ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻ ՀԵՏ
- Ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունները Սիրիայի հետ:
- Սիրիան, ինչպես և արաբական մի քանի երկրներ, մտնում են Հայաստանի պատմամշակութային տարածքի մեջ: Այդ տարածքի մեջ է մտնում Բիլադ Աշ-Շամը, այսինքն` պատմաաշխարհագրական Սիրիան` ներկայիս Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Հորդանանը, ինչպես նաև Իրաքը, իսկ Հյուսիսային Աֆրիկայից` հիմնականում Եգիպտոսը, այլ կերպ ասած` 5-6 երկրներ, որոնք Հայաստանի հետ ունեցել են պատմամշակութային դարավոր կապեր, ընդհանուր պատմություն: Հայաստանը երկուսուկես դար եղել է Արաբական խալիֆայության և շուրջ չորս դար, արաբների հետ միասին, Օսմանյան կայսրության կազմում: Փաստորեն, արաբների հետ տարբեր աշխարհակալությունների կազմում ենք եղել: Տարածաշրջանում դեռևս շատ վաղուց` V դարից եղել են հայկական գաղութներ:
Պատմական այս իրողությունները որոշակի դեր են խաղացել անկախ Հայաստանի և արաբական երկրների, մասնավորապես` Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում: Կար բարենպաստ վիճակ, պարարտ հող` համագործակցության համար: Հայաստանի անկախացումից հետո Սիրիան աշխարհում երրորդ երկիրն էր, որտեղ, հաշվի առնելով նաև հայկական համայնքի գործոնը, 1992թ. ապրիլին Դամասկոսում բացվեց Հայաստանի դեսպանություն, իսկ 1993թ. մարտին` Հալեպում գլխավոր հյուպատոսություն: Անցած տարիներին ձևավորվեց երկկողմ համագործակցություն իրականացնելու իրավապայմանագրային դաշտ: Այսօրվա դրությամբ, մենք ունենք տասնյակ պայմանագրեր, միջպետական և միջկառավարական գործնական ծրագրեր, համագործակցությունը ներառում է բազմաթիվ ուղղություններ:
1997-ին Սիրիան դեսպանություն բացեց Երևանում, և Հայաստանի իշխանությունները, որպես նվեր, Սիրիայի դեսպանատանը հատկացրին Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը:
Համագործակցության ամենաթույլ կետերից մեկը, սակայն, առևտրատնտեսական ոլորտն է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը շատ փոքր է, տարեկան $1,5-2 մլն: Դրա համար կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Գլխավոր պատճառներից մեկը հայ-թուրքական հարաբերություններն են` սահմանի փակ լինելը, ցամաքային և ծովային անմիջական ճանապարհի բացակայությունը: Օդային կապով սիրիական և հայկական ավիաուղիները շաբաթական մեկական չվերթ են իրականացնում: Օդային փոխադրումները, հասկանալի պատճառներով, իրենց շատ չեն արդարացնում: Հիմա ջանքեր են գործադրվում վերաշխուժացնելու առևտրատնտեսական կապերը, փորձում ենք փոխադարձ ցուցահանդեսներ կազմակերպել: Սիրիան անկախ Հայաստանի համար հայտնաբերված առաջին շուկաներից մեկն էր, հետո ի հայտ եկան այլ շուկաներ: Ամեն պարագայում, Սիրիան այն առաջնային երկրներից է, որ կարող է էժան ապրանքներ ներմուծելու հնարավորություն ստեղծել: Ձևավորված է հայ-սիրիական գործարար խորհուրդը, որը դեռ չի սկսել լիարժեք գործել: Անցած տարի Դամասկոսում տեղի ունեցավ հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը: Այս տարի ծրագրվում է հինգերորդը Երևանում:
- Ինչպիսի՞ն է հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարը։
- Սիրիայի հետ Հայաստանը քաղաքական հարցեր չունի: Մենք գուրգուրանքով ենք մոտենում Հայաստան-Սիրիա, Հայաստան-Արաբական աշխարհ հարաբերություններին: Ինչպես Արաբական աշխարհի, այնպես էլ Սիրիայի հետ երկկողմ հարաբերությունները կառուցված են փոխադարձ շահերի վրա: Հայաստանը Սիրիայի հետ քաղաքական երկխոսության մեջ է, կողմերի միջև ժամանակ առ ժամանակ անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ:
Կարծում եմ, 2008-ին հայ-սիրիական հարաբերություններում կարևոր կլինի համագործակցությունը հատկապես առողջապահության, մշակույթի և կրթության ոլորտներում: Առողջապահության ոլորտում ունեցած պայմանավորվածության համաձայն` Հայաստանից Սիրիա կժամանեն տարբեր ոլորտի մասնագետներ։ Այս տարի Սիրիան Հայաստանին ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ութ տեղ է հատկացրել: Բացի այդ, հայաստանցի շուրջ քսան ուսանող կարող է սովորել Դամասկոսի Արաբերեն լեզվի ուսուցման ինստիտուտում, և տասը` Դամասկոսի համալսարանում:
Կարևոր եմ համարում 2008թ. նոյեմբերի 10-16-ը Սիրիայում անցկացվելիք Հայաստանի մշակութային օրերը: Անցկացվելու են հեղինակային, ժողովրդական խմբերի համերգներ, որոնց մեջ կառանձնանա Հայաստանի պարի պետական անսամբլը, որին արաբները միշտ էլ բարձր են գնահատել: Միջոցառումները նախ սկսվելու են Դամասկոսում` օպերայի շենքում, ապա շարունակվելու են Լաթաքիայում, Հալեպում և Ղամիշլիում:
Հույս ունեմ, որ մինչև Նոր տարի Հայաստանի դեսպանատունը կտեղափոխվի Սիրիայի կառավարության կողմից փոխադարձության սկզբունքով իրեն հատկացված նոր շենքը, որը գտնվում է Դամասկոսի Մազզե Ղարբիյե թաղամասում: Դեսպանատան շենքի հարցը երկար տարիներ առկախ էր մնում: Ինձնից առաջ այս ուղղությամբ զգալի ջանքեր է գործադրել Սիրիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Սարգսյանը:
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականության արաբական-իսլամական ուղղությունը:
- Կարծում եմ, արաբական ուղղությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն: Այն պետք է էլ ավելի ակտիվացնել, քանի որ այս տարածաշրջանում են մեր հաջողությունները, մարտահրավերներն ու սպառնալիքները:
Հայաստանը հստակ դիրքորոշում ունի արաբական խնդիրների, այդ թվում` պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման և արաբա-իսրայելական հարցի վերաբերյալ:
Հայաստանը պետք է ձգտի աշխատել բոլոր արաբական երկրների, արաբական-իսլամական կազմակերպությունների, այդ թվում` Իսլամական կոնֆերանս կազմակերպության հետ: Կան մի քանի իսլամական պետություններ` Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Բանգլադեշը, որոնք հայտնի պատճառներով Հայաստանի հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ: Սակայն կան Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ շատ երկրներ, այդ թվում` արաբական, որոնց հետ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի: Անհրաժեշտ է, որպեսզի հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք մեր քաղաքականության մեջ արաբական ուղղությունը հավասար տեղ ունենա: Սա իմ անձնական կարծիքն է, մանավանդ որ մեզ համար լարվածության նոր շրջան է սկսվում այն առումով, որ Դամասկոսում Ադրբեջանի դեսպանություն է հիմնվել: Բնականաբար, իրենք կսկսեն քարոզչությունը, և մենք էլ պետք է համարժեքորեն հակադարձենք` շարունակելով մեր քարոզչությունը:
Շատ կարևոր է, որ այսօր Հայաստանը համագործակցում է Արաբական պետությունների լիգայի հետ: Այս տարվա հունիսին Հայաստանը Արաբական պետությունների լիգայում ունեցավ մշտական ներկայացուցիչ: Սա կարևոր քայլ էր մեր կողմից: Հուսանք, որ ապագայում մյուս կազմակերպություններում էլ կունենանք մեր ներկայացուցիչը:
- Պարոն դեսպան, հատկանշական է, որ Հայաստանում արաբագիտությունը բավական զարգացած ակադեմիական ուղղություն է: Բացի այդ, թե՛ Երևանի պետական համալսարանը, թե՛ այլ, այդ թվում` մասնավոր մի շարք բուհեր ունեն արաբագիտության բաժիններ: Արդյո՞ք Սիրիայում էլ կան հայագիտական հաստատություններ:
- Իսկապես, Հայաստանում մեծ հետաքրքրություն կա արաբական աշխարհի նկատմամբ, սակայն արաբական աշխարհում դա այնքան էլ համարժեք չէ: Հայաստանում արևելագիտությունը սկսել է զարգանալ դեռևս անցյալ դարի 20-ականներից։ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում կար արևելյան բանասիրության բաժին, իսկ 1968թ. արդեն ձևավորվեց արևելագիտության ֆակուլտետը։ 1958-ին Գիտությունների ազգային ակադեմիայում բացվեց Արևելագիտության սեկտորը, որը 1971-ին վերածվեց ինստիտուտի, որի ներսում սկսեց գործել արաբական երկրների բաժինը:
Սիրիայում միայն անցյալ տարի հայագիտությունը զարգացնելու ուղղությամբ քայլեր արվեցին: Հայագիտությունը, որպես այդպիսին, արաբական աշխարհում զարգացած չի եղել, բացառությամբ առանձին անհատների, ովքեր զբաղվել են դրանով: Նրանցից են` Եգիպտոսից Հասան Հաֆիզը, իսկ Սիրիայից` Նիզար Խալիլին և ուրիշներ։ Վաղուց էր հասունացել Սիրիայում հայագիտական կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից այդ ուղղությամբ աշխատանք է տարվել: Այդ հարցով խոսել եմ փոխնախագահ Նաջահ Ատարի, ով կանոնակարգում է կրթության և գիտության ոլորտը և Դամասկոսի համալսարանի ռեկտորի հետ: Եվ ահա վերջերս Հալեպի համալսարանում բացվեց հայոց լեզվի ուսուցման կենտրոն: Որոշվեց, որպեսզի դասավանդումը, այնուամենայնիվ, իրականացվի ոչ թե արևմտահայերենով, այլ արևելահայերենով, որը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, և կարծում եմ` դա ճիշտ որոշում է: Առհասարակ, այդքան սերտ ապրելով` արաբները և հայերը կարիք ունեն միմյանց ճանաչելու: Ի վերջո, ամեն ինչ փոխադարձ պետք է լինի: Սա ես համարում եմ մեր հաջողությունը:
- Ինչպիսի՞ն է Ձեր տեսանկյունից արդի սիրիահայ համայնքը:
- Սիրիահայ համայնքը կայացած, ավանդական համայնք է, իր ենթակառուցվածքներով, տարաբնույթ հաստատություններով: Սիրիահայերը երկրում լավ համարում, ճանաչում և հեղինակություն ունեն: Երկրի բարձրագույն ղեկավարությունից` նախագահից մինչև վերջին մարդը, միանշանակ դրականորեն են արտահայտվում նրանց մասին` որպես նվիրյալ, օրինապաշտ, լիիրավ քաղաքացիներ: Կա կարևոր մի հանգամանք ևս. հայը նախկին գաղթականը չէ, այլ Սիրիայի ներքին կյանքի ամենաակտիվ մարդը:
Հայության նկատմամբ դրական կարծիքը ձևավորվել է դարերի ընթացքում: Երբ ասում ենք սիրիահայ համայնք, նկատի չունենք միայն հետցեղասպանության շրջանը: Սիրիան պատմական Հայաստանի անմիջական սահմանակից տարածք է եղել, ուր հայությունը, վաղ անցյալից առևտրատնտեսական և մշակութային սերտ կապեր է ունեցել հարևան երկրների հետ: Հայերին, ովքեր վաղուց են բնակվել այստեղ, անվանում են արման կադիմ (հին հայեր)։ Դրանց մի մասը կաթոլիկ, արաբախոս հայեր են:
Այստեղ հայերն ապրում են ներքին մշակութային աշխույժ կյանքով, հայախոս են, կան ազգային դպրոցներ ու միություններ:
- Ինչպիսի՞ն է Հայաստանի դեսպանության մոտեցումը դամասկոսահայ համայնքի նկատմամբ: Առհասարակ, ի՞նչ քայլեր են արվում սիրիահայ ազգային կյանքն աշխուժացնելու և համայնքը համախմբելու ուղղությամբ:
- Սփյուռքը վիրավոր օրգանիզմ է, որի նկատմամբ պետք է լինել հավուր պատշաճի ուշադիր: Մենք Սփյուռքին միշտ էլ ինչ-որ բան ունենք տալու:
Սիրիահայերի հետ հարաբերություններում ամենակարևորը մարդկային ջերմ վերաբերմունքն է, և ոչ թե խորհրդային շրջանին բնորոշ հրահանգներով գործելը կամ ինչ-որ բան ակնկալելը: Նրանք, ի վերջո, մեր քաղաքացիները չեն: Մենք, որպես դեսպանություն, կարող ենք ընդամենը օգտակար լինել նրանց Հայաստանի հետ կապված հարցերում: Մնացածը, այդ թվում՝ նրանց ներքին կյանքին միջամտելը, անթույլատրելի է: Դեսպանությունը փորձում է միավորիչ դեր կատարել, համախմբել համայնքը Հայաստանի դրոշի, Հայրենիքի, Հայության գաղափարի շուրջ: Դա է մեր քաղաքականությունը: Դեսպանության միջոցառումներին հայկական բոլոր միություններին, այդ թվում` կաթողիկե և ավետարանական, հրավերներ ենք ուղարկում:
Ընդհանրապես, Սիրիան յուրահատուկ, կրոնադավանական և էթնիկ բարդ խճանկար ունեցող երկիր է: Մենք այստեղ ունենք հայության որոշակի հատված, որը հայախոս չէ: Դա Ղամիշլիի հայ համայնքն է, որ հիմնականում քրդախոս ու արաբախոս է:
Մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Դեյր-Զորի շրջանը: Այստեղ կան արաբացած, սակայն հայկական արմատներ ունեցող մարդիկ: Հայոց ցեղասպանության տարիներին հայ որբ երեխաներից շատերին տեղացի արաբները որդեգրել են, ապա` ամուսնացրել: Շատերը մորական կողմից հայ են և հետաքրքրվում են իրենց արմատներով: Պատահական չէ, որ երբ տեղացիները հայ են տեսնում, նրանց անվանում են խալո, այսինքն` քեռի: Եվ մենք պետք է աջակցենք այդ մարդկանց: Այս շրջանի հայությունը տարբերվում է քաղաքաբնակ հայերից, որոնք պահպանում են իրենց ավանդույթները, կանոնակարգում իրենց կյանքը, մշատական կապեր ունեն Հայաստանի հետ:
Սիրիահայ համայնքում ազգային կյանքն աշխուժացնելու տեսանկյունից շատ կարևոր է արբանյակային կապը, որը հնարավորություն է տալիս դիտել Հ1-ը: Կարևորագույն ոլորտներից է ազգային կրթությունը: Վերջերս պաշտոնական այցով Սիրիա էր ժամանել Հայաստանի կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ով հանդիպումներ ունեցավ համայնքի կրթության ոլորտի պատասխանատուների հետ։ Կարծում եմ, որ Հայաստանից մեթոդաբանական օգնության, նաև դասագրքերի հետ կապված աջակցության կարիք կա: Լուրջ խնդիր է ազգային կադրերի պատրաստումը: Հայաստանում օգոստոսին կազմակերպվեցին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման անվճար դասընթացներ, որոնց մասնակցեցին նաև առանձին սիրիահայեր։ Սակայն անելիքներ, անշուշտ, դեռ կան:
դեպի ետ