• am
  • ru
  • en
Версия для печати
11.09.2008

«ՄԵՆՔ ԴԵՌ ԿԱՆՔ»,- ԱՅՍՊԵՍ ԷԻՆ ԳՐԵԼ ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԸ

   

«ГА» թղթակցի հարցերին պատասխանում է բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի ավագ դասախոս, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ Ռուբեն Մելքոնյանը։

Պրն Մելքոնյան, հայագիտությունն ամենից քիչն անդրադարձել է այն հայերին, ովքեր պատմության տարբեր փուլերում, հայոց աշխարհի նախկին տարածքներում կրոնական մեծամասնություն դառնալ փորձող օտար նվաճողների կողմից ենթարկվել են բռնի իսլամացման և ձուլման։ Իսկապե՞ս կրոնափոխման մեթոդը ձուլման ամենակարճ ճանապարհն է, և ինչի՞ հետ է դա կապված։

Դա կապված է այն բանի հետ, որ կրոնական պատկանելությունը գերիշխում է էթնիկ պատկանելության նկատմամբ։ Հատկապես Արևելքում ընդունված է կարծել, թե եթե դու, ասենք, մահմեդական ես, հայ լինել չես կարող, իսկ «հայ» հասկացությունը զուգակցվում է քրիստոնեության հետ։ Ուրեմն, եթե հայը փոխում է կրոնը, նա այլևս չի ընկալվում իբրև հայ։ Հայերի իսլամացումը պատմության ընթացքում գերազանցապես բռնությամբ է կատարվել, թեև հայտնի է, որ որոշակի դեր է խաղացել նաև հարկային ճնշման քաղաքականությունը, որն ստիպել է մարդկանց «սեփական կամքով» կրոնափոխ լինել՝ սովից չմեռնելու համար։ Բռնի իսլամացման արդյունքում հայերի որոշակի խմբեր հեռացել են իրենց արմատներից, և մենք ինքներս՝ հայերս էլ ինչ-որ չափով հեռացել ենք նրանցից՝ իբրև հայերի, որոնք մեզ օտար են դարձել. չէ՞ որ նրանք մահմեդական են։ Տարբեր դարերում իսլամացած հայերի թեման ուսումնասիրվել և ուսումնասիրվում է շատ գիտնականների կողմից։ Բայց կա նաև մի պատմական շրջան, որը շատ քիչ է ուսումնասիրված. խոսքը հայերի իսլամացման մասին է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված ցեղասպանության շրջանում։ Դա հիմնականում պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով՝ փաստական նյութի անհասանելիությամբ, տեղում ուսումնասիրություններ կատարելու հետ կապված դժվարություններով։ Բայց փաստն այն է, որ շատ հայ գիտնականներ ինչպես խորհրդային, այնպես էլ արդեն անկախ Հայաստանի օրոք նշում էին «իսլամացված հայերի» թեմայի հրատապության մասին։

Իսկ այդ թեման ավելի շատ հայագետների՞, թե՞ թուրքագետների ուսումնասիրման իրավասության տակ պետք է գտնվի։

Կարծում եմ՝ այն պետք է գտնվի թուրքագիտության և հայագիտության ուսումնասիրությունների հանգուցակետում. իսլամացված հայերը հիմնականում թուրքերեն կամ քրդերեն են խոսում, ապրում են ներկայիս Թուրքիայի տարածքում, և անհրաժեշտ է թուրքագետ ու ընդհանրապես՝ Թուրքիայի գծով մասնագետ լինել՝ միջավայրը, ուր ապրում են իսլամացված հայերը, համարժեք ուսումնասիրել կարողանալու համար, և միայն նոր դրանից հետո ինչ-որ հետևություններ անել։ Հակառակ պարագայում ուսումնասիրություններն ամբողջական և օբյեկտիվ լինել չեն կարող։

Դուք արդեն 6-7 տարի լրջորեն զբաղվում եք այդ թեմայով... Ի՞նչ հետևությունների եք հանգում ձեր ուսումնասիրություններում։

Նախ՝ խնդիրը պետք է տարբերակել. կան էթնիկ հայեր, ովքեր, ճիշտ է, ժամանակին իսլամ են ընդունել, բայց մինչ օրս էլ շարունակում են գաղտնի պահպանել իրենց էթնիկ, կրոնական պատկանելությունը, հայկական ավանդույթները, սովորությունները՝ դրանք փոխանցելով սերնդեսերունդ։ Տվյալ դեպքում խոսքը, այսպես կոչված, ծպտյալ հայերի մասին է։ Նրանք արտաքնապես թուրք, քուրդ, արաբ են ներկայանում՝ մահմեդականներ, բայց ներքուստ գիտակցում են, որ իրենք հայ են։ Նրանք նշում են, կրկին գաղտնի, քրիստոնեական տոները, Զատիկը, օրինակ, խմբի ներսում կապեր են պահպանում, ամուսնանում են հայ տղայի ու աղջկա հետ։ Նման համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Թուրքիան լրիվ փակ երկիր է՝ կոշտ տոտալիտար համակարգով, որտեղ էթնիկ, մասնավորապես հայությանը, պատկանելության մասին՝ բացահայտ խոսելը բարդ է և ոչ անվտանգ։ Մենք չենք կարող մեղադրել ծպտյալ հայերին նրանում, որ նրանք թրքացել են, դադարել են հայ լինել և իրենց բացահայտ հայ չեն համարում։ Այս խնդիրն այնքան բազմաշերտ է, որ դրան անհրաժեշտ է խիստ կշռադատված ու օբյեկտիվ վերաբերվել։ Այո, ծպտյալ հայերից շատերը կարող են արտաքնապես ժխտել, որ հայ են։ Բայց ներքուստ նրանք հայ են մնում, ունեն հայի ինքնագիտակցություն և գիտակցված ձևով «հայ արմատների հիշողությունը», եթե կարելի է այդպես արտահայտվել, փոխանցում են թոռներին ու ծոռներին։

Որքա՞ն են ծպտյալ հայերը Թուրքիայում։

Այդ խումբը մեծաթիվ լինել չի կարող։ Կոնկրետ թվեր նշել հնարավոր չէ, որովհետև դրանք չկան, բայց հիշատակվող մեկ, երկու, երեք միլիոն թվերը, միանշանակ, չեն կարող վերաբերել ծպտյալ հայերին։ Դա, հնարավոր է, ձուլման ենթարկված հայերի ընդհանուր թիվն է։ Ասեմ, որ վերջին ժամանակներս հայերի այդ խմբում սկսում են ակտիվանալ որոշակի գործընթացներ, որոնք կարելի է կապել թուրքական հասարակության հանրային գիտակցության ներսում կատարվող փոփոխությունների հետ՝ դեպի Եվրամիություն Թուրքիայի ընթացքի ճանապարհին։

Որո՞նք են այդ գործընթացները։

Շատ ծպտյալ հայեր ընդունում կամ ցանկանում են ընդունել քրիստոնեություն և դիմել եկեղեցուն, որպեսզի պաշտոնապես վերադառնան նախնիների հավատքին։ Ամենից հաճախ դա տեղի է ունենում Ստամբուլում։ Ծայրամասերից Ստամբուլ եկած հայերն ամեն կերպ ջանում են հաղորդակցվել հայ համայնքի, եկեղեցու հետ, թեև նման փորձերը միշտ չէ, որ պսակվում են հաջողությամբ, քանի որ չի կարելի ասել, թե համայնքը, ինչպես և եկեղեցին, նրանց գրկաբաց է ընդունում։ Եկեղեցին չի կարող ազատորեն ընդունել բոլոր ծպտյալ հայերին՝ զգուշանալով մեղադրվելուց միսիոներության և այն բանի մեջ, թե թուրքերին քրիստոնեության է կոչում և այլն։ 2000թ., թուրքական աղբյուրների համաձայն, Թուրքիայում պաշտոնապես քրիստոնեություն է ընդունել 2000 մարդ, որոնցից 1340-ը հայեր էին։ Այսինքն՝ թուրքերն ուսումնասիրել էին նրանց ծագումը, բացել արխիվային գրառումները, և պարզվել է, որ մարդը, ում անունն, ասենք, Ահմեդ է, հոր անունը՝ Մեհմեդ, Հսրություն անունով պապ է ունեցել։ Մի խոսքով՝ անհրաժեշտ է կատարվածն ընկալել և ըմբռնել առանց ավելորդ հիացմունքի, բացասական գնահատականների, այլ որքան հնարավոր է անկողմնակալ գնահատելով և հետազոտելով այն, ինչ կա։ Իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիները ծայրահեղ բացասական վերաբերմունք են դրսևորում ինչպես փաստերի, այնպես էլ այն բանի հանդեպ, որ հայ գիտական միտքը փորձում է թափանցել տեղի ունեցող գործընթացների մեջ, բայց եկել է ժամանակը սթափ նայելու իրականությանը, որը՝ ուզում ես անտեսիր, ուզում ես քննադատիր, միևնույն է, կա և դրանից ոչ մի տեղ չես փախչի...

Դուք խոսեցիք իսլամացված հայերի մի խմբի՝ ծպտյալ հայերի մասին։ Ուրեմն, այլ խո՞ւմբ էլ կա։

Այո, կա... Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժամանակ հաճախ կանանց և երեխաների են առևանգել, մասնավորապես՝ հայերի աքսորի ճանապարհներին։ Կանանց բռնի ամուսնացնում էին թուրքերի, քրդերի հետ, երեխաներին ստիպում էին իսլամ ընդունել։ Այս հայերի փոքր հատվածը դարձավ ծպտյալ հայ, այսինքն՝ գաղտնի պահպանեց իր էթնիկ պատկանելության գիտակցությունը և որոշակի չափով հավատարիմ մնաց հայկականությանը՝ նրա ավանդույթներին, սովորություններին, լեզվին։ Բայց մի մասն էլ, ձուլվելով թուրքերին ու քրդերին, գրեթե ամբողջովին ուծացվեց մի քանի սերունդների ընթացքում։ Նրանց երակներում նաև հայի արյուն է հոսում, բայց նրանց հայ անվանելը դժվար է։ Գուցե նրանց մեջ դեռ արթուն է իրենց հայկական արմատների մասին հիշողությունը, բայց իրենք իրենց հայ չեն համարում։ Սակայն այս խմբում ևս գործընթացներ են տեղի ունենում, որոնք վկայում են այն մասին, որ էթնիկ ինքնագիտակցության, իրենց իսկական արմատները ճանաչելու և դրանց հաղորդակցվելու ձգտում կա։ Այսօր Թուրքիան լուրջ հիմնախնդրի առջև է կանգնած, որը մասնագետները էթնիկ ինքնության ճգնաժամ են համարում։ Մարդիկ, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքի մեծ մասն ապրել են իբրև թուրքեր, մահմեդականներ, հանկարծ պարզում են, որ իրենց նախնիները հայեր են եղել։ Ընդ որում՝ մանկուց նրանք դաստիարակվել են հակահայ ոգով, ցեղասպանությունը ժխտելու ոգով և այլն։ Պատկերացնո՞ւմ եք, ներքին ինչ վիճակի կարող է հասցնել մարդուն այն հայտնությունը, որ ինքը պատկանել է մի աշխարհի, որը ժխտել է դեռ մանկուց։ Ոմանք հոգեբանորեն մեկուսանում են, մյուսներն ավելի շատ են վախենում հայերից, երրորդները վերադառնում են հայկականության գիրկը... Եթե թերթենք «Ակօս» թերթը, կարելի է «ապրում եմ այսինչ գյուղում, պարզել եմ, որ տատս հայ է, որ ապրել է այսինչ տեղը, փնտրում եմ ազգականներիս...» տիպի հարյուրավոր հայտարարություններ գտնել։ Այսինքն՝ ճգնաժամի ժամանակ մարդ փորձում է հենարան գտնել արմատներում։

Հետաքրքիր է, որ թուրքերն այս խնդրին խիստ որոշակի ձևով են մոտենում... Իբր՝ ծածուկ հայերը դավաճաններ են, հինգերորդ շարասյուն երկրի ներսում, պոտենցիալ սպառնալիք Թուրքիայի համար, իբր՝ կանցնի մի քանի տարի, և ծպտյալ հայերն ապստամբություն կբարձրացնեն, ինքնորոշում կպահանջեն։ Չէ՞ որ դա անհեթեթություն է։

Իհարկե... Հասկանո՞ւմ եք, կա հիմնախնդիր, այն ուսումնասիրություն է պահանջում, լուրջ ուսումնասիրություններ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմերից։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք առաջին հերթին պետք է հասկանանք. կա հայության մի հատված, որը մեզնից տարբերվում է աշխարհայացքով, կրոնով, կենցաղով։ Նրանց չի կարելի ժխտել և դիտել որպես մեթոդ, որի օգնությամբ կարելի է ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծել. չէ՞ որ խոսքը մարդկանց մասին է, ընդ որում՝ այնպիսի մարդկանց, որոնց հոգեբանությունը խաթարված է սարսափազդու տրավմատիկ հիշողություններով, որոնք ապրում են մշտական սթրեսի մեջ։ Պատկերացրեք՝ իմանալ ցեղասպանության մասին, այն մասին, որ հայ ես, թոռը (կամ թոռնուհին) նրանցից մեկի, ով հրաշքով փրկվել է կոտորածից, իմանալ, որ քրիստոնյա ես և թաքցնել այդ ամենը՝ արտաքին աշխարհին մահմեդական ներկայանալով... Այդ մարդիկ երկու աշխարհում են ապրում, դա հեշտ բան չէ։ Թուրքական մամուլին տված իմ հարցազրույցներում ես ասել եմ, որ երկրում, որը փորձում է անդամակցել Եվրամիությանը, մարդիկ պետք է հնարավորություն ունենան ազատորեն խոսել իրենց էթնիկական պատկանելության մասին։ Անհնար է XXI դարում ստիպել մարդուն մոռանալ իր արմատները։

Լավ, ինչ վերաբերում է թուրքերի դիրքորոշմանը «ծպտյալ հայերի» նկատմամբ, դա, ըստ էության, կարելի է հասկանալ։ Բայց դուք ասացիք, որ նրանց հաճախ չեն ընդունում հարազատ համայնքն ու եկեղեցին։ Դա ինչո՞վ բացատրել։

Բանն այն է, որ Ստամբուլի հայկական համայնքը բավական սնոբիստական է. մարդիկ են, որոնց համար կարևոր է ապրել հեղինակավոր շրջանում, հանգստանալ Մարմարա ծովի ափին և խնդիրներ չունենալ։ Նրանք իրենց աշխարհն ունեն, և հեռավոր գյուղերից եկած հայրենակիցները՝ միայն իրենց հայ լինելու հիշողություններով ու համայնքի մաս դառնալու բուռն ձգտմամբ, նրանց ծրագրերի մեջ չեն մտնում։ Նրանք ամեն ինչով են տարբերվում. հագուստով, պահվածքով... անգամ եկեղեցում Պատարագի ժամանակ (ես իմ աչքով եմ դա տեսել) առանձին են նստում։ Նման վերաբերմունքը կոտրելու համար ժամանակ է պետք և շատ ջանքեր։ Մեկ ամիս առաջ ես վերադարձա Սասունից... Այնտեղ, գյուղերում, քաղաքակրթության հետք չկա, ճանապարհներ չկան, էլեկտրականություն, դպրոցներ չկան, մարդիկ ապրում են ասես XIX դարում, հին հայկական տներում։ Մենք սարերը բարձրացանք և գյուղերում հայերի հանդիպեցինք։ Պատկերացնո՞ւմ եք մեր զարմանքը, երբ գյուղացիներին ողջունեցինք թուրքերենով (արտաքինից ոչ մի կերպ գլխի չես ընկնի, որ հայ են), իսկ նրանք մեզ պատասխանեցին հայերեն՝ Սասունի մաքրագույն բարբառով։ Նրանք կտրված են քաղաքակրթությունից, ապրում են սարերում՝ պահպանելով լեզուն, ավանդույթները, սովորությունները։

Բայց գաղտնի...

Այո... Թեև սասունցիներն այսօր աստիճանաբար ձայն են բարձրացնում։ Նրանք Ստամբուլում Սասունցիների միություն են ստեղծել և դիմել են թուրքական համապատասխան ատյաններին՝ վերականգնելու համար Սասունի տարածքի ավերված հայկական եկեղեցիները։ Այստեղ նաև հայկական գերեզմանատուն կա, որը կադաստրում ներկայացնում են որպես անտառ, դաշտ և այլն. ոչ մի խոսք հայերի մասին։ Ահա, ուրեմն, սասունցիները պահանջեցին, որ կադաստրում գրանցեն, որ գերեզմանատունը և եկեղեցիները պատկանում են հայերին։ Իսկ երբ պատասխան ստացան, թե իբր եկեղեցիներն ավերվել են, որովհետև հայերը լքել են այս վայրերը, սասունցիները բարձրացրին այն պատճառների հարցը, որոնք ստիպել են իրենց նախնիներին լքել հարազատ վայրերը և միաժամանակ պաշտոնապես հայտարարեցին, որ հայերը դեռ ապրում են այս տարածքում։ «Մենք դեռ կանք»,- այսպես էին գրել սասունցիները։ Ես անձամբ Սասունի տարբեր գյուղերում տեսել եմ հայերի, առաջին հայացքից՝ լրիվ իսլամացած թվացող, ովքեր, այնուամենայնիվ, պահպանում են քրիստոնեական ավանդույթը, տոնում քրիստոնեական տոները... Էլի մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ մեզ հետ Սասունի գյուղերից մեկում, որտեղ մեզ կրկին հայերենով ողջունեցին։ Մեր խմբում կային սասունցիներ, ովքեր եկել էին, որ գտնեն իրենց նախնիների գյուղը։ Տղաներից մեկն ասաց, թե նա Ասատուրի թոռն է և փնտրում է պապի տունը։ Պատկերացնո՞ւմ եք, նա ոչ միայն պապի տունը գտավ, այլև ազգականներին, ովքեր մինչև օրս էլ այնտեղ են ապրում... Եվ էլի ինչն է հետաքրքիր. մարդկանց անունները, բոլորինը, իհարկե, մուսուլմանական են, բայց տանը շատերին հայկական անուններով են կանչում։ Հայկական գյուղերը բոլորն անվանափոխված են, թուրքական անուններ ունեն, բայց ժողովրդի մեջ նախկինի պես դրանք հայկական անուններով են կոչվում։ Օրինակ, Մուշում Ցրոնք գյուղը վերանվանվել է Քրքե, բայց ճանապարհին հանդիպեցինք մի հովվի ու հարցրինք, թե ինչպես Ցրոնք գնանք, նա առանց տատանվելու բացատրեց մեզ...


դեպի ետ