• am
  • ru
  • en
Версия для печати
10.12.2007

ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ

   

Կարեն Վերանյան

image (medium) Խորհրդային վարչակարգի փլուզումից հետո և նոր դարաշրջանի նախամուտով, կապված համաշխարհային աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական արագընթաց վերափոխումների հետ, հայ և հրեա համայնքների միջև խորքային քաղաքական-գաղափարական հակասությունների հարթեցման հնարավոր հեռանկարներ են նկատվում։ Երկկողմ երկխոսության զարգացման համար կարևոր են եղել Իսրայել-հրեական համայնքներ փոխհարաբերություններում շոշափելի փոփոխությունները, այդ համայնքների ներսում գոյացած սոցիալ-տնտեսական, քաղաքական ու գաղափարական տեղաշարժերը, ինչպես նաև խորհրդային կարգերի վերացմամբ նորանկախ Հայաստանի հռչակումը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարության հստակեցումը։ Հայ և հրեա համայնքների միջև երկխոսության հաստատումը լուրջ ներդրում կլինի Հայաստան-Իսրայել միջպետական, դիվանագիտական հարաբերությունների ձևավորման, երկու ազգերի միջև բազմակողմանի կապերի ընդլայնման համար։ Համաշխարհային հրեականության հետ հայ սփյուռքի համագործակցության զարգացումը, հաշվի առնելով նրա զգալի դերն ու հեղինակությունը միջազգային հարաբերություններում, մեծ նշանակություն կունենա Հայաստանի, համայն հայության համար այնպիսի կարևորագույն հիմնախնդիրների կարգավորման գործընթացներում, ինչպիսիք են 1915թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ-թուրքական համալիր հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և այլն։

Տեղաշարժեր հրեական համայնքներում

Վերջին 15 տարիների ընթացքում հրեական համայնքների ներսում տեղի են ունենում նոր տեղաշարժեր։ Դրանք ունեն ինչպես սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ գաղափարական շարժառիթներ։ Մասնավորապես, վերջին 10 տարիների կտրվածքով, ի հաշիվ հիմնականում Միացյալ Նահանգների, Կանադայի, Արևմտյան Եվրոպայի հրեական համայնքների և հենց Իսրայելի հրեա բնակչության, ընթանում է համաշխարհային հրեականության մի զգալի հատվածի տնտեսական, քաղաքական ու գաղափարական կապիտալի (ռեսուրսներ) կենտրոնացում Արևելյան, Հարավարևելյան Ասիայում։ Դա է վկայում վերջին ժամանակներս ասիական մայրցամաքի տարբեր հատվածներում հրեական խոշորագույն նոր կազմակերպությունների, կենտրոնների հիմնադրման իրողությունը։ Հարցի կապակցությամբ, սակայն, հարկ է հստակեցնել մեկ կարևոր առանձնահատկություն. համաշխարհային հրեականության այն ստվար հատվածը, որ մտադիր է իր ապագան կապել ասիական մայրցամաքի հետ, մեծ հեռանկարներ է տեսնում առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ այդ համայնքների համագործակցության խորացման գործում։ Ինչպես հաստատում են արևմտյան, և ոչ միայն արևմտյան, լրատվամիջոցներն ու փորձագիտական հանրությունները, Ռուսաստանը պոտենցիալ ռեսուրսներ ունի առաջիկա տարիներին վերածվելու Իսրայելի սահմաններից դուրս համաշխարհային հրեականության խոշորագույն կենտրոններից մեկի։ Պատահական չէ, որ վերջին շրջանում արագ քայլեր ձեռնարկվեցին Ռուսաստանի Դաշնությունում հրեական հոգևոր և աշխարհիկ խոշոր կենտրոնների հիմնադրման, համաշխարհային հրեական կազմակերպությունների ներկայացուցչությունների բացման ուղղությամբ։ Այսպես, 1993թ. փետրվարին ռուսաստանյան հրեական հոգևոր համայնքների միավորման ու կենսագործունեության պայմանների բարելավման նպատակներով հիմնադրվեց Ռուսաստանի հրեական կրոնական համայնքների ու կազմակերպությունների կոնգրեսը (ՌՀԿՀԿԿ)։ Ներկայումս այն միավորում է ՌԴ տարբեր քաղաքների 33 հրեական համայնքներ։ Կազմակերպությունը չունի վարչական իշխանություն, այլ իրականացնում է զուտ խորհրդատվական-կոորդինացիոն, ինչպես նաև ներկայացուցչական գործառույթներ։ ՌՀԿՀԿԿ-ն հիմնականում զբաղվում է տարածաշրջանային գիտաժողովների կազմակերպման, հրեական համայնքներում գործունեություն ծավալելու նպատակով կադրերի վերապատրաստման և այլ աշխատանքներով։ Կոնգրեսը ղեկավարում է Ռուսաստանի հրեաների գլխավոր ռաբբին (Ադոլֆ Շաևիչ)։ 1996թ. հրեա խոշոր գործարարների, հրեական համաշխարհային կազմակերպությունների ղեկավարության և հայտնի հոգևոր հրեա գործիչների նախաձեռնությամբ ու աջակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում հրեական համայնքների սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի ակտիվացման նպատակներով հիմնադրվեց Ռուսաստանի հրեական կոնգրեսը (ՌՀԿ)։ Այս կառույցը կարճ ժամանակամիջոցում կարողացավ իր շուրջը միավորել Ռուսաստանում նախորդ դարի 90-ականներին գործող և, միևնույն ժամանակ, միմյանցից անկախ ու անտեղյակ բազմաթիվ հրեական կենտրոններ ու կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին ռուսաստանյան հրեական համայնքների հոգևոր, մշակութային, սոցիալ-տնտեսական, քաղաքական և գաղափարական շերտերը1։

1998թ. նոյեմբերին հետխորհրդային տարածքում բնակվող հրեա հոգևոր և աշխարհիկ համայնքների առաջնորդների աջակցությամբ հիմնադրվեց ԱՊՀ հրեական համայնքների դաշնությունը, որի առաքելությունը հետխորհրդային նորանկախ հանրապետություններում գործող հրեաների ու հրեական համայնքների սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային գործունակության զարգացումն ու այդ համայնքների միջև կապերի ամրապնդումն էր։ ԱՊՀ հրեական համայնքների դաշնությունը ֆինանսավորում են ինչպես տարբեր հասարակական կազմակերպություններ (օր.՝ Խաբադ-Լյուբավիչ շարժումը, «Ջոյնթը», Բոստոնի հրեական բարեգործություն կազմակերպությունը), անհատ գործարարներ ու մասնավոր հիմնադրամներ (Լազար և Պերլա Ժիլսինսկիները/Ֆլորիդա, Նյուտոնի և Ռոշել Բեկերի հիմնադրամը), այնպես էլ պետական կառույցներ (Իսրայելի կրթության և կրոնի հարցերով նախարարությունները)։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ներկայացուցչություն ունի նաև Միացյալ Նահանգներում։

ԱՊՀ հրեական համայնքների դաշնության ստեղծումից կարճ ժամանակ անց՝ 1999թ., Ռուսաստանում սկսեց գործել Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը (ՌՀՀԴ), որը համառուսաստանյան հրեական կամավոր կրոնական կազմակերպությունների միություն է։ Այն ներառում է ՌԴ-ում մշտական հիմունքներով բնակվող և հուդայական կրոնի հետևորդ քաղաքացիներին։ Կազմակերպության հիմնական նպատակն է Ռուսաստանի հրեաների կրոնական, ազգային-մշակութային կյանքի բարելավմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ ՌՀՀԴ-ն կարևորում է նաև ԱՊՀ տարածքում և այլ տարածաշրջաններում բնակվող հրեական կրոնական կազմակերպությունների հետ կապերի զարգացումը։

