• am
  • ru
  • en
Версия для печати
01.04.2009

ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՅՍՕՐ

   

Արեստակես Սիմավորյան

1_Batumi_Armenian Catholic Church (original)Հավաքական իմաստով աշխարհի տարբեր երկրներում գաղթավայր կազմած առաքելադավան Հայության կողքին այսօր առանձին կրոնական համայնքների կարգավիճակով գոյություն ունեն հայ կաթոլիկների մեծ ու փոքրաթիվ խմբեր։ Ցավոք, այսօր անտեսվում է կամ գրեթե չի խոսվում Հայության՝ բավական մեծ ներուժ ունեցող այս տարադավան համայնքի գործունեության մասին։ Իսկ անտարբերությունը, ինքնաբերաբար, նրանց մեկուսացնում է Հայության ընդհանուր խնդիրներից՝ վերածելով ինքնամփոփ, իր իրավասություններով պարփակված հայ կրոնական համայնքի, որն, անշուշտ, սպառելով իրեն՝ կփոշիանա։

Շատ դեպքերում հայ կաթոլիկների մասին պատկերացումները սահմանափակվում են Մխիթարյան միաբանության, Սիրիայի, Լիբանանի համայնքների կամ առնվազն Հայաստանի, Վրաստանի «ֆրանգների» գոյությամբ, այն պարագայում, երբ նրանք զբաղեցնում են բավական լայն աշխարհագրական արեալ։

Հայ կաթոլիկներն այսօր իրենց ազգային նկարագիրը պահպանելու խնդիր ունեն։ Ազգապահպան այդ գործը հնարավորինս կատարվում է Մխիթարյան միաբանության հայրերի կողմից, ովքեր փորձում են պահպանել տարբեր երկրներում իրենց տրամադրության տակ գտնվող դպրոցների, վարժարանների դեռևս չխամրող գործունեությունը։

Տարբեր տվյալներով ներկայումս աշխարհում հայ Կաթողիկե եկեղեցու հետևորդները հինգ հարյուրից վեց հարյուր հազարի են հասնում։ Նրանց հոգևոր պահանջները բավարարելու համար պատմական տարբեր ժամանակահատվածներում ստեղծվել են թեմեր, դրանց մեծ մասն ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, ինչպիսին է, օրինակ, Ավստրալիայի հայ կաթոլիկ համայնքը։

Արևելաեվրոպական թեմ (օրդինարիատ). արևելաեվրոպական թեմը բավական մեծ աշխարհագրական տարածք է զբաղեցնում՝ ընդգրկելով Հայաստանի, Վրաստանի և ԱՊՀ բոլոր հայ կաթոլիկներին։ Թեմը ստեղծվել է Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, առաջնորդարանը Գյումրիում է։ 1992-ին Հայ Կաթողիկե համայնքը Հայաստանում պաշտոնական ճանաչում ստացավ, ինչն ամրագրվեց Մարդու իրավունքների հռչակագրի հիման վրա, այնուհետև՝ 1993-ին, թեմի պաշտոնական բացումը կատարվեց Գյումրիում1: Հայաստանում կաթոլիկների թիվը 180 հազար է2, որոնք հիմնականում բնակվում են հյուսիսային շրջաններում, մասնավորապես՝ Շիրակի, Տաշիրի և Լոռու մարզերում, մասամբ Երևան, Գյումրի, Արթիկ քաղաքներում։

Մոտ 50 հազար հայ կաթոլիկներ են բնակվում Վրաստանի Սամցխե-Ջավախքի՝ Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ախալցխայի հայաբնակ գյուղերում։ Ջավախքի սոցիալ-տնտեսական ծանր կացության պատճառով ինչպես այդ տարածքի ողջ Հայության, այնպես էլ կաթոլիկների շրջանում բարձր է արտագաղթողների տոկոսը։ Փաստենք, որ կաթոլիկ հայերը միշտ էլ ամուր կապեր են ունեցել տեղի լուսավորչական հայերի հետ։

Փոքրաթիվ կաթոլիկ հայեր բնակվում են Բաթումում, Փոթիում, որոնք չունեն կազմակերպված համայնք։ Թիֆլիսի և Վրաստանի տարբեր վայրերում ձևավորված երբեմնի ավանդական հայ կաթոլիկ համայնքներն այլևս գոյություն չունեն, ինչը վրաց իշխանությունների՝ էթնիկ հայ կաթոլիկներին ուծացնելու հետևողական քաղաքականության արդյունք է։

Ռուսաստանի Դաշնությունում ամենակազմակերպվածը, թերևս, Մոսկվայի հայ կաթոլիկ համայնքն է, որը գործում է 2000 թվականից։ Սկզբնապես հայ կաթոլիկները հավաքվում էին Մոսկվայի Սբ. Լյուդովիկոս եկեղեցում՝ միանձնուհի Նունե Պողոսյանի ղեկավարությամբ, սակայն վերջինիս հեռանալուց հետո որոշ ժամանակ հավաքները դադարել էին, և միայն 2002 թվականից այն սկսեց գործել իտալացի վանահայր Միքայել Բասալեի հովվապետությամբ3։ Համայնքի ներկայացուցիչները Հայաստանից, Վրաստանից արտագաղթած, Ռուսաստանի տարբեր քաղաքներից մայրաքաղաք տեղափոխված հայ կաթոլիկներ են, ովքեր այս կերպ փորձում են կազմակերպվել։ Առանց եկեղեցական արարողակարգի հայ կաթոլիկների ոչ մեծ խմբեր են բնակվում Կրասնոդարի երկրամասում,Պսկովում, Ռոստովում, Աբինսկում, Սոչիում, Ադլերում4 և այլ քաղաքներում։

Լատինական Ամերիկայի Առաքելական եպիսկոպոսություն. 20 տարվա պատմություն ունեցող այս թեմը հիմնադրվել է 1989թ. Հովհաննես Պողոս Բ պապի կողմից։ Կենտրոնը Սան Պաուլոյում է։ Բացառությամբ Արգենտինայի, որն առանձին եպիսկոպոսության աստիճան ունի, այս թեմի մեջ են մտնում լատինաամերիկյան բոլոր, ներառյալ Մեքսիկայի հայ կաթոլիկները, որոնց ընդհանուր թվաքանակը 12 հազար է։ Հայ կաթոլիկների ավելի կազմակերպված համայնքներ կան Ուրուգվայում (Մոնտեվիդեո), Բրազիլիայում (Սան Պաուլո)։

Հայկական ինքնության պահպանման առումով բրազիլաբնակ հայ կաթոլիկ համայնքն ավելի գործուն դերակատարում ունի։ Հիմնվել են մշակութային՝ թատերական, երիտասարդական-պատանեկան, մարզական խմբակներ, երգչախմբեր։ Համայնքային կյանքից մեկուսի ապրող սակավաթիվ հայ կաթոլիկները ցրված են Հարավային Ամերիկայի երկրներում (մասնավորապես Վենեսուելայում, Պարագվայում, Մեքսիկայում), և նրանց մոտավոր թիվը որոշելը դժվար է։

Լատինական Ամերիկայի հայ կաթոլիկ թեմ կա Բուենոս Այրեսում։ Դա Սբ. Գրիգոր Նարեկացու եպիսկոպոսությունն է՝ հիմնադրված 1989թ.։ Վատիկանի տվյալներով՝ Արգենտինայում հաշվվում է 16 հազար հայ կաթոլիկ։ Զարմանալի է, որ այդ թվաքանակը քսան տարիների ընթացքում անփոփոխ է մնացել։ Դա բացատրվում է նրանով, որ հայ կաթոլիկների մի քանի սերունդ կամ ձուլման ճանապարհով հեռացել են իրենց համայնքից, կամ էլ վերադարձել են Առաքելական եկեղեցու գիրկը։ Դրան նպաստել է նաև Արգենտինայի տնտեսական ճգնաժամը (արտագաղթ ԱՄՆ)։

Համայնքն ունի մեկ դպրոց՝ Մխիթարյան վարժարանը, որն այդ երկրում կեսդարյա պատմություն ունի։ Թեմի ջանքերով է հրատարակվում նաև «Վարդանանք» ժողովրդապետական տեղեկագիրը, որն անդրադառնում է հայ կաթոլիկ համայնքի խնդիրներին, մշակութային կյանքին։ Գործում են մշակութային՝ արվեստի, պարի խմբակներ, ստեղծագործական միավորումներ։ Որքան էլ վերոհիշյալ գործոնները նպաստավոր լինեն համայնքի պահպանմանը, այնուհանդերձ, իրատեսական է թվում, որ Արգենտինայի հայ կաթոլիկ համայնքը բավարար նախադրյալներ ունի ձուլվելու դավանակից արգենտինացիներին։

Իրաք. Բաղդադի արքեպիսկոպոսություն. Իրաքի ոչ մեծ հայ կաթոլիկ համայնքը ձևավորվել է 17-18-րդ դդ.։ Հայերին դավանափոխելու մեծ աշխատանք ծավալեցին կաթոլիկ միսիոներները։

Հիմնականում արաբախոս իրաքաբնակ հայ կաթոլիկ համայնքի կենտրոնը մշտապես գտնվել է Բաղդադում, որտեղ շուրջ 18 տարի գործում է համայնքապատկան եկեղեցին։ Այստեղ խնդիրները փոքր-ինչ այլ են՝ պայմանավորված իրաքյան պատերազմով։ Մինչև պատերազմը հայ կաթոլիկների թիվը գերազանցում էր երկու հազարը։ Պատերազմական օրերին Բաղդադի հայ կաթոլիկ եկեղեցին բոլոր իրաքաբնակ հայերի (անկախ դավանանքից) հավաքատեղին էր5։

Սակայն քրիստոնեական փոքրամասնությունների դեմ իսլամական ծայրահեղականների հարձակումները խաթարեցին հայ կրոնական երկու համայնքների բնականոն կյանքը։ Մի քանի հայ կաթոլիկների սպանությունը պատճառ դարձավ, որ հարյուրի հասնող արաբախոս հայ կաթոլիկներ գաղթեն Սիրիա և Լիբանան։ Իրաքի հայ կաթոլիկ համայնքը կարելի է դասել փոքր համայնքների շարքին, որը ծանր օրեր է ապրում, ինչպես և ողջ Իրաքի հայությունը։

Թուրքիա, Ստամբուլի արքեպիսկոպոսություն. երբ 1830թ. սուլթան Մահմուդ 2-րդի հատուկ հրովարտակով Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայ կաթոլիկները ճանաչվեցին առանձին համայնք (միլլեթ), Պոլսում ստեղծվեց թեմ, որը գործեց ավագ թեմի կարգավիճակով։

Թուրքիայի Հանրապետությունում հայ կաթոլիկների համայնքային կյանքը ի սկզբանե կենտրոնացված է եղել Ստամբուլում։ Շուրջ 60 ընտանիքի հասնող մի հատված էլ ապրում է Անկարայում։ Վերջիններս բավական թույլ կապեր ունեն տեղի ոչ կաթոլիկ հայերի հետ6։ Սա լուրջ խնդիր է, և հարկ ենք համարում նշել, որ այս ամենը պատմական հիմք ունի7, որը հետզհետե խորանալով՝ մեծ ճեղք է թողել երկու հայ կրոնական համայնքների միջև։ Անկարայի հայ կաթոլիկ համայնքը շարունակում է վարել բավական մեկուսի, ինքնամփոփ կենսակերպ։ 1970-ական թթ. տեղի հայ կաթոլիկ համայնքի անդամների թիվը 14 հազար էր8, սակայն այսօր այն հասնում է 3 հազարի։ Մի շարք ոչ հավաստի տվյալներով՝ նրանց թիվը 25 հազար է9, ինչը խիստ անհավանական է թվում, քանի որ 3 հազար թիվը կամ մի փոքր ավելին Վատիկանի պաշտոնական վիճակագրական տվյալներն են։ Թվերի ուռճացման հարցում Վատիկանը ամենաակտիվներից է՝ փորձելով հետևորդների մեծաթվությամբ ապահովել իր եկեղեցու գերակայությունն այլ եկեղեցիների նկատմամբ։ Այնպես որ, վերջինիս տվյալներն ավելի արժանահավատ աղբյուր են հանդիսանում, ինչը երբեմն շրջանառվում է թուրքական գիտավերլուծական հոդվածներում10։

Մեր դիտարկումներից ելնելով՝ փաստենք, որ թուրքական տեղեկատվական դաշտում այս համայնքի ներկա գործունեության մասին շատ կցկտուր և հակասական տեղեկություններ են պարունակվում։ Մասնավորապես, Թուրքիայի տարածքում բնակվող հայերի մասին քննարկումները սահմանափակվում են կամ բուն հայկական համայնքի, կամ իսլամացած, ծպտյալ հայերի խնդիրներով, իսկ կաթոլիկների պարագայում՝ նրանց թվաքանակի նշմամբ։

Ստամբուլում, որն այսօր տեղի հայ կաթոլիկների հոգևոր կենտրոնն է, գործում է 12 հայ կաթոլիկական եկեղեցի, մեկ եկեղեցի կա Մարդին քաղաքում, որտեղ հայ կաթոլիկներ այլևս չկան։ Գործում են Մխիթարյան միաբանության ենթակայության տակ գտնվող նախակրթարաններ, երկսեռ վարժարաններ։ Բարեգործական հաստատություններից հիշատակման են արժանի Սուրբ Հակոբ բարեգործական մարմինը, Սուրբ Հակոբ հիվանդանոցը, Սուրբ Հակոբ բուժհիմնարկությունը, որոնք բոլորն էլ համայնքապատկան կառույցներ են։ Անկարայի հայ կաթոլիկները, սակայն, հաղորդակից չեն համայնքի կյանքին, անգամ եկեղեցի հաճախելու հնարավորություն չունեն։

Տարբեր երկրներում հիմնված հայ կաթոլիկ համայնքների ներկայիս վիճակն ուսումնասիրության կարիք ունի։ Պետք է փորձել որոնել այս համայնքները պահպանելու միջոցներ և ուղղություններ։ Մոտեցումները պետք է հստակեցվեն ըստ էության, հաշվի առնելով, որ դրանցից յուրաքանչյուրն ապրում է տարբեր մշակույթներով ձևավորված արժեհամակարգերում։ Անհրաժեշտ է նաև զանազանել այն, որ հայ կաթոլիկների խնդիրները հիմնովին տարբերվում են այլ կրոնական պատկանելություն ունեցող շերտերի խնդիրներից. օրինակ, իսլամացված հայերի պարագան հայ իրականության մեջ առանձնահատուկ է։

Վատիկանի տարեկան պաշտոնական վիճակագրության հիման վրա ստորև ներկայացնում ենք հայ կաթոլիկ թեմերը, որտեղ, ըստ տարիների, ներկայացված է նաև թեմի անդամների թվաքանակը։

Հայ կաթոլիկներն աշխարհում11

Թեմեր 1990թ. 2000թ. 2005թ. 2007թ. 2008թ.
Պատրիարքարան, Բեյրութ, Լիբանան 15,000 12,000 10,000 12,000 12,000
Սպահանի եպիսկոպոսություն, Իրան 2200 2200 10,000 10,000 10,000
Բաղդադի եպիսկոպոսություն, Իրաք 2200 2000 2000 2000 2000
Ալեքսանդրիայի եպիսկոպոսություն, Եգիպտոս 1500 1287 1276 6000 6000
Հալեպի արքեպիսկոպոսություն, Սիրիա 15,000 17,000 17,000 17,000 17,500
Կամիշլիի եպիսկոպոսություն, Սիրիա 4303 4000 4000 4000 4000
Դամասկոս, պատրիարքական էքզարքություն, Սիրիա 4000 4000 4500 4500 4500
Ստամբուլի արքեպիսկոպոսություն, Թուրքիա 3700 3680 3670 3640 3650
Աման, Երուսաղեմի պատրիարքական փոխանորդություն --- 280 740 800 800
Լվովի եպիսկոպոսություն, Ուկրաինա --- --- --- 0 0
Փարիզի Սուրբ խաչ եպիսկոպոսություն, Ֆրանսիա 30,000 30,000 30,000 30,000 30,000
Աթենքի օրդինարիատ, Հունաստան 650 600 400 400 350
Լատինական Ամերիկայի և Մեքսիկայի Առաքելական եպիսկոպոսություն 30,000 12,000 12,000 12,000 12,000
Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Նարեկացու եպիսկոպոսություն, Արգենտինա --- 16,000 16,000 16,000 16,000
Գեռլայի օրդինարիատ, Ռումինիա --- 1000 515 842 806
Նյու Յորքի եպիսկոպոսություն, ԱՄՆ և Կանադա 34,000 36,000 36,000 36,000 36,000
Արևելաեվրոպական թեմ, Գյումրի --- 220,000 220,000 220,000 390,000
Ընդհանուր12 142,853 362,047 368,101 375,182 539,806

1http://www.armeniancatholic.org/inside.php?lang=am&page_id=303

2Հայաստանում ԱՄՆ դեսպանության տվյալներով՝ կաթոլիկների թվաքանակը մեզ մոտ հասնում է 100 հազարի, Кард. Бертоне в Армении: надежда католиков - интервью со священником Петросом Ясаянем, http://www.wwjd.ru/news/catholic/Kard-Bertone-v-Armenii-na/, 07.03.2008

3Католики армянского обряда, http://www.catholic.su/node/48

4Н.Шахназарян, Армяне Краснодарского края, Сборник информационно-методических материалов, Краснодар, ЮРРЦ, с. 6, 2008.

5Иракские армяне живут в страхе из-за участившихся нападений на христиан, http://newsru.com/arch/religy/09sep2003/iraq_armen_save.html

6Komşuoğlu A., Türkiye Ermenilerinin Siyasal Tutum ve Davranışları Üzerine Notlar, Istanbul Universitesi, SBF Dergisi, 62/1, , Istanbul, 2006, s. 151

7Խոսքը երկար տարիներ տևած դավանաբանական վեճերի մասին է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների և հայ կաթոլիկների միջև, ինչն էլ հայ կաթոլիկ համայնքի առաջացման նախադրյալը դարձավ ։

8Հայկական Սովետական հանրագիտարան, հ. 5, Երևան, 1979, էջ 163։

9http://i-cias.com/e.o/turkey.religions.htm

10Murat Cano, Istanbul ve Türkiye Azınlık Hayatları Ya da Olivo’dan “ Vıy Lo” Sokağına, Türkiye Mühendislik Haberleri, Sayı 413, Istanbul, 2001, s.45

11The Eastern Catholic Churches 2008, Source:Annuario Pontificio, The Armenian Catholic Church Patriarchat, http://www.cnewa.org/source-images/Roberson-eastcath-statistics/eastcatholic-stat08.pdf

12Այստեղ ներկայացված չէ Ավստրալիայի հայ կաթոլիկ համայնքը՝ մոտ հազար մարդ։ Աղյուսակում տեղ չեն գտել նաև Ավստրիայի, Իտալիայի, Հունգարիայի փոքրաթիվ հայ կաթոլիկ համայնքների տվյալները։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր