Բազմաբևեռ և ասիմետրիկ «սառը պատերազմ»


Արդի ռազմաքաղաքական զարգացումների բնույթն ըմբռնելու համար օգտակար է համեմատել և համադրել դրանք 20-րդ դարի երկրորդ կեսին ընթացող գործընթացների հետ։ Այն տարիների «սառը պատերազմը» (ՍՊ) և ներկայիս զարգացումներն ունեն ընդհանրություններ և տարբերություններ, որոնց վերլուծությունը պետք է որ նպաստի քաղաքական հեռանկարների վերաբերյալ հիմնավորված կանխատեսումներ կատարելուն։
«Սպառազինությունների մրցավազքը». Առաջին ՍՊ-ի դարաշրջանը բնութագրող առանցքային հասկացություններից էր «սպառազինությունների մրցավազքը», որը Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության առաջնորդությամբ ընթանում էր «Ազատ աշխարհի» և «Սոցիալիստական ճամբարի» միջև։ Կողմերի «ռազմական գործիքներն» էին երկու խոշոր դաշինքները` Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ, հիմնվել է 1949թ.) և Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը (ՎՊԿ, 1955-1991թթ.), որոնց ցամաքային «անմիջական շփման» գիծն անցնում էր Եվրոպայով և մասամբ` Հարավային Կովկասով։
Նման երկբևեռ համակարգում «սպառազինությունների մրցավազքը» հիմնականում սիմետրիկ բնույթ էր կրում. ամերիկյան և խորհրդային զինված ուժերը տիրապետում էին գրեթե հավասար ներուժի։ Այդ հավասարակշռության խախտումը որևէ ոլորտում կողմերը հիվանդագին էին ընդունում և դրությունը շտկելու համար դիմում էին հնարավոր բոլոր միջոցների։ Նման իրավիճակը ծանր էր անդրադառնում հատկապես խորհրդային տնտեսության վրա, որը զգալիորեն զիջում էր արևմտյանին. համարվում է, որ ԽՍՀՄ փլուզման տնտեսական պատճառներից մեկը «սպառազինությունների մրցավազքն» էր։ Ավելին. միանգամայն հիմնավոր է այն վարկածը, թե նման մրցավազքը ԱՄՆ-ի կողմից կիրառվող ռազմավարություն էր, որը «պարտադրվում» էր «սովետներին» նրանց ուժասպառ անելու նպատակով։
Ներկա ժամանակաշրջանին բնորոշ չեն նաև հակամարտող ռազմաքաղաքական դաշինքները։ Շարունակում է գործել, որպես «ժառանգություն» Առաջին ՍՊ-ից, Հյուսիսատլանտյան կազմակերպությունը։ Սակայն անգամ ՆԱՏՕ-ին այսօր հատուկ է որոշակի ներքին «քաղաքական անջատողականություն»՝ պայմանավորված հյուսիսատլանտյան և եվրակենտրոն գաղափարախոսությունների հակասություններով։ Կարելի է արձանագրել, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընկալվում որպես Եվրոպան պաշտպանելու առաքելություն կատարող կազմակերպություն և այսօր ավելի շատ, քան նախկինում, սպասարկում է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի շահերը։ Սակայն բոլոր պարագաներում ՆԱՏՕ-ն չունի հավասարազոր մրցակիցներ և գերակայում է ռազմական հարթությունում։ Այդ ոլորտում անհամեմատ ավելի համեստ դիրքեր է գրավում նախկին խորհրդային հանրապետություններից մի քանիսը ներառող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), իսկ զարգացման մեծ հեռանկարներ ունեցող Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) որպես ռազմական դաշինք առայժմ չի ձևավորվել։
Նույն պատկերն է նաև նախկին գլխավոր հակառակորդների պարագայում։ Միացյալ Նահանգները ռազմական ոլորտում էապես գերազանցում է Ռուսաստանին և Չինաստանին ոչ միայն առանձին, այլև միասին վերցրած. ԱՄՆ ռազմական բյուջեն կազմում է աշխարհում կատարվող ռազմական ծախսերի գրեթե կեսը, իսկ ամերիկյան զինված ուժերը ռազմական տեխնիկայի և ռազմարվեստի ոլորտներում չունեն իրենց հավասարը։
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ անգամ բացարձակ ռազմական գերազանցությունը չի կարող ԱՄՆ-ի համար երաշխավորել գաղափարախոսական, քաղաքական և տնտեսական գերակայություն աշխարհում։ Դրա ցայտուն օրինակն է այն, ինչ տեղի է ունենում Իրաքում և ինչ տեղի կունենա գրեթե նույն տրամաբանությամբ ընթացող զարգացումների հետևանքով Աֆղանստանում. այս կամ այն երկրի ռազմական օկուպացիան դեռևս չի նշանակում լիարժեք վերահսկում այնտեղ ընթացող գործընթացների վրա։
Պետք է ընդունել, որ ամերիկյան ռազմավարությունը, չնայած շարունակաբար կատարելագործվում և ենթարկվում է բարեփոխումների, ինչ-որ առումով արխայիկ բնույթ է կրում։ Թվում է, թե ամերիկյան քաղաքականությունը մշակողները դեռևս գտնվում են Առաջին ՍՊ-ում տարած հաղթանակի տպավորության տակ և վերարտադրում են արդեն պատմություն դարձած ժամանակաշրջանի մոտեցումը, երբ առաջնահերթ և որոշիչ խնդիրը ռազմական գերակայությունն էր։ Նման պնդումը չի նշանակում, թե ռազմական ներուժը վերածվել է երկրորդական գործոնի և չի կարևորվում։ Դա ընդամենը վկայում է այն մասին, որ արդի քաղաքականության տրամաբանությունը զգալի փոփոխություններ է կրել, և այսօր, առավել քան նախկինում, կարևորագույն նշանակություն է ձեռք բերել քաղաքակրթական, գաղափարախոսական, սոցիալական, տնտեսական և բնական` հատկապես էներգետիկ, ռեսուրսների տիրապետումը։ Ելնելով այդ իրողությունից՝ Երկրորդ ՍՊ-ի դերակատարները հիմնավորված կերպով խուսափում են անհեռանկարային (հատկապես ԱՄՆ պարագայում) դասական սպառազինությունների մրցավազքից՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով իրենց ինքնիշխանությունն ապահովող ոչ միայն ռազմական, այլև տարաբնույթ այլ ռեսուրսների զարգացմանը։
Նման իրադրությունը պայմանավորում է այսօրվա մրցակցության ասիմետրիկ (անհամաչափ) բնույթը, քանի որ աշխարհաքաղաքական դերակատարները միմյանց դեմ կիրառում են տարբեր որակի «սպառազինություններ», եթե պայմանականորեն այդպես անվանենք վերոնշյալ ռեսուրսները։
«Սառը պատերազմ-2»-ի դերակատարները և հակամարտության ասիմետրիկ բնույթը. Չնայած այլընտրանքային ռազմաքաղաքական դաշինքների բացակայությանը, այսօր ուրվագծվում են այն աշխարհաքաղաքական-քաղաքակրթական միավորները, որոնք մտահոգված լինելով իրենց ինքնիշխանության պահպանման խնդիրներով՝ միևնույն ժամանակ ունեն անհրաժեշտ ռեսուրսներ և քաղաքական կամք (ինչը նույնպես կարևորագույն ռեսուրս է) ամերիկյան էքսպանսիային դիմակայելու համար։ Գլոբալ հարթությունում նման միավորների կարգավիճակ ունեն Չինաստանը և Ռուսաստանը, Իսլամական աշխարհը և վերապահումներով` մայրցամաքային Եվրոպան ու լատինաամերիկյան որոշ երկրների համախումբը։
Պետք է արձանագրել, որ սկզբնական փուլում այդ դերակատարների դիմադրությունն ամերիկյան ազդեցությանը կրում էր ավելի շուտ «քաղաքացիական անհնազանդության» տեսք։ Սակայն սեփական «կայացմանը» զուգահեռ՝ նրանց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ (իսկ որոշակի ոլորտներում` նաև միմյանց նկատմամբ) աստիճանաբար նմանվում են նրան, ինչը գոյություն ուներ Առաջին ՍՊ-ի տարիներին, այսինքն՝ ընթանում են.
- քաղաքական-դիվանագիտական ակտիվ խուսանավումներ,
- տնտեսական սուր մրցակցություն,
- տեղեկատվական (քարոզչական, հոգեբանական), երբեմն՝ քաղաքակրթական բախումների մակարդակով, պատերազմներ,
- միջամտություն մրցակցի ներքաղաքական խնդիրներին,
- կոշտ, ուժային պայքար հատուկ ծառայությունների ոլորտում,
- անուղղակի ռազմական առճակատում, այսպես կոչված, «լոկալ» կամ «փոքր ինտենսիվության» պատերազմներում, որոնց շարքին են դասվում հակամարտությունները Մերձավոր և Միջին Արևելքում և գործընթացներն Աֆղանստանում:
Վերոնշյալի համատեքստում դիտարկենք ԱՄՆ-ՉԺՀ սկզբունքային և ռազմավարական բնույթ կրող մրցակցությունը, քանի որ «սեղանին է դրված» քաղաքական և տնտեսական առաջատարության խնդիրը ոչ միայն Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում, այլև գլոբալ հարթությունում։ Հատկանշական է, որ այդ տերությունների հարաբերությունները, չնայած իրենց «սառըպատերազմյան բնույթին», ամենականոնակարգվածն են։ Դրանք ինչ-որ առումով հիշեցնում են ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունները նախորդ դարի 70-ականներին, երբ վերջիններիս ռազմական հնարավորությունները հավասարակշռված էին։ Նման իրավիճակը պայմանավորված է հետևյալով. չնայած նրան, որ ռազմական ներուժի և ՀՆԱ պարամետրերով Չինաստանը զգալիորեն զիջում է ԱՄՆ-ին, սակայն տիրապետում է հսկայական արդյունաբերական և մարդկային ռեսուրսների, իսկ նրա պետական և հանրային համակարգն առաջնորդվում է հստակ գաղափարախոսությամբ։ Այդ առումով ՉԺՀ-ն նույնպես գերտերություն է, այն կարողանում է արդյունավետ և ասիմետրիկ մրցակցել Միացյալ Նահանգների հետ։
Ուժերի ասիմետրիկ հավասարակշռությունն արդեն բնորոշ է նաև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին։ Վերջինիս ՀՆԱ-ն բազմապատիկ զիջում է ամերիկյանին, սակայն միջուկային ուժերի հարաբերական պարիտետով, իր հսկայական տարածքով (որը կարևորագույն աշխարհաքաղաքական չափանիշ է), ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների պաշարներով (որոշ գնահատականներով՝ վերահսկում է համաշխարհայինի 20-30%-ը) այդ տերությունը նույնպես հանդիսանում է խոշոր աշխարհաքաղաքական դերակատար։ Հատկանշական է, որ Ռուսաստանի բնական ռեսուրսները բավարար դարձան ՍՊ-ի դերակատար լինելու համար միայն պետական համակարգի վերականգնման և ուրույն գաղափարախոսական դրույթներ ձևավորելուց հետո (մինչ այդ Ռուսաստանի դերակատարումը սահմանափակվում էր սեփական ինքնիշխանությունը պահպանելու hարցերով)։
Այսօր ռուս-ամերիկյան մրցակցությունը, որը հենվում է Առաջին ՍՊ-ի ավանդույթների վրա, ընթանում է հետխորհրդային տարածքի վրա վերահսկողություն սահմանելու շուրջ և էներգետիկ խնդիրների ոլորտում։ Զուգահեռաբար հրատապ են դարձել Մոսկվա-Բեռլին-Փարիզ, Մոսկվա-Թեհրան, Մոսկվա-Պեկին (հատկապես ՇՀԿ կայացման համատեքստում) հարաբերությունների խնդիրները։ Ակնհայտ է, որ եթե այդ հարաբերությունները տեղափոխվեն լիարժեք ռազմավարական մակարդակ, ապա դա կհանգեցնի գլոբալ քաղաքական համակարգի լուրջ փոփոխությունների։
Թերևս ամենադրամատիկ ձևով են զարգանում ԱՄՆ-Իսլամական աշխարհ հարաբերությունները, որոնք ընթանում են հակաահաբեկչական ասիմետրիկ պատերազմի կանոններով։ Սակայն այդ ոլորտում առաջին պլան են մղվել ոչ այնքան ահաբեկչական կազմակերպությունները (որոնց գործունեությունն Իրաքում ստիպում է ամերիկացիներին նահանջել), որքան Իրանը։ Այդ տարածաշրջանային տերությունը, ունենալով քաղաքակրթական ավանդույթներ, ազգային-կրոնական գաղափարախոսություն և էներգետիկ ռեսուրսներ, արագորեն վերափոխվում է ասիմետրիկ գործող գլոբալ նշանակության դերակատարի։ ԱՄՆ-Իրան սառը պատերազմը մղվում է գլխավորապես գաղափարախոսական և աշխարհատնտեսական հարթություններում։
Արդի բազմաբևեռ ՍՊ-ում յուրահատուկ դիրք է գրավում մայրցամաքային Եվրոպան, որի առաջատարներ Գերմանիան և Ֆրանսիան Առաջին ՍՊ-ի ավարտից հետո փորձում են դուրս գալ ամերիկյան ազդեցության գոտուց և վարել ինքնուրույն քաղաքականություն։ Հատկանշական է, որ Եվրամիության ձևաչափն այդ տերությունների համար միաժամանակ և՛ լիարժեք աշխարհաքաղաքական միավորի վերափոխվելու հնարավորություն է, և՛ յուրովի «զսպաշապիկ», քանի որ այդ ձևաչափի միջոցով ԱՄՆ-ը կարողանում է իրեն հարող եվրոպական պետությունների միջոցով իրագործել իրեն շահավետ ծրագրերը։ Հյուսիսատլանտյան և եվրակենտրոն աշխարհաքաղաքական հայեցակարգերին բնորոշ հակասությունները հանգեցնում են նրան, որ ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում արդեն նշմարվում են «սառըպատերազմյան» նախանշանները, որոնք իրենց զգալ են տալիս տեղեկատվական և տնտեսական հարթություններում։
Ուշադրության արժանի են նաև Լատինական Ամերիկայում ընթացող գործընթացները, որոնց պատմական արմատները տանում են դեպի իսպանական և անգլոսաքսոնյան քաղաքակրթությունների հակամարտությունն ու լատինաամերիկյան հոգեկերտվածքին բնորոշ ազգային-ազատագրական, իսկ հետագայում՝ «ձախ» կողմնորոշում ունեցող շարժումները։ «Լատինաամերիկյան» սառը պատերազմն ընթանում է ԱՄՆ առաջին «կայսերական» հայեցակարգի` Մոնրոյի դոկտրինի համատեքստում։ Որպես նոր երանգ կարելի է համարել նախկին քաղաքակրթական մրցակցության յուրահատուկ վերափոխումը և տեղափոխումը բուն Միացյալ Նահանգներ, որտեղ անգլիալեզու և իսպանալեզու հատվածների առկայությունը վերաճում է ժողովրդագրական լուրջ հիմնախնդրի. տեսանելի ապագայում «լատինոսները» կարող են մեծամասնություն կազմել ԱՄՆ-ում, ինչը նույնպես կարելի է դիտարկել որպես ասիմետրիկ մարտահրավեր այդ տերությանը։
Հետևություն. Արդի բազմաբևեռ և ասիմետրիկ սառը պատերազմը նախնական փուլում է։ ԱՄՆ հավաքական ռեսուրսների հարաբերական նվազմանը և նրա մրցակիցների հզորացմանը զուգահեռ՝ այդ «սառը» հակամարտությունը սաստկանալու միտումներ է ցուցաբերելու։ Միևնույն ժամանակ, լիարժեք բազմաբևեռ համակարգի ձևավորումը կարող է հանգեցնել նաև այսօր ԱՄՆ-ի դեմ պայքարում համագործակցող դերակատարների շահերի բախմանը։ Հաշվի առնելով միջուկային զենքի տիրաժավորումը տարբեր երկրներում՝ նման իրադրության վերահսկումը և «լիցքաթափման» ռազմավարության իրագործումը, ինչպես դա կատարվեց Առաջին ՍՊ-ի դարաշրջանում, անհամեմատ ավելի բարդ են լինելու։ Այս ամենը ստիպելու է հիմնական դերակատարներին վերիմաստավորել «կոլեկտիվ անվտանգության» վերաբերյալ տարածաշրջանային թեզերը՝ փորձելով այդ հասկացությունները տեղափոխել և «հարմարեցնել» գլոբալ քաղաքական հարթությունում։ Նման է նաև նրան, որ այսօր քաղաքական-փորձագիտական հանրությունը դեռևս գտնվում է «սցենարային» մտածելակերպի ստերեոտիպերի շրջանակներում, մինչդեռ նման մեթոդաբանությունը, թերևս, չի կարող արդյունավետ լինել սպասվող իրողություններում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]