ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Մահիր Օզքան
Թուրքիայում բնակվող համշենցի Մահիր Օզքանին կարելի է համարել համշենական մտավորականության ներկայացուցիչ։ Ներկայումս նա զբաղվում է մանկավարժությամբ եւ դասավանդում դպրոցում։ Վերջերս թուրքական մամուլում տպագրված նրա հոդվածը, որը վերաբերում է համշենցիների ինքնության խնդիրներին, որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ։
Համշենցիները ժողովուրդ են, որ պատմության ընթացքում մի շարք տրավմաներ են կրել։ Անմիջականորեն իրենց հետ եւ իրենց շուրջ զարգացող դեպքերի ազդեցությունը կրում են որպես մի մեծ բեռ։ Սրա ամենակարեւոր ապացույց պետք է համարել համշենցիների ինքնության հետ կապված` նույնիսկ ամենափոքր քննարկման ժամանակ, նրանց ցուցաբերած արձագանքը։ Համշենցիները, ձուլման գործընթացին զուգահեռ` ինքնության լուրջ ձեւափոխում են ապրում։ Համշենցու համար մուսուլմանություն ընդունելը առաջին մեծ տրավման էր, երկրորդը` 1915թ. կոտորածը։ Երրորդը, կարելի է ասել, Համշենից արտագաղթերի առաջացրած մասնատվածությունը եղավ։
Այս ամենը գումարվեց Թուրքիայի Հանրապետության` բոլոր ինքնությունները մերժող եւ Օսմանյան կայսրության մնացուկ այն հասկացության հետ, համաձայն որի` բոլոր մուսուլմաններին թուրք են համարում։ Եթե դրան ավելացնենք այն փաստը, որ համշենցիներին հայ են կոչում` որպես հայհոյանք, ապա պարզ կդառնա, որ համշենցիները, համեմատաբար փոքր ժողովուրդ լինելով, գրեթե չէին կարող ինքնության վերափոխում չապրել։
Համշենցիները ոչ միատարր նկարագիր ունեն։ Մինչ օրս Համշենի պատմության եւ մշակույթի մասին արված հետազոտություններից պարզ է դառնում, որ դրա պատճառը, պատմական լինելուց ավելի, սոցիալ-հոգեբանական է։
Համշենցիների ինքնության դրսեւորումները
Ձուլված ինքնություն. Այս խումբն առավելապես կորցրել է կապն իր մշակութային արժեքների հետ կամ էլ դրանք պահել, սակայն լոկ պարզ բանահյուսական մակարդակով։ Ինտեգրված են թուրք ժողովրդի հետ։ Նրանց զգալի մասը սկսել է ապրել մեծ քաղաքներում։ Այս խմբի մեծ մասը Ռիզե Համշենից (Բաշ Համշենից) է, սակայն կարելի է հանդիպել Համշենի այլ վայրերում եւս։ Նրանք իրենց առավելապես թուրք են համարում եւ ապրում են որպես թուրքեր։ Այս խմբում Էթնիկ ծագման մասին առկա է տգիտության հասնող լուրջ անտեղյակություն։ Ոմանց մեջ եթե հոգու խորքում դեռեւս հայկական ծագման վերաբերյալ աղոտ մտքեր կան էլ, ապա ձգտում են արագ ձերբազատվել դրանցից եւ տեղավորվել մուսուլման թուրքի ինքնության մեջ։
Մերժողական ինքնություն. Իրենց հայկական ինքնությունը գաղտնի իմանալով հանդերձ` արտաքին աշխարհին, իրենց երեխաներին ու շրջապատին գիտակցաբար սուտ են ասում։ Թաքցված ինքնություն է եւ հակված է ձուլվելու, սակայն դեռ շատ ուժեղ մշակութային կապերի պահպանումը խանգարում է լիակատար ձուլմանը։ Այս խմբում կան նաեւ միկրոազգայնական հայացքների ձեւավորման նախադրյալներ։ Այս ինքնությունը Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելով` երբեմն վերափոխվում է թուրքական ազգայնականության եւ վերածվում միկրոազգայնական համշենցու։ Այս հակասությունները միեւնույն ժամանակ ցույց են տալիս, որ խմբում դեռեւս առկա է առերեսվելու եւ հակասություններից ձերբազատվելու հնարավորություն։ Սա համշենցիների ամենամեծաթիվ խումբն է, եւ հնարավոր է հանդիպել բոլոր տեղերում, որտեղ ապրում են համշենցիներ։
Անտարբեր ինքնություն. Ինքնություն, որը տարբեր պատճառներով չի հետաքրքրվում խնդրով (հայկական ծագմամբ- Ռ.Մ.)։ Նրանք գիտեն իրենց հայկական ծագման մասին եւ ընդունում են, սակայն անմիջապես, հայտնի փաստարկներով, ձգտում են ազատվել այս ինքնությունը կրելու բեռից։ Ամենակարեւոր եւ տարածված փաստարկներից մեկը հետեւյալն է. «Անատոլիայում ապրող մի շարք ժողովուրդներ կային, եւ նրանք բոլորը միասին ազատագրական պատերազմ են վարել եւ ձեւավորել թուրք ազգը։ Ինչ ծագում ուզում ես ունեցիր` արդեն սա ոչ մի նշանակություն չունի»։ Այս արտահայտությունը, որն ավելի շատ միտված է մերժողականությանը փոքր-ինչ խելամիտ երանգ հաղորդելուն, որքան էլ զարմանալի է, տարածված է մտավորական շրջանակներում։ Տարածված է նաեւ այն միտքը, որ իմաստ չունի էթնիկ ինքնությունն առաջ տանել. ավելի մեծ խնդիրներ ունենք, կարեւորը տնտեսությունն է, գործազրկությունը, նախ` թող փորդ կուշտ լինի, ինքնությունը կարեւոր չէ։ Իրականում սրա բուն նպատակը հարցի ծանրությունից խուսափելն է, քանի որ տնտեսության հետ կապված դժվարությունները մյուս հարցերը չեն վերացնում։
Մյուս տարածված տեսակետը, որը ժխտողականությունը եւ անտարբերությունը մեղմելուն է միտված, գործածվում է հատկապես կրոնական կրթություն ստացած հատվածի կողմից, այն է` բոլորս մուսուլման ենք։ Ըստ նրանց, կարող ես ունենալ հայկական էթնիկ ծագում, սակայն կարեւորը ոչ թե էթնիկ, այլ կրոնական ինքնությունն է։ «Բացի այդ, մենք հայերից ավելի շատ թուրքերին ենք նման»,–գտնում են նրանք։ Այս արտահայտությամբ եւս ձգտում են մեղմել ժխտումը։ «Օրինակ, պատմության ընթացքում երբեք իսլամը յուրացրած հայ ժողովրդի չենք հանդիպել, հակառակը` գիտենք, որ նրանք մուսուլմանների եւ իսլամի դեմ թշնամական մոտեցում են որդեգրել։ Մինչդեռ մենք` համշենցիներս, փառք Աստծո, մուսուլման ենք եւ մուսուլման էլ կմնանք»։ Ի վերջո, հայկական ծագում ունենալու մասին իրականում տեղյակ այս խումբը տարբեր ձեւերով հասնում է էթնիկ ծագմանը կարեւորություն չտալուն եւ ժխտելուն։ Սակայն նրանց մեջ անհանգիստ հոգեվիճակը շարունակաբար զգացվում է։
Առերեսման պատրաստ ինքնություն. Սա մի ինքնություն է, որն իր ծագման մասին որեւէ տեղեկություն իմանա, թե չիմանա էլ` պատրաստ է ընդունել իր ինքնությունը։ Նպատակն է` իմանալ իրականությունը։ Ցանկանում է ինքնարտահայտվել` իրեն ստիպված չհամարելով թաքցնել ինքն իրեն կամ տարբեր դերերի մեջ մտնել։ Նույն կերպ ցանկանում եւ պաշտպանում է նաեւ բոլոր ժողովուրդների ազատ ինքնարտահայտվելու իրավունքը։ Ինքն իրեն արտահայտելը համարում է ոչ թե ազգայնականություն, այլ եղբայրաբար համատեղ ապրելու պայման։ Հավատում է, որ բարդույթներ չունեցող, իրենց անցյալի հետ առերեսված մարդիկ եւ հասարակությունները կարող են առողջ ապագա ստեղծել։
Եզրակացություն
Սեւ ծովն արդեն սկսել է ինքն իր հետ առերեսվել։ Արդեն մեր ժողովուրդը` իր երաժշտությամբ, փառատոներով, ինտերնետով եւ այլ միջոցներով ինքնարտահայտվում է։ Սակայն դեռեւս մեր ամենակարեւոր խնդիրն անտեղյակությունն է։ Համշենցիները րոպե առաջ պետք է հրաժարվեն իրենց ինքնությունը ժխտելուց եւ լծվեն կորստի եզրին հասած մշակութային տարրերը հավաքելու, իրենց արժեքները փրկելու գործին։
դեպի ետ