ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Թուրքական իրականությունում էթնիկ ծագման խնդիրը շատ զգայուն է եւ հաճախ տեղ է գտնում նաեւ քաղաքականության մեջ, ուղղակիորեն առնչվում պետական պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին` դառնալով տարաբնույթ շահարկումների առիթ։ Թուրքական «ազգային» պետությունում այլէթնիկ լինելն ընկալվում է որպես վիրավորանք եւ «օտար», ոչ յուրային լինելուն հավասարազոր մի բան: Այն նաեւ «մեղադրանքի» տարածված եւ հասարակության լայն շերտերին ընկալելի մեթոդ է։
Էթնիկ ինքնության խնդրին եւ դրա հետ կապված «մեղադրանքներին» հաճախ ստիպված են լինում անդրադառնալ նաեւ թուրքական բարձրաստիճան պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները: Նրանց հայտարարություններում եւ մեկնաբանություններում նկատելի են անհստակություն, հակասություններ: Թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներից էթնիկ ինքնության համատեքստում շատ է շոշափվում վարչապետ Ռեջեփ Էրդողանի անունը եւ նշվում, որ նա «զտարյուն թուրք» չէ: Իր անվան շուրջ ընթացող քննարկումներին Էրդողանն իրեն բնորոշ անմիջական ոճով փորձել է պատասխանել դեռ 1997թ. դեկտեմբերի 6-ին Սղերթում ունեցած ելույթում. «Ինձ ասում են` «դու ռիզեցի ես, լազ ես»: Ես էլ ասում եմ` «լազ չեմ»։ Գնացի հորս հարցրի, հայրս իր հերթին իր մեծ պապին էր հարցրել, որը մոլլա է եղել։ Նա էլ այս պատասխանն է տվել. «Վաղը մեռնելու ենք, եւ Աստված մեզ հարցնելու է. «Քո Աստվածն ո՞վ է, մարգարեդ ո՞վ է, կրոնդ ի՞նչ է»: Սակայն մեզ չի հարցնելու` «Ազգդ, ցեղդ ի՞նչ է»: Եվ երբ քեզ հարցնեն, ասա` «Փառք Աստծո, մուսուլման եմ» եւ անցիր»։
Սակայն եթե հետեւենք ավելի ուշ արտահայտած նրա մտքերին, ապա կտեսնենք, որ Էրդողանը հակասում է ինքն իրեն: Այսպես, 2004թ. մայիսի 21-ին Ռումինիայում նա հայտարարել է. «Աշխարհում արդեն գաղափարախոսությունները վերջացել են, ո՛չ էթնիկ եւ ո՛չ էլ կրոնական գաղափարախոսությունը մնայուն չէ»։ Դրան հետեւել է նախորդ մտքերին հակասող եւս մի հայտարարություն. 2004թ. օգոստոսի 11-ին Վրաստանում նա ասել է. «Ես էլ եմ վրացի, մեր ընտանիքը Բաթումից Ռիզե գաղթած մի վրացական ընտանիք է»։ Իսկ 2005թ. ապրիլի 12-ին Նորվեգիայում Էրդողանը հայտարարել է. «Ես ռիզեցի եմ, կինս` Սղերթից, թուրք չէ, արաբ է»։ Մտքերի այսպիսի վայրիվերումներն իրավամբ հիմք են տվել թուրքական մամուլին պնդելու, որ Էրդողանը ինքնության ճգնաժամի մեջ է։
Տարբեր դիտարկումներ եւ փաստեր թույլ են տալիս պնդել, որ Թուրքիայի իսլամացված հայության եւ նրա հետնորդների մեջ կա մի շերտ, որը, հայկական արմատներ ունենալով հանդերձ, ոչ միայն ժխտում է դա, այլեւ` փորձելով նաեւ շրջապատին ապացուցել իր «զտարյուն թուրք» կամ մուսուլման լինելը, դառնում է ընդգծված հակահայ: Այստեղ միանշանակ է նաեւ հոգեբանական կողմը. նրանցից շատերը հոգեբանորեն իրենց թշնամի են համարում հայության այն մասին, որն, ի տարբերություն իրենց, կարողացել է հավատարիմ մնալ արմատներին, եւ հենց նրանց էլ հռչակում է իր թիվ մեկ թշնամի: Հայկական ծագում ունեցողների հակահայկականության դրսեւորման կարեւոր պայման պետք է համարել նաեւ Թուրքիայում արմատացած թշնամական մոտեցումը հայերի նկատմամբ, նրանք նաեւ հոգեբանորեն չեն ցանկանում պատկանել թշնամի ազգին, դրա համար էլ հաճախ ընտրում են տիրապետող ազգի մեջ ուծանալու ճանապարհը: Այս խնդրին անդրադառնալով` ազգագրագետ Հարություն Մարությանն արտահայտում է հետեւյալ միտքը. «Մամուլի հրապարակումները, ուղղակի եւ անուղղակի քաղաքական կամ տնտեսական բնույթի ճնշումները կարող են բերել նրան, որ մարդիկ, ձգտելով ազատվել իրենց տրվող պիտակավորումներից, փոխում են շրջապատը, կտրում են վերջին կապերն իրենց ազգակիցների, նաեւ ազգականների հետ ու, փաստորեն, բռնում են ձուլման, ուծացման ուղին»։
Տարբեր աղբյուրներ հայկական կամ առնվազն ոչ «մաքուր թուրքական» ծագում են վերագրում շատ հայտնի թուրք ազգայնամոլների եւ սա, ինչպես նշեցինք, օգտագործվում է որպես քաղաքական շահարկումների թեմա: Նմանատիպ օրինակներից կցանկանայինք անդրադառնալ վերջերս հրապարակ նետված այն պնդմանը, համաձայն որի` Թուրքիայի ամենամոլի հակահայերից մեկը` Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, ունի հայկական արմատներ: Հիշեցնենք, որ հենց նա է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկը, որը Շվեյցարիայում դատապարտվեց նաեւ Ցեղասպանությունը ժխտելու համար: Թուրքական որոշակի շրջանակներ մեծ աղմուկ բարձրացրին եւ Փերինչեքին որակեցին «Լոզանի նվաճող»: Բանվորական կուսակցության ազգայնամոլ նախագահը Հայոց ցեղասպանության փաստը որակում է որպես «իմպերիալիստական սուտ»: Նրա հետքերով է գնում նաեւ որդին, որը նույնպես լծված է Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործին: Ավելորդ չէ նշել, որ Դողու Փերինչեքը ներկայումս ձերբակալված է Թուրքիայում բավական աղմուկ հանած «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով:
Թուրքական մամուլում մեծ տեղ եւ արձագանք գտավ նրա արմատների մասին սկանդալային բացահայտումը: Այսպես, նշվում է, որ Դողու Փերինչեքը ծագումով Երզնկայի Էղին (Ակն) գավառի Ափչաղա գյուղից է։ Ավելորդ չէ նշել, որ Ակն գավառը հատկապես հայտնի է հայկական ծագումով կրոնափոխների առատությամբ, իսկ պատմական աղբյուրները հաստատում են, որ 1915-ից առաջ էլ այն եղել է գերազանցապես քրիստոնեաբնակ եւ այնտեղ ապրել են հիմնականում հայեր, հույներ։
Սակայն Փերինչեքի ծագման մասին ավելի լուրջ փաստերով հանդես եկավ թուրքական «Chronical» ամսագիրը: Հոդվածում մեջբերվում են արխիվային փաստաթղթեր, այն է` օսմանյան դատարանի գրանցումները, որոնք տալիս են տվյալ շրջանի ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական, կրոնական, էթնիկ պատկերի մասին տվյալներ. դրանք փաստում են, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին շրջանում եղել է հոծ հայկական ներկայություն, նրանց մեծ մասը եղել են արհեստավորներ, հայերը հատկապես շատ են եղել Ակն գյուղաքաղաքում, մեծ թվով հայեր են ապրել նաեւ Ակնին ենթակա գյուղերում` Քեմեր-գաբ, Ափչաղա, Իլիչ եւ այլն։ Կոնկրետ Ափչաղա գյուղը, որտեղից սերում է Փերինչեքը, գերազանցապես հայկական բնակչություն է ունեցել։ Գյուղապետը, գյուղի ավագանու անդամները եղել են հայեր։ Դատական գրանցումներում պահպանված են անգամ նրանց անունները. օրինակ` Հակոբի որդի Քիրքոր, Արթինի որդի Քիրքոր եւ այլն։ Ինչպես նշվում է հիշյալ հոդվածում, Ակնի հայերի մեջ նկատվել է բավական տարածված եւ միեւնույն ժամանակ զարմանալի մի օրինաչափություն. բոլորն ունեցել են տոհմանուններ (համեմատության համար նշենք, որ Թուրքիայում ազգանունների մասին օրենքը շրջանառության մեջ է դրվել միայն 1934թ. եւ դրանից հետո են թուրքերը սկսել կրել ազգանուններ), սակայն զարմանալի է, որ դրանց մեծ մասը թուրքերեն անուններից էր կազմված` Մուրաթօղլու, Դեղիրմենջիօղլու, Չիլինգիրօղլու, Այվազօղլու, Փերինչօղլու եւ այլն։ Սակայն դատական գրանցումներն արձանագրել են մեկ այլ հետաքրքիր մանրամասն եւ առանձնահատկություն եւս. թեեւ գրեթե բոլորն ունեին թուրքական տոհմանուններ, սակայն կրում էին բացառապես հայկական անձնանուններ, իսկ թուրքական կամ օտար անձնանունները բացառություն են եղել։ Կրկին դատարանի գրանցումներում արձանագրված է, որ Փերինչօղլուները հայեր էին, նույնիսկ կան դատական գործեր նրանց մասնակցությամբ, որտեղ, օրինակ, նշվում է. «Հայկական միլլեթից (ազգից) Փերինչօղլու Ստեփանը եւ Խաչատուրը»։ Դողու Փերինչեքի պապի հայրը` Մեհմեթ Սադըք Փերինչօղլուն, ծնվել է Ափչաղա գյուղում, 1850թ., նույն գյուղում է ծնվել նաեւ նրա որդին` Մեհմեթ Ջեմալ Փերինչեքը, 1887թ.։ Սակայն, ինչպես նկատելի է, նրանց անձնանունները հայկական չեն, եւ փաստորեն խախտված է վերը նշված առանձնահատկությունը։ Սա միգուցե կարելի է մեկնաբանել որպես բացառություն, սակայն կրկին դատարանի գրանցումներում պահպանված փաստերը լույս են սփռում ինչպես այս, այնպես էլ այլ հարցերի վրա։ Այսպես, օսմանյան դատարանի գրանցումներում հստակ արձանագրված է, որ Մեհմեթ Սադըք Փերինչօղլուն «մուհթեդի» է, իսկ մուհթեդի նշանակում է կրոնափոխ։ Այսինքն` պարզվում է, որ նա իսլամ է ընդունել 19-րդ դարի երկրորդ կեսին, բայց թե ինչ պատճառներով, չի ասվում։ Սա նաեւ ցույց է տալիս, որ իսլամացման քաղաքականությունն` իր վերելքներով եւ վայրէջքներով, շարունակվել է օսմանյան պետության գոյության ողջ ընթացքում։ Դողու Փերինչեքը ահա հենց այս իսլամացված հայի սերունդն է. հայկական ծագում ունենալը մղել է նրան ինքնամերժման եւ թուրք ազգայնամոլության ուղին ընտրելուն։
Սակայն նույնիսկ այդ հանգամանքը Փերինչեքի նմաններին չի «ազատում» հենց թուրքական հասարակության կողմից որպես ոչ թուրքական ծագում ունեցողներ մեղադրվելու վտանգից: Այս մասին «Ակոս» թերթի լրագրող Բագրատ Էսդուկյանն իր «Ո՞վ է Հայը» հոդվածում գրում է. «Հապա ի՞նչ ըսենք ազգուրացներուն։ Ի՞նչ ազգուրաց, նոյնիսկ ազգատեացներուն։ Եկուր տես, որ հաւաքականութեան յիշողութիւնը թոյլ չի տար։ Կը քաշէ ու կը բանայ ազգուրացին թաքնուած քօղը երեսէն եւ կը պարզէ այն, որմէ փախչած է ամբողջ կեանքին տեւողութեան»։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]