• am
  • ru
  • en
Версия для печати
11.12.2008

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ «ԱԶԱՏ-ՀԱՅ» ԿԱՅՔԷՋԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀՐԱՉ ՔԱԼՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՏ

   

Hrach Qalsahakyan (medium)Հրաչ Քալսահակյան - 2003-ից` Սիրիայի Արաբ գրողների միության անդամ։ Հրատարակել է չորս գիրք, որոնցից երեքը թարգմանություններ են, իսկ մեկը՝ հայերենը արաբերենի միջոցով ուսումնասիրելու ձեռնարկ։


- Ե՞րբ է հիմնադրվել «Ազատ հայ» (Azad-Hye) կայքէջը և ո՞վքեր են հիմնադիրները:

- Ներկայիս «Ազատ-հայը» հիմնվել է 2003թ. «Աբու Դաբիի հայություն» ("Abu Dhabi Armenians") ռեսուրսի հիման վրա, որի նպատակը մոտ հինգ հարյուր անդամ ունեցող մի շատ փոքրաթիվ համայնքի` Աբու Դաբիի հայ գաղութի մասին տեղեկատվություն տալն էր, իսկ բնույթով այն yahoo group-ի նման էր: Հետագայում, երբ ծրագիրը հաջողվեց և լայն արձագանք գտավ, մենք հասկացանք, որ Սփյուռքի մեջ շատ կարևոր է տեղեկատվությունը, ինչը կարող է միավորիչ գործոն դառնալ, և որոշեցինք ներառել Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող ողջ հայությանը: Այս որոշմանը նպաստեց այն հանգամանքը, որ ես, որ մինչ այդ ապրում էի Աբու Դաբիում, 2005-ից ի վեր տեղափոխվեցի Շարջա, և առիթ ունեցա շփվելու նաև Շարջայի ու Դուբայի հայության հետ: Նույն տարի առանձին անձանց կողմից ֆինանսական հատկացումներ եղան, ինչն ի վերջո հնարավոր դարձրեց արդեն «Ազատ-հայ» կայքէջի ստեղծումը: Կայքէջի ստեղծման թե՛ գաղափարը, թե՛ անունն առաջարկել եմ ես: Տեխնիկական առումով ինձ մեծապես աջակցեց կիպրահայ մի շատ արժանավոր երիտասարդ` Սեպուհ Արմենակյանը, ով ստեղծեց նաև 24 ժամանոց հայկական ռադիոերգերի բաժինը: Փաստորեն, 2003-2005 թվականները կարելի է համարել կայքէջի կայացման շրջանը: Արդեն մեկ տարի անց՝ 2006-ից ձեռնամուխ եղանք արաբական բաժնի ստեղծմանը, ինչը շատ հիմնավորված էր, քանի որ մենք գտնվում ենք արաբական միջավայրում: Կա նաև գործարարությանը նվիրված հատուկ բաժին, որտեղ տեղեկատվություն կա Միջին Արևելքում և աշխարհի այլ վայրերում հայ գործարարների և հայկական բիզնես ընկերությունների մասին։ Կայքը, փաստորեն, ունի երեք ամբողջական տարբերակներ՝ անգլերեն և հայերեն համատեղ տարբերակ (www.azad-hye.net), արաբերեն տարբերակ (www.azad-hye.org) և բիզնես թեմայով տարբերակ (www.azad-hye.biz):

- Կայքի գլխավոր էջն անգլերեն է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ճիշտ է, գլխավոր էջն անգլերեն է, սակայն հայերեն բաժիններ էլ կան: Նյութական հնարավորությունների դեպքում անգլերեն բոլոր նյութերը կարող են համապատասխանաբար թարգմանվել հայերեն: Կայքէջի անգլերեն տարբերակը, կարելի է ասել, տեղեկատվական միջոց է դարձել հատկապես Միջին Արևելքի սահմաններից դուրս բնակվող հայերի համար: Անգլերեն էջի նշանակությունը հիմնավորված է նաև այլ պարագաներով։ Խնդիրն այն է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող նոր սերնդի ներկայացուցիչների հայերենի իմացությունը սահմանափակ է, իսկ Էմիրություններում հաստատված հայաստանցիներն էլ ավելի դյուրությամբ ընկալում են անգլերենը, քան արևմտահայերենը:

-Ի՞նչ բովանդակություն և ուղղվածություն ունեն նյութերը:

- Նախ նշեմ, որ կայքէջը բնույթով անկողմնակալ է, Սփյուռքում գործող որևէ գաղափարական հոսանքի կամ կառույցի խոսափող չէ, այլ` հայկական շահերի արտահայտիչ: Նյութերը ներկայացնում են Միջին Արևելքի բոլոր հայ համայնքները, դրանց գործունեության ամենատարբեր ասպեկտները: Բացի այդ, տեղ են գտնում նաև արաբական աշխարհում հայության մասին արձագանքները, ի վերջո, Հայաստանի և արտասահմանի այլ համայնքների մասին նյութեր: Դրանք բովանդակային առումով բավական տարողունակ են, բազմաթիվ ենթաբաժիններ կան, որոնք, նույնիսկ, կարելի է ընդլայնել: Հազարավոր նյութեր արդեն տեղադրված են «Ազատ-Հայում», որոնց գզալի մասը մասնավոր թղթակցություններ են: Կայքն ունի նյութերի այլազանություն և անընդհատ զարգացող ու թարմացվող բաժիններ: Այն նաև նամակային հնարավորություն ունի, որի միջոցով ցանկացող բաժանորդներն անվճար ստանում են լրատվական պարբերական։ Կայքն ունի նաև համացանցային ռադիոժամ, իսկ լուրերի բաժինն ունի հայկական գաղութների անունով ստորաբաժանումներ, օրինակ՝ լիբանանահայեր, սիրիահայեր, իրաքահայեր և այլն:

- Ի՞նչ նպատակ է հետապնդում «Ազատ-հայը»:

- Հիմնական նպատակը Միջին Արևելքի հայկական գաղութների մասին տեղեկություն տալն է, նրանց մասին խոսելը: Ցանկանում ենք, որպեսզի Սփյուռքում հայկական գործունեություն լինի:

- Ո՞րքան է կայքէջի օրական այցելուների միջին թիվը, ինչպիսի՞ն է այցելության աշխարհագրությունը:

- Անգլերենի պարագայում՝ օրական հազարից ավելի, ամիսը` 35-40 հազար, արաբերենի դեպքում ավելի քիչ` ամսական 10 հազար: Անգլերեն էջի այցելուները հիմնականում Եվրոպայից և ԱՄՆ-ից են: Իսկ արաբերեն էջի այցելուները հավասարապես արաբական և ոչ արաբական երկրներից են: Կայքէջն առհասարակ այցելում են ինտերնետային դյուրություն ունեցող մարդիկ: Այցելուների մեջ, վստահ եմ, կան ուսումնասիրողներ, նաև արաբներ, որոնք հետաքրքրվում են հայերով, հայկական թեմաներով, երբեմն հայության մասին տարբեր հարցեր են տալիս: Նրանց մեջ քիչ մաս չեն կազմում նաև արաբախոս հայերը՝ Իրաքի արաբախոս հայերի օրինակով:

-Որքան հասկացա, կայքէջն ունի նաև բիզնեսի բաժին:

- Այո, այն մոտ 50 ենթաբաժին ունի` արհեստներից մինչև առանձին գործիչներին վերաբերող: Ինչպես նշեցինք, ներկայացված են Միջին Արևելքում և այլ երկրներում գործող բազմաթիվ հայկական ընկերություններ: Ներկայումս հարյուրից ավելի ընկերությունների ցուցակ ունենք, որ ներկայացման կարիք ունի: Բիզնես բաժնի նպատակն է` պատկերացում ստեղծել Միջին Արևելքի հայկական բիզնեսի մասին, նպաստել, որպեսզի ընկերությունները կարողանան կապ հաստատել միմյանց հետ: Այն տեղեկատվական նշանակություն ունի և կարող է կամուրջ դառնալ հայ գործարարների միջև:

- Կարելի՞ է ասել, որ «Ազատ-հայն» արդեն վերաճել է Միջին Արևելքի համահայկական տեղեկատվական ռեսուրսի:

- Այո, սակայն այլ ռեսուրսների բացակայության հետևանքով: Մենք բոլորովին գոհ չենք, որ այլ ռեսուրսներ չկան, ինչը կարող էր մրցակցություն ստեղծել: Սակայն դա է իրականությունը: Կան այլ բնույթի ռեսուրսներ, ավելի շատ՝ պաշտոնական, ասենք` առաջնորդարանների կամ առանձին միությունների կայքէջեր, որոնց համար, բնականաբար, դժվար է ուրիշի մասին խոսելը: Այդ համատեքստում մենք Միջին Արևելքի, թերևս, միակ հաստատությունն ենք, որ առանց որևէ դժվարության կարող ենք ներկայացնել Սփյուռքի իրականության մեջ ցանկացած հոսանք, անշուշտ, առանց որևէ ակնկալության: Մեր մոտեցումը հնարավորինս անաչառ է, մենք ցանկանում ենք ի հայտ բերել բոլորի լավ կողմերը: Երբեմն քննադատում ենք, բայց չափավոր, գիտենք, որ շատ քննադատելը ճիշտ չէ, այդ իսկ պատճառով մեզ թույլ ենք տալիս միայն որոշ մատնանշումներ անել:

- Համագործակցության, այդ թվում՝ ֆինանսական աջակցության առումով ի՞նչ ակնկալիքներ ունեք Սփյուռքից և Հայաստանից:

- Հայաստանից ֆինանսական առումով շատ բան չենք կարող ակնկալել, քանի որ Հայաստանն ինքն էլ շատ խնդիրներ ունի: Իսկ Սփյուռքում շատ անգամներ ֆինանսներ կան, բայց ճիշտ նպատակով չեն օգտագործվում: Հաստատություններ կան, որ տեղեկատվական խնդիրների համար նախատեսված բյուջե ունեն, սակայն մարդիկ շատ կաշկանդված են: Այդ մարդիկ, թվում է, ունեն իդեալներ, սակայն դրանք կարծես ավելի շատ պատերի վրա կախված սիմվոլների են նման: Իսկ մտքերի և գաղափարների առումով Հայաստանից շատ բան կարող ենք վերցնել և ներկայացնել մեզ մոտ` այդպիսով հարստացնելով մեր ռեսուրսները, ինչը շահեկան կլինի ոչ միայն Միջին Արևելքի հայության, այլ նաև ուսումնասիրողի համար, որը դժվարություններ ունի Հայության հետ կապված նյութեր հավաքելու առումով:

-Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքում հայկական միտքը:

- Սփյուռքում հայկական միտքը զարգանալու դեռ շատ տեղ ունի: Այստեղ հայկական հետազոտությունների մի զգալի մասը շարունակում է նվիրված մնալ Հայոց ցեղասպանությանը, հայապահպանմանը, արաբական աշխարհում հայերի հաստատվելու պատմությանը: Ես կարծում եմ, որ նոր մտքեր էլ են պետք արդեն բոլորովին նոր իրողությունների մասին:

-Իսկ հայաստանյան տեղեկատվական և վերլուծական կենտրոնների հետ համագործակցո՞ւմ եք:

-Այո, երբեմն քաղում ենք այնպիսի նյութեր, որոնք քաղաքագիտական նշանակություն ունեն, առնչվում են Միջին Արևելքին, Հայաստան-Սփյուռք, հայ-թուրքական և տարածաշրջանային հարաբերություններին: Մեզ համար, օրինակ, կարևոր է «Նորավանքի» նման հաստատության հետ համագործակցությունը, որի ճանապարհով կարելի է հարստացնել կայքէջը, ինչը կարող է լինել փոխշահավետ:

- Ի՞նչ դժվարություններ ունեք:

- Հիմնական դժվարությունները ֆինանսական են, որոնցից բխում է մարդկային ռեսուրսի հարցը: Անձամբ ես շատերին եմ ճանաչում, ովքեր կարող են մեզ համար թղթակցություններ և վերլուծություններ պատրաստել: Համապատասխան ֆինանսների դեպքում մենք կարող ենք մեր սեփական թղթակիցներն ունենալ Միջին Արևելքի մի շարք երկրներում, և այդպիսով մեր կայքէջը կարող է էապես աշխուժանալ: Շատ մարդիկ կան, ովքեր ցանկություն ունեն մեզ հետ համագործակցել, բայց ժամանակ չունեն, պետք է իրենց անձնական ժամանակից տրամադրեն, ինչը շատ բարդ է: Նույնը իմ պարագայում է: Այս պահին բազմաթիվ արխիվային նյութեր ու հարցազրույցներ ունեմ, որ ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում տեղադրել:

-Իսկ կա՞ն հայ երիտասարդներ, ովքեր կամավորության սկզբունքով կարող են օգտակար լինել ձեզ:

-Երիտասարդներն, իհարկե, շատ կարողություններ ունեն, բայց ավանդականորեն շատ կաշկանդված են համայնքային իրողություններով։ Նրանց շատ քիչ իրավասություններ են տրված (չնայած պաշտոնական կարգախոսը միշտ հակառակն է պնդում):

-Կա՞ն մարդիկ, որոնց կցանկանայիք նշել` իբրև ձեզ հետ համագործակցողներ:

- Լիբանանից՝ Հակոբ Ապրիլյանը, Հալեպից՝ Կարլոս Բուրդջյանը և Նանոր Միքայելյանը, Հայաստանից՝ նախկին իրաքահայ Արա Աշճյանը, Քուվեյթից՝ Կիրակոս Կույումջյանը, Դամասկոսից՝ Նորա Արիսյանը։

- Ծոցի երկրներում ի՞նչ վիճակում է հայապահպանությունը։

- Չնայած 1980-ից ի վեր Էմիրությունների երկու շրջաններում՝ Շարջայում և Աբու Դաբիում գործում են հայկական շաբաթօրյա վարժարաններ, իսկ Քուվեյթում արդեն նախորդ դարի վաթսունականներից կա ամենօրյա դպրոց, բայց և այնպես, ազգային կյանքը, որպես այդպիսին, համակարգված չէր: Դրա պատճառներից մեկը կապված էր տարածաշրջանում քաղաքական անվերջ վայրիվերումների, միաժամանակ այն փաստի հետ, որ Ծոցի երկրներն օտարներին վերջնական քաղաքացիություն չեն շնորհում։ Ժամանակի ընթացքում Ծոցի երկրները աշխատանքի վայր դարձան ոչ միայն Միջին Արևելքից, այլև՝ Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, իսկ ավելի ուշ՝ նաև Հայաստանից եկած հայերի համար: Այս մթնոլորտում կարիք կար համախմբել Ծոցի երկրների հայությանը ազգային–եկեղեցական հովանու ներքո: 1994-ին Կիլիկիո կաթողիկոսության ներքո ստեղծվեց միացյալ թեմ, որը ներկայացուցիչներ ունեցավ Քուվեյթում, Դուբայում, Աբու Դաբիում։ Թեմական այս նորաստեղծ կառույցի ջանքերով հնարավոր եղավ Շարջայում կառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաքելական եկեղեցին, ուր ներկայումս հաճախում են նաև կաթոլիկ և ավետարանական հայեր: Հակառակ սկզբնական հուսադրիչ հաջողություններին, Ծոցի երկրների թեմական կառույցը, որ կոչված էր ազգային կյանքում կարևոր դեր խաղալ, այդպես էլ չկարողացավ լիովին համախմբել Ծոցի հայ համայնքները քաղաքական տարբեր հոսանքների և հակոտնյա կեցվածքների պատճառով։ Հատկանշական է, որ տեղի հայության մտածելակերպի և հավաքական գործելակերպի վրա իր դրոշմն է թողնում նաև Ծոցի երկրների գործարար կյանքը։ Պատկերացրեք, որ հայկական միջոցառման կամ ձեռնարկի հաջողության չափանիշը դարձել է միմիայն արձանագրված նյութական ձեռքբերումը: Դրա դասական օրինակը հայկական պարահանդեսներն են, որտեղ ներկաների ընդհանուր թվի կեսից ավելին օտարներ են։ Այսօր հայկական Սփյուռքում շատ տաղանդավոր անհատներ կան, ովքեր տիրող հնացած համակարգի և մտքի ու խոսքի ազատության բացակայության պատճառով մեկուսացվել են: Շատ արժեքավոր մարդիկ կան, ովքեր հնարավորություն չեն ունեցել և չեն ունենա հայկական իրականության մեջ իրենց ներդրումն ունենալ։ Այսօր նամանավանդ արդիականության ճանապարհով գնացող Ծոցի երկրներում մեծ է պրոֆեսիոնալ այն հայերի թիվը, որոնց համար ավանդական մոտեցումները և գործելակերպի հնամաշ ոճերը ժամանակավրեպ են։

- Իսկ Միջին Արևելքում այդ ոլորտում ի՞նչ խնդիրներ կան։

- Գործի բերումով հաճախ եմ այցելում Միջին Արևելքի տարբեր գաղութներ և այդպիսով ուղղակիորեն առիթ եմ ունենում հետևել տեղի գաղութների կյանքին: Ցավով պետք է արձանագրեմ, թե ինչպես իրարից մեկ կամ երկու ժամ հեռավորության վրա գտնվող գաղութները շատ դեպքերում միմյանցից անտեղյակ են։ Որոշակի խնդիրներ կան նաև մարդկային փոխհարաբերություններում։ Եվ եթե ավելացնելու լինենք նաև Հայաստանի հետ հարաբերություններ մշակելու ոլորտում առկա բազմաթիվ դժվարությունները, պարզ կդառնա, թե որքան անելիք կա: Օրինակ, Դուբայի նման աշխարհահռչակ քաղաքում հարյուրավոր հայեր կան, որոնց հնարավոր չէ ներգրավել միասնական խնդիրների մեջ։ Միջին Արևելքում գործող ազգային վարչությունները պետք է հասկանան, որ անհրաժեշտ է արագ արձագանքել ժամանակի պահանջներին: Այդ իսկ պատճառով հավատացած եմ, որ արտերկրում միայն ազատ տեղեկատվությունը, լրատվական թափանցիկությունը և անկեղծ խոսքը կարող են մեզ միավորել և առաջ տանել՝ հայ լինելու ինքնաճանաչմանը զուգահեռ:

Հարցազրույցը վարեց «Նորավանք» ԳԿՀ փորձագետ
Արաքս Փաշայանը


դեպի ետ