• am
  • ru
  • en
Версия для печати
26.01.2009

ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան

multipolar world (original)Ներկայիս hամակարգային ճգնաժամի պայմաններում` աշխարհում տեղի է ունենում գաղափարախոսական հիմնադրույթների վերարժեւորում։ Արդյունքում` էական փոփոխություններ են տեղի ունենում նաեւ քաղաքականության ոլորտում, որոնցից ամենաէականը բազմաբեւեռ աշխարհակարգի կայացումն է։ Այդ նոր համակարգի աշխարհաքաղաքական ուրվագծերը խիստ անորոշ են, իսկ խաղի կանոնները դեռեւս մշակված չեն։ Դա թելադրում է միջազգային հարաբերությունների սուբյեկտներին` ճշգրտել իրենց քաղաքականության մարտավարությունը եւ փորձել սկզբունքորեն նոր ռազմավարություն մշակել։

Վերոնշյալ միտումները հասկանալի են. միաբեւեռ համակարգում գերակայող Միացյալ Նահանգների քաղաքական փիլիսոփայությունը սկսել էին համարժեք ընկալել եւ ըստ այդմ գործել շատերը։ Այսօր գլոբալ ուժի կենտրոնները մի քանիսն են, նրանց միջեւ եղած հակասությունները ենթարկվում են նոր սառը պատերազմի տրամաբանությանը եւ վերածվում ռազմական (լոկալ պատերազմների տեսքով), դիվանագիտական ու տեղեկատվական հակամարտությունների։ Համաձայն փորձագետների մոտեցման, ներկայիս տնտեսական ճգնաժամը նույնպես հանդիսանում է այդ պատերազմի աշխարհատնտեսական բաղադրիչը. էներգակիրների եւ այլ բնական պաշարների գների անկումը, Ռուսաստան–Ուկրաինա «գազային պատերազմը», արտադրական հզորությունների կրճատումը եւ նմանատիպ այլ բացասական երեւույթները միանշանակորեն առավել շատ հարվածում են Ռուսաստանին, Չինաստանին, ինչը հիշեցնում է առաջին սառը պատերազմի տարիներին ԱՄՆ կիրառած տնտեսական պայքարը «սոցճամբարի» դեմ։

Հատկանշական է նաեւ, որ այսօր հակասությունները խորանում են ոչ միայն ավանդական մրցակիցների (ԱՄՆ–ՌԴ, ԱՄՆ–ՉԺՀ, ԱՄՆ–իսլամական երկրներ), այլեւ, քողարկված տեսքով, նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Օրինակ, 2008-ի հուլիսին Իռլանդիայում տեղի ունեցած հանրաքվեում «Լիսաբոնյան համաձայնագրի» (այն պետք է փոխարիներ նախկինում չընդունված «եվրասահմանադրությանը») մերժումը ԵՄ պաշտոնական շրջանակները պայմանավորում են Պենտագոնի եւ ԿՀՎ գործունեությամբ (այդ խնդրի կապակցությամբ կատարվեց անգամ ոչ պաշտոնական հետաքննություն)։

Ստեղծված նոր իրադրությունում քաղաքական զարգացումներին տրված գնահատականները տարաբնույթ են։ Սակայն մեկ հարցում քաղաքական-վերլուծաբանական հանրությունը կարծես թե համերաշխ է. բազմաբեւեռ աշխարհակարգի կայացումը մեծ վտանգներ է պարունակում, եւ այդ համատեքստում` նոր պատերազմների ծագման հավանականությունն անխուսափելիորեն աճելու է։

Ապագայի հոռետես սցենարներ. Քաղաքական կանխատեսումներ կատարելու մշակույթն առավել զարգացած է ԱՄՆ-ում, եւ այդ առումով ուշագրավ է 2008-ին ամերիկյան հետախուզական ծառայությունների` Սենատ ներկայացրած զեկույցը, որտեղ, նկատի ունենալով Հյուսիսային Կորեան եւ Իրանը, նշվում են զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման հետ կապված վտանգները։ Ուշագրավ է, որ բացի Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում ստեղծված բարդ իրադրությունը դիտարկելուց, զեկույցում տեղ են գտել Եվրոպայում հնարավոր քաղաքական անկայունության առաջացման հիմնախնդիրները։ Մեկ այլ` Ներքին անվտանգության ծառայության պատրաստած զեկուցագրում իրատեսական է համարվում, որ մոտակա հինգ տարիներին Միացյալ Նահանգները կարող է ենթարկվել ահաբեկչական հարձակման ԶՈԶ կիրառմամբ։ Առանձին վերլուծության կարիք ունի նաեւ ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդի (NIC) «Գլոբալ միտումներ - 2025» զեկույցը, որը նույնպես տագնապալի երանգներ է պարունակում։

Ռուսաստանյան վերլուծաբանները նույնպես լավատես չեն։ Նրանցից ոմանք հակված են այն մտքին, թե պատերազմական իրավիճակը շարունակական բնույթ է կրում արդեն սեպտեմբերի 11-ից հետո, եւ նման մոտեցման հետ դժվար է չհամաձայնել։ Մյուսները կարծում են, թե ստեղծված ճգնաժամը կարող է հանգեցնել լայնածավալ, միջուկային պատերազմի։ Հատկանշական է, որ 2008-ին ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը վերանայել են իրենց ռազմական դոկտրինները, ռազմական բարեփոխումներ են իրագործում ԵՄ-ը, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը։

Վերոնշյալ կանխատեսումները, ըստ ամենայնի, հիմնավորված են. ի տարբերություն երկբեւեռ համակարգի (ԱՄՆ–ԽՍՀՄ), բազմաբեւեռ աշխարհում դեռեւս չեն ձեւավորվել «զսպման քաղաքականության» մեխանիզմները, բացակայում են ստրատեգիական նշանակության սպառազինության սահմանափակման շուրջ պայմանագրերը, ինչը մեծացնում է լայնածավալ, գուցե անգամ` միջուկային պատերազմի հավանականությունը։

Մերձավոր եւ Միջին Արեւելք (ՄՄԱ). Նախորդ տարիներին (հատկապես 2003–2007թթ.) «ռիսկային» տարածաշրջան էր համարվում ՄՄԱ-ն, որտեղ Իրանի միջուկային ծրագրի եւ իրաքյան զարգացումների առիթով ծայրահեղ սրվել էին Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակից Իսրայելի հարաբերություններն Իրանի հետ։ Ներկայումս (չնայած 2008թ. դեկտեմբերին սկսված պաղեստինա-իսրայելական հերթական զինված հակամարտությանը) տպավորությունն այնպիսին է, որ կողմերը ձեռք են բերել ոչ պաշտոնական պայմանավորվածություններ, ինչը փոքր-ինչ պարպել է անհանդուրժողականության մթնոլորտը եւ այդպիսով նվազեցրել միջուկային պատերազմի վտանգը ՄՄԱ-ում։ Դրա մասին է վկայում «Հիզբալլահի» պասիվ կեցվածքը ներկայիս հակամարտությունում եւ մասնավորապես այն փաստը, որ ս.թ. հունվարի 11-ին այաթոլա Ալի Համենեին իր հրովարտակով արգելեց Իրանի քաղաքացիներին մասնակցել ընթացող պատերազմին եւ ահաբեկչություններ կատարել Իսրայելի դեմ։ Ելնելով ներկայիս միտումներից` չի կարելի բացառել նաեւ այսօր արտասովոր թվացող այն սցենարը, որ ապագայում, մասնատված Իրաքի պարագայում, տարածաշրջանում ԱՄՆ հենակետերը լինեն Իսրայելը, Իրանը (այս կապակցությամբ պետք է հիշել, որ նախկինում Իսրայել–Իրան հարաբերությունները բավական սերտ են եղել) եւ քրդական պետական կազմավորումները։ Նկատենք, որ դասական ռազմավարության տեսանկյունից դա ավելի քան օպտիմալ կառուցվածք է ամերիկացիների համար, քանի որ կողմերի միջեւ եղած հակասություններն առավել կմեծացնեն ԱՄՆ դերակատարումը։

Ներկայումս «միջուկային շեշտադրումները» տեղափոխվել են Հնդկաստան–Պակիստան հարաբերությունների հարթություն։ Ինչպես ժամանակին դիպուկ նշել է մի քաղաքական մեկնաբան, «եթե սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ եւ ԱՄՆ տնօրինության տակ գտնվող հրթիռների մեծ քանակությունը կանխարգելող գործոն էր, քանի որ պատերազմի դեպքում երկու տերություններն էլ կարող էին ոչնչանալ, ապա միջուկային հրթիռների սահմանափակ քանակը Հնդկաստանի եւ Պակիստանի պարագայում հակառակ էֆեկտ ունի. փոխադարձ համաձայնության բացակայությունը եւ հակառակորդի նախահարձակ լինելու դեպքում անելանելի իրադրության մեջ հայտնվելու ահը մեծացնում են հրթիռներ կիրառելու ցանկությունը»։

Պակիստան–Հնդկաստան առճակատումը. Երբ 2008թ. օգոստոսի 19-ին, ընդդիմության ճնշման տակ, Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը հրաժարական տվեց, միջազգային հանրությունը hիմնականում հետեւում էր Հարավային Օսիայի շուրջ ընթացող վրաց-ռուսական պատերազմի զարգացումներին, եւ այլ քաղաքական իրադարձությունները մղվել էին երկրորդ պլան։ Մինչդեռ Կենտրոնական Ասիան, դասական աշխարհաքաղաքականության տեսանկյունից, առանցքային տարածաշրջան է, եւ գերտերությունները մշտապես ձգտել են վերահսկողություն սահմանել Եվրասիայի այդ հատվածի վրա։ Չմանրամասնելով պատմական իրադարձությունները եւ ներկայիս ռազմաքաղաքական զարգացումները` հիշենք, որ սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո ԱՄՆ առաջնային թիրախը դարձավ Աֆղանստանը։ Հատկանշական է, որ 2001-ին դարձյալ իրագործվեց քաղաքական մի տեխնոլոգիա, որը պայմանականորեն կարելի է անվանել «բացասական գործընթացներից` դրական արդյունք». հիմք ընդունելով եւ օգտագործելով սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը (բացասական գործընթաց), Միացյալ Նահանգները (ՆԱՏՕ-ի հետ համատեղ) տրանսֆորմացրեց այն աշխարհաքաղաքական խոշոր նվաճման եւ ռազմական ներկայություն հաստատեց Կենտրոնական Ասիայում, իր հիմնական մրցակիցների` ՌԴ եւ ՉԺՀ հարեւանությամբ (դրական արդյունք)։ Նախկինում նման տեխնոլոգիա կիրառվել է, օրինակ, 1941թ. դեկտեմբերին, երբ Փերլ Հարբորի միջադեպն օգտագործվեց Երկրորդ աշխարհամարտին մասնակցելու համար։ Այդ քաղաքական հայեցակարգում ներկայումս առավել կարեւորվում է տեղեկատվական գործոնը, ինչն էլ թույլ է տալիս որոշ հետազոտողների ներկայացնել այն որպես «երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների» բաղադրամաս։

Վերադառնալով նախագահ Մուշարաֆի արտաքին եւ ներքին ուժերի ճնշման տակ պարտադրված հրաժարականին` տեղեկատվական հոսքերի վերլուծությունից կարելի է փաստել, որ նոր իշխանությունների օրոք զգալիորեն նվազեց Պակիստան պետության առանց այն էլ ոչ բարձր ղեկավարելիությունը։ Որոշ վարկածների համաձայն, նման միտումը համընկնում է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ այդ տարածաշրջանում ունեցած ծրագրերի հետ, որոնք ենթադրում են ապակայունացնել տարածաշրջանը (ելնելով «ղեկավարվող քաոս» կոչված հայեցակարգից) եւ արդյունքում, մասնավորապես, փորձել թուլացնել իրենց հիմնական մրցակից Չինաստանին։

Վերոնշյալ վարկածի շրջանակներում նման ռազմավարության առկայության մասին կարող է վկայել 2008-ի նոյեմբերին հնդկական Մումբայ քաղաքի վրա կատարված ահաբեկչական հարձակումը, որի կազմակերպումը վերագրվեց պակիստանյան իշխանություններին եւ հատկապես այդ երկրի Միջգերատեսչային հետախուզությանը` ISI-ին, որը տարածաշրջանի ամենահզոր հատուկ ծառայությունն է համարվում1: Արդյունքում` Հնդկաստան–Պակիստան հարաբերությունները ծայր աստիճան սրվեցին, զորքերը կուտակվեցին սահմանին, իսկ ԶԼՄ-ում սկսեցին դիտարկել միջուկային պատերազմի հնարավորությունը։ Հատկանշական է, որ դեռեւս 1997–2001թթ. ԱՄՆ վերլուծական – զինվորական ընտրանու կողմից մշակվել էին «Ասիա - 2025» եւ «Միացյալ տեսլական - 2020» փաստաթղթերը, որոնցում, մասնավորապես, մշակվել էին Պակիստան–Հնդկաստան հնարավոր միջուկային առճակատման սցենարները։ Դրանցից հատկապես ուշագրավ է հետեւյալը.

«Նոր կարգեր Հարավային Ասիայում» սցենարը. 2010թ. Պակիստանը գտնվում է խոր ճգնաժամում. տնտեսությունն անկում է ապրում, իշխանությունների անկարողության պատճառով երկիրն ապակայունանում է, որոշ ցեղեր ապստամբում են, ակտիվանում են իսլամական ծայրահեղականները, որոնք 2012թ. ներխուժում եւ իրենց վերահսկողության տակ են վերցնում հնդկական Քաշմիր նահանգը։ Հնդկաստանը, որն ԱՄՆ-ի հետ համագործակցության շնորհիվ առաջ է անցել Չինաստանից եւ դարձել տարածաշրջանի առաջատարը, պահանջում է Պակիստանից զսպել ծայրահեղականներին եւ դուրս բերել նրանց Քաշմիրից, սակայն թուլացած պակիստանյան իշխանություններն ի վիճակի չեն լինում կատարել այդ պահանջը։ Հնդիկները լրացուցիչ զորքեր են մտցնում նահանգ։ Պակիստանը պահանջում է դուրս բերել հնդկական զորքերը, եւ նրան այդ խնդրում աջակցում է Չինաստանը, որը սկսում է կենտրոնացնել իր զինուժը հնդկական սահմանի մոտ։ Զարգացումներին միջամտում է ԱՄՆ-ը, որը տարածաշրջան նավատորմ է ուղարկում եւ վճռականորեն պահանջում է ՉԺՀ-ից չեզոքություն պահպանել։ Հակամարտությունը հասնում է գագաթնակետին, երբ Հնդկաստանը, երկյուղելով Պակիստանի կողմից ԶՈԶ կիրառումից, ոչ միջուկային հրթիռային հարված է հասցնում այդ երկրի ԶՈԶ հենակետերին եւ ահաբեկիչների ճամբարներին (մեկ այլ սցենարի համաձայն, ռազմական գործողությունների առիթ է հանդիսանում Քաշմիրի երկնքում Պակիստանի կողմից արձակված հրթիռով նախարարներ եւ բարձրաստիճան սպաներ տեղափոխող հնդկական ինքնաթիռի կործանումը)։ Պակիստանը` ի պատասխան, միջուկային զենք է կիրառում Հնդկաստանի դեմ։ Սանձազերծված միջուկային պատերազմի (որին Հնդկաստանի կողմից ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ը` հրթիռային հարվածներ հասցնելով պակիստանյան միջուկային հենակետերին) եւ ստեղծված քաոսի արդյունքում 2020-ին Պակիստանը որպես պետություն դադարում է գոյություն ունենալ։ Մինչդեռ Հնդկաստանը վերածվում է անվիճելի առաջատարի, որի հետ ձգտում են սերտ հարաբերություններ հաստատել գրեթե բոլոր ասիական երկրները եւ առաջին հերթին` Իրանը։

Վերոնշյալ սցենարը ԱՄՆ շահերի տեսանկյունից գնահատվում է ամենաբարենպաստը։ Պատերազմի հետեւանքով նրա հիմնական մրցակից Չինաստանը մղվում է երկրորդ պլան, իսկ ասիական առաջատարների դերակատարումը ստանձնում են ԱՄՆ ռազմավարական գործընկեր Հնդկաստանը եւ Իրանը։ Առաջինի հետ ամերիկացիները վերջին տարիներին զգալիորեն բարձրացրել են համագործակցության (այդ թվում` միջուկային ոլորտում) մակարդակը։ Ինչպես արդեն նշել ենք վերը, ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ վարում է նոր ռազմավարություն, որի իրականացման պարագայում այդ երկրների միջեւ հարաբերությունները կարող են եւ գործընկերային բնույթ կրել։

Որոշ հետեւություններ. Պետք է նշել, որ ամերիկյան մշակումներում առկա են նաեւ Չինաստանի գերակայությունը հաստատող տարբերակներ, որոնք ենթադրում են ԱՄՆ դուրսմղում Հարավային Ասիայից եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից (այսպես կոչված «Հզոր Չինաստան» սցենարը)։ Ելնելով ներկայիս միտումներից` կարելի է կարծել, որ նման սցենարն ավելի իրատեսական է, քան «Նոր կարգեր Հարավային Ասիայում» սցենարը։ Միեւնույն ժամանակ, բազմաբեւեռ համակարգում ԱՄՆ-ը «առաջինն է հավասարների մեջ», եւ նրա կողմից հետեւողականորեն իրագործվող ռազմավարությունը կարող է էապես ազդել ցանկացած բնականոն թվացող գործընթացի վրա։

Ի դեպ, չի կարելի բացառել նաեւ տրամագծորեն հակառակ սցենարների հնարավորությունը. հունվարի 12-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Բ.Օբամայի խորհրդատու Զբիգնեւ Բժեզինսկին Պեկինում կոչ արեց ստեղծել ԱՄՆ–ՉԺՀ «մեծ երկյակ» (G 2), որն ի զորու կլինի կարգավորել գլոբալ հիմնական խնդիրները։ Սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է այդ առաջարկին արձագանքել Չինաստանը։

1Ոչ միայն հնդկական կառավարության, այլեւ անկախ դիտորդների կարծիքով, ահաբեկչությունը մշակված էր հենց հատուկ ծառայությունների կողմից, քանի որ լավ կազմակերպված էր եւ տեխնիկապես հագեցած, այդ թվում` տեղանքում կողմնորոշվելու էլեկտրոնային համակարգով։ Նշենք նաեւ, որ հատուկ ծառայությունների ոլորտի փորձագետները գրեթե միահամուռ են այն հարցում, որ «Թալիբան» շարժումը եւ Բեն Լադենը պակիստանյան ISI-ի եւ ԿՀՎ համատեղ աշխատանքի արդյունք են հանդիսանում։

 


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր