ԱՅԼԱԴԱՎԱՆ ՀԱՅԵՐԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Ինչպես և կանխատեսելի էր, Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի հայտնի հայտարարությունը Թուրքիայում ապրող կրոնափոխ հայերի մասին դեռևս արձագանքներ է ունենում և շարունակում նոր զարգացումների պատճառ հանդիսանալ։ Ճիշտ է, այսօր արդեն չկան առաջին օրերի բուռն արձագանքները, երբ շատ լրագրողներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ իրենց պարտքը համարեցին անդրադառնալ և գնահատական տալ Հալաչօղլուի հայտարարությանը, և կարելի է ասել՝ այդ ալիքը մարել է։ Սակայն վերջին ժամանակներս Թուրքիայում առավել շատ քննարկվող ինքնության թեման խորքային առումով գտնվում է թուրքական հասարակության ուշադրության կենտրոնում։ Կարծում ենք՝ բավական հետաքրքիր և ուշագրավ է հանգուցյալ Հրանտ Դինքի հետևյալ միտքը Թուրքիայում ինքնության ճգնաժամի վերաբերյալ. «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի»։
Թուրքիայում ապրող այլադավան հայերի խնդիրը էթնիկ ինքնության հիմնախնդրի մի կարևոր մասն է կազմում, և բնական է, որ թուրքական պետական քարոզչամեքենան շահարկում է թեման` փորձելով այն օգտագործել հօգուտ իրեն։ Այդ նույն համատեքստում կարելի է տեղավորել Հալաչօղլուի բազմիցս հնչեցրած այն պնդումները, թե 1915-ին հայերը չեն կոտորվել, այլ կրոնափոխ լինելով՝ շարունակել են ապրել։ Ի դեպ, այլադավան հայերի թեմայի այսօրինակ շահարկումը, փաստերի խեղաթյուրումը և նման անտրամաբանական եզրակացության հանգելը սպասելի էին շատերի, համենայնդեպս՝ մասնագետների համար։ Սակայն կարևոր է դիտարկել, որ Հալաչօղլուի պնդումները լուրջ չեն ընկալվում նաև որոշ թուրք պատմաբանների կողմից։ Կարծում ենք՝ այստեղ ավելորդ չէ մեջբերել նրանց մտքերը։ Այսպես, հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը, անդրադառնալով 1915-ին հայերի իսլամ ընդունելու խնդրին, նշում է. «1915 թվականին իրենց կյանքը փրկելու համար որոշ հայեր ընդունել են մուսուլմանություն։ Սրան սկզբնապես թույլտվություն է տրվել, սակայն հետո, երբ գնալով ավելի մեծ թվով հայեր են սկսել իսլամ ընդունել, հատուկ հրամանով արգելվել է կրոնափոխությունը»։ Խնդրին անդրադառնում են նաև Թուրքիայի մտավորական շրջանակների որոշ ներկայացուցիչներ։ Այսպես, Թուրքիայի «Փերի» հրատարակչության սեփականատեր Ահմեթ Օնալը, ով ծնվել է Բինգյոլի Քիղըի գավառի ներկայումս Դոշլուջե անվանված նախկին հայկական Սըղանք գյուղում և որի տատը հայուհի է, հաստատելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ժամանակ, իրոք, որոշ հայեր իսլամ ընդունելու միջոցով փրկել են իրենց կյանքը, ասում է. «Իհարկե, որոշ հայեր փրկվել են՝ ներկայանալով քուրդ ալևի։ Օրինակ, Դերսիմի Մալազգիրթ գավառի Գարսանլար աշիրեթում կան հայեր, որոնք ողջ են մնացել քանի որ ներկայացել են որպես քուրդ ալևի, սակայն այս փաստը հնարավոր չէ ընդհանրացնել»։ Իսկ Թուրքիայում մեծ ճանաչում ունեցող «Թոփլումսալ թարիհ» ամսագրի նախկին խմբագիր Օսման Քոքերը նշում է, որ հայերն իսլամացվել են ոչ միայն 1915-ին, այլև սկսած այն ժամանակվանից, երբ թյուրքերը հայտնվել են Անատոլիայում։ Քոքերը նույնպես անհիմն է համարում Հալաչօղլուի պնդումները և կարծիք հայտնում, որ առնվազն անլուրջ է կարծել, թե հայերը կարող էին փրկվել այդպիսի պարզունակ միջոցով, այն է` հայտարարելով, թե քուրդ են կամ ալևի։ Ըստ նրա՝ պետությունը մանրամասն գիտեր, թե որ գյուղերն են հայկական, որոնք՝ քրդական։ Քոքերը պնդում է նաև, որ հայ կանանց և որբերի իսլամացումն այն ժամանակվա պետական քաղաքականության մի մասնիկն է եղել։
Հետաքրքիր է և կարևոր դիտարկել Թուրքիայի այլադավան հայերի խնդրի հրապարակայնացման արդեն նկատվող ու հնարավոր արձագանքները հենց հավատափոխ հայերի շրջանակներում։ Տասնամյակներ շարունակ իրենց իրական ինքնությունը թաքցրած կրոնափոխ հայերը կամ ավելի են ինքնամեկուսանում, կամ էլ հակառակը` գոտեպնդվում են այս ընդհանուր ալիքից, և նրանց գիտակցության մեջ որոշակի գործընթաց է սկսվում։ Հենց դա են վկայում կրոնափոխ հայերի շրջանում վերջերս նկատվող որոշ երևույթներ։ Արդեն բավական վաղուց է, որ Ստամբուլում տպագրվող «Ակոս» շաբաթաթերթում հանդիպում են տարբեր հայտարարություններ, պատմություններ, որոնք կապված են կրոնափոխ հայերի հետ։ Նրանցից շատերը համարձակություն են ունենում հրապարակել իրենց ընտանիքների պատմությունները և փնտրել ազգականներին։ Սակայն կրոնափոխ հայերի ինքնախոստովանական պատմությունները դարձել են նաև թուրքական մամուլի հետաքրքրության առարկան, և, օրինակ, «Յենի Աքթուել» հանդեսի վերջին` 116-րդ համարում տեղ է գտել մի նյութ, որը վերնագրված է «Պատմում են մուսուլման հայերը»։ Հոդվածում ներկայացված են կոնկրետ մարդիկ, ովքեր համարձակություն են ունենում խոստովանել իրենց հայկական ծագման մասին, և քանի որ նրանց խոսքերը փաստացի հաստատումն են մեր ներկայացրած տեսական պնդումների, ուստի հարմար ենք գտնում մեջբերել դրանցից մեկը։ Այսպես, համշենցի Քամիլ Մութին, ով 25 տարի զբաղվում է փաստաբանությամբ, ասում է. «Ոմանք պնդում են, թե համշենցիները Միջին Ասիայից եկած թյուրքական ցեղերից են, սակայն ես կարծում եմ, որ դա այդպես չէ»։ Եվ շարունակելով միտքը՝ որպես հայկական ծագում ունենալու ամենացայտուն գործոն է ներկայացնում լեզուն, այսինքն` Համշենի բարբառը, որը դեռ օգտագործվում է։ Ըստ նրա՝ համշենցիների մեծ մասը, գոնե արտաքուստ, մերժում է իր հայ լինելու մասին պնդումները, և դա կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայում հայ լինելը կամ հայկական ծագում ունենալն ընկալվում է որպես վիրավորանք։ «Մինչ այժմ շարունակ ուրիշներն են մեր անունից խոսել։ Պետք է ի հայտ հանել համշենցիների հայկական ծագում ունենալու մասին իրականությունը և տեր կանգնել այդ իրականությանը։ Սակայն մեր ժողովուրդը վախենում է հասարակության կողմից օտարացվելուց, և մեր հայկական ծագում ունենալը չպետք է պատճառ դառնա, որ մեզ մեկուսացնեն»,- գտնում է համշենցի փաստաբան Քամիլ Մութին։ Նա շրջանառության մեջ է դնում նաև մի փաստ, որը բոլորովին վերջերս է իմացել իր ընտանիքի ավագներից. «Պապերս 1914-1917 թվականների ընթացքում ժամանակավորապես Հոփայից գաղթել են Օրդու, և միգուցե սա արվել է նրա համար, որ հայերի տեղահանությունից իրենք էլ չտուժեն»։
Ուշադրության արժանի է նաև Հալաչօղլուի հայտարարության առաջացրած արձագանքների մեկ այլ նրբերանգ ևս։ Պատմակեղծարարը հայտարարել էր, որ ունի հայ հավատափոխների ցուցակները, որոնք պատրաստվել են բծախնդրությամբ, ավելին` «պետությունը տուն առ տուն շրջելով՝ արձանագրել է այս մարդկանց»։ Բնականաբար, հարց է ծագում, որ եթե այդ մարդկանց արձանագրել է պետությունը, ապա դա պետք է արված լիներ պետական օղակների և դրանց հատկացված գործառույթների միջոցով։ Իսկ մարդկանց արձանագրելու ընդունված տարբերակներից է մարդահամարը։ Հարցը հետաքրքիր ենթատեքստ է ձեռք բերում նաև այն պատճառով, որ Հալաչօղլուն խուսափում է նշել կոնկրետ աղբյուրը: Հայտնի է, որ Թուրքիայում առաջին անգամ մարդահամար անցկացվել է 1927թ., դրանից հետո` սկսած 1935-ից, որոշում է ընդունվել մարդահամար անցկացնել հինգ տարին մեկ։ Սակայն թուրքական աղբյուրներում հանդիպում ենք տվյալների, որոնք ապացուցում են, որ, օրինակ, 1935թ. Թուրքիայում անցկացվել են նաև կրկնակի մարդահամարներ։ Այսպես, թուրքական «Ռեֆերանս» թերթի սեպտեմբերի 8-ի համարում, Բահադիր Օզգյուրի վերլուծական հոդվածում մեջբերված են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրությունների մատյանում պահվող հետևյալ փաստերը. 1934թ. մայիսի 29-ին Թուրքիայի մեջլիսն ընդունել է թիվ 2465 օրենքը, որով նախատեսվում էր 1935թ. մարդահամար անցկացնել։ Սակայն ուշագրավ է, որ դրանից մոտ մեկ ամիս անց նույն մեջլիսն ընդունել է թիվ 2576 օրենքը «գաղտնի բնակչության» մարդահամարի մասին, որը ուժի մեջ է մտել նույն թվականի հունիսի 15-ին։ Այսպիսով, անցկացվել է երկու տեսակի մարդահամար, և «գաղտնի բնակչության» մարդահամարն ավարտվել է 1935թ. հուլիսին, իսկ «համընդհանուր»-ն անցկացվել է նույն թվականի հոկտեմբերին։ Վերոնշյալ օրենքը բաղկացած է եղել 12 հոդվածից, որոնցից առաջինը պահանջում էր, որ բոլորը 1.5 ամսվա ընթացքում տեղեկացնեն իրենց տանը կամ ենթակայության տակ գտնվող գաղտնի բնակչության մասին, չորրորդ հոդվածը 1-10 լիրա պատիժ էր սահմանում ճիշտ տեղեկություն չտվողների համար։ Բնականաբար, «գաղտնի բնակչության» մարդահամար անցկացնելու պաշտոնական պատճառաբանությունը բավական տրամաբանական էր, և չենք էլ բացառում, որ այդ մարդահամարները, իրոք, ունեցել են նաև զուտ բնակչության իրական քանակը որոշակիացնելու նպատակ։ Սակայն միամտություն կլինի կարծել, թե այս «գաղտնի բնակչության» մարդահամարի ընթացքում լրացուցիչ չի ճշգրտվել մուսուլմանների մոտ ապաստանած կամ հետագայում իսլամ ընդունած հայերի թվաքանակը։ Նույն Թաներ Աքչամը նշում է, որ թուրքական պետությունը հենց սկզբից է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության տարիներին իսլամ ընդունած հայերին հետագայում տարբերակելու համար։ Եվ, օրինակ, համապատասխան մարմիններից պահանջվել է գրանցամատյաններում այդ հայերի դիմաց հատուկ նշումներ անել ու անձնագրերը լրացնել այնպես, որպեսզի հասկացվի նրանց հավատափոխ լինելը։ Այսինքն՝ ըստ Աքչամի, 1930-ականներին պետությունը կարիք չուներ հատուկ ուսումնասիրություն անելու հավատափոխներին արձանագրելու համար, քանի որ արդեն բավարար փաստեր ուներ։ Բնականաբար, դժվար է այս կարծիքի հետ չհամաձայնել, քանի որ Հայոց ցեղասպանությունն ամենայն մանրամասնությամբ ծրագրել և իրականացրել է թուրքական պետական մեքենան։ Սակայն անվիճելի է այն իրողությունը, որ Թուրքիայում հայերը` լինեն բացահայտ, ծպտյալ թե իսլամացած, միշտ գտնվում են պետության լուրջ հսկողության ներքո և ընկալվում են որպես պոտենցիալ վտանգ։ Սա է փաստում նաև մի ուշագրավ տվյալ, որը բոլորովին վերջերս հայտնվեց թուրքական մամուլում։ Հայտնի է, որ 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջում, և իշխանությունն անցավ բարձրաստիճան զինվորականներից կազմված Ազգային անվտանգության խորհրդի ձեռքը, որը տեղերում նշանակեց արտակարգ դրության հրամանատարներ։ Վերջիններս օժտված էին անսահմանափակ լիազորություններով։ Թուրքական «Ռադիկալ» թերթի ս.թ. հոկտեմբերի 4-ի համարում տպագրված հոդվածում մեջբերված է 1982թ. սեպտեմբերի 8-ի մի փաստաթուղթ, որով արտակարգ դրության հրամանատարությունն անվտանգության ծառայությունից պահանջում է տարածքներում ստուգել, թե արդյոք կան հայեր կամ հայկական ծագմամբ մարդիկ, և եթե կան, ապա արձանագրել նրանց ու վերցնել հսկողության տակ։ Նույն հոդվածում թուրքական անվտանգության ծառայության նախկին մի աշխատակից խոստովանում է. «Արտակարգ դրության հրամանատարությունից մեզ գրավոր հրաման եկավ։ Մենք ուսումնասիրեցինք մեր պատասխանատվության տակ եղած շրջանը, հարցրինք, թե արդյոք այնտեղ կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ։ Արտակարգ դրության ժամանակաշրջանն էր, բոլորը վախենում էին, և քանի որ հայերը համարվում էին «անջատողական», ուստի ոչ ոք չէր համարձակվում թաքցնել, և եթե կային, ապա հայտնում էին»։
Ինչպես ցույց են տալիս վերոնշյալ փաստերը, Թուրքիայում տասնամյակներ շարունակ թաբուի տակ եղած այլադավան հայերի խնդրի հրապարակայնացումը պատճառ է դառնում տարբեր և, միևնույն ժամանակ, հետաքրքիր զարգացումների ու բացահայտումների։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]