ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ. ԴԱՄԱՍԿՈՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
Հայերը Սիրիայում բնակություն են հաստատել հնագույն ժամանակներից ի վեր։ Տարածաշրջանի հետ Հայաստանն ունեցել է պատմամշակութային դարավոր կապեր: Սիրիահայ համայնքը մեծապես համալրվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներով, ապա` Կիլիկիայից փախստական հայերով։ Ներկայումս Սիրիայի հայերի թիվը 65-70 հազարի շրջանակներում է. հայաշատ համայնքներ կան Հալեպում, Կամիշլիում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսապում։ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին Սիրիայում ունի երկու թեմ` Բերիո (առաջնորդանիստը` Հալեպի Ս.Քառասուն մանկունք եկեղեցի) եւ Դամասկոսի (առաջնորդանիստը` Դամասկոսի Ս.Սարգիս եկեղեցի)։
Սիրիայի հայերի շրջանում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Դամասկոսի հայ համայնքը, որը հայկական սփյուռքի ավանդական եւ կայացած համայնքներից է։ Դամասկոսի հայերի թիվը չի գերազանցում 5-6 հազարը։
Պետության կողմից դամասկոսահայ առաքելական համայնքը (ինչպես նաեւ այլ քրիստոնեական համայնքներ) դիտարկվում է որպես կրոնական փոքրամասնություն, որին պետության առաջ ներկայացնում է Էջմիածնին պատկանող Դամասկոսի Հայոց առաքելական թեմը։ Փաստորեն, եկեղեցին պետության մոտ իր համայնքի ներկայացուցիչն է, իսկ համայնքի մոտ` պետության։ Դամասկոսահայ համայնքն ունի տեղական ազգային իշխանություն, որ գործում է դեռեւս 1853թ. կազմված եւ 1863-ին սուլթանական կառավարության կողմից վավերացված ազգային սահմանադրության հիման վրա: Ներկայումս Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը Տ. Արմաշ եպս. Նալբանդյանն է։
Համայնքի ներքին գործերը վարում է օրենսդիր մարմին հանդիսացող Գավառական ժողովը, որն ընտրում է գործադիր մարմնի նշանակություն ունեցող Քաղաքական ժողով: Սիրիայում ազգային կյանքը կազմակերպելու հարցում հայերը մեծ հնարավորություններ են ստացել։ Նրանց իրավունք է տրվել հայերեն լեզու եւ հայերենով` քրիստոնեական կրոն դասավանդել։
Սիրիահայերը երկրում լավ համարում եւ ճանաչում ունեն: Սիրիայի պատմության տարբեր փուլերում հայերն աջակցել են արաբներին, այդ թվում` անկախության համար մղված պայքարում։ XIX դարի երկրորդ կեսին Սիրիայում ազգային-մշակութային եւ ազգային-քաղաքական զարթոնքի (Նահդայի) շրջանում ծագումով հայ գործիչները մեծ դեր են խաղացել։ Նրանցից են արաբական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից մեկը` նահդայական գործիչ Ադիբ Իսհակն (1856–1882) ու արաբական հրապարակախոսության նույնպես հիմնադիր համարվող Ռզկալլահ Հասունը (1823–1880)։ Մեծ թվով հայեր դարձել են Սիրիայի Արաբական Հանրապետության բանակի սպաներ եւ մասնակցել երկրի պաշտպանությանը, իսկ գեներալ-լեյտենանտ Արամ Կարամանուկյանը, ով համարվում է Սիրիայի բանակի հիմնադիրներից մեկը, մասնակցել է 1948թ. արաբ-իսրայելական պատերազմին։
Այսօր էլ սիրիահայերը, այդ թվում` դամասկոսահայերը, ակտիվորեն ներգրավված են Սիրիայի սոցիալ-տնտեսական եւ մշակութային ոլորտներում։ Դամասկոսում բավական հայտնի անուն է Սիրիայի սիմֆոնիկ նվագախմբի հայազգի դիրիժոր Միսակ Բաղբուդարյանը։ Սիրիայի գրողների միությունն ունի երեք հայ անդամ, որոնցից են Նորա Արիսյանը` Դամասկոսից, Ալեքսանդր Քեշիշյանն ու Հրաչ Քալսահակյանը։
Դամասկոսահայերը ներգրավված են հիմնականում արհեստների եւ գործարարության ոլորտում։ Ներկայումս զինվորականության մեջ եւ պետական ապարատում հայեր գրեթե չկան։ Մտավորականները փոքր մաս են կազմում։ Ակադեմիական գիտությամբ զբաղվողները եզակի են:
Հատկանշական է, որ Սիրիայում, այդ թվում` Դամասկոսում վերջին քսան տարիներին հայ երիտասարդները կրթության նկատմամբ շատ ավելի մեծ հակում են ցուցաբերում, եւ ավելի շատերն են բարձրագույն կրթություն ստանում, քան 1970–1980-ականներին էր, ինչն առավելապես կապված է հայերի նյութական հնարավորությունների բարելավման հետ։
Սիրիայում հայկական կուսակցությունների գործունեությունն արգելված է, այդ իսկ պատճառով Դամասկոսում վերջիններս գործում են սահմանափակ ձեւով` հասարակական, մշակութային եւ մարզական կազմակերպությունների կամ միությունների (ակումբների) շրջանակներում։ Սիրիահայ համայնքն, ըստ էության, ցանցային կառույց է, քանի որ բոլոր միությունները եւ կրոնադավանական ուղղություններն ունեն իրենց ենթակառույցները կամ մասնաճյուղերը Սիրիայի գրեթե բոլոր հայաշատ շրջաններում։ Ակումբներում կազմակերպվում են մշակութային եւ մարզական տարբեր միջոցառումներ։ Դամասկոսում առավել հայտնի է Հայ կաթողիկե միության` 1960-ականներին հիմնված «Քնար» երգչախումբը, որի ղեկավարը Շանթ Քեշիշյանն է։ Շատ հաճախ Հայաստանից, ինչպես նաեւ Սփյուռքի տարբեր շրջաններից եւ արտերկրից հրավիրվում են մշակութային եւ հասարակական-քաղաքական գործիչներ։
Դամասկոսում գործող միությունները պաշտոնապես արտոնված են գործում եւ գրանցված են Սիրիայի Սոցիալական եւ աշխատանքի նախարարությունում, ունեն իրենց ներքին կանոնադրությունը եւ հետեւում են տվյալ նախարարության հաստատած կարգին։ Դամասկոսում գործում են Համազգային հայ կրթական-մշակութային միության, Նոր սերունդ մշակութային միության, Հայ բարեգործական ընդհանուր միության, Թեքեյան մշակութային միության մասնաճյուղերը, նաեւ` Հայ կաթողիկե միությունը։ Տարբեր միություններին պատկանելը թեեւ ի ցույց է դնում համայնքի ներքին բարդ խճանկարը, սակայն հայապահպանմանը չի վնասում։
Դամասկոսահայերը կրոնադավանական տարբեր հանրություններ են` որոշակի առանձնահատկություններով. կան առաքելական, կաթողիկե եւ ավետարանական համայնքներ։ Թվաքանակի առումով առաքելականներն ամենամեծն են։ Հայ կաթոլիկներն ունեն առաջնորդարաններ Դամասկոսում եւ Հալեպում, իսկ հայ ավետարանականները` համայնքապետություն Հալեպում։ Դամասկոսի կաթոլիկ հայերի առաջնորդը Հովսեփ եպիսկոպոս Արնաուտյանն է, իսկ Հայ ավետարանական եկեղեցու հովիվը` Տաթեւ Պասմաճյանը։ Հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական եկեղեցիների մեջ կա սերտ համագործակցություն։ Վերջիններիս համատեղ ջանքերով են կազմակերպվում մի շարք համահայկական միջոցառումներ (այդ թվում` Ապրիլի 24-ը)։
Դամասկոսի Հայ կաթողիկե համայնքը փոքրաթիվ է, հիմնականում արաբախոս, ունի առաջնորդարան, եկեղեցի, որը համայնքի կենտրոնն է: Համայնքի ամենահանգուցային դեմքը Սարգիս Քեշիշյանն է, ով մեծ դեր ունի հայ կաթոլիկ համայնքի ազգային կյանքը կազմակերպելու հարցում։ Ինչ վերաբերում է հայ ավետարանականներին, ապա նրանց համայնքը նույնպես փոքրաթիվ է, սակայն կաթոլիկների համեմատ` ավելի հայախոս։ Հայ ավետարանականները Դամասկոսում ունեն եկեղեցի եւ դպրոց։
Դամասկոսի հայության մեջ առանձին շերտ են կազմում արաբախոս (հիմնականում` կաթոլիկ) հին հայերը (արման կադիմ)։ Նրանց շրջանում ազգային գիտակցությունը գրեթե մթագնած է:
Դամասկոսահայ համայնքը համախմբելու հարցում դրական դեր է խաղում Սիրիայում ՀՀ դեսպանությունը, որն իր միջոցառումներին հրավիրում է հայկական բոլոր միությունների, այդ թվում` կաթոլիկ եւ ավետարանական համայնքների ներկայացուցիչներին:
Վերջին տարիներին, կապված ժողովրդագրական գործոնի հետ, Սիրիայի խորհրդարանում կա միայն մեկ հայ պատգամավոր։ Հայ թեկնածուն Հալեպի (Բերիո) Հայոց թեմի առաջնորդարանի թեկնածուն է համարվում, ընտրվում է համամասնական ցուցակով։ Վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2007թ. ապրիլին։ Սիրիայի Ազգային ժողովի ներկայիս հայ պատգամավորը Հալեպից իրավաբան Ս.Սումբուլյանն է, ով երկրորդ անգամ է դարձել խորհրդարանի պատգամավոր։ Վերջինս խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ է եւ հայ-սիրիական բարեկամության պառլամենտական հանձնաժողովի նախագահը։ Դամասկոսի հայերը քաղաքականությամբ հիմնականում չեն զբաղվում, չնայած հայերի մեջ կան իշխող «Բաաս» կուսակցության անդամներ։
Դամասկոսի հայ համայնքի ամենահանգուցային խնդիրներից մեկը թեմական հարցն է1, որը որոշ իմաստով տարանջատել է համայնքը` բաժանելով այն երկու թեւի: Առաջինի մեջ էջմիածնական կողմնորոշում ունեցողներն են` հնչակյան, բարեգործական, ռամկավար եւ կոմունիստ շրջանակները, մյուս թեւում` դաշնակցական, որոնք անթիլիասական կողմնորոշում ունեն եւ ձգտում են Դամասկոսի թեմը վերադարձնել Կիլիկիո աթոռին` Անթիլիասին, իսկ Դամասկոսի թեմի` Էջմիածնին պատկանելը համարում են անօրինական: Նրանք բոյկոտում են այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի հովանավորությամբ: Թեմական հարցը վերաճել է գործնականում չհանգուցալուծվող խնդրի, որը շատ դեպքերում ջլատում է համայնքի ուժերը: Շատերի կարծիքով` թեմական խնդիրը ակտիվություն է մտցնում համայնքում, սակայն այդ երեւութական աշխուժությունը, ըստ էության, անառողջ մրցակցության արդյունք է, իսկ նոր սերունդը շատ դեպքերում այլեւս հոգնել է հին վեճերից։
Դամասկոսահայերը, ինտեգրված լինելով սիրիական հասարակությանը, միաժամանակ ձգտում են պահպանել իրենց ազգային դիմագիծը։ Համայնքում գործում են հայ առաքելական համայնքին պատկանող ազգային դպրոցներ (որոնց շրջանակներում գործում են նաեւ մանկապարտեզներ)։ Դամասկոսում հայտնի են հետեւյալ դպրոցները` Ազգային Թարգմանչաց վարժարանը, որը Դամասկոսում հիմնված (1898թ.) առաջին կրթական հաստատությունն է, Ազգային միացյալ վարժարանը (1929թ.), Կյուլապի Կյուլպենկյան-Սահակյան վարժարանը (1929թ.)։ Եվս երեք դպրոց ունեն հայ կաթոլիկները եւ մեկ դպրոց` հայ ավետարանականները։ Դպրոցն ավարտելուց հետո հայ աշակերտներն ուսումը շարունակում են արաբական կամ մասնավոր (վճարովի) դպրոցներում: Ազգային միացյալ վարժարանը ներկայում ունի 170 հայ աշակերտ։ Դպրոցն առաջիկայում կգործի առավել արդիական շենքում, որը գտնվում է քաղաքի արվարձաններից մեկում։ Կյուլապի Կյուլպենկյան-Սահակյան վարժարանն ունի 160 աշակերտ, իսկ Թարգմանչացը` 350։ Հայ կաթոլիկների եւ ավետարանականների դպրոցներում հայ աշակերտների թիվը շատ սակավ է։
Ազգային դաստիարակությունը շարունակվում է ինչպես մշակութային եւ մարզական միություններում, այնպես էլ ընտանիքում։ Դամասկոսահայության մի հատվածի տեսակետի համաձայն` հայկական դաստիարակությունն ամենաուժեղ ձեւով դրսեւորվում է դաշնակցական շրջանակներում։
Հայկական թերթեր Դամասկոսում չեն հրատարակվում, սակայն ստացվում են Բեյրութից։ Առավել մեծ տարածում ունեն «Ազդակ» եւ «Զարթօնք» թերթերը։ Դամասկոս են հասնում նաեւ Հալեպի (Բերիո) Հայոց թեմի շաբաթաթերթ «Գանձասարը» եւ այլ հրատարակություններ։ Չնայած Դամասկոսում կան հայերին պատկանող տպարաններ, սակայն դրանցում հայկական գրականություն գրեթե չի հրատարակվում:
Դամասկոսահայ համայնքում գործում են նաեւ բարեգործական հաստատություններ, որոնցից են Ս.Սարգիս եկեղեցու աղքատախնամ հանձնախումբը, որ հիմնվել է 1890-ականներին, նաեւ` Սիրիահայ օգնության խաչը, որը կանանց բարեգործական կազմակերպություն է, հիմնվել է 1929-ին` Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությամբ։
Սիրիահայերի նկատմամբ թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը բարյացակամորեն են տրամադրված։ Այս հանգամանքը պայմանավորված է հայերի վաստակով` նրանց վստահելի եւ օրինապահ վարքագծով (Դամասկոսի համալսարանի դասախոս Նորա Արիսյանի կարծիքով` սիրիահայերն առանձին դեպքերում իրենց պարտականություններն ավելի լավ գիտեն, քան իրենց իրավունքները), նաեւ` էթնոդավանական փոքրամասնությունների հարցում ներկա վարչակազմի հանդուրժողական քաղաքականությամբ։ Ներկայումս Սիրիայում խաղաղ գոյակցում են էթնոդավանական եւ կրոնադավանական բազմաթիվ ուղղությունների ներկայացուցիչներ։ Առանձին մզկիթներ ու եկեղեցիներ տեղակայված են կողք կողքի։ Հայ հոգեւորականները ժամանակ առ ժամանակ հանդիպում են Սիրիայի ոչ միայն իսլամ, այլեւ քրիստոնեական եւ կրոնական այլ ուղղությունների գործիչների հետ, քննարկվում են համագործակցության, միջկրոնական ու միջդավանական երկխոսության, ինչպես նաեւ կրոնական եւ էթնիկ հանդուրժողականությանն առնչվող հարցեր։
Չնայած այդ իրողությանը` կա անվտանգությանն առնչվող ներքին տագնապ։ Իրաքում միջէթնիկ եւ միջդավանական հակասությունները որոշակի մտավախություն են ստեղծել` որպես հնարավոր նախադեպ նմանօրինակ խնդիրների առաջացման պարագայում։ Հարեւան պետություններում տեղի ունեցող գործընթացները Սիրիայի վրա ազդում են նաեւ տնտեսապես։ Պատահական չէ, որ վերջին շրջանում հայերի մեջ թափ առնող արտագաղթը (որը նոր երեւույթ չէ) նաեւ տնտեսական շարժառիթներ ունի։ Հիմնականում արտագաղթում են ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ծոցի երկրներ։ Արտագաղթողների մի մասը երիտասարդներ են, որոնք ուսանելու են գնում (հիմնականում` Ամերիկա եւ Եվրոպա) եւ այլեւս չեն վերադառնում:
Դամասկոսահայությունը ներկայումս բախվել է բազմաթիվ խնդիրների, որոնք, փաստորեն, մի կողմից կապված են ազգապահպանման, մյուս կողմից` տնտեսական խնդիրների հետ։ Ազգապահպանությանն ուղղված ջանքերը գնալով դժվարանում են. մեծանում է օտար մշակույթների ազդեցությունը, կան արաբախոս շատ ընտանիքներ, որոնց մեջ հայկական շրջանակում մնալու զգացողությունն աստիճանաբար նվազում է, որոշակիորեն շատանում են նաեւ խառնամուսնությունները (հիմնականում` քրիստոնյա արաբների հետ)։ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի խոսքերով` կա մի խավ, որն ազգային իմաստով «ծույլ» է եւ իրեն հեռու է պահում ամեն ինչից։
Սիրիահայերը, այդ թվում` դամասկոսահայերը, ազգային կյանքի աշխուժացման հարցում որոշակի ակնկալիքներ ունեն Հայաստանից։ Նրանք ցանկանում են, որպեսզի Հայաստանը տեր կանգնի համահայկական խնդիրներին ու Սփյուռքին։ Հայաստանում կան իրողություններ, որոնք բացասաբար են ընկալվում նրանց շրջանում: Դամասկոսահայերին առաջին հերթին մտահոգում է Հայաստանում մի շարք արատավոր երեւույթների, ինչպես, օրինակ, աղանդների տարածումը։ Տարբեր առիթներով Հայաստանում բախվելով վարչական եւ սոցիալական խնդիրների` դամասկոսահայերից (կամ սիրիահայերից) շատերը Հայաստանը համարում են դեռեւս կայացման գործընթացում գտնվող երկիր: Առանձին տեսակետների համաձայն` ՀՀ-ն իրենց երազած Հայրենիքը չէ: Այս հանգամանքը շատ դեպքերում կարող է հանգեցնել ազգային գիտակցության ճգնաժամի։
Դամասկոսահայ համայնքում ազգային կյանքն աշխուժացնելու տեսանկյունից շատ կարեւոր դեր է կատարում արբանյակային կապը, որը հնարավորություն է տալիս դիտել Հ1-ը:
Չնայած դամասկոսահայ համայնքը տիրապետում է ինքնակազմակերպման արդյունավետ, ավանդական մեխանիզմների եւ ունի զգալի ներուժ, սակայն կարիք ունի արդիականացնելու ազգային կազմակերպման ավանդական գործառույթները։
1Դամասկոսի թեմը կազմավորվել է XV դարի կեսին` Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից եւ գործել նրա ենթակայության ներքո մինչեւ 1929թ.։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության վերակազմավորման համար (Մեծ եղեռնից եւ 1921-ին Կիլիկիայի հայաթափումից հետո նրա ենթակայության տակ էր մնացել միայն Հալեպի թեմը) 1929-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի օրհնությամբ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Բեյրութի եւ Կիպրոսի թեմերի հետ Կիլիկիո աթոռին է փոխանցել նաեւ Դամասկոսի թեմը։ 1956-ի եկեղեցական տագնապից հետո թեմի վարչական պատկանելության հարցը դեռեւս հստակեցված չէ։ Դամասկոսի թեմի առաջնորդը ներկայումս ներքին կարգով նշանակվում է էջմիածնից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]