ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Խոսելով Թուրքիայի կրոնափոխ հայերի մասին` հաճախ բախվում ենք նրանց ներկայիս կարգավիճակի սահմանման վիճահարույց եւ, միեւնույն ժամանակ, բազմաշերտ խնդրին։ Թուրքիայի այլակրոն հայերը ձուլման տարբեր աստիճաններում գտնվող մարդիկ են, որոնցից ոչ բոլորն ունեն մաքուր հայկական էթնիկ նկարագիր, եւ նրանց պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.
ա. Էթնիկապես մաքուր հայեր, որոնք պահել են ազգային եւ կրոնական (քրիստոնեական) սովորույթների, տոների, ծեսերի առանձին տարրեր, մոռացել են լեզուն, բայց նրանց մոտ դեռեւս կա, թեկուզեւ քողարկված ձեւով, հայկական ինքնագիտակցության որոշակի տոկոս։ Նրանք գաղտնի շարունակում եւ փորձում են պահպանել այս ամենը, ձգտում դա փոխանցել իրենց սերունդներին։ Այս խումբը պայմանականորեն անվանում ենք «ծպտյալ հայեր»։
բ. Հայերի սերունդներ, որոնց նախնիները ստիպված իսլամացել են. նրանց գերակշիռ մասը գիտի եւ նույնիսկ ընդունում է դա: Սակայն կտրված լինելով հայկական միջավայրից` ի տարբերություն ծպտյալ հայերի, նրանք անհամեմատ ավելի քիչ են պահպանել ազգային-կրոնական սովորույթների տարրերը եւ ոչ միայն քրդախոս են, արաբախոս կամ թրքախոս, այլեւ մշակութային առումով եւս քրդացել, թուրքացել են։ Այս խմբի մեջ, օրինակ, չեն պահպանվել ներքին ամուսնությունները, ինչը հանգեցրել է նաեւ էթնիկապես նրանց ուծացմանը։ Այս նույն խմբում կարելի է տեղավորել նաեւ մարդկանց, ովքեր ունեն հայկական ծագման որոշակի տոկոս, ում տատը կամ պապը հայ է եղել, եւ այդ հիշողությունը պահպանվել է նրանց մեջ։
Այս բոլոր խմբերին պայմանականորեն տալիս ենք «այլակրոն հայեր» անվանումը` քաջ իմանալով դրանց միջեւ առկա էական տարբերությունները։
Պետք է հստակ արձանագրել, որ ներկայիս Թուրքիայի կրոնափոխ հայության գերակշիռ մեծամասնությունն իսլամ է ընդունել կյանքի եւ մահվան միջեւ ընտրություն կատարելու պարտադրանքից։ Այժմ Թուրքիայում բնակվող իսլամացած հայությունն առավելապես ձեւավորվել է հետեւյալ խմբերից.
ա. Հայոց ցեղասպանության ժամանակ արտաքուստ իսլամ ընդունած հայեր,
բ. ցեղասպանության ժամանակ առեւանգված եւ այնուհետեւ թուրքերի կամ քրդերի հետ ամուսնացած հայ կանայք ու աղջիկներ,
գ. ցեղասպանության ժամանակ որդեգրված հայ երեխաներ,
դ. որոշ թվով հայեր, ովքեր ապաստան են գտել հարեւանների կամ այլ մարդկանց մոտ,
ե. սահմանափակ թվով հայ արհեստավորներ եւ բացառիկ մասնագետներ, որոնք իսլամացել են իշխանության իմացությամբ։1
Այս բոլորին կապող ընդհանուր եւ կարեւոր հանգամանքներից է մահվան սպառնալիքով իսլամ ընդունելը։ Այս մարդիկ ունեն խեղված հոգեկան եւ հոգեբանական վիճակ, ապրում են վախի պայմաններում, ունեն երկու ինքնություն` արտաքին եւ ներքին աշխարհների համար։ Համապատասխան մասնագետները ցեղասպանության վերապրածների մեջ ուսումնասիրում են հոգեբանական տարբեր խնդիրների ի հայտ գալու փաստը, սակայն առանձին ուսումնասիրության է կարոտ դիմախեղված հայերի հարցը։
* * *
Թուրքիայում իրենց գոյությունը պահպանած եւ ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայերի մեջ էթնիկ եւ կրոնական ինքնագիտակցության տարրերի գնահատման համար պարտադիր եւ կարեւորագույն պայման է` հստակ պատկերացնել ու հաշվի առնել այն միջավայրը, որտեղ ապրում են բռնի եւ երբեմն միայն արտաքուստ իսլամացված մեր ազգակիցները։ Թուրքիայում, ուր հայ կամ ընդհանրապես ոչ մուսուլման լինելն այսօր էլ ծայրահեղ վտանգավոր է, դասական հայկականություն պահպանելը խիստ դժվար է, հատկապես` անհամեմատ ավելի հետամնաց ու հետադեմ արեւելյան շրջաններում։ Այսինքն` այլակրոն հայերին ինչ-որ տեղ «մեղադրելուց» եւ հայ լինելու հայաստանյան չափանիշների մեջ տեղավորել-չտեղավորելուց առաջ պետք է հաշվի առնել այս ամենը։
Հայկական ինքնագիտակցության տարբեր շերտերի պահպանման խոսուն ապացույցներից կարող է լինել այն փաստը, որ պատեհ առիթի դեպքում բռնությամբ եւ հարկադրանքով գրեթե լիովին ուծացված հայերը վերադառնում կամ գոնե փորձում են վերադառնալ իրենց արմատներին։ Դրա վառ օրինակն է տարբեր տարիներին պաշտոնապես արձանագրված կրոնադարձությունը։ Ընդ որում` կրոնադարձվում են տարբեր սերունդների պատկանող հայեր, ինչը նրանց մեջ առկա հիշողության պահպանման մասին է խոսում։ Ասվածը հիմնավորելու համար ներկայացնենք Թուրքիայի այլակրոն հայության հետ կապված որոշ դրվագներ։
Այսպես, անցյալ տարվա ապրիլին «Ֆրանս-24» հեռուստաալիքը պատրաստել էր ընդարձակ ռեպորտաժ` նվիրված Թուրքիայի ծպտյալ հայերին։ Բացի տարբեր մասնագետներից, ռեպորտաժում ներկայացվում էր նաեւ ծպտյալ հայերի մի ընտանիք, որի զավակներից մեկը, ապրելով Ստամբուլում, պաշտոնապես կրոնադարձվել է` ընդունելով իր պապերի կրոնը` քրիստոնեությունը։ Ավելին, նա ամուսնացել է հայաստանցի աղջկա հետ, իսկ որդուն ուղարկել հայկական դպրոց եւ ներկայումս որդուց փորձում է հայերեն սովորել։ Ադըյամանի շրջանի գյուղերից մեկում մնացած նրա հարազատներն իրենց շրջապատող միջավայրի պատճառով այդքան էլ բացահայտ չեն կարողանում ինքնադրսեւորվել։ Նրանք խոստովանում են, որ առայսօր հալածվում են ինչպես շրջապատում, այնպես էլ պետական հաստատություններում, օրինակ` դպրոցում եւ այլուր։ Եվ սա` չնայած այն բանին, որ նրանք պաշտոնապես գրանցված են որպես մուսուլմաններ։ Բավական հետաքրքիր է ընտանիքի տարեց մոր խոստովանությունը, որ իրենք, ճիշտ է, հաճախում են մզկիթի վերածված նախկին հայկական եկեղեցի եւ նամազ անում, բայց իրենց աղոթքով դիմում են Հիսուս Քրիստոսին։
Թուրքական «Յենի Աքթուել» ամսագրի 2007թ. նոյեմբերի համարում ներկայացված են Թուրքիայի տարբեր վայրերի իսլամացված հայերի կամ հայկական արմատներ ունեցող խառնածինների պատմություններ, որոնցից մեջբերենք մի քանիսը։
Քյահթայում ապրող Բեքիր Ջանթեքինը նրանցից է, ով ազատորեն հայտարարում է իր իրական ծագման մասին եւ վերընդունել է քրիստոնեություն։ Նա իր երեխաներին 2007թ. ամռանը կնքել է Մարմարա ծովում գտնվող Քընալը կղզու հայկական եկեղեցում, որտեղ է գտնվում նաեւ Պոլսո Հայոց պատրիարքի ամառային նստավայրը։ Լրագրողի այն հարցին, թե երբվանից է իրեն հայ զգում, Բեքիրը պատասխանել է. «Եթե անգամ այդ մասին չիմանանք էլ, ստիպողաբար տեղեկացնում են։ Երբ բոլորն իմ հետեւից ասում են, թե հայ եմ, ինչո՞ւ քրիստոնյա չլինեմ որ։ Ես այն եմ, ինչ որ իրականում կամ»։ Իսկ Բեքիր Ջանթեքինի եղբայրները նախընտրել են մուսուլման մնալ եւ չեն էլ թաքցնում, որ նեղացած են իրենց եղբորից այդ քայլի համար, ինչին նա պատասխանում է, որ Քյահթայի պայմաններում նրանք միգուցե իրավացի են։
Խոսելով մուսուլմանների եւ ծպտյալ հայերի ամուսնությունների խնդրի մասին` նույն վայրում ապրող մեկ այլ հայ ներկայացնում է շատ կարեւոր մի փաստ, համաձայն որի` ծպտյալ քրիստոնյա հայերը հիմնականում իրար մեջ են ամուսնանում։ Նույն հոդվածում հանդիպում ենք այն մտքին, թե կան նաեւ կրոնադարձված մարդիկ, ովքեր խուսափում են իրենց անունները նշել` վախենալով շրջապատի ճնշումից։
Չափազանց հետաքրքիր մի փաստ ենք արձանագրել նաեւ ինտերնետային ֆորումներից մեկում, որտեղ ասվում է, որ Մոսկվայում աշխատող թուրք շինարարների մեջ կան ծպտյալ հայեր, որոնք ճաշելուց առաջ խաչակնքում են հացը, իսկ եթե նրանց միջավայրում այդ պահին լինում են օտարներ, նրանք այդ նույնն անում են հացը խաչաձեւ չորս մասի բաժանելով։ Ընդհանրապես պետք է ասել, որ, իրոք, ծպտյալ հայերը գործածում են որոշ տարբերանշաններ, որոնք գաղտնի են պահվում։ Նույնիսկ խոսվում է նրանց շրջանում հայկական անձնանունների ներքին օգտագործման մասին։ Ծպտյալ հայերը հիմնականում միմյանց ճանաչում են, եւ բազմաթիվ են փաստերը, որոնք ապացուցում են սա։
* * *
Հայտնի է, որ հայ լինելու կարեւոր ցուցիչ է մայրենի լեզվի տիրապետումը։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, թե ներկայումս հայոց լեզվի հիմնախնդիրն ինչ մեծ ծավալներ է ընդգրկել աշխարհասփյուռ Հայության շրջանում։ Խոսելով Թուրքիայի այլակրոն հայերի մեջ հայերենի պահպանման մակարդակի մասին` կարելի է նշել, որ մինչեւ հիմա էլ նրանք գործածում են հայերեն առանձին բառեր։ Օրինակ` Վան քաղաքում ապրող մի դերձակ, որը զգուշությունից ելնելով բացահայտորեն չխոստովանեց իր ծագման մասին, մեզ տեղեկացրեց, որ ներկայումս էլ իրենց գյուղում, որը գտնվում է Վանա լճի ափին, հատկապես տարեցներն օգտագործում են հարսիկ, տղա, աղջիկ եւ այլ բառեր։
Կարեւոր մի փաստ եւս. Արեւմտյան Հայաստանի մի շարք վայրերում, ծպտյալ եւ իսլամացված հայերի շրջանում անցյալ տարի տարածվել էր թուրքերենով հայերենի ինքնուսույց-դասագիրքը։ Վանում, Մուշում եւ այլուր բազմաթիվ իսլամացված, ծպտյալ հայեր մեծ ոգեւորությամբ, միեւնույն ժամանակ` փոքր-ինչ գաղտնի, մեզ ցույց էին տալիս այդ գիրքը, որը նրանց հնարավորություն էր տալու սովորել իրենց մայրենին։ Սրանք վկայում են, որ հայրենաբնակ շատ հայերի մեջ վառ է նաեւ մայրենի լեզվին տիրապետելու ցանկությունը։ Սակայն առնվազն իրատեսական չէ ծպտյալ կամ իսլամացված հայերից, որպես հայ լինելու գրավական, պահանջել հայերենի լավ իմացություն այն դեպքում, երբ Ստամբուլի հայկական համայնքի մեծ մասը չի տիրապետում հայերենին այն աստիճան, որ եկեղեցում քարոզը կարդացվում է թուրքերեն։
Ինչպես նշեցինք, Թուրքիայում այսօր կան մեծ թվով խառնածիններ կամ հայկական ծագման որոշակի տոկոս ունեցող մարդիկ, որոնց խնդիրը բազմաշերտ է։ Կան մարդիկ, ովքեր հպարտությամբ են խոստովանում, որ ունեն նաեւ հայկական ծագում. օրինակ` «Յենի Աքթուել» հանդեսի վերոնշյալ հոդվածաշարում Մարդինի ավագանի Ասլան Քերելթին ասում է, որ հայրական տատը` Նազոն, հայուհի է. «Տատս աքսորի ժամանակ 3-4 տարեկան է եղել, Բիթլիսի կողմից է եկել եւ ապաստան գտել մերոնց մոտ։ Հետո, երբ մեծացել է, պապիս հայրը նրան ամուսնացրել է պապիս հետ։ Տատիս նմանները շատ կան այստեղ»։2 Սակայն, միեւնույն ժամանակ, հանդիպում են խառնածիններ, որոնք տարբեր դրդապատճառներով կտրականապես ժխտում են իրենց հայկական ծագումը, եւ հետաքրքիր է, որ ըստ տարբեր աղբյուրների` նրանց շարքում կան նույնիսկ ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներ։
Որպես վերջաբան` ավելորդ չէ այստեղ մեջբերել Թուրքիայի իսլամացված հայության խնդրին խորությամբ քաջատեղյակ եւ այդ ուղղությամբ գործնական քայլեր արած հանգուցյալ Հրանտ Դինքի կարծիքը. «Թուրքիոյ մէջ այսօր հազարաւորներ կան, որ քաջութիւն ունին հրապարակաւ արտայայտուելու, գիրքեր ու յօդուածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին։ Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ, որ ապագայ հայ կեանքի ամենամեծ եւ ամենայուսալի աշխատանքներէն մէկը կրնայ դառնալ անիկա։ Եթե Թուրքիան Եւրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն եւս շատնայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով։ Ինծի համար շատ կարեւոր է այս հարցով աշխատիլ եւ գտնիլ այդ կորսուածները, ողջնցնել այդ մեռածները։ Շատ կարեւոր է գտնել այդպիսի հայ մը եւ իրեն տալ իր հայութիւնը»։
1Հոդվածում փորձել ենք կանգ առնել հիմնականում Հայոց ցեղասպանության տարիներին կրոնափոխ եղած հայերի խնդրի վրա, ուստի գիտակցաբար չենք ընդգրկում ավելի վաղ իսլամացվածներին, օրինակ` համշենահայերին։
2Ի դեպ, խոսելով Թուրքիայում խառնամուսնությունների մասին` արժե անդրադառնալ նաեւ ժամանակակից գործընթացներին, երբ տարբեր իրողությունների ազդեցության տակ Ստամբուլի հայկական համայնքում արձանագրվում է խառնամուսնությունների աճ։ Սակայն, միեւնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ այս երեւույթը ավելի վաղ եւս նկատվել է հանրապետական Թուրքիայի հայ համայնքում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]