
ՀԱՎԱՆԱԲԱՐ ԵՍ ՀԱՅ ԵՄ...
Ինչպես բազմիցս նշվել է, թուրքական հասարակության այսօրվա կարեւոր խնդիրներից է, այսպես կոչված, «ինքնության ճգնաժամը»։ Թուրքիայում տարբեր ժամանակաշրջաններում ձուլման ենթարկված մարդիկ եւ նրանց սերունդները սկսում են լուրջ կասկածներ ունենալ իրենց էթնիկ պատկանելության վերաբերյալ, որը հետզհետե խորանալով վերածվում է ճգնաժամի։ Այս առումով բավական հետաքրքիր են անգլիական եւ գերմանական մասնագետների հետազոտության արդյունքները, համաձայն որոնց` Թուրքիայի բնակչության 38-40 տոկոսը իրեն թուրք չի համարում։ «Ինքնության ճգնաժամը» ունի զարգացման եւ հանգուցալուծման տարբեր ուղիներ, որոնք շատ հաճախ կապված են լինում ինչպես կոնկրետ անձի, այնպես էլ նրան շրջապատող միջավայրի եւ հանգամանքների հետ։ Այս մասին տեսական հարթության մեջ շատ է խոսվում, եւ հետաքրքիր կլինի տեսնել այդ ամենի գործնական արտահայտումը կոնկրետ անձանց օրինակի վրա։ Այսպես, Թուրքիայում բավական հայտնի երգիչ-երգահան Յաշար Քուրթը Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի 2008թ. փետրվարի 29-ի համարում տված հարցազրույցում խոսել է իր վերագտած հայկական ինքնության մասին։ Հետաքրքիր է, որ դրանում զգալի է եղել երգիչ Արտո Թունչբոյաջյանի եւ Armenian Navy Band-ի հետ նրա ծանոթությունն ու համագործակցությունը։ Հարցազրույցում Յաշար Քուրթը իր էթնիկ ինքնության վերաբերյալ մտորումներն արտահայտում է հետեւյալ ինքնախոստովանական հայտարարությամբ. «Հավանաբար ես հայ եմ...»։ Ստորեւ թարգմանաբար եւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք հիշյալ հարցազրույցը։
Ռ. Մ.
Հարց–Կարո՞ղ եք պատմել, թե ինչպես է տեղի ունեցել այս բացահայտումը։
Պատ.–Ես ծնվել, մեծացել եմ Ստամբուլում, իսկ ընտանիքս Ռիզեից է։ Երբեք ինքներս մեզ չենք հարցրել, թե ովքեր ենք մենք։ Սակայն սրանով հանդերձ մանկությունից ի վեր զգում էի, որ ինչ-որ տարբերություն ունենք։ Սկզբում կարծում էի, թե միգուցե վրացի ենք։ Երբ հորս հարցնում էի, թե մեր նախնիները որտեղից են Անատոլիա եկել, ասում էր` Բաթումից։ Միգուցե շատ առաջներում կարող է Բաթումից եկած լինեինք, սակայն երբեմն ներընտանեկան խոսակցությունների մեջ Վան անունն էր հոլովվում։ Հայրս հարցերիս պատասխանում էր` ասելով. «Մենք թուրք ենք»: Սակայն ես սա ընկալում էի ոչ թե որպես գենետիկ կապ, այլ ավելի շատ որպես մշակութային պատկանելության հարց։ Եվ ի վերջո, եթե Ասիայից էինք եկել, ապա ինչու շեղաչք չէինք։ Հետո մի օր Արտոյի հետ ծանոթացա եւ սկսեցի խոսել նրա հետ։ Ինձ պատմեց, թե ինչ է նշանակում Թուրքիայում հայ լինելը։ Գրեթե շոկ ապրեցի։ Արտոն այստեղացի է, գրեթե քսան տարի Ամերիկայում ապրած, սակայն ամերիկացի չդարձած մեկն է։ Իսկ ես երկար ժամանակ Գերմանիայում եմ ապրել եւ այս խնդիրներից բոլորովին հեռու էի։ Այդ ընթացքում ընտանիքիս անդամների եւ նրանց կյանքի հանդեպ հայացքս փոխվեց։
Հարց–Մեկի համար, ով իրեն առնվազն մինչեւ այս տարիքը թուրք է համարել, օրինակ` քեզ համար, այս ամենն ի՞նչ զգացում է առաջացնում. ամո՞թ, զայրո՞ւյթ։
Պատ.–Այդ բոլորն էլ զգում ես` ե՛ւ ամոթ, ե՛ւ զայրույթ, ե՛ւ խուճապ... Պատճառահետեւանքային կապերի հարցում եթե գործնական հմտություններ ունես, ապա ասում ես` ինչպե՞ս է այս ամենն աչքիցս վրիպել կամ ինչպե՞ս է եղել, որ մի ամբողջ հասարակության աչքից է վրիպել։ Բացի այդ, ինչո՞ւ է այդ հարցն այդքան կարեւոր։ Իմ արմատներում հայկականություն ունենալը կամ չունենալը ի՞նչը պետք է փոխի։
Հարց–Արդյոք, քեզ համակե՞լ է այն զգացումը, որ իրոք հայկական արմատներ ունես։
Պատ.–Ամիսներով մտածում էի, թե ինչ պետք է ասեմ, ինչպես պետք է մտածեմ, որ ոչ մեկին վնաս չպատճառեմ։ Ինձ ասում էին. «Կտուժես, նույնիսկ կյանքդ կվտանգվի»։ «Ուրեմն անպայման պետք է այդ քայլը անեմ»,- ասացի ինքս ինձ։ Ասեմ, որ այս հարցազրույցն էլ է ինձ շատ մտածելու տեղիք տվել։ Այս պահին ամենահստակ բանը, որ կարող եմ ասել, հետեւյալն է. ես ցանկանում եմ հայերին ճանաչել, ի՞նչ են ուտում, ի՞նչ են խմում, ինչպե՞ս են ապրում, աշխարհին ինչպե՞ս են նայում։ Ինձ համար նոր մի աշխարհ է։ Ուզում եմ հայերեն սովորել, Հայաստան ավելի շատ գնալ-գալ։
Հարց–Երբեւէ Վան գնացե՞լ ես։
Պատ.–Մի օր ընտանիքի տարեց անդամներից մեկին հարցրի, թե որտեղից ենք եկել Սեւ ծով։ Ասաց, որ Վանի Բերկրի գյուղից Իսմայիլ անունով մի երեխա 1800-ականների վերջին Սեւ ծովում մի ընտանիքի մոտ է ապաստանել։ 19 տարեկանում նա վարակվել է թոքախտով, եւ լեռան վրա ապրող մի մարդ, ասելով, որ կարող է ապաքինել հիվանդությունը, երիտասարդին իր տուն է տարել։ Իրականում էլ Իսմայիլի առողջությունը վերականգնվել է, ավելին` ամուսնացել է այդ մարդու աղջկա հետ եւ չորս տղա ունեցել։ Սրանցից մեկը հորս պապն է եղել։ Ես պապերիս չեմ տեսել, սակայն հորս հոր մահը ինձ միշտ կասկածելի է թվացել։ Անտառում ծառ կտրելիս կեռասի ծառի տակ մնալով մահացել է։ Նրա եղբոր համար էլ են նույնը ասում։ Տարօրինակ մեկ այլ փաստն էլ այն է, որ մենք Սեւ ծովում ոչ մի ունեցվածք չունենք։ Երբ այսպիսի հարցականները շատացան, գնացի հորեղբորս մոտ։ Ըստ նրա պատմածի, մենք Վանի Մուրաթլը գավառում բնակվող մի ցեղ ենք եղել։ Օսմանցիների հետ մեր հարաբերությունները վատացել են, եւ տեղափոխվել ենք Սեւ ծով, որը Վանից հեռու է։ Ոտքով են ճանապարհը կտրել սարերի միջով, եւ այս ընթացքում ժողովուրդը ճանապարհին կոտորվել է։ Այսինքն` իմ ընտանիքի պատմությունը մի վարկյանում փոխվեց` Իսմայիլից հասնելով օսմանցիներին... Հետո իմացա, որ Մուրաթլըն այդ ժամանակ կոչվել է Բերկրի եւ որ ամբողջ աքսորը այս գավառի տարածքով է անցել։
Հարց–Ինքնությանդ հետ կապված այսպիսի բացահայտում անելով` իրականում մեջտեղ ես հանում քո ամբողջ ընտանիքին առնչվող մի իրականություն։ Եվ հնարավոր չէ միայն քո համար պատասխանատու լինել. ինչպիսին է եղել քո ընտանիքի արձագանքը։
Պատ.–Բացասական արձագանք երբեք չի եղել։ Միայն ասացին, թե որտեղի՞ց եմ իմացել եւ ավելացրին. «Եթե նույնիսկ այդպես է, մեզ համար արդեն ոչ մի բան չի փոխվի»։ Ի վերջո, բոլորն ունեն ընտանիք, ստեղծած մի աշխարհ։ Սակայն, իմ կարծիքով, դրանից հետո մի տեսակ հանգստացան։
Հարց–Պետք է որ հեշտ չլինի մարդուն` իր ինքնության հետ կապված պատմությանը մեկ նախադասություն եւս ավելացնել։ Սրանից հետո ի՞նչ ես անելու։ Կամ մեկը, ով իմացել է, թե հայ է, ի՞նչ պետք է անի։
Պատ.–Ես հիմա իմ ինքնության մեջ փոքր մի անցք եմ բացել եւ խոսում եմ ավելի շատ իմ անունից։ Մի դուռ կա, որը բացել ես, սակայն չես կարողանում մտնել։ Այնտեղ մի անջրպետ կա։ Միգուցե երգերիս թեմաները փոխվեն։ Ես քառասուն տարեկան եմ եւ նոր ինքնությունս յուրացնելու համար շատ ժամանակ չունեմ, սակայն կամաց-կամաց սկսում եմ որոշ բաներ օգտագործել։ Օրինակ, երբ Armenian Navy Band-ի համար Թուրքիայում թարգմանություն էի անում, շատ տարօրինակ մի բան եղավ։ Խանութներից մեկում մի մարդ հարցրեց. «Ընկերները որտեղի՞ց են»։ Երբ ես ասացի` Հայաստանից, նա հարցրեց. «Դո՞ւ էլ ես հայ»։ Այս հարցը ինձ առաջին անգամ էր տրվում, եւ ես պատասխանեցի. «Այո, հայ եմ»...
Թուրքերենից թարգմանեց
Ռուբեն Մելքոնյանը
դեպի ետ