• am
  • ru
  • en
Версия для печати
02.06.2008

ՄԱԼԱԹԻԱՑԻ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ

   

Ռուբեն Մելքոնյան

_image (original) Բազմիցս խոսել ենք Թուրքիայում և դրա սահմաններից դուրս բնակվող ծպտյալ հայերի շրջանում տեղի ունեցող տարբեր երևույթների՝ կրոնադարձության, ակունքներին վերադարձի, արմատների որոնումների մասին։ Ինչպես ցույց են տալիս փաստերը, դրանց համար տարբեր դրդապատճառներ կան։

Մայիսի 28-ին թուրքական մի քանի լրատվամիջոցներ, և նրանց շարքում՝ հեղինակավոր CNN-TURK-ը, Milliyet-ը, DHA-ը («Դողան» լրատվական գործակալություն), հաղորդեցին, որ Մալաթիա քաղաքի հայտնի երաժիշտներից Քազըմ Աքընջըն, հայտարարելով, որ ծագումով հայ է, պաշտոնապես փոխել է կրոնը՝ ընդունելով քրիստոնեություն։ Բացի այդ, նա դիմել է Մալաթիայի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով փոխել նաև իր անունը։ Հայցադիմումում նա նշել է, որ ցանկանում է այսուհետ կրել Սարգիս Ներսեսյան անուն-ազգանունը։

Հետաքրքիր է, թե ինչն է եղել այս ծպտյալ հայի կրոնադարձման պատճառը։ Քազըմ Աքընջըն կամ Սարգիս Ներսեսյանը, որը Մալաթիայում ապրում է մոր հետ և ապրուստ վաստակում իր երգերը ձայնագրելով ու այնուհետև ձայնասկավառակները վաճառելով, խոստովանում է. «Ես ապրում եմ Մալաթիայում և ծագումով հայ եմ, սակայն իմ ընտանիքը երկար տարիներ այս իրականությունն անհարկի վախով թաքցրել է, նույնիսկ ինքն իրենից։ Ես այն տեսակետին էի, որ չարժե սա թաքցնել։ Լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո իմ զգացած վիշտը եղավ այն ուժը, որն ինձ դրդեց այլևս չթաքցնել իմ ինքնությունը։ Ես որոշեցի փոխել իմ անունը՝ այն համոզմամբ, որ հայ լինելը կամ էլ այլ կրոն ունենալը ամոթ չեն, և սա չպետք է լինի նվաստացման կամ էլ մեկուսացման պատճառ։ Ես շրջապատում սիրված անձնավորություն եմ, և մարդիկ ինձ սիրում են ոչ թե այն պատճառով, որ ես Քազըմն եմ կամ էլ Սարգիսը, այլ այն պատճառով, որ ես ես եմ։ Եվ եթե իրոք այդպես է, ապա իմաստ չունի, որ ես էլ իմ իրական ինքնությունը թաքցնեմ կամ էլ վախենամ»։ Ինչպես տեղեկացնում է «Իհլաս» լրատվական գործակալության Մալաթիայի բաժանմունքը, երաժիշտը ցանկանում է նոր ձայնասկավառակ թողարկել՝ այս անգամ, սակայն, իր նոր՝ Սարգիս Ներսեսյան անունով և մեկնաբանելով սա ավելացրել է. «Ինձ սխալ մի հասկացեք, այստեղ խտրականություն չկա, ուղղակի իրականում ես այն եմ, ինչ որ կամ»։

Ինչպես տեսնում ենք, այս ծպտյալ հայի՝ ակունքներին վերադառնալու դրդիչ ուժը Հրանտ Դինքի սպանությունն է եղել։ Սա ևս մեկ ծպտյալ հայի խոստովանություն և ինքնաբացահայտում է, սակայն, մեր կարծիքով, անորոշ է Սարգիս Ներսեսյանի՝ որպես բացահայտ հայ Մալաթիայում ապրելու, ապագան։ Եվ ահա, հենց այս անորոշությունն ու վախն են նաև, որ շատ ծպտյալ հայերի դրդում են շարունակել իրենց թաքուն կենսակերպը։

Թուրքիայում ծպտյալ հայերի գոյությունը և նրանց շրջանում տեղի ունեցող գործընթացներն իրողություն են, որոնց վրա չի կարելի աչք փակել, սակայն, միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել այդ ամենում առկա բացահայտ և քողարկված որոգայթները, քարոզչական հնարքները և այլն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր