«ՆԵՐՔԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ» ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ
Հայտնի է, որ փոքրամասնությունների եւ էթնիկ ինքնության խնդրի նկատմամբ Թուրքիայում կա զգայուն մոտեցում, եւ սա բնական է մի երկրի համար, որն ունի նման խառնիճաղանջ էթնիկ նկարագրով բնակչություն։ Ինքնության մասին քննարկումները Թուրքիայում բավական լայն տարածում են գտնում, որոնց հանդեպ պետական տարբեր պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ փորձում են վերաբերմունք դրսեւորել եւ այդպիսով` նաեւ յուրահատուկ լուծումներ առաջադրել։ Նման դեպքերից հատկապես կցանկանայինք առանձնացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից հրապարակ նետված այն թեզը, համաձայն որի` Թուրքիայի քաղաքացիները կարող են ունենալ երկու ինքնություն` վերին եւ ներքին։ Վերին ինքնությունը խորհրդանշում է քաղաքացիությունը, իսկ ներքինը` էթնիկ ծագումը։ Հարկ է նշել, որ այս մասին Էրդողանը հրապարակավ արտահայտվել է քանիցս: Oրինակ, մեջբերենք 2005թ. նոյեմբերին Շըրնաքում արած նրա հետեւյալ հայտարարությունը. «Իշխանությունները երեք կարմիր գիծ ունեն` էթնիկ, տեղային եւ կրոնական ազգայնականություն։ Առաջինը էթնիկ ծագման հենքով ազգայնականությունն է, եւ սա մենք վերացնելու ենք։ Թուրք, քուրդ, չերքեզ, լազ` բոլորս Թուրքիայի Հանրապետության քաղաքացու վերին ինքնության հովանու տակ մեկ եւ միասնական ենք լինելու։ Ներքին ինքնություններին հարգանք ենք տածելու, սակայն բոլորիս վերին ինքնությունը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունն է»։ Էրդողանը, վերին ինքնության իր միտքը զարգացնելով, ասել է, որ Թուրքիայում կան մոտ 30 էթնիկ խմբեր, որոնց վերին ինքնությունը Թուրքիայի քաղաքացիությունն է։ «Սխալ է, օրինակ, մեր քուրդ քաղաքացիներին ասել` դու քուրդ չես, թուրք ես, նույնը վերաբերում է նաեւ լազին, վրացուն, չերքեզին, աբխազին, ալբանացուն, բոսնիացուն եւ այլն»,–հայտարարել է Էրդողանը։ Կամ` 2005թ. նոյեմբերի 20-ին Շեմդինլիում Էրդողանի արտահայտած հետեւյալ միտքը. «Թուրքը պետք է կարողանա ասել ես թուրք եմ, քուրդը` քուրդ եմ, լազը` լազ եմ, չերքեզը` չերքեզ եմ, մեր բոլորիս վերին ինքնությունը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունն է»։
Ի դեպ, «վերին ինքնության» մասին Էրդողանի արտահայտած միտքը նմանություն ունի պանօսմանիզմի գաղափարի հետ, համաձայն որի` Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիները համարվում էին օսմանցի։
էթնիկ ինքնության հարցի հետ է ուղղակիորեն առնչվում նաեւ տասնամյակներով թուրքական քաղաքական դիսկուրսում առկա հետեւյալ հարցը` Թուրքիան իր բազմէթնիկ բնակչությամբ ինչպիսի՞ պետություն է` մոզաի՞կ, թե՞ մարմարե։ «Մոզաիկ պետությունը» առաջին հերթին ենթադրում է երկրում ապրող տարբեր էթնիկ խմբերի գոյության ընդունում եւ սրանից բխող որոշ այլ հարցեր եւս (օրինակ` ազգային մշակույթի, լեզվի հանդեպ հարգանք եւ այլն)։ «Մարմարե պետությունը» ենթադրում է միատարր, այն է` թուրքական պետություն ամեն առումով, եւ սա էլ, իր հերթին, գրեթե մերժում է այլ էթնիկ խմբերի գոյությունը եւ Թուրքիայում բնակվող բոլոր ազգերին համարում թուրք։ Էրդողանի հայտարարությունը տպավորություն է ստեղծում, թե նա պաշտպանում է «մոզաիկ պետության» տարբերակը, ինչի մասին նա նույնիսկ հայտարարել է։ Այս քննարկումների ընթացքում արտահայտվեցին անգամ իրավաբաններ. օրինակ, Թուրքիայի Ազգային ժողովի սահմանադրական հանձնաժողովի նախագահ Բուրհան Քուզուն հետեւյալ կարծիքն արտահայտեց. «Թուրքիան նման է մարմարի, սակայն մարմարը տարբեր երանգներ ունի, որոնցից մեկն է լինում գերակա, եւ Թուրքիայում հենց թուրքական երանգն է գերակշռում»։
Վերին եւ ներքին ինքնության խնդիրը գնալով մեծ ծավալներ ընդգրկեց Թուրքիայում, իսկ վարչապետի արտահայտությունները պատճառ դարձան լուրջ քննարկումների, որոնք էլ իրենց հերթին ցույց տվեցին խնդրի կարեւորությունը եւ արդիականությունը։ Ազգայնական շարժում կուսակցության («Գորշ գայլեր») նախագահ Դեւլեթ Բահչելին, դեմ արտահայտվելով մոզաիկայի տարբերակին, նշել է, որ եթե Թուրքիան մոզաիկա է, ապա այդ երկրի անունը պետք է լինի «Մոզաիկիստան», «սակայն քանի որ Թուրքիա ենք ասում, ապա այս անունը թուրք ազգից է ծագում»,–նշել է նա։ Բողազիչի համալսարանից դոկտոր, պրոֆեսոր Զաֆեր Ուսքյուլը, ճշմարիտ համարելով, որ գոյություն ունի ներքին ինքնություն, սահմանել է մի իրականություն` այն է. «Այդ ներքին ինքնությունները քաղաքական իրավունքներ չունեն։ Քաղաքական բնագավառում պետությունը մեկ ինքնություն ունի, եւ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիության հովանու տակ պետք է կարողանալ պաշտպանել էթնիկ ինքնությունը, մշակութային իրավունքները։ Այս ամենը չի կարող հանգեցնել պետության մասնատման, դաշնային մի կառույցի վերածվելու մտքին»։
Սակայն այն դեպքը, որը տեղի ունեցավ բոլորովին վերջերս Թուրքիայում, ընդամենը մեկն է այն ապացույցներից, որ այդ տարբեր էթնիկ խմբերին թույլ չի տրվում պահպանել անգամ իրենց «ներքին ինքնությունը» եւ մշակութային արժեքները։ Նրանց այդ բոլոր ձգտումները բուռն հակազդեցության են հանդիպում ինչպես հասարակության, այնպես էլ պետական տարբեր կառույցների կողմից։ Այսպես, սույն թվականի օգոստոս ամսին Ռիզեում ծրագրված էր անցկացնել «Յեշիլչայ Յայլա» փառատոնը, որն ունի հիմնականում մշակութային ուղղվածություն եւ ներկայացնում է Սեւ ծովի արեւելյան ափերում ապրող ժողովուրդների բանահյուսական, մշակութային ժառանգությունից դրվագներ։ Սակայն դրա հետ կապված որոշ շրջանակներ, հատկապես ազգայնամոլական, աղմուկ բարձրացրին` հայտարարելով, թե տարբեր պատրվակներով, այդ թվում եւ փառատոնի, դրսի ուժերը, որոնք կապված են հայկական որոշ կենտրոնների հետ, ցանկանում են «հայկական քարոզչություն» անել։ Որպես դրա ապացույց էր նշվում այն, որ հիշյալ փառատոնի հովանավորներից` ամերիկյան The Christensen Fund կազմակերպությունն, իբրեւ թե, կապ ունի հայկական սփյուռքի տարբեր կառույցների հետ։ Էությամբ տոտալիտար, բայց ժողովրդավար ձեւացող համակարգերին հատուկ միջոցներով կազմակերպվեց մի ակցիա, եւ «հայկական քարոզչությամբ» «մտահոգ» մի խումբ քաղաքացիներ դիմեցին Համշենի գավառապետարան` խնդրելով չեղյալ հայտարարել հիշյալ միջոցառումը։ Գավառապետարան դիմած «մտահոգ» քաղաքացիների խնդրանքին տեղական իշխանությունները դրական արձագանք տվեցին, եւ փառատոնի Համշենի մասը չեղյալ հայտարարվեց։ Համշենցիների անունից գավառապետարան դիմած Իսմաիլ Ջիհանն ասում է. «Ես ուսումնասիրել եմ այս փառատոնի հովանավոր ամերիկյան կազմակերպության կանոնադրությունը։ Որպես նպատակ է նշվում ազգագրական թանգարան բացելը, որի համար պետք է աշխատանք տանել եւ փաստեր հավաքել։ Այստեղի տեղանունները, ճաշերի անունները, համշենցիների օգտագործած որոշ բառերը հավաքում եւ գրանցում են։ Այս փառատոնը կազմակերպվում է, որպեսզի համշենցիներին ասեն, որ նրանք թուրք չեն»։
Փառատոնի հետ կապված` հանդես է եկել նաեւ Ռիզեի նահանգապետ Քասըմ Էսենը եւ ասել, որ իրենք հետեւում են Սեւ ծովի արեւելքում թուրք ազգի միասնականության դեմ արվող ամեն քայլի։
Սակայն, չնայած այս ամենին, փառատոնը, ի վերջո, տեղի է ունեցել, բայց ոչ թե Համշենում, այլ Ֆընդըքլը քաղաքում եւ բավական լավ ընթացք է ունեցել։ Փառատոնի կազմակերպիչներից «Գոլա» մշակույթի, արվեստի եւ բնապահպանության միության ներկայացուցիչ Նիլուֆեր Թաշքընը նշել է, որ այդ փառատոնը կազմակերպվում է արդեն 3 տարի եւ նպատակն է աշխարհին ներկայացնել մերձսեւծովյան տարածքների էկոլոգիական հարստությունները եւ մշակույթը, իսկ «հայկական քարոզչության» հետ կապված պնդումերը հրապարակ են նետվել միտումնավոր։ Փառատոնի կազմակերպիչները, ըստ երեւույթին, ծանոթ եւ վարժված լինելով այսօրինակ դրսեւորումներին` չեն ընկրկում եւ պատրաստ են շարունակել իրենց գործը։
Ամենատարածված մեղադրանք-ասեկոսեն այն էր, որ այդ փառատոնի նպատակն է քարոզել հայկական մշակույթ եւ հայտարարել, թե «համշենցիները հայ են»։ Այս պնդման համար պատճառ է հանդիսացել «Հելեսա» երաժշտական խումբը, որի երգացանկի մեջ կան տարածքի տարբեր ժողովուրդների լեզուներով երգեր, այդ թվում եւ Համշենի բարբառով։ Ի դեպ, սույն թվականի հուլիսին Երեւան այցելած համշենական «Վովա» խմբի հետ էր նաեւ «Հելեսա»-ի ղեկավար եւ երգչուհի, համշենցի Այշենուր Քոլիվարը։ Այսինքն` նման «հիստերիայի» իրական պատճառներից է Համշենի` ակնհայտ հայկական բարբառի օգտագործումը, եւ, փաստորեն, սա փոքրամասնությունների մայրենի լեզվի դեմ դարերով տարվող քաղաքականության դրսեւորումներից է։ Ավելորդ չէ նշել կրկին համշենցի ռեժիսոր Օզջան Ալփերի` Համշենի բարբառով նկարահանված «Մոմի» (Համշենի բարբառով` «Տատիկ») կարճամետրաժ ֆիլմից հետո ծայր առած հալածանքի դրսեւորումները, որոնցից էր, օրինակ, դատական գործի հարուցումը երիտասարդ ռեժիսորի նկատմամբ։ Նրա հիմնական «մեղքը» ֆիլմում Համշենի բարբառի օգտագործումն էր, որի տակ շատերն այլ ենթատեքստ էին փնտրում։ Հարցաքննել են նաեւ ֆիլմի գլխավոր «հերոսուհուն», տարեց կնոջը` մոմիին, որն ասել է, թե դա իր մայրենի լեզուն է։ Ի վերջո, ֆիլմի լեզուն պարզելու համար դատարանը ֆիլմն ուղարկել է անգամ փորձաքննության, եւ պատասխանը եղել է այն, որ համշեներեն կոչվածն իրականում հայերենի մի բարբառ է։
Վերոհիշյալ փառատոնի ժամանակ «հայկական քարոզչության» գաղափարը տարածեց եւ միգուցե առաջինը հրապարակ նետեց «Գորշ գայլերի» խոսափող «Յենի չաղ» թերթը` «Փառատոնի դիմակով հայկական քարոզչություն» վերնագրով հոդվածով։ Հենց այդ հոդվածում էր ասվում, թե իբր հայկական սփյուռքի հետ կապ ունեցող The Christensen հիմնադրամը 220 հազար եվրո է հատկացրել փառատոնի կազմակերպման գործին։ Թերթի փոխանցմամբ` «վրդովված քաղաքացիները «Համշենցիները հայ են» քաչոզչությանն ի պատասխան հայտարարել են, թե «համշենցիները թուրքական ցեղ են»։ Հոդվածում մի քանի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ մտահոգություն են հայտնել Սեւ ծովի արեւելյան շրջաններում տարվող «միսիոներական գործունեության» առիթով։ Օրինակ, Փազար քաղաքի կրթության հիմնադրամի նախագահ Ջեւաթ Չիչեքը նշել է. «Խոսում են կորուսյալ հայկական մշակույթից եւ ժառանգությունից։ Աշխատում են Սեւ ծովի արեւելյան շրջաններում էթնիկ անջատողականություն հրահրել»։ Իսկ Ռիզեի հասարակական կազմակերպությունների միության նախագահ Բահաթթին Քարագյոզն ասել է. «Սեւ ծովի արեւելքում հայկական «արմատ» փնտրողները, միջազգային ասպարեզում այս փաստերը եւ տեղեկությունները օգտագործելով, այն թեզն են առաջ տանելու, թե` «տեսեք, Սեւ ծովի արեւելյան մասում հայկական մշակույթ կա»։
Այս ամենը ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունների` թեկուզ «ներքին ինքնությունը» հարգելու հայտարարություններն ընդամենը խոսքեր են, իսկ իրականում բուռն կերպով շարունակվում է էթնիկ տարբեր խմբերի լեզուները, մշակույթները մոռացության տալու քաղաքականությունը։ Եվ մարդկանց իրական էթնիկ ինքնությունը մոռացության տալու գործում թուրքական իշխանությունները դիմում են տարբեր միջոցների, անգամ օգտագործում են ծագումով համշենցիներին։ Իսկ վախի մթնոլորտում ապրող համշենցիների մեջ տեղի են ունենում տարբեր գործընթացներ` երբեմն նաեւ իրական ինքնության գիտակցված մերժում։ Այս երեւույթը դիպուկ բնորոշեց մեր համշենցի ծանոթներից մեկը. «Համշենցիների մի մասը հենց հայերենով է ժխտում իր հայկական ծագումը»:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]