• am
  • ru
  • en
Версия для печати
09.02.2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

   

Ռուբեն Մելքոնյան

0_image (original)Հայության տարբեր խմբերի փոխադարձ ընկալման խնդիրն այսօր վերստին կարեւորություն է ձեռք բերում` այս անգամ կապված Թուրքիայի հայության հետ։ Հայաստանյան գիտական-վերլուծական շրջանակներում Թուրքիայում բռնի կրոնափոխված (իսլամացված) հայության հարցը սկսել է ակտիվանալ վերջերս։ Տասնամյակներով անհայտ, փակ խնդիրը հրապարակ գալով` առաջացնում է ոչ միանշանակ արձագանքներ։ Առաջին հերթին, կա օբյեկտիվ անտեղյակության խնդիր, որը հետզհետե վերանում է` իր հետ բերելով ինչպես հարցականներ, այնպես էլ պատասխաններ։ Այնպես որ, այս փուլում խնդրի առաջ բերած խիստ հակասական (չարդարացված լավատեսականից մինչեւ նիհիլիստական) գնահատականները պետք է համարել օրինաչափ։

Փաստերը ցույց են տալիս, որ նույնիսկ պոլսահայ համայնքում հայության տարբեր խմբերի փոխադարձ ընկալման խնդիրը շատ սուր է դրված։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնյա պոլսահայերն ավելի շատ են շփվում Թուրքիայի բռնի կրոնափոխ հայության եւ նրանց հետնորդների տարբեր խմբերի հետ` ստորեւ կփորձենք անդրադառնալ նրանց փոխադարձ ընկալման խնդրի առանձին տարրերին։

Պետք է ասել, որ մեծ մասամբ տարբեր կարծրատիպերով, կաղապարներով առաջնորդվող եւ դրանց մեծ տեղ տվող պոլսահայ համայնքն այնքան էլ հակված չէ հայության այլ` իրեն չնմանվող խմբերի հետ շփվելու։ Այս հարցում բացառություն չեն նաեւ հայաստանցիները, որոնք մեծ մասամբ մինչեւ այսօր էլ պոլսահայերի կողմից ընկալվում են «ուրիշի», «օտարի» կատեգորիայում։ Այն, որ ուծացման տարբեր աստիճաններում գտնվող Թուրքիայի հայության եւ պոլսահայության փոխադարձ ընկալման խնդիրը գնալով ավելի արդիական եւ օրակարգային նշանակություն է ձեռք բերում, ցույց է տալիս այնտեղի հայկական մամուլում սույն խնդրի վերաբերյալ տպագրված հոդվածների աճը։

Այսպես, պոլսահայ մտավորական, «Ակոս» թերթի լրագրող Բագրատ Էսդուգյանը հատկապես վերջին շրջանում հաճախ է անդրադառնում այդ խնդրին, եւ այստեղ հարկ ենք համարում ընդարձակ մեջբերումներ կատարել նրա հոդվածներից, քանի որ նա, լինելով պոլսահայ համայնքի անդամ, կարողացել է անաչառ, կառուցողական դիրքերից եւ, որ ամենակարեւորն է, «ներսից» պատկերել խնդիրը. «Թուրքիոյ ներկայ օրակարգի գլխաւոր նիւթերէն մին կը հանդիսանայ բնակչութեան ինքնութիւնը։ Նախապաշարուած անհամար միտքեր, կամ կարծիքներ, նոյնիսկ հաստատումներ փուլ կու գան այժմ։ Մինչեւ մօտ անցեալ, երկրի վարիչները շատ կը սիրէին 99,9 տոկոսով մահմետական համարել Թուրքիոյ բնակչութիւնը։ Երկրի Հայ հաւաքականութիւնն ալ իւրացուցած կերեւի այս համոզումը։ Թէ չի գիտակցիր, որ իրմէ զատ հայեր ալ կան այս երկրի մէջ, եւ թէ չուզեր լսել անոնց գոյութիւնը։ Մեր քաղքենի ըմբռնման մէջ տեղ չկայ այն հայուն որ քրիստոնեայ չէ (ընդգծումը մերն է - Ռ. Մ.)։ Նոյնիսկ մինչեւ մօտ անցեալին կրնայինք յամառիլ Հայ չկոչել այն, որ հայախօս չէ։ Այսօր ալ լսել չենք ուզեր բոլոր այն հայերուն մասին, որոնց կենցաղը նման չէ մեր քաղքենի սովորութիւններուն։ Բայց կան։ Կան հայեր, որոնք փարած են իրենց ազգային ինքնութեան, ամբողջովին զանց առնելով կրօնական պատկանելիութիւնը։ Կան քրիստոնեաներ, որոնք փարած են իրենց հաւատքին, առանց գիտակցելու ազգային պատկանելիութիւնը։ Կան հայախօսներ, որոնք դեռ նոր գիւտը կընեն իրենց նախնիքներուն ազգային ինքնութեան։ Ոմանք մնացած են քրտաբնակ շրջաններու մէջ, քրտացած։ Ոմանք մնացած են թրքաբնակ շրջաններու մէջ, թրքացած։ Իսկ ոմանք, եւ բաւական թիւով ոմանք, հետքը որոնելով իրենց նախնիքներուն, կու գան մեր եկեղեցւոյ դուռը։ Իսկ դուռը բա՞ց է արդեօք իրենց դէմ։ Երբ գաւառի հայ մը մկրտութեան, պսակի կամ թաղման համար դիմում կատարէ մեր հոգեւոր իշխանութեանց, քահանայի պահանջքով ի՞նչ պատասխան կը ստանայ»։

Ի դեպ, Բագրատ Էսդուգյանն այս նույն խնդիրներին է անդրադարձել նաեւ հայաստանյան «Հետք» (Հետաքննող լրագրողների ընկերակցություն) ինտերնետային կայքին տված հարցազրույցում. «Երբ ասում ենք Թուրքիայի հայ հավաքականություն, պետք է նկատի ունենալ Ստամբուլի հայ հավաքականությունը: Երբ ասում ենք Ստամբուլի հավաքականություն, պետք է հասկանալ մի որոշ քաղքենի կենցաղ: Այդ քաղքենի կենցաղը հայ տեսնել կուզե միայն իր նմանը: Այսինքն` հայը պետք է որոշ թաղերի մեջ բնակվի, ամառները պետք է կղզի գնա, պետք է որոշ հաճախականությամբ եկեղեցի այցելի: Եվ հայն այդպիսի կաղապարված սահմաններ պետք է ունենա, ինչպես որ այս քաղաքի ընդհանուր մեծամասնությունը գոյացրել է: Իսկ այն հայը, որ կհակասի այս համայնապատկերին, ընդհանրապես շփոթով կդիտվի, երբեմն ստորագնահատությամբ կդիտվի: Այս օրինակին կմտնեն թե հայաստանցիները եւ թե այն հայերը, որոնք երկար տարիներ մնացել են Ստամբուլից դուրս վայրերում, իրենց ինքնությունը պահած են կամ նույնիսկ կորցրել են, բայց այսօր գիտակցում են: Ահավասիկ այդ զանգվածն էլ չի կարողանում պոլսահայերի ամբողջության մեջ թափանցել»։

Պետք է շեշտել, որ նման իրավիճակի հետ հաճախ բախվում ենք նաեւ Եվրոպայում. այստեղ կրոնադարձված (քրիստոնեություն վերընդունած) կամ այդ ճանապարհի վրա գտնվող հայության եւ քրիստոնեությունը պահպանած հայության միջեւ կան մի շարք անջրպետներ` պայմանավորված լեզվական, կենցաղային եւ այլ տարբերություններով, որոնք դրդում են մարդկանց խորթացման։

Անվիճելի է, որ ծպտյալ եւ իսլամացված հայության (հատկապես կրոնադարձվածների) ճիշտ ընկալման, ինչպես նաեւ ինտեգրման հարցում լուրջ անելիքներ ունի Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ Պոլսո Հայոց պատրիարքության երբեմն ոչ գրկաբաց վերաբերմունքը քրիստոնեություն վերընդունել ցանկացող հայերի նկատմամբ (որը կարող է ունենալ տարբեր պատճառներ` կապված զգուշավորության, թուրքական պետության կողմից կիրառվող սահմանափակումների, ինչպես նաեւ տարբեր շահախնդրությունների հնարավոր վտանգի հետ), թերեւս, դատապարտելի է։

Ակնհայտ է նաեւ, որ ներկայումս պոլսահայ դիսկուրսում ծառացել է «ո՞վ է հայը» հարցը, որին անդրադարձել է նաեւ վերոհիշյալ Բագրատ Էսդուգյանը «Ակոսի» էջերում. «Իսկապես, ո՞վ է Հայը։ Հայ ըսելով ի՞նչ կընկալենք։ Օրինակ, մենք` պոլսահայերս, ինչե՞ր կակնկալենք Հայէն։ Արդեօք կարելի՞ է որ Հայը հայախօս չըլլայ։ Փորձառութեամբ սորվեցանք, կարելի է։ Հայաստանաբնակ Հայն ալ նոյնպես պիտի յոժարի՞ արդեօք հայախօս չեղողը Հայ համարելու։ Ով գիտէ, թերեւս ալ ան դեռ չունի մեր ունեցած փորձառութիւնը։ Հայը կարելի՞ է որ քրիստոնեայ չըլլայ։ Կըրնա՞նք պատկերացնել իսլամացած մէկը, որ ըսէ, թէ Հայ է։ Ապրեցանք ու տեսանք որ կարելի է։ Հրանդի սպանութեան յաջորդող օրը, ամբողջ գիշեր հերթ պահեցինք Ակօս-ի դրան առջեւ, Սայաթ Նովացիներս, Քարտեշ Թիւրքիւլեր խմբակի տղաքը, Տոսթլար Գորոսու խումբէն երիտասարդներ ու տասնեակ մը սասունցիներ։ Այդ գիշեր հանդիպեցանք հաւատացեալ մահմետական հայերու, որոնք եկած էին զօրակցելու մերօրեայ ամենամեծ նահատակին` Հրանդ Տինքին յիշատակը յարգելու։ Համոզուեացանք որ այս ալ կարելի էր»։ Հոդվածագիրը գալիս է հաստատելու մեր կողմից բազմիցս արտահայտված այն միտքը, որ Թուրքիայի ծպտյալ եւ իսլամացված հայության եւ նրանց հետնորդների ճիշտ ընկալումը, նրանց հանդեպ մոտեցումների հստակեցումը կարող են գալ հարցի համակողմանի ճանաչումից, հասկանալուց հետո միայն։ Նկատելի է, որ Էսդուգյանը անթաքույց երկյուղով ու վերապահումով է մոտենում հայաստանցիներիս կողմից Թուրքիայի ուծացած հայության ընկալման հարցին եւ դա անելիս իրավացիորեն հիմք է ընդունում այս հարցում իրենց համեմատ մեր «անփորձ», այն է` անտեղյակ լինելը։ Էսդուգյանն անուղղակիորեն ընդունում է նաեւ, որ հենց իրենք` պոլսահայերը, ներկայումս խնդիր ունեն ճանաչել գավառներում վերապրած, ուծացման տարբեր աստիճանի վրա գտնվող հայերի հետնորդներին, քանի որ օբյեկտիվ պատճառներով չեն տիրապետում խնդրին ամբողջությամբ եւ խորությամբ. «Տասը տարի առաջ ո՞վ լսած էր Ատըյամանի շուրջ քսան հազար հայերու մասին։ Վերջին երկու տարիներուն մեր համայնքը ծանօթացաւ այդ գաւառին, քանի հոնկէ տասնեակ աշակերտներ կու գան ուսանելու մեր ազգային վարժարանները։ Միթէ մեր երկիրը գաղտնի կամ կորած հայերու պահածո՞յ է»:

Մեր կարծիքով, ամենեւին երկրորդական չէ եւ նույնիսկ ուշարժան է իսլամացված հայերի եւ նրանց հետնորդների ընկալման հարցը հենց իրենց շրջապատի թուրքերի, քրդերի, մի խոսքով` մուսուլմանների կողմից։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայում ո՛չ պետական եւ ո՛չ էլ հասարակական մակարդակով կրոնափոխ հայերին «իսկական մուսուլման» չեն համարել եւ ներկայումս էլ այդ մտածելակերպը չի փոխվել։ Ասվածն ապացուցող փաստերը բազմաթիվ են. բավական է միայն նշել հանրապետական Թուրքիայում պետականորեն կիրառված որոշ պատժամիջոցների ընթացքում կրոնափոխ հայերին ընդգրկելու հանգամանքը։ Հենց իրենք` կրոնափոխ հայերն են խոստովանում, որ իսլամ ընդունելու, կրոնով նախատեսվող բոլոր արարողություններն անելու պարագայում անգամ շրջապատը նրանց չի համարում իրական մուսուլման, եւ գյավուր, դյոնմե (կրոնափոխ) որակումները միշտ ուղեկցում են նրանց։ Օրինակ, 85-ամյա սասունցի կրոնափոխ հայուհի Զեյնեփ Յըլմազը, որն ունի բարեպաշտ մուսուլմանի համբավ եւ շրջապատում կարծում են, որ իր մուսուլման ամուսնուց էլ ավելի լավ մուսուլման է, ասում է. «Մենք հայ էինք, մուսուլման դարձանք, սակայն երբ տեղը գալիս է, մուսուլմանները մեզ կրկին ասում են. «Դուք հայ եք»։ Սրանից չենք կարողանում ազատվել»։ Բագրատ Էսդուգյանը նույնպես անդրադառնալով այս խնդրին` նշում է, որ իսլամացված հայերին եւ նրանց հետնորդներին մինչեւ այժմ էլ մուսուլմանները հայ են համարում. «Երբեք չեն ընդունում, ասում են` հա, էդ գյուղը գյավուրի գյուղ է, նրանք հայ են: Շրջակայքում չես կարող փոխել, սերնդեսերունդ գալիս է, որ դա հայի գյուղ է»:

Հետաքրքիր է նաեւ իմանալ թուրք ազգայնամոլների կարծիքը` ո՞վ է թուրքը հարցի շուրջ եւ այս նույն համատեքստում տեսնել, թե նրանք ինչպես են վերաբերվում ուծացման տարբեր աստիճաններում գտնվող ոչ թուրքերին։ Այսպես. պանթյուրքիզմի ռահվիրաներից մեկը` Նիհալ Աթսըզը (1905-1975թթ.), պատասխանելով ո՞վ է թուրքը հարցին, դեռեւս 1934թ. «Օրքուն» ամսագրում հրատարակված «Թուրք ռասան = Թուրք ազգի» վերնագրով հոդվածում ասում է. «Թուրքերի համար ազգը ամեն ինչից առաջ արյան խնդիր է։ Այսինքն` նա, ով ասում է` թուրք եմ, պետք է թուրքական ցեղից լինի։ Սակայն օտար արյուն կրող մարդը, եթե նույնիսկ թուրքերենից բացի այլ լեզու չիմանա էլ, նա թուրք չէ»:

Ամփոփելով նշենք, որ իսլամացված հայության տարբեր խմբերի հանդեպ մենք պետք է ունենանք տարբերակված մոտեցում եւ, որ ամենակարեւորն է, սպասումներ։ Ազգային գիտակցությունը եւ շատ հաճախ էթնիկ նկարագիրը պահպանած ծպտյալ հայերի` Հայության մեջ վերինտեգրվելու փորձերը եւ ձգտումները պետք է դրական վերաբերմունքի արժանանան մեր կողմից։ Անհրաժեշտ է կարողանալ հաղթահարել շատ հաճախ օբյեկտիվ պատճառներով մեր միջեւ առաջացած տարբերությունները։

Իսլամացված հայերի եւ նրանց խառնածին հետնորդների մեջ նկատվող երեւույթները տարբեր են. մի մասը, ինչպես ասել ենք, հպարտանում է իր հայկական արմատներով եւ առանձնահատուկ վերաբերմունք սկսում ցուցաբերել դրա հանդեպ, մի մասը փորձում է անտեսել այդ հանգամանքը, որպեսզի հասարակության մեջ չարժանանա «գյավուր» կամ «թշնամի հայի» որակման, իսկ մի մասն ունի նաեւ հոգեբանական պատճառներով պայմանավորված թշնամական վերաբերմունք հայության քրիստոնյա հատվածի հանդեպ։

Անշուշտ, ցավալի է, որ ի դեմս իսլամացված հայերի ուծացած կամ խառնածին հետնորդների` մենք հաճախ ականատեսն ենք լինում մեր ազգին, հայկական մարդաբանական տիպին բնորոշ հատկանիշների, մարդկային որակների աղճատված կամ «փչացած» ձեւերի։ Սակայն, այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ կա մի զանգված, որն ունի հայկական արմատներ եւ որ, ամենակարեւորն է, հետաքրքրվում է իր արմատներով, փորձում ճանաչել ինքն իրեն, ուստի իսլամացված հայերի եւ նրանց խառնածին հետնորդների գոյությունը չպետք է լիովին մերժել, այլ ընդհակառակը` մշակել նրանց հետ հարաբերվելու մեթոդներ, գտնել շփման եզրեր։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր