայերն առաջին անգամ եկել Հունգարիա:
–Հայերի գաղթը Հունգարիա կարելի է բաժանել 4-5 փուլի: Առաջինը եղել է մոտավորապես 10-րդ դարում։ Մեր ժամանակագիրները նշում են, որ հայերը հենց հունգարացիների հետ են եկել ներկայիս Հունգարիայի տարածք: Հայտնի է, որ հունգարացիները 9-րդ դարի վերջին եւ 10-րդի սկզբին Սեւ ծովի հյուսիսային ափերից եկել են Հունգարիա: Կան ուրիշ փաստեր, ապացույցներ եւս Հունգարիայում հայերի բավական վաղ հաստատվելու մասին։ Կուզենայի հատկապես նշել հետեւյալը. մենք ունենք եկեղեցիներ, որոնք պետք է որ անպայման հայ ճարտարապետների ձեռքով կառուցված լինեն, որովհետեւ դրանք նման են Անի քաղաքի եկեղեցիներին եւ ունեն նույն ձեւը։ Ավելին, այդպիսի եկեղեցիներ աշխարհի ոչ մի այլ վայրում չեն հանդիպում: Բացի այդ, պահպանվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են հունգարացի իշխանների, թագավորների կողմից հայերին հողեր, տարածքներ տրամադրելուն։ Օրինակ` նախկին մայրաքաղաք Էստերգոմում 1240-ական թվականներին կար հայկական թաղամաս: Այս ամենը փաստում է, որ հայերի ներկայությունը շատ հին է: Մենք ունենք նաեւ շատ բնակավայրեր, որոնց անվանումն արդեն ցույց է տալիս, որ այդտեղ հայեր են եղել: Հարկ է նշել, որ առաջին գաղթի ժամանակ եկած հայերից ոչ ոք այսօր որպես հայ չի պահպանվել։ Նրանք ձուլվել են հունգարացիներին: Սակայն, օրինակ, կան մարդիկ, ովքեր հայտարարում են, թե այդ ժամանակ եկած հայերի սերունդներից են, բայց ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե որքանով է դա արժանահավատ: Հայերի երկրորդ գաղթը տեղի է ունեցել 17-րդ դարի ընթացքում եւ տեւել է մոտավորապես մինչեւ 18-րդ դարի սկիզբը: Հայտնի է, որ 1672թ. Տրանսիլվանիայի իշխանը պաշտոնական թույլտվություն է տվել հայերի 3000 ընտանիքների, այսինքն` մոտ 10.000 հոգու բնակվել Տրանսիլվանիայում, հողեր ունենալ, առեւտրական գործունեություն ծավալել: Այս հայերը եղել են անեցիների ժառանգներ, որոնք 1235թ. հեռանալով Անիից` հաստատվել են Ղրիմում, այնտեղ ձեւավորել եւ զարգացրել բարձր մակարդակի մշակույթ, ձեռագրերի դպրոց եւ այլն։ Այնուհետեւ նրանց մի խումբ տեղափոխվել է Նոր Նախիջեւան, մեկ այլ խումբ` Պոդոլիա եւ Լեհաստանի հարավ, իսկ մյուս մասը` Պոդոլիայից Մոլդովա եւ այնտեղից էլ Տրանսիլվանիա: Եվ, օրինակ, Տրանսիլվանիայի հայերի լեզուն շատ մոտ է Նոր Նախիջեւանի հայերի լեզվին:
–Իսկ Տրանսիլվանիայի հայերը ձուլվե՞լ են, թե՞ պահպանել են իրենց ազգային նկարագիրը:
–Նրանք մինչեւ 19-րդ դարը պահպանում էին իրենց լեզուն` տրանսիլվանահայերենը, ավելին, ստեղծել են նաեւ գրական լեզու: 19-րդ դարում հատկապես Եվրոպայի զանազան վայրերում, որտեղ հայեր կային, մտավորականների կենտրոններում ստեղծվել էին գրական լեզուներ, որովհետեւ գրաբարն արդեն ոչ ոք կամ համարյա ոչ ոք չէր հասկանում: Արեւելյան Հայաստանում ձեւավորվել էր արեւելահայ գրական լեզուն, Արեւմտյան Հայաստանում եւ Ստամբուլում` արեւմտահայերենը, իսկ Տրանսիլվանիայում` տրանսիլվանահայերեն գրական լեզուն: Սակայն տարբեր կենտրոններում ստեղծված գրական լեզուները մեռան` իրենց տեղը զիջելով արեւելահայերենին եւ արեւմտահայերենին։ Նույնը տեղի է ունեցել եւ տրանսիլվանահայերենի հետ, ու արդեն 19-րդ դարում այն դադարում է գրական լեզու լինելուց եւ օգտագործվելուց։ Ավելին, այն կորցնում է նաեւ խոսակցական լեզվի իր դերը: Սակայն տրանսիլվանահայերը մինչեւ այսօր պահպանում են իրենց հայկական ինքնությունը, մշակույթը, կրոնը եւ հայ կաթոլիկ եկեղեցին: Կարելի է ասել` նրանք չեն ձուլվել: Սուրբ պատարագի լեզուն մինչեւ օրս մնում է հին հայերենը, բացի այդ, նրանք ունեն հատուկ` ֆոլկլորային-եկեղեցական երգեր տրանսիլվանահայերենով։ Մինչեւ օրս էլ կան մարդիկ, ովքեր կարող են երգել այդ երգերը: Ճիշտ է, իրենք արդեն չեն հասկանում, որովհետեւ լեզուն մոռացել են, բայց երգերը գիտեն, ինչպես նաեւ գիտեն, թե երբ պետք է դրանք երգել, ինչ ծիսակատարության, ինչ տոնի ժամանակ:
–Բացի երգերից` ինչ-որ տեքստեր պահպանվե՞լ են այս լեզվով, արդյո՞ք այն ուսումնասիրված է:
–Այո, ես ունեմ տեքստեր եւ ձայնագրել եմ երգեր այս լեզվով ու հիմա գրում եմ մի աշխատանք` նվիրված տրանսիլվանահայերենի քերականությանն ու բառապաշարին:
–Լավ, իսկ ե՞րբ է եղել հայերի գաղթի երրորդ փուլը:
Երրորդ խումբը 1915թ. ցեղասպանությունից փրկված եւ Հունգարիայում ապաստանած հայերն են: Նրանք այստեղ հիմնել են «Մասիս» ընկերությունը, որն էլ հրատարակել է մի ամսաթերթ` «Նոր դար»: Հայերի այս խումբը մնացել է Հունգարիայում մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը եւ կոմունիստական վարչակարգի հաստատումը, որից հետո նրանց մեծ մասը հեռացել է Հունգարիայից` չհարմարվելով վարչակարգին: Չորրորդ խումբը այն հայերն են, որոնք Խորհրդային Միության տարիներին եկել են Հունգարիա աշխատելու ու մնացել են: Հինգերորդ խումբը Խորհրդային Միության փլուզումից հետո եկած հայաստանցի հայերն են։ Նրանց հոսքը շարունակվում է մինչեւ այսօր` պայմանավորված Հայաստանի տնտեսական վիճակով:
–Ինչպիսի՞ն է հունգարահայերի հայերենի իմացության մակարդակը, նոր սերունդը սովորո՞ւմ է հայերեն, արդյոք կա՞ն դպրոցներ, թեկուզ կիրակնօրյա:
–Ցավոք, մինչեւ օրս հայկական դպրոց չկա, եւ մենք աշխատում ենք դպրոց հիմնել: Հայ Առաքելական եկեղեցին Հունգարիայում ներկայացուցիչ է ունեցել միայն 2003թ., եւ այդ հոգեւոր հովիվը ստեղծել էր կիրակնօրյա դպրոց, որը, ցավոք, հիմա չի գործում։ Այդ հոգեւորականը միեւնույն ժամանակ Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու սպասավորն էր։ Կարճ ժամանակ անց, նաեւ տնտեսական պայմաններից ելնելով, նա տեղափոխվեց Չեխիա։ Հունգարիայում եկեղեցուն ֆինանսապես աջակցող մարդիկ հայտարարեցին, որ այլեւս ի վիճակի չեն օգնել, եւ ներկայումս Հունգարիայի հայերը, որոնք առաքելական եկեղեցու հետեւորդներ են, չունեն հոգեւոր հովիվ։ Բայց, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինները կազմակերպում են հայերենի դասընթացներ, որոնց, սակայն, մասնակցում են սահմանափակ թվով հայ երեխաներ, հիմնականում` տրանսիլվանահայեր։ Իսկ Հայաստանից նոր եկածների զավակներն իրենց ծնողներից են սովորում հայերեն, եւ վերջիններս ձգտում են, որ իրենց զավակները լավ խոսեն հայերեն: Ցավոք, այդ հայերը եւս ավելի լավ խոսում են հունգարերեն, ու դա հասկանալի է, քանի որ նրանք հաճախում են հունգարական մանկապարտեզ, դպրոց, առօրյայում, կենցաղում օգտագործում են առավելապես հունգարերենը:
–Եկեղեցիների մասին ի՞նչ կասեք:
–Հայտնի է, որ Հունգարիա գաղթած հայերը /2-րդ խումբը/ 17-րդ դարի վերջին կաթոլիկություն ընդունեցին, նրանք արդեն կառուցել են եկեղեցիներ արեւմտյան ոճով, սակայն ոչ մի լուրջ փոփոխություն չի եղել, միայն իրավական ենթակայությունը կաթոլիկ եկեղեցունն է: Բացի այդ, կաթոլիկ հայերը Մխիթարյան միաբանության հայրերի միջոցով միշտ կարողացել են քահանա ունենալ, որը շատ կարեւոր հանգամանք է: Հայ կաթոլիկ եկեղեցին մեծ դեր է կատարել հայկական ինքնության պահպանման համար։ Տրանսիլվանիայում կան 4 հայկական եկեղեցիներ, որոնք ունեն բավական հարուստ գրադարաններ, եւ հայ գրականության ու մշակույթի վերաբերյալ գրքերի տարածման գործում մեծ դեր են կատարել։ Այդ եկեղեցիների շուրջ ստեղծվել են որոշ դպրոցներ, երգչախմբեր: 1920թ. Տրանսիլվանիայի հայերի մի մասը տեղափոխվել է արդի փոքր Հունգարիայի տարածք, այսինքն` Բուդապեշտ եւ այլ քաղաքներ։ Բուդապեշտում կառուցվել է հայ կաթոլիկ եկեղեցի, որը մինչեւ այսօր ծառայում է որպես հայերի հանդիպատեղի ոչ միայն կիրակնօրյա պատարագներին, այլեւ այլ օրերի, օրինակ` ցեղասպանության հիշատակի օրը:
–Իսկ կաթոլիկ եկեղեցու հետեւորդ հայե՞րն են մեծ թիվ կազմում, թե՞ առաքելական:
–Միանշանակ` կաթոլիկ:
–Ինչպե՞ս են կաթոլիկ եւ առաքելական հայերի փոխհարաբերությունները:
–Շատ լավ, եւ ասեմ, որ, օրինակ, երբ առաքելական եկեղեցին դեռ չկար, առաքելական հայերն այցելում էին հայ կաթոլիկների եկեղեցի:
–Իսկ ինչպիսի՞ն են Հունգարիայի հայերի բոլոր խմբերի` տրանսիլվանահայերի, հայաստանցի հայերի եւ մյուսների հարաբերությունները:
–Սփյուռքահայերի շրջանում կան, այսպես կոչված, դասական գործոններ` եկեղեցին, լեզուն, հին հայրենիքը եւ այլն: Հիմք ընդունելով այս բաժանումները, իհարկե, հունգարահայերի մեջ խմբավորումներ կան: Բայց Հունգարիայի հայերի խմբավորման եւ հարաբերությունների համար ուրիշ գործոններ կան, որոնք շատ ավելի հզոր են: Եվ դրանք հաստատ լեզվի կամ եկեղեցական պատկանելության գործոնները չեն, այլ այն, թե ով ում հետ կապված ինչ շահեր ունի: Կան որոշակի կազմակերպություններ, որոնք կոչվում են մշակութային ընկերություններ, բայց իրականում գործում են որպես կուսակցություններ: Հունգարիայում փոքրամասնությունները կարող են ընտրել իրենց ինքնակառավարման մարմինները, եւ այդ ընտրությունների ժամանակ էլ հենց բախվում են շահերը:
–Հունգարահայ համայնքն արդյո՞ք ունի ներփակ բնույթ, կա՞, օրինակ, ներքին ամուսնությունների ավանդույթ:
–Մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայերը գերազանցապես իրար հետ էին ամուսնանում: Սակայն 1920թ. հետո, երբ տրանսիլվանահայերի մի մասը տեղափոխվեց Բուդապեշտ, հայերի ներքին ամուսնությունների ավանդույթը փոփոխության ենթարկվեց: Բուդապեշտը 2 միլիոնանոց քաղաք է, եւ առանձին հայկական թաղամաս չկա, իսկ Տրանսիլվանիայում հայերն ունեին իրենց քաղաքները, գյուղերը, թաղամասերը, ինչը բավական կարեւոր էր: Հայերն ամփոփ չէին ապրում Բուդապեշտում, եւ սա, բնականաբար, նվազեցնում էր հանդիպումների, շփումների թիվը: Կարելի է ասել, որ այն ժամանակվանից սկսած, երբ տրանսիլվանահայերը տեղափոխվեցին արդի Հունգարիա, խախտվեց ներքին ամուսնությունների ավանդույթը, սկսվեցին խառնամուսնություններ, ձուլում, եւ հիմա հազվադեպ է պատահում, որ հայն ամուսնանա հայի հետ: Իսկ նոր եկածների մեջ կան մարդիկ, ովքեր եկել են Հունգարիա հենց ամուսնության պատճառով, այսինքն` ամուսնացել են հունգարացու հետ ու եկել:
–Կարո՞ղ ենք ասել, որ Հունգարիայում միասնական հայ համայնք, որպես այդպիսին, չկա։
–Մինչեւ վերջին տարիները հունգարահայերը բոլորը միասին են հիշել Հայոց ցեղասպանության օրը, սակայն այս տարի առաջին անգամ է, որ նրանք առանձին նշեցին: Ուրեմն, եթե տրանսիլվանահայերը, հայաստանցի հայերը, լիբանանահայերը, իրաքահայերը բոլորը միասին են հիշում ցեղասպանությունը, ես կարծում եմ, որ կարելի է ասել` հայ համայնք կա:
–Իսկ ինչո՞ւ այս տարի ցեղասպանության օրը միասին չեն նշել, արդյո՞ք դա ուներ տեխնիկական պատճառ:
–Ոչ, դա ուներ զուտ քաղաքական, կուսակցական պատճառ:
–Հունգարիայի հայության թվաքանակի մասին կարո՞ղ եք ինչ-որ բան ասել:
–Դժվար է հստակ պատասխանել, որովհետեւ ոչ մի փաստ չկա որեւէ արժանահավատ եզրակացության համար, բայց կարող ենք ասել, որ մոտավորապես 15.000 մարդ հայկական ծագում ունեն: Վստահաբար կարելի է ասել, որ 1000 տրանսիլվանահայ կա, որոնք միշտ գալիս են համայնքային, եկեղեցական միջոցառումների, եւս 200-300 մարդ էլ` Հայաստանից կամ Խորհրդային Միության նախկին հանրապետություններից:
–Ո՞րն է Հունգարիայում հայերի հիմնական զբաղմունքը, կա՞ն ոլորտներ, որտեղ ավելի շատ հայերն են ներկայացված։
–Տրանսիլվանահայերը զբաղվել են ավանդական հայկական զբաղմունքներով, այսինքն` առեւտրականներ էին, բժիշկներ, փաստաբաններ: Հունգարիայի խորհրդարանում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին եղել է 15 հայ պատգամավոր: Հայերը շատ մեծ դեր են խաղացել Հունգարիայի քաղաքական կյանքում եւ հունգարական հեղափոխության մեջ, ինչպես նաեւ ազատագրական պայքարում /19-րդ դարի առաջին կես/։ Հայերը զգալի թիվ են կազմել նաեւ սպայական անձնակազմում եւ զինվորական ղեկավարության մեջ։ Նշեմ նաեւ, որ նահատակ հերոսների մեջ նույնպես հայեր կան: Իսկ ներկայումս հունգարահայերը առեւտրով են զբաղվում, կան բժիշկներ, երաժիշտներ: Դժվար է ասել, թե ինչով են զբաղվում, սակայն շեշտեմ, որ, օրինակ, ամեն երգչախմբի մեջ առնվազն երկու տրանսիլվանահայ կա, եւ սա, կարելի է ասել, օրինաչափություն է: Իմ կարծիքով` ամենակարեւորն այն է, որ Հունգարիայի հայերի գերակշիռ մասը մտավորականներ են:
Ռուբեն Մելքոնյանը
դեպի ետ