ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԱՍՊԱՐԵԶ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն առանցքային տեղ են զբաղեցնում ԱՄՆ հայ համայնքի գործունեության նպատակների մեջ։ Ամերիկահայությունը մինչ օրս շեշտը դրել է լոբբիստական գործունեության վրա և հասել է որոշակի արդյունքների։ Մասնավորապես, երկու անգամ՝ 2000 և 2007թթ., ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ 2000թ. միայն ամերիկյան գործադիր իշխանության և, մասնավորապես, նախագահ Բիլ Քլինթոնի ակտիվ միջամտության արդյունքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չընդգրկվեց Ներկայացուցիչների պալատի օրակարգում՝ այդպիսով ճանաչում չստանալով վերջինիս կողմից։ Նման միտում նկատվում է նաև 2007թ. Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված 106-րդ բանաձևի պարագայում, թեև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունման հույսերը դեռևս վերջնականապես սպառված չեն, քանի որ մեկ տարվա ընթացքում այն կարող է քննարկման դրվել Ներկայացուցիչների պալատում։
Փաստորեն, լոբբիստական գործունեության շնորհիվ ամերիկահայ համայնքը թեև հասել է նշանակալի հաջողությունների, սակայն հարցի վերջնական լուծման համար դեռ շատ ջանքեր են պահանջվում։ Վերջին շրջանում նկատվող միտումները կարծես թե ցույց են տալիս, որ ԱՄՆ մեր հայրենակիցները, թերևս, եկել են այն գիտակցության, որ լոբբիստական գործունեությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործը հաջողելու համար։ Ուստի, անհրաժեշտ է այն համադրել նաև այլ ոլորտներում ակտիվ գործողությունների հետ։ Կարևորագույն ոլորտներից մեկը, որտեղ փորձում է ակտիվացնել իր ջանքերը ամերիկահայ համայնքը, հասարակական կարծիքի հետ աշխատելու, այն է՝ քարոզչության ասպարեզն է։
Հայ դատի տեսակետից բարենպաստ հասարակական կարծիք ձևավորելու առաջին լուրջ քայլը կարող է լինել Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնադրումը։ Ինչպես հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող «Նոր Մարմարա» օրաթերթը, 2007թ. նոյեմբերի կեսերին Կալիֆորնիայում տեղի ունեցած Ամերիկայի Հայկական համագումարի հիմնադրման 35-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ ներկայացվել են մի տեսաերիզ ու մի գրքույկ ապագա թանգարանի ճարտարապետական էսքիզների ու ցուցանմուշների վերաբերյալ։ Ըստ ծրագրի՝ թանգարանը պետք է զբաղեցնի 20 հազար մ2 տարածք և ունենա հետագա ընդլայնման հնարավորություն։ Թանգարան-համալիրում պետք է գործեն նաև մարդու իրավունքների ու ցեղասպանության բաժին, հայկական ինքնության վերաբերյալ լրատվական բաժին, վերապրածների թատրոն և այլն։ Հայոց ցեղասպանության թանգարանը, ուր ներկայացվելու են բազմաթիվ ցուցանմուշներ, միաժամանակ հանդիսանալու է նաև յուրահատուկ ուսումնական, մշակութային, լրատվական կենտրոն՝ մատչելի գրեթե բոլոր տարիքի անձանց համար։
Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարան-համալիրի հիմնադրման առիթով հետաքրքիր են թվում հետևյալ մի քանի դատողությունները.
- ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում է կենտրոնացած երկրի քաղաքական և, հատկապես, կառավարող վերնախավը։ Հետևաբար, այնտեղ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնադրմամբ կամա թե ակամա քարոզչության թիրախ խումբ է դառնում ամերիկյան քաղաքական էլիտան, ինչն էական նշանակություն ունի վերջինիս կողմից հայերի ցեղասպանության ճանաչման հարցում բարյացակամ դիրքորոշում որդեգրելու տեսակետից։
- Վաշինգտոնը ոչ միայն ԱՄՆ մայրաքաղաքն է, այլև աշխարհի ամենանշանավոր քաղաքներից մեկը, ուր գրեթե միշտ հյուրընկալվում են մարդիկ (այդ թվում նաև զբոսաշրջիկներ) ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև ամբողջ աշխարհի տարբեր անկյուններից։ Ուստի, այստեղ հիմնադրվելիք Հայոց ցեղասպանության թանգարան-համալիրի այցելուներ են լինելու ոչ միայն ամերիկացիները, այլև մարդիկ աշխարհի բազմաթիվ այլ շրջաններից։ Փաստորեն, այդպիսով հայկական քարոզչությունը ԱՄՆ-ում ստանալու է միջազգային բնույթ, քանի որ այդ քարոզչության համար լսարան է դառնալու ոչ միայն ամերիկյան հասարակությունը, այլև միջազգային հանրությունը։
- Վաշինգտոնում է գտնվում նաև հրեական ցեղասպանության՝ Հոլոքոսթի թանգարանը։ ԱՄՆ մայրաքաղաքում երկու ցեղասպանություններից (հայկական և հրեական) միայն մեկի ճանաչվածության փաստը կարող է հոգեբանական աններդաշնակություն առաջացնել մարդկանց մեջ, ինչի հաղթահարման ձգտումն էլ, թերևս, կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Հասարակական կարծիքի հետ աշխատելու հաջորդ կարևոր քայլը ամերիկահայ համայնքի համար, ըստ էության, կլինի Հայ դատի վերաբերյալ կինոարտադրությունը, ինչը, ըստ հայաստանյան և սփյուռքի լրատվամիջոցների, արդեն ընթացքի մեջ է։ Ըստ «Նոր Մարմարայի» տեղեկատվության՝ ԱՄՆ հայ համայնքը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան կինոնկարների շարքի ստեղծմանը, որոնց միջոցով պետք է քարոզվեն Հայ դատի վերաբերյալ հայկական կողմի տեսակետները։ Այդ կինոնկարներում նկարահանվելու են աշխարհահռչակ և մեծ ժողովրդականություն վայելող դերասաններ, ինչպիսիք են Մել Գիբսոնը, Անտոնիո Բանդերասը, Սիլվեսթր Սթալոնեն և այլք։ Հայոց ցեղասպանությանը նվիրված կինոնկարների շարքի արտադրության համար Լոս Անջելեսում հաստատված հայությունն արդեն հանգանակել է $100 մլն։ Հայկական հարցի վերաբերյալ կինոնկարների մեջ առանցքային տեղ է զբաղեցնելու «Մուսա լեռան քառասուն օրը» ֆիլմը, որը նկարահանվելու է ավստրիացի մեծ գրող Ֆրանց Վերֆելի նույնանուն պատմավեպի հիման վրա։ Այդպիսի մի ֆիլմ նկարահանվել է նաև նախկինում, սակայն դրա հաջողություններն այնքան էլ մեծ չեն եղել։ Նոր ֆիլմում նկարահանվելու է Մել Գիբսոնը, որն, ի դեպ, համակրանք է տածում հայերի նկատմամբ։ Նա արդեն տվել է իր համաձայնությունը՝ խաղալ ֆիլմի առանցքային դերերից մեկը։ Հոլիվուդում նկարահանվող այս նոր ֆիլմից ակնկալիքներն անհամեմատ մեծ են։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան ֆիլմերի թողնելիք արձագանքներին՝ նշենք, որ հոլիվուդյան ֆիլմերը միայն ամերիկյան հասարակության համար չեն արտադրվում։ Դրանց լսարանն անհամեմատ ավելի ընդարձակ է և ընդգրկում է ողջ աշխարհը։ Հետևաբար, միանգամայն տրամաբանական է ակնկալել, որ Հայ դատին նվիրված ֆիլմերն արձագանք են թողնելու ոչ միայն ամերիկյան, այլև ողջ համաշխարհային հասարակության մեջ1։
Ամփոփելով նշենք, որ ամերիկահայ համայնքի գիտակցության մեջ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։ ԱՄՆ-ում հաստատված հայությունն ավելի ու ավելի է համոզվում, որ ազգային նպատակներին հասնելու համար, լոբբիստական գործունեությունից զատ, անհրաժեշտ է լուրջ գործողություններ ծավալել նաև բարենպաստ հասարակական կարծիք ձևավորելու ուղղությամբ։ Հետևաբար, գործողությունների նոր ասպարեզ է բացվում ամերիկահայ համայնքի համար։ Դա քարոզչության բնագավառն է, որտեղ նույնպես սկսում են ներդրվել զգալի ռեսուրսներ։
1Կինոարտադրության միջոցով Թուրքիայի դեմ քարոզչություն ծավալելու գործում հայերն ամենևին էլ միայնակ չեն։ Ամերիկահայ համայնքի հետ գրեթե միաժամանակ նման նախաձեռնությամբ են հանդես գալիս նաև Հյուսիսային Իրաքի քրդերը։ Իրաք են հրավիրվել շուրջ 30 հոլիվուդյան կինոռեժիսորներ և դերասաններ, այդ թվում նաև Անտոնիո Բանդերասը։ Նրանց հետ բանակցությունները ֆիլմեր նկարահանելու վերաբերյալ հաջողվել են։ Այդ ֆիլմերում նախատեսվում է ներկայացնել քրդերի կրած տառապանքները հետսադամյան ժամանակաշրջանում։ Ամերիկյան հասարակության մեջ քրդերի նկատմամբ համակրանք ստեղծելու նպատակով նկարահանվող ֆիլմերում քրդերը ներկայանալու են որպես ամերիկյան բանակի զինակիցներ, խաղաղասեր ու բարի մարդիկ, որոնք ենթարկվել են բազմաթիվ զրկանքների և վաստակել սեփական անկախ պետությունն ունենալու իրավունքը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]