Գործունեության առավել լայն շրջանակներ է ընդգրկում, մասնավորապես, Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող ռուսալեզու հրեաների համախմբման նպատակով 2002թ. հիմնադրված Ռուսալեզու հրեականության համաշխարհային կոնգրեսը (ՌՀՀԿ)։ Այն միավորեց ռուսալեզու հրեական համայնքներին, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում էին շուրջ 27 երկիր (Իսրայել, Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, ԱՊՀ և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններ)։ Կազմակերպության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են հետխորհրդային տարածքում բնակվող հրեական համայնքների միավորման ու նրանց սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի բարելավման խնդիրները։ ՌՀՀԿ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ներկայումս աշխարհում բնակվում է ավելի քան 3 մլն ռուսալեզու հրեա՝ ողջ հրեա բնակչության շուրջ 25%-ը։ Նշենք նաև, որ ս.թ. նոյեմբերի 5-ին Մոսկվայում կայացած ՌՀՀԿ մայրցամաքային ներկայացուցչությունների խորհրդի նիստում կոնգրեսի նախագահի պաշտոնում ռուսաստանյան ներկայացուցչի՝ Բորիս Շպիգելի ընտրությունը, ինչպես նկատում է վերլուծաբանների զգալի մասը, նոր լիցք կհաղորդի Ռուսաստանի հետ ռուսալեզու հրեական համայնքների կապերի ամրապնդմանն ու խորացմանը, կնպաստի Ռուսաստանի և Իսրայելի միջև համագործակցության ընդլայնմանը։ Ի դեպ, վերջերս Միացյալ Նահանգներում ստեղծվեց ՌՀՀԿ Ամերիկյան ֆորումը, որը լուրջ գործունեություն է ծավալում ռուսալեզու հրեական համայնքների շահերի պաշտպանության ուղղությամբ՝ միավորելով տեղի շուրջ 87 ռուսալեզու հրեական կազմակերպություններին։ Կոնգրեսը լուրջ աշխատանքներ է իրականացնում նաև Գերմանիայի հրեա բնակչության շահերի պաշտպանության հարցերում՝ սերտորեն համագործակցելով Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի հետ, որի ղեկավարն ունի պետնախարարի կարգավիճակ2։

Ռուսաստանի Դաշնությունում գործող հրեական հոգևոր կամ աշխարհիկ կենտրոնների ցուցակը չի սահմանափակվում վերը շարադրված կազմակերպություններով, սակայն սույն վերլուծությունում խնդիրը դրանք պարզապես ներկայացնելը չէ։ Առավել կարևոր են այն հիմնական դրդապատճառներն ու միտումները, որոնք հիմք հանդիսացան վերջին 15 տարիներին Ռուսաստանում հրեական քաղաքական-տնտեսական, գաղափարական կապիտալի կենտրոնացման համար։ Դրանք են՝

  • խորհրդային կարգերի փլուզումը և Ռուսաստանի Դաշնության հռչակումը, որի արդյունքում նոր հորիզոններ բացվեցին Ռուսաստանում և հետխորհրդային տարածքում հրեական համայնքների ազգային, հոգևոր-մշակութային կյանքի բարելավման ուղղությամբ,
  • Ռուսաստանում հրեական համայնքների ենթակառուցվածքների ձևավորումն ու զարգացումը,
  • ԽՍՀՄ փլուզումից հետո և հատկապես վերջին կես տասնամյակում Ռուսաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը և երկրի քաղաքական կայունությունը, ինչը կարևոր երաշխիք է ՌԴ-ում հրեական տնտեսական կապիտալի ակտիվացման գործում,
  • ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխությունները Մերձավոր Արևելքում (նավթագազային գործոն, ԱՄՆ-արաբական աշխարհ, ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքար և այլն), որոնք դանդաղ, սակայն զգալի բացասական ազդեցություն են թողնում տեղի հրեա բնակչության տնտեսական, քաղաքական կապիտալի պահպանման վրա (նկատի առնելով նաև վերջինիս ապահովագրության երաշխիքի հարցը),
  • ըստ որոշ մասնագետների, Միացյալ Նահանգների ներքին քաղաքականությունը, փոխկապակցված արտաքին մարտահրավերների հետ, ինչպես նաև ամերիկյան հասարակությունում ընթացող խորքային սոցիալ-տնտեսական փոփոխությունները, որոնք նույնպես դրական հեռանկարներ չեն կանխատեսում տեղի հրեաների բարեկեցության ապահովման համար,
  • ԱՄՆ հանրապետական վարչակարգի տարիներին Միացյալ Նահանգների տնտեսությունում, ինչպես հաստատում են բազմաթիվ մասնագետներ, նկատվող հրեական ֆինանսական կապիտալի ազդեցության ու դերի աստիճանական նվազումը,
  • որոշ տվյալների համաձայն՝ պաղեստինա-իսրայելյան հիմնախնդրի չկարգավորվածության, ժամանակ առ ժամանակ ընթացող ռազմական բախումների, ահաբեկչությունների հետևանքով Իսրայելի բնակչության մի մասը և հատկապես խորհրդային հայրենադարձները, անվտանգ ու բարեկեցիկ կենսապայմանների ակնկալիքով, գերադասում են արտագաղթել Ռուսաստան,
  • Իսրայելում խորհրդային և հետխորհրդային հայրենադարձների մի մասը շարունակում է կապեր պահպանել ռուսաստանյան ազգականների հետ և դեռևս կրում է ՌԴ քաղաքացիություն,
  • Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում հրեական համայնքների զարգացման հարցում շահագրգռված է նաև Իսրայելի պետությունը՝ ԱՄՆ հրեականությանն այլընտրանքային հրեական կենտրոնների ձևավորման, աշխարհաքաղաքական նոր վերափոխումներին համարժեք արձագանքման նպատակներով (օր.՝ Չինաստանի գործոնը),
  • Եվրոպայում և, մասնավորապես, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Բելգիայում հակահրեականության միտումների ուժեղացմամբ տեղի հրեաների մեծ մասը գերադասում է տեղափոխվել հիմնականում ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան և Իսրայել3։

Այն, որ Ռուսաստանը պոտենցիալ հնարավորություններ ունի դառնալ համաշխարհային հրեականության խոշորագույն կենտրոններից մեկը, հաստատում են նաև հրեական խոշոր կազմակերպությունների ներսում վերջին զարգացումներն ու իրադարաձությունները։ Նշենք, որ 1986թ. հիմնադրված Եվրոպական հրեական կոնգրեսի (ԵՀԿ) նախագահի պաշտոնում ս.թ. հունիսին Կոնգրեսի պատմության մեջ առաջին անգամ ընտրվեց ռուսաստանյան ներկայացուցիչ, Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Վյաչեսլավ Կանտորը՝ թեժ մրցակցության արդյունքում հաղթանակ տանելով Կոնգրեսի նախկին նախագահ, ազգությամբ ֆրանսիացի Պիեր Բեսնայնուի նկատմամբ։ ԵՀԿ նախագահի պաշտոնում ռուսաստանյան ներկայացուցչի առաջադրումը և հաղթանակը խորհրդանշում են երեք իրողություն։ Նախ այն, որ վերջին ժամանակներս համաշխարհային հրեականությունը սկսել է էլ ավելի կարևորել Ռուսաստանի դերն ու նշանակությունը հրեական համայնքների զարգացման հեռանկարների առումով։ Երկրորդ՝ Ռուսաստանը, պայմանավորված երկրի տնտեսական աճի բարձր տեմպերով ու քաղաքական կայունությամբ, բարեկեցիկ կենսապայմաններ է խոստանում տարբեր աշխարհամասերից ու երկրներից դեպի Ռուսաստան հրեաների արտագաղթի համար։ Եվ երրորդ՝ Ռուսաստանը պոտենցիալ հնարավորություններ է ձեռք բերում մեծացնելու դերակատարումը եվրոպական հրեական համայնքային կյանքում և դառնալու նրանց առաջատարը4։ Նշենք, որ ԵՀԿ-ն, որի գլխավոր գրասենյակը Փարիզում է, միավորում է Եվրոպայի շուրջ 42 հրեական համայնքներ՝ ընդհանուր առմամբ 2.5 մլն բնակչությամբ5։

Նշենք նաև, որ նախքան ԵՀԿ նախագահի պաշտոնը ստանձնելը՝ 2006թ. փետրվարին, Վ.Կանտորի նախաձեռնությամբ ու նախագահությամբ հիմնադրվեց Եվրոպական հրեական հիմնադրամը (ԵՀՀ)՝ Եվրոպայում հրեական համայնքների կենսապայմանների բարելավման, հակասեմականության վերացման ու հրեական ազգային-մշակութային ինքնագիտակցության բարձրացման, հրեականության առջև կանգնած միջազգային սպառնալիքների (ահաբեկչություն, միջուկային զենքի տարածում) դեմ պայքարի նպատակներով։ Ի դեպ, Վ.Կանտորը 2002թ. նշանակվել էր նոր ստեղծված, սակայն արդեն միջազգային բարձր հեղինակություն ունեցող Եվրասիական հրեական կոնգրեսի փոխնախագահ՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ու Չինաստանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ մշակութային և այլ փոխհարաբերությունների կոորդինացման հարցերով։

Եվս մեկ կարևոր ցուցիչ. 2005թ. Լեհաստանում կայացած «Կյա՛նք իմ ժողովրդին» (Let my people live!) առաջին միջազգային ֆորումում Իսրայելի, Լեհաստանի և Ռուսաստանի ղեկավար ներկայացուցիչները հանդես եկան Հոլոքոստի հիշողության համաշխարհային ֆորում հիմնադրամի ստեղծման մասին հայտարարությամբ։ Հիմնադրամի հռչակագրի համաձայն՝ նորաստեղծ կառույցն իր առջև դնում է երկու հիմնական առաքելություն՝ Հոլոքոստի հիշողության կանոնավոր միջազգային ֆորումների կազմակերպում և «Յադ-Վաշեմ» Հոլոքոստի հիշողության ուսուցման միջազգային դպրոցի ու Եվրոպական հրեական կոնգրեսի համատեղ նախաձեռնությանը պատկանող Հոլոքոստի հիշողության եվրոպական կրթական ծրագրի իրագործում։ Հիմնադրամը, որի հիմնադիրը կրկին Վ.Կանտորն է, ներկայացուցչություններ ունի Մոսկվայում, Ժնևում և Երուսաղեմում6։

Ռուսաստանի հայությունը. համագործակցության հեռանկարներ

Վերջին տարիներին ասիական մայցամաքում և առաջին հերթին Ռուսաստանում ու ԱՊՀ տpարածքում հրեական համայնքների ակտիվացման միտումներին գրեթե զուգահեռ նոր տրասնֆորմացիոն գործընթացներ են տեղի ունենում նաև Հայաստան-հայկական համայնքներ հարաբերություններում ու Ռուսաստանի հայության ներհամայնքային կյանքում։ Անհրաժեշտ է անդրադառնալ Հայաստանի սահմաններից դուրս հայկական սփյուռքի հասարակական-քաղաքական, սոցիալական ու մշակութային կյանքում Ռուսաստանի հայության դերի մեծացման միտումներին, որի համար կարելի է առանձնացնել մի քանի հիմնական նախադրյալներ.

  • Հայաստանի Հանրապետությունից, գերազանցապես սոցիալական դրդապատճառներով, աշխատուժի զանգվածային կանոնավոր արտահոսք դեպի Ռուսաստանի Դաշնություն,
  • հայ-ռուսական քաղաքական, տնտեսական բարիդրացիական հարաբերությունները և ամենակարևորը՝ երկու ժողովուրդների միջև հոգևոր-մշակութային ընդհանրությունները (ի տարբերություն ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի),
  • ԱՊՀ տարածքում բնակվող, այդ թվում և Վրաստանի հայության, ջավախահայության, աբխազահայության, ինչպես նաև ԼՂՀ մի ստվար հատված իր սոցիալ-տնտեսական բարեկեցության ապահովումը տեսնում է նախևառաջ Ռուսաստանում, ոմանք էլ գերադասում են հայրենադարձվել հայրենիք,
  • հատկապես վերջին տարիներին Ռուսաստանի հայությունը ներկայանում է ոչ թե որպես սոցիալականացված մի կառույց, ինչպես նախկինում էր, այլ ձեռք է բերել համայնքային կազմակերպվածության բավական բարձր մակարդակ։

Վերջին շրջանում Ռուսաստանի հայության համայնքային կյանքում տեղի ունեցած պատմական իրադարձություններից առաջին հերթին պետք է նշել 2000թ. ռուսաստանյան խոշոր հայ գործարար Արա Աբրահամյանի նախագահությամբ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ)՝ որպես համառուսաստանյան հասարակական կազմակերպության, ձևավորումը։ Առավել կարևոր և, միևնույն ժամանակ, խորհրդանշական առաքելություն պետք է վերապահել 2003թ. հոկտեմբերին, կրկին վերջինիս ղեկավարությամբ, միջազգային կարգավիճակ ունեցող Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) հիմնադրումը։ Ռուսաստանի հայերի միության ղեկավարության նախաձեռնությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադրումը Մոսկվայում հաստատում է այն տեսակետը, որի համաձայն՝ Ռուսաստանի հայությունն այսօր լուրջ հայտ է ներկայացնում դառնալու Հայաստանի սահմաններից դուրս համայն հայության խոշոր կենտրոններից մեկը, իսկ հեռանկարում, դատելով նորաստեղծ կազմակերպության խորագրից, հայության խոշոր ներկայացուցիչ մարմինը7։ ՀՀԿ օրակարգում է հայկական համայնքներ ունեցող տարբեր երկրներում և առաջին հերթին Միացյալ Նահանգներում Կոնգրեսի ներկայացուցչությունների բացման հարցը8։ ՀՀԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական, առողջապահական ու կրթական ոլորտներում, ակտիվացրել է մասնակցությունը 1915թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Կոնգրեսն իր առջև խնդիր է դրել նաև ակտիվ մասնակցություն ունենալ և աջակցել Արևմտյան Հայաստանի հայության հետնորդների Երրորդ համագումարի կազմակերպմանն ու անցկացմանը՝ արևմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինների ստեղծման նպատակով։ Վերջին ժամանակներս Ռուսաստանի հայ համայնքում (շուրջ 2.5 մլն բնակչություն) տեղի ունեցած այս և այլ արմատական տեղաշարժերը վկայում են, որ վերջինս մոտ ապագայում առավել համակարգային գործունեություն ծավալելու, միջազգային հարաբերություններում իր ազդեցությունն ու կշիռը բարձրացնելու պոտենցիալ ռեսուրսներ ունի։

Անդրադառնալով վերլուծության բուն նպատակին՝ նշենք, որ մի կողմից ասիական մայրցամաքում և առաջին հերթին Ռուսաստանում ու ԱՊՀ տարածքում հրեականության ռեսուրսների կենտրոնացումը, Ռուսաստանի հայության համայնքային կյանքի կտրուկ ակտիվացումը և միջազգային դերի բարձրացումը, մյուս կողմից՝ վերոնշյալ երկու միտումների կարևորումը Ռուսաստանի ղեկավարության կողմից առաջնակարգ նպաստավոր նախադրյալներ կարող են հանդիսանալ երկու համայնքների միջև համագործակցության ակտիվացման համար։ Մյուս կարևոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ հարցում շահագրգռվածություն են ցուցաբերում թե՛ Իսրայելի, թե՛ Հայաստանի պետական բարձր շրջանակները՝ թեև այլ խնդիրներից ու շահերից ելնելով։ Սակայն կողմերի միջև երկխոսության կայացման հարցում ձևավորվում է մի կարևոր գործոն, որի առկայությունը կարող է ապահովել կողմերի միջև ընդհանրական շահերի դաշտ։ Ինչպես արդեն նշվեց, վերջին ժամանակներս ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունը բացասական հետևանքներ է թողնում ԱՄՆ հրեականության քաղաքական, ֆինանսական կապիտալի ազդեցության վրա՝ ուղեկցվելով լուրջ գաղափարական տարակարծություններով։ ԱՄՆ հանրապետականները, կրկին պայմանավորված Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերով, լուրջ ճնշումներ են բանեցնում իշխանության դեմոկրատական ճամբարի վրա, որը և ներկայացնում է Միացյալ Նահանգների հրեականության առավել համախմբված ֆինանսական վերնախավը։ Արդյունքում, ինչպես նկատում է ամերիկյան վերլուծաբանների մի զգալի մասը, արմատական, կարելի է ասել՝ նույնիսկ հակադիր վերափոխումների են ենթարկվում նաև այդ իսկ ընտրանու գաղափարական, աշխարհաքաղաքական դիրքորոշումներն ու շահերը։ Մյուս կողմից՝ նման տեղաշարժերն, իհարկե, չեն կարող չանդրադառնալ Իսրայելի պետության արտաքին քաղաքականության և ընդհանրապես պետական շահերի վրա։

1Ռուսաստանի հրեական կոնգրեսի առաջին նախագահը եղել է Վլադիմիր Գուսինսկին (1996-2001թթ.), որին հաջորդել են Լեոնիդ Նևզլինը (2001), Եվգենի Սատանովսկին (2001-2004թթ.) և Վլադիմիր Սլուցկերը (2004-2005թ.)։ 2005թ. նոյեմբերի 10-ին ՌՀԿ նախագահ է ընտրվել ռուսաստանյան հայտնի գործարար Վյաչեսլավ Կանտորը։

2Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհուրդը ստեղծվել է 1950թ. Ֆրանկֆուրտում։ Հետագայում խորհուրդը տեղակայվում էր Դյուսելդորֆում, այնուհետև Բոննում։ 1999թ. ապրիլի 1-ից Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի վարչությունը Բեռլինում է։ Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի կազմում ներառվում են 23 տարածքային միություններ, որոնք միավորում են 102 հրեական համայնքներ՝ ընդհանուր առմամբ 105 հազ. բնակչությամբ։ Խորհուրդը համախմբում է ուղղափառ, ռեֆորմիստական, լիբերալ ու պահպանողական ուղղության հետևորդներին և ներկայանում է որպես Գերմանիայի հրեա բնակչության կրոնական շահերի ներկայացուցիչ։

3Եվրոպայի հրեաների միայն փոքր մասն է ցանկանում վերադառնալ Իսրայել՝ կապված երկրի ու մերձավորարևելյան ռազմաքաղաքական անկայունության հետ։

4Հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ վերջերս էապես վատթարացել է եվրոպական հրեաների վիճակը (հակասեմականության ուժեղացում)։

5ԵՀԿ-ն ներկայացուցչություններ ունի նաև Բեռլինում, Բրյուսելում, Բուդապեշտում և Ստրասբուրգում։ ԵՀԿ-ն համագործակցում է եվրոպական տարբեր երկրների կառավարությունների, եվրոպական առաջատար միջազգային այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն։

6Վ.Կանտորի նախաձեռնությունն է նաև 2006թ. Թել Ավիվի համալսարանում Եվրոպական հրեական մշակութային հետազոտությունների կենտրոնի հիմնադրումը։

7Թեև Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր գրասենյակը Երևանում է, կազմակերպության հիմնադիր նիստը տեղի է ունեցել Մոսկվայում։

8Թեև ԱՄՆ-ում ՀՀԿ ներկայացուցչության բացման հարցը բացասական արձագանք է ստացել ամերիկահայության շրջանում, սակայն ՀՀԿ ղեկավարությունը շարունակում է բանակցություններ ու հանդիպումներ կազմակերպել ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր