• am
  • ru
  • en
Версия для печати
25.12.2008

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» 90-ԱՄՅԱԿԻՆ

Руский

   

armenpress (medium) Դեկտեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Տեղեկատվական պատերազմներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված «Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակին։ Երկօրյա գիտաժողովի կազմակերպիչներն էին Պետական հոբելյանական հանձնաժողովը, ԵՊՀ ժուռնա-լիստիկայի ֆակուլտետը և «Արմենպրեսը»։

1918թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի ընդունած օրենքով ստեղծվեց Հայաստանի հեռագրական պետական լրատվական գործակալությունը, որը հետագայում վերանվանվեց «Արմենպրես»։ Այժմ «Արմենպրեսը» Հայաստանի առաջատար լրատվական գործակալություններից է։

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, արտասահմանյան առաջատար լրատվական գործակալությունների (Ռուսաստանի «ԻՏԱՌ-ՏԱՍՍ», Վրաստանի «GHN», Բելառուսի «ԲԵԼՏԱ», Ուկրաինայի «Ուկրինֆորմ», Մոլդովայի «Մոլդպրես», Բուլղարիայի «ԲՏԱ»), ինչպես նաև հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թեմային իրազեկ բազմաթիվ հյուրեր՝ ԵՊՀ դասախոսներ և փորձագետներ, այդ թվում և «Նորավանք» ԳԿՀ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Իր զեկույցում («Տեղեկատվական պատերազմները բլոգերում») նա նշեց, որ բլոգերը լուրջ դեր են կատարում տեղեկատվական պատերազմներում, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Ս.Մարտիրոսյանն արձանագրեց, որ այսօր բլոգերի այցելուների թիվը գերազանցում է online մամուլի այցելուների թիվը։

Գիտաժողովի մասնակիցներն անդրադարձան տեղեկատվական պատերազմին, դրա վարման մեթոդներին, առանձնահատկություններին և վտանգներին։

Արդի աշխարհում ընթացող տեղեկատվական պատերազմները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության վրա։ Ադրբեջանը և Թուրքիան վարում են նպատակաուղղված տեղեկատվական պատերազմ, ինչը լի է բազմաթիվ վտանգներով։ Դրանց դիմակայելու համար Հայաստանում պետք է մշակվի տեղեկատվական անվտանգության հստակ հայեցակարգ։ Ինչպես հավաստեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, և հաջորդ տարվա հունվարից աշխատանքներ կսկսվեն ԱԱԽ-ում միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման ուղղությամբ, որը կզբաղվի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակմամբ։

Այսօր կարծես թե մեր երկրում արդեն որոշ չափով գիտակցվում են տեղեկատվական պատերազմների հարուցած վտանգները և դրանց դիմակայելու անհրաժեշտությունը, ուստի պետք է հուսալ, որ կձեռնարկվեն կոնկրետ քայլեր այս ուղղությամբ։ Ինչպես նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «տեղեկատվական պատերազմների վտանգները չգիտակցող, դրանց դիմակայելուն անպատրաստ հասարակություններն ու պետությունները դատապարտված են լինել պարտվողների շարքում»։

«Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակին նվիրված «Տեղեկատվական պատերազմներ» միջազգային գիտաժողովը երկրորդ օրվա քննարկումները շարունակեց սեկցիաներում: «Տեղեկատվական դաշտի արդի մարտահրավերները», «ՀՀ տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» թեմաների ամփոփմամբ հանդես եկան պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Մենեմշյանը։ «IREX (Միջազգային նվաճումների և փոխանակումների խորհուրդ) - Հայաստանի Լրատվամիջոցների աջակցության ծրագրի» ղեկավար Ռոբերտ Էվանսը ներկայացրեց «Այլընտրանքային մեդիայի» իրենց նախագիծը: Կարևորելով այլընտրանքային լրատվամիջոցների գոյությունը՝ Ռ.Էվանսը վստահեցրեց, որ ծրագրի նպատակն է ստեղծել և օգնել այդպիսի լրատվամիջոցների կայացմանը։ Ծրագրի ղեկավարի տեղակալ Արտաշես Փարսադանյանը նշեց, որ այն, ԶԼՄ-ի համար որոշակի փուլեր անցնելուց հետո, ապահովում է նաև վարկային միջոցներ։ Ծրագրին մասնակցում են հայաստանյան շուրջ 20 լրատվամիջոցներ։ Նշենք, որ IREXը կատարում է մի շարք հետազոտական աշխատանքներ (90 օրը մեկ կատարվում են հետազոտություններ ԶԼՄ վարկանիշերի վերաբերյալ, ստեղծվում են ֆոկուս խմբեր, կատարվում են թիրախային հետազոտություններ, հեռախոսային հարցումներ)։ Ծրագրի երկրորդ մասով կազմակերպվում են նաև «Web-master» դասընթացներ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, կազմվում են ԶԼՄ-ի զարգացմանը և կայունացմանն աջակցող տեխնիկական խմբեր։


դեպի ետ