• am
  • ru
  • en
Версия для печати
12.01.2009

Էրհան Էրսոյ. «ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ ՀԱՃԱԽՈՒՄ ՄԶԿԻԹՆԵՐ»

   

Hamshen (original)Թուրք ազգագրագետ Էրհան Էրսոյը, որն աշխատում է Անկարայի Հաջեթեփե համալսարանում, Թուրքիայի համշենցիների խնդիրներով զբաղվող մասնագետներից է: Մասնավորապես, նրա հետաքրքրության ոլորտում է գտնվում սոցիալ-մշակութային փոփոխությունների ազդեցությունը համշենցիների կենսակերպի տարբեր կողմերի վրա: Նա չի պատկանում Թուրքիայի գիտնականների այն թեւին, որոնք համշենցիներին համարում են թյուրքական ցեղ, սակայն էթնիկ ինքնության հարցում նրա գնահատականներն ունեն փոքր-ինչ ոչ հստակ, մանվածապատ բնույթ: Վերջերս գիտնականը Հայաստանում էր: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի վարած զրույցը:

– Պարոն Էրսոյ, ե՞րբ եւ ինչպե՞ս եք սկսել զբաղվել համշենցիների խնդիրներով:

–Համշենի հետ ծանոթությունս պատահական եղավ. ես զբաղվում էի լեռնագնացությամբ: Քաջքարի լեռները բարձրանալիս իմ ճանապարհն անցնում էր Համշենով. այդ վայրերի բուսական աշխարհը, անտառները հետաքրքրում են շատերին, սակայն ինձ, որպես ազգագրագետի, գրավող ուրիշ մի հանգամանք կար: Ես տեսա ինձ բոլորովին անծանոթ մի մշակույթ: Մինչ այդ ես տեղեկություն անգամ չունեի այդ ժողովրդի մասին, որը շարունակում է յուրահատուկ մշակութային սովորույթները, կանայք կրում են անատոլիական այլ կանանցից տարբերվող հանդերձանք, գլխաշոր, խոսում են յուրահատուկ բարբառով: Այս ամենը, իհարկե, առաջ բերեց որոշակի հետաքրքրություն: Սա 1980-ականների կեսերին էր. հինգ տարի հետո, 1989թ. սկսեցի ուսումնասիրություններս Համշենում: Սկզբում նախապատրաստական աշխատանքներ արեցի, քանի որ մեզ` ազգագրագետներիս համար չափազանց կարեւոր է այն վայրերի ժողովրդի վերաբերմունքը, որտեղ պետք է աշխատես: Ես ավելի շատ ուշադրություն դարձրի համշենցիների կենսակերպի որոշ կողմերի, մասնավորապես` յայլաներ (ամառային արոտավայրեր) բարձրանալու, այնտեղի կյանքի վրա սոցիալ մշակութային փոփոխությունների ազդեցության ուսումնասիրությանը, որն էլ հենց դարձավ իմ գիտական թեզի թեման:

– Իրո՞ք յայլաներ բարձրանալու սովորույթն այդքան մեծ նշանակություն ունի համշենցիների շրջանում:

– Հատկապես արեւմտյան խմբի համշենական ինքնության կառուցվածքում յայլաներ բարձրանալն ունի կարեւոր տնտեսական, հասարակական, մշակութային նշանակություն։ Այն նաեւ համարվում է ավանդական համշենյան գյուղական տնտեսության մի մասնիկ։ Յայլաներ բարձրանալը համշենցիները վերածել են իրենց մշակութային ինքնությունը տարբերակող մի բաղադրիչի։ Հենց յայլաներում են տեղի ունենում ժողովրդական ծեսերը, սովորույթները, օրինակ` Վարդավառը, եւ նաեւ այս առումով է այն կարեւոր մշակութային ինքնության համատեքստում։ Սակայն ներկայումս տեղի ունեցող տարբեր գործընթացների հետեւանքով այդ մշակութային ինքնությանը, յուրահատկությանը նույնպես վտանգ է սպառնում, որովհետեւ տուրիզմը ներխուժել է այդ ոլորտ. այդ ամենը (ժողովրդական ծեսերը) վերածվել է նաեւ զբոսաշրջիկներ գրավելու, այլ խոսքով` բիզնեսի միջոցի։

– Դուք, որպես համշենցիների խնդրով զբաղվող մասնագետ, պետք է որ քաջատեղյակ լինեք նաեւ նրանց թվաքանակի մասին:

– Թուրքիայում մարդահամարները էթնիկ լեզվի կամ մայրենի լեզվի հիման վրա չեն արվում, եւ այդ պատճառով մենք փոքրամասնությունների իրական թիվը ներկայումս հստակ չգիտենք:

– Սակայն վերջերս հրապարակվեց Թուրքիայի էթնիկ քարտեզը, եւ այնտեղ համշենցիների թիվը նշվում էր 13.000:

– Ո՛չ, դա շատ փոքր թիվ է, ամենաքիչը պետք է խոսել 50.000-ից: Իսկ եթե Հոփայի եւ արեւմտյան խմբերն իրար հետ հաշվենք, ապա ավելի շատ էլ կարող է լինել:

– Անդրադառնանք նաեւ էթնիկ ինքնության խնդրին: Հայտնի է, որ համշենցիների մեջ առկա են ինքնության դրսեւորման տարբեր ձեւեր: Եթե մուսուլման համշենցիներին պայմանական խմբերի բաժանենք, ապա կարելի է ասել, որ նրանց մի խումբը գոնե արտաքուստ թուրք է ներկայանում, մի խումբն իրեն համարում է առանձին հեմշին ազգի ներկայացուցիչ, մի խումբն էլ ընդունում է իր հայկական ծագումը, սակայն նրանցից քչերն են համարձակվում այդ մասին բարձրաձայն խոսել: Նրանց շրջանում նկատվում են նաեւ արմատները որոնելու, ինքնության ճգնաժամի երեւույթներ:

– Իրենց բացահայտ հայ համարողները շատ քիչ են: Նունիսկ դժվար է նրանց մի խումբ ասել: Համշենցի լինելը միեւնույն ժամանակ նրանց հնարավորություն է տվել առանձնանալ շրջանի այլ ժողովուրդներից` վրացիներից, լազերից: Սակայն նրանց էթնիկ ինքնության շուրջ որոշակի խնդիրներ, կարծիքներ, տեսակետներ են առաջ գալիս, որոնք կապված են իրենց գործածած լեզվի եւ բառերի հետ: Իրականում չի կարելի ասել, թե համշենցիների լեզուն հայերենին շատ հասկանալի կամ համապատասխան է: Սակայն ակնհայտ է, որ դա նույն արմատն ունեցող լեզվի մի բարբառն է: Եվ եթե առաջնորդվենք հենց այս լեզվական հիմքով, ապա կարելի է կարծել, որ համշենցիները հայկական պատմական հիմք ունեն: Սակայն պետք է ուշադիր լինել, որովհետեւ կարող է շատ ռիսկային լինել լեզվի հիման վրա էթնիկ պատկանելության թեզը զարգացնելն ու առաջ տանելը: Ինձ հետ կապված մի օրինակ ասեմ. իմ մայրը եւ հայրը հունարեն են խոսում, սակայն հայրս ալբանացի է: Հորս գյուղը, որտեղ նրանք ապրել են, գտնվել է Հունաստանի հյուսիսում, այդ պատճառով նրա լեզուն հունարենն է, սակայն էթնիկ առումով նա ալբանացի է: Պոնտոս բերված իսլամացված ալբանացիների մեծ մասը հունարեն էր խոսում: Այսինքն` ուզում եմ ասել, որ մենք` հետազոտողներս, այս հարցում պետք է ավելի զգույշ եւ բծախնդիր լինենք:

– Սակայն, պարոն Էրսոյ, այդ վայրերում հզոր հայկական պետություն կամ գերիշխանություն չի եղել, որը կստիպեր այս ենթադրյալ ոչ հայ մարդկանց յուրացնել եւ կիրառել հայերենը: Ուզում եմ ասել, որ հայերենը չի եղել տիրապետող ազգի լեզուն, որն էլ ուղղակի կամ անուղղակի կպարտադրվեր այդ լեզվական խմբին չպատկանողներին:

– Այո, Համշենի վիճակը մի քիչ տարբեր է: Այստեղ հստակ կա Համամ Ամատունու բերած 12 հազար բնակչության խնդիրը. ինչքան էլ դա միֆի երանգներ ունենա, սա հայ ժողովրդի հետ կապված մի պատմական հենք ունի: Սակայն արդյո՞ք այդ եկողները հոմոգեն էին, այսինքն` այդ բոլոր եկողները հայ էին, արդյո՞ք արաբներից փախչող այլ քրիստոնյաներ չկային, որոնք միացել էին Համամ Ամատունուն: Սրանք մենք չգիտենք, քանի որ տարածված բան է, որ գաղթի ժամանակ փոքր խմբերը միանում են մեծ խմբին, որպեսզի ավելի ապահով լինեն: Պետք է այս հարցերն ուսումնասիրել:

– Սակայն մի անհերքելի փաստ, իրականություն էլ կա. այն է, որ այդ վայրերում ապրող քրիստոնյա համշենահայերը, որոնք 1915-ից առաջ կամ էլ հետո փախել են Ռուսաստան, ներկայումս Թուրքիայում բնակվող մուսուլման համշենահայերի արյունակից ազգականներն են: Նրանք հայեր են, ինչպե՞ս կարող է լինել, որ քրիստոնյա համշենցու էթնիկ ինքնությունը կասկածի տակ չէ, իսկ նրա մուսուլման ազգականի էթնիկ պատկանելությունը վիճահարույց է:

– Այո, այդ պատմությունը գիտենք, սակայն խոսքն այն մասին է, թե 8-րդ դարում Համամի գլխավորությամբ եկած զանգվածն արդյո՞ք 12 հազար էր, թե այդ թիվը մի փոքր առասպելական, խորհրդանշական է: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ համշենցիները շարունակում են մի շարք հայկական սովորույթներ, օգտագործում են հայերեն բառեր, տերմիններ, դարձվածներ, եւ այս ամենը չէր կարող ի հայտ գալ սոսկ մի շփման կամ էլ տիրապետող լեզվի գերիշխանության պատճառով: Անկասկած, պատմական կապեր գոյություն ունեն: Եվ համշենցիներ էլ կան, որոնք այս մասին հայտարարում են. գաղափարական առումով ամենավերջին բանը, որ պետք է սպասել համշենցուց, այն է, որ նա կասի. «Ես հայ եմ»: Իսկ հայ լինելը Թուրքիայում հպարտանալու, գլուխ գովելու բան չէ, այլ մի շատ վտանգավոր հանգամանք, որը պարունակում է օտարվելու, մեկուսացվելու մեծ ռիսկ:

– Բայց երբեմն, օրինակ` Ստամբուլում բնակվող համշենցիների մեջ կարող ենք հանդիպել մարդկանց, որոնք իրենց իրական էթնիկ պատկանելության մասին խոսում են, արտահայտվում:

–Եվ ի՞նչ են ասում:

– Օրինակ, մի քանի ամիս առաջ թուրքական «Յենի Աքթուել» ամսագրում համշենցի մի փաստաբան Քեմալ Մութի անունով, որը բնակվում է Ստամբուլում, ասում էր, որ համշենցիները ոչ թե թյուրքական ցեղ են (ինչպես ասվում է), այլ ունեն հայկական ծագում, սակայն վախենում են դա արտահայտել` կապված Ձեր ասած մեկուսացվելու վտանգի հետ:

– Նույնիսկ ոչ թե մեկուսացվելու կամ օտարացվելու, այլ թիրախ դառնալու վտանգ կա, ազգայնամոլների թիրախը: Հիմա այս բանը քրդերի հետ է տեղի ունենում, սակայն անկանխատեսելի է, թե հայի կամ իսլամացված հայի պիտակ կրելը ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ Այսօր, կարելի է ասել, համշենցիների վրա էթնիկական ճնշում ասես թե չկա. չկա, քանի դեռ համշենցիներն իրենց էթնիկ պատկանելությունը չեն արտահայտում, պաշտոնական գաղափարախոսության, ազգային պետության հետ խնդիր չեն ունենում: Սակայն երբ սկսեն այս մասին խոսել, նրանց հանդեպ մի շարք արգելքներ, խոչընդոտներ, ճնշումներ ի հայտ կգան:

– Ընդհանրապես այլ ազգերի, նրանց կրոնների, մշակույթների հանդեպ Թուրքիան ունի, իմ կարծիքով, բարդույթավորված եւ չափազանց զգայուն վերաբերմունք: Օրինակ, հայտնի է, որ Թուրքիան մզկիթների պակաս չունի, եւ ամենուր կառուցվում են նորանոր մզկիթներ, սակայն այս տարի ես անձամբ եմ տեսել, որ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին, որն անցյալ տարվանից վերանորոգվում էր, վերածվել է մզկիթի, սակայն ակնհայտ է եւ պարզ, որ դա եկեղեցի է, նույնիսկ պատերի խաչերն են մնացել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Դա քաղաքականություն է, ամբողջ Անատոլիայում հունական, հայկական շատ եկեղեցիներ այդպես փոխվել են: Ավելացնեմ, որ այդ քաղաքականությունը միայն դրանով չի սահմանափակվում, օրինակ` ամբողջովին քրիստոնյա ասորիներով բնակեցված գյուղում պետությունը մզկիթ է կառուցում, իմամ նշանակում: Ալեւիների գյուղերում (իսկ հայտնի է, որ ալեւիները մզկիթ չեն գնում) կրկին մզկիթ է կառուցել: Սրանք գաղափարախոսական երեւույթներ են. թե չէ ես չեմ կարծում, որ պետությունը այդքան փող ունի, որ չօգտագործվող մզկիթներ կառուցի: Նույնպիսի երեւույթ կա նաեւ Անիի հետ կապված, օրինակ` նշվում է ոչ թե այն, որ Անին հայկական քաղաք է եղել, հայոց թագավորության մայրաքաղաքը, այլ որ սա այն վայրն է, որտեղից սելջուկ թյուրքերն առաջին անգամ մտան Անատոլիա:

– Իմիջիայլոց, այդ նույն միտքն արտահայտեց նաեւ Աբդուլա Գյուլը` այցելելով Անի:

– Սակայն պետք է նշել նաեւ, որ եկեղեցիները մզկիթի վերածելու քաղաքականությունը ներկայումս չի շարունակվում, այդ քաղաքականությունը վերջացավ:

– Պարոն Էրսոյ, շատերը գիտեն, որ, օրինակ, թուրքերեն լեզվի բարենորոգման հարցում մեծ դեր ունեցած Հակոբ Մարթայանը, որին Աթաթուրքը շնորհել է Դիլաչար ազգանունը, հայ է, սակայն նրա բոլոր գրքերի վրա գրված է միայն անվան առաջին տառը, քանի որ Հակոբ անունից հստակ կերեւա, որ նա հայ է: Կամ Թուրքիայի խորհրդանիշներից մեկը` առաջին կին օդաչու եւ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենը, պարզվեց, իրականում հայուհի է, եւ երբ Հրանտ Դինքը գրեց այդ մասին, նրա իրական հալածանքներն այդ ժամանակվանից սկսվեցին: Սա ե՞ւս մի բարդույթ է:

– Սաբիհա Գյոքչենի իրական ծագումն ի հայտ գալուց հետո ասես մի խորհրդանիշ կոտրվեց. եթե նա չերքեզ աղջիկ լիներ, խնդիր չէր լինի, ուրիշ ազգից լիներ, էլի խնդիր չէր լինի, սակայն ոչ մուսուլման, հայ կամ հույն լինելը լուրջ պրոբլեմ է, որովհետեւ նրանք հասարակությունից մեկուսացված են, խորթացված, նրանք ազգային խորհրդանիշ չեն կարող լինել:

– Վերադառնանք համշենցիների խնդրին: Ըստ ձեզ, համշենցիների վրա որքա՞ն է իսլամի ազդեցությունը. ինչպես հայտնի է, նրանց մեջ պահպանվել են քրիստոնեական եւ մինչքրիստոնեական հայկական հավատքի որոշ տարրեր, օրինակ` Վարդավառ, Տրընդեզ եւ այլն:

– Այո, ես մի ուսումնասիրություն եմ կատարել, որպեսզի պարզեմ, թե համշենցիներն ինչ աստիճանի են կրոնասեր: Մի պատմություն պատմեմ, որը շատ լավ, դիպուկ ներկայացնում է խնդիրը: Օրինակ` համշենցիները սպիրտային խմիչքներ, հայհոյանք շատ գործածող, կին տղամարդ իրար հետ հորոն (պար) պարող մարդիկ են, եւ այս ամենը մուսուլման հոգեւորականների կողմից դրական չի ընդունվում, որոնք փորձում են արգելել դրանք` հայտարարելով, թե, օրինակ, հորոն պարելը մեղք է: Ես մի պատմություն էի լսել, որ Համշենի գյուղերից մեկում մի երիտասարդ իմամ էր նշանակվել, եւ նա թույլ չէր տվել, որ աղջիկ եւ տղա երեխաները միասին հաճախեն Ղուրանի դասընթացների` պահանջելով առանձնացնել նրանց: Այդ դեպքից հետո ամբողջ գյուղը ոտքի էր կանգնել դրա դեմ` ասելով, թե ինչպես կարելի է երեխաներին առանձնացնել, չէ՞ որ նրանց մեծ մասն ազգական են` հորեղբոր, հորաքրոջ երեխաներ: Ի վերջո, այդ իմամին վռնդել են գյուղից: Ես սկզբում սրան չհավատացի: Սակայն մի օր Հոփայի ճանապարհին պատահաբար ծանոթացա մի հոգեւորականի հետ, իմ կողքն էր նստել, զրույցի բռնվեցինք, եւ ես ասացի, որ աշխատում եմ այդ տարածքներում, հետազոտական, դաշտային աշխատանքներ եմ կատարում, այցելում եմ տարբեր գյուղեր: Խոսքի մեջ ասացի նաեւ իմամի հետ կապված պատմության մասին. մեծ էր իմ զարմանքը, երբ մարդը խոստովանեց, որ հենց ինքն է եղել այն իմամը, որին վռնդել են: Ասաց նաեւ, որ այդ գյուղացիները շատ լավ մարդիկ են, սակայն կին եւ տղամարդ իրար ձեռք բռնած պարում են, ինքն էլ ասել է, որ դա մեղք է, սակայն բանի տեղ չեն դրել, այնուհետեւ Ղուրանի դասընթացների հետ կապված` փորձել է երեխաներին ըստ սեռերի բաժանել, ու դրանից հետո գյուղացիներն ասել են` «դու արդեն շատ ես համը հանում» և վռնդել են գյուղից: Այսինքն` շատ աշխարհիկ են ապրում: Ճիշտ է նաեւ, որ համշենցիները քիչ են հաճախում մզկիթներ:

– Պարոն Էրսոյ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը համշենցիների մեջ գոյություն ունեցող ներքին ամուսնությունների մասին:

– Ասեմ, որ գյուղերում շարունակվում են ներքին ամուսնությունները, սակայն համշենցիների շրջանում ընդհանրապես երեւույթը պակասում է, սրան զուգահեռ` աճում է ոչ համշենցիների հետ ամուսնությունների թիվը: Հիմնական պատճառներից է այն, որ ավելի շատ համշենցիներ են քաղաքաբնակ դառնում: Տեղափոխվելով մեծ քաղաքներ` շատ համշենցիներ օտարանում են կամ խորթանում իրենց հողերից, կտրվում կամ թուլանում է կապը համշենական շրջապատի հետ: Ես մարդկանց եմ ճանաչում, որ համշենցի են, սակայն նրանց լեզվում ո՛չ համշենական առոգանությունը կա, ո՛չ երբեւէ տեսել են Համշենը եւ ո՛չ էլ կապ ունեն համշենցիների հետ: Այսինքն` քաղաքաբնակ համշենցիների երկրորդ, երրորդ սերունդներ կան, որոնք ավելի խորթացած են: Ավելորդ է ասել, որ նմանատիպ համշենցիների մոտ չեն պահպանվում նաեւ ներքին ամուսնությունները:


դեպի ետ