ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՔԵՐ


Ներածություն
Հայաստանի Հանրապետությունը վերստին անկախություն ձեռք բերեց 1991թ. և սկսեց ինքնուրույն պետականություն կառուցել՝ իր բոլոր ատրիբուտներով և առանձնահատկություններով, այդ թվում՝ սեփական արտաքին քաղաքականությամբ։ Ցանկացած պետության արտաքին քաղաքականություն ոչ միայն այս կամ այն կոնկրետ քայլերի կամ դիվանագետների ու քաղաքական գործիչների գործողությունների, այլ նաև տվյալ երկրի ազգային շահերի իրագործմանն ու պաշտպանությանն ուղղված գիտակցված (երբեմն՝ ոչ լրիվ) երկարատև նպատակների, ծրագրերի կամ մոտեցումների արդյունք է։ Մի խոսքով՝ արտաքին քաղաքականության իրականացումը ենթադրում է նաև որոշակի դոկտրինների կամ հայեցակարգերի առկայություն։ Շատ դեպքերում այդ հայեցակարգերը ձևավորվում են որպես առանձին փաստաթղթեր (ազգային անվտանգության ռազմավարություններ կամ հայեցակարգեր, արտաքին քաղաքական դոկտրիններ և այլն), վավերացվում են խորհրդարանների կամ պետությունների ղեկավարների կողմից1։ Որոշ դեպքերում (հատկապես այն երկրներում, որոնք պետականության հարուստ փորձ չունեն) դրանք կարող են լինել այդ պետությունների արտաքին և պաշտպանական քաղաքականության անցկացման և իրականացման ոչ պաշտոնական կամ «թղթի վրա» չամրագրված հայեցակարգային հիմքեր և մոդելներ։
Հայաստանի Հանրապետությունն այս առումով բացառություն չէ։ Թեև վերջին տարիներին ընդունվել և պաշտոնապես հաստատվել են տվյալ ոլորտի շատ փաստաթղթեր (Ազգային անվտանգության ռազմավարությունը, Ռազմական դոկտրինը և այլն)2, սակայն Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգային հիմքերը սկիզբ են առնում մոտավորապես 1991-ից, իսկ դրա որոշ տարրեր, ասենք՝ «ղարաբաղյան» կամ «թուրքական» վեկտորների գաղափարաբանական և պատմական հիմքերը, սկիզբ են առնում գուցեև ավելի վաղ շրջանից։ Խոսքը, առնվազն, վերաբերում է խորհրդային իշխանության գոյության վերջին տարիներին, այսինքն՝ 1980-90-ական թթ. սահմանագծին, երբ Հայաստանը դեռ անկախություն ձեռք չէր բերել, բայց երկրի ձևավորվող նոր քաղաքական ընտրանու գործողություններում և տեսական պատկերացումներում արդեն նկատվում էին երկրի արտաքին քաղաքականության վարման և տարածաշրջանի մերձավոր հարևանների հետ հարաբերությունների հաստատման ապագա հայեցակարգային մոտեցումների ուրվագծերը։
«Կոմպլեմենտարիզմ»
Հայաստանի արտաքին քաղաքականության իրագործման նման հիմնարար, հնարավոր է՝ նաև կարևորագույն («ղարաբաղյան» վեկտորին զուգընթաց) հայեցակարգերից մեկը դարձավ այսպես կոչված «կոմպլեմենտարիզմը» կամ «փոխլրացման» քաղաքականությունը։ Այդ քաղաքականության էությունն (ի դեպ, այն տիպիկ չէ 1990-ական թթ. սկզբին անկախություն ձեռք բերած հետխորհրդային երկրների մեծամասնության համար) այն էր, որ համատեղվի և պահպանվի զուգակշիռը Հարավային Կովկասի տարածաշրջանում գործող և ընդգրկված համաշխարհային ու տարածաշրջանային տերությունների շահերի միջև, այլ ոչ թե իր արտաքին քաղաքականության մեջ կենտրոնանա մի ինչ-որ այլընտրանքային կողմնորոշման վրա, լինի այն «արևմտամետ, «ռուսամետ» կամ, ասենք, «թուրքամետ»։
Այս առումով Հայաստանն իսկապես որոշ չափով առանձնանում էր նախկին խորհրդային շատ հանրապետություններից, թեև նորանկախ Հայաստանի Հանրապետության 1990-ական թթ. սկզբի քաղաքական ընտրանին ընդհանուր առմամբ «սենտիմենտալ» ինչ-որ զգացումներ չէր տածում նախկին ