ԾՊՏՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
2008թ. փետրվարին Թուրքիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծ բարձրագույն ուսումնական հաստատություններում մահմեդական գլխաշոր կրելու արգելքը վերացնելու մասին` փոփոխություններ կատարելով երկրի սահմանադրության համապատասխան հոդվածներում։ Օրենքի փոփոխությունը վավերացրեց նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, եւ այն մտավ շրջանառության մեջ։
Սակայն իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության այս նախաձեռնությունն առաջ բերեց նաեւ ընդդեմ կարծիքներ. հայտնի քաղաքական, մշակութային գործիչներ հանդես եկան դրա խիստ քննադատությամբ։ Այս բողոքի ալիքին ակտիվորեն մասնակցեցին նաեւ մի շարք համալսարաններ, որոնց ռեկտորները, հանդես գալով քեմալականության սկզբունքների պաշտպանության դիրքերից, խիստ դեմ արտահայտվեցին նշյալ փոփոխություններին։ Ռեկտորների այս քայլն արժանացավ իշխանության, ինչպես նաեւ իշխանամետ լրատվամիջոցների բուռն քննադատությանը:
Կարծում ենք, հենց այս համատեքստում պետք է դիտարկել մարտի սկզբին համալսարանական լուրերի կայքէջի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի` Թուրքիայում 22 ծպտյալ քրիստոնյա ռեկտորներ եւ դեկաններ կան, որոնց մեծ մասն ունի հայկական ծագում։ Ըստ այդ աղբյուրի, Թուրքիայի ծպտյալ քրիստոնյաների մի մասն ընդգրկված է քաղաքականության, բիզնեսի, պետական ծառայության համակարգում, սակայն ամենազգալի տեղը նրանք կարողացել են զբաղեցնել կրթության ոլորտում եւ թաքցնելով իրենց իրական կրոնը` հասել են դեկանի, ռեկտորի պաշտոնի։
Պետք է ասել, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ տարբեր մակարդակի թուրք պաշտոնյաներ, գիտնականներ խոսում են Թուրքիայում ապրող ծպտյալ, իսլամացված կամ էլ հայկական ծագում ունեցող մարդկանց` պետական տարբեր օղակներում աշխատելու մասին։ Բոլորովին վերջերս թուրքական մամուլում այդ խնդրի մասին արտահայտվեց եւ իր մտահոգությունը հայտնեց Թուրքիայում ծպտյալ քրիստոնյաների եւ կրիպտո հրեաների խնդրով բավական շատ հրապարակումների եւ գրքերի հեղինակ Մեհմեդ Շեւքեթ Էյգին։ Այսպես, խոսելով համալսարանական լուրեր պատրաստող կայքէջի վերը նշված տվյալների մասին` նա մեջբերեց Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի` Փարիզի «La Croix» օրաթերթի 2005թ. օգոստոսի 29-ի համարում տպագրված այն միտքը, թե Թուրքիայում ներկայումս մոտավորապես 1.5 միլիոն հայկական արմատներով թուրք եւ մուսուլման կա։ Պատրիարքն ավելացրել է նաեւ, որ ամեն տարի հայկական ծագումով շուրջ 60 մուսուլմաններ, դիմելով պատրիարքարան, վերադառնում են քրիստոնեության։ Ըստ Էյգիի, ինքը դեմ չէ, որ հայերը լինեն ռեկտոր կամ դեկան, սակայն նրանք պետք է ծպտյալ չլինեն եւ չունենան երկու ինքնություն։ Նա պնդում է, որ Թուրքիայում կա նաեւ կրիպտո հրեաների խնդիրը, որոնց թիվը շուրջ 1.5 միլիոն է։ Իսկ խոսելով ծպտյալ հույների մասին` Էյգին բերում է թուրքական Բողազիչի համալսարանի պրոֆեսորներից Դեմիր Դեմիրգիլի օրինակը։ Էյգին կարծիք է հայտնում նաեւ, որ ներկայումս հենց տարատեսակ ծպտյալներն են գլխաշորի արգելքը վերացնելուն դեմ արտահայտվողները եւ կոչ է անում մանրամասն ուսումնասիրել այս խնդիրը։
Նշենք, որ Թուրքիայի բուհական համակարգում ծպտյալ հայերի կամ հայկական ծագում ունեցողների թեման բուռն քննարկումների արժանացավ դեռեւս 2005թ., երբ քրեական գործ հարուցվեց Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի ռեկտոր Յուջել Աշքընի դեմ։ 2005թ. հունիսի 10-ին թուրքական «Վաքիթ» թերթում տպագրվեց մի հոդված, որում ասվում էր, թե Յուջել Աշքընի պապը հայազգի Հակոբ Վարդովյանն է, որը հետագայում ընդունել է իսլամ։ Վերոհիշյալ Հակոբ Վարդովյանը (1840-1902) հայտնի հայ թատերական գործիչ է, որը զգալի ավանդ ունի օսմանյան թատրոնի կայացման գործում։ Թուրք հայտնի մշակութաբան Մեթին Անդը իր «Օսմանյան թատրոնը» ուսումնասիրության մեջ մեծ ակնածանքով է խոսում Հակոբ Վարդովյանի մասին` համարելով նրան «թուրքական թատրոնի պատմության մեջ շատ կարեւոր մի անձ» եւ նույնիսկ կարծում, որ իր վաստակով նա արժանի է իր արձանը կանգնեցնելուն։ Ինչպես նշված է տարբեր աղբյուրներում, Հակոբ Վարդովյանն իրոք հետագայում իսլամ է ընդունել եւ փոխել անունը` դառնալով Մեհմեթ Յաքուփ, սակայն նա ավելի հայտնի է Գյուլլու Ագոփ անվամբ, որ Հակոբ Վարդովյան անվան ուղղակի թարգմանությունն է թուրքերեն։
Ռեկտոր Յուջել Աշքընի հայրը` Նեջիփ Աշքընը, այսինքն` Հակոբ Վարդովյանի որդին, նույնպես արվեստագետ է եւ համարվում է Թուրքիայի ամենահայտնի ջութակահարներից մեկը։ Ի տարբերություն իր հոր եւ պապի, Յուջել Աշքընը ընտրում է գիտության ուղին` հասնելով դոկտոր-պրոֆեսորի աստիճանի։ 1995թ. նա ընտրվում է Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան, իսկ 1999թ.` նույն համալսարանի ռեկտոր։ Ի դեպ, երբ թուրքական մամուլում բուռն կերպով շարունակվում էին Յուջել Աշքընի ծագման մասին քննարկումները, նա բացահայտ հայտարարեց հետեւյալը. «Ես հպարտ եմ, որ Հակոբի թոռն եմ։ Պապս` Հակոբ Վարդովյանը, հետագայում իսլամ ընդունելով վերցրել է Յաքուփ անունը։ Պապս հայ էր, սակայն ես թուրք եմ, Թուրքիայի քաղաքացի։ Ինքս ինձ երբեք հայկական համայնքի անդամ չեմ համարել։ Իսկ 1915-ի դեպքերը, ըստ իս, մարդկային ողբերգություն են»։ Այս, ինչ-որ տեղ` խոստովանական, հայտարարությունից հետո նա շարունակեց մնալ որպես թուրքական մամուլի եւ տարբեր շրջանակների թիրախ, իսկ ոմանք նույնիսկ կարծիք հայտնեցին, որ Յուջել Աշքընը պատահաբար չի ընտրել հատկապես Վանի համալսարանը` դա կապելով քաղաքի նախկինում հայկական լինելու հանգամանքի հետ։ Բացի այդ, նշվում է, որ ռեկտոր Աշքընը ունի հին պատմական իրեր հավաքելու նախասիրություն, եւ նրա հավաքածուի առարկաների մեծ մասն ունի խաչի խորհրդանիշ։
Ըստ տարբեր աղբյուրների` հայկական ծագում ունի եւ մինչեւ այժմ էլ քրիստոնյա է «Սեպտեմբերի 9-ի համալսարանի» ռեկտոր, դոկտոր- պրոֆեսոր Էմին Ալըջըն։ Նրա տոհմածառի մանրամասն ուսումնասիրությունը պարզել է, որ հոր անունը Մանուֆեր է, սակայն պապերից մեկի անունը Հովհաննես է, իսկ մյուսինը` Արթին (Հարություն)։ Նույն «Վաքիթ» թերթում լուր էր տպագրվել, որ «Սեպտեմբերի 9-ի համալսարանի» ռեկտոր Էմին Ալըջըի ընտանիքը ծագումով Մալաթիայից է (Սալքյոփրյու գյուղից), եւ նրանք մինչեւ այժմ էլ սերտ կապեր են պահպանում Իզմիրում բնակվող իրենց հայ ազգականների հետ։ Ուշագրավ է նաեւ, որ Էմին Ալըջըի երկու եղբայրները` 1946թ. ծնված Իբրահիմ Ալըջըն եւ 1956թ. ծնված Ազիզ Ալըջըն, Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ (համապատասխանաբար` 1988 եւ 1989 թվականներին) զրկվել են քաղաքացիությունից։ Որպես դրա պատճառ է համարվել նրանց «ոչ վստահելի լինելը», իսկ թուրքական «Վաքիթ» թերթը պնդում է, որ նրանք գործել են Թուրքիայի դեմ` ակտիվորեն համագործակցելով հայկական ուժերի հետ։ Այժմ Ալըջըի երկու եղբայրներն էլ ապրում են Վիեննայում։ Հետաքրքիր է, որ ռեկտոր Էմին Ալըջըն եւս, Վանի ռեկտոր Յուջել Աշքընի նման, իր կրոնական եւ էթնիկ պատկանելության շուրջ ծավալված քննարկումների ժամանակ արեց ինքնախոստովանական հայտարարություն` ասելով. «Ես քրիստոնյա եմ», ավելացնելով, թե ինքը լավ գիտակցում է, որ իր հայտարարության հետեւանքները շատ վատ են լինելու։ Նա պնդել է, որ Թուրքիան աշխարհիկ երկիր է, եւ ամեն ոք ունի կրոնի ու դավանանքի ազատության իրավունք։ Սակայն, ընդունելով իր քրիստոնյա լինելը` նա կտրականապես ժխտում է հայ լինելու մասին պնդումները, իսկ լրագրողների բերած փաստարկներն իր տոհմածառի եւ մասնավորապես պապերի հայկական անուններ ունենալու վերաբերյալ` անպատասխան թողնում։
Այսպիսով, տեսնում ենք, որ այսօր էլ Թուրքիայում կիրառվում է բացահայտ էթնիկ եւ կրոնական խտրականություն։ Ավելին, անհրաժեշտության դեպքում պետական մարմինները բացահայտում եւ շրջանառության մեջ են դնում մարդկանց` հարկադրանքի տակ ստիպողաբար թաքցրած իրական էթնիկ եւ կրոնական պատկանելությունը եւ դրա միջոցով իրականացնում ճնշումներ, ընդ որում, ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հասարակության միջոցով։ Իսկ վերոնշյալ Մեհմեթ Էյգիի այն պնդումը, թե հայերը կամ քրիստոնյաներն առանց իրենց էթնիկ եւ կրոնական ինքնությունը թաքցնելու կարող են ցանկացած պաշտոն զբաղեցնել Թուրքիայում, բացահայտ դեմագոգիա է։ Բավական է հպանցիկ հայացք նետել հանրապետական Թուրքիայի պատմությանը, եւ կտեսնենք, որ պետական ապարատում, զինվորական համակարգում ոչ մի բացահայտ հայ չի հասել բարձր պաշտոնի։ Արդյունքում` ձեւավորվել է ծպտյալների մի նոր խումբ, որն այդ քայլին դիմել է արդեն ոչ թե ցեղասպանությունից փրկվելու (ինչպես դարասկզբին), այլ հանրապետական Թուրքիայում գոյատեւելու համար։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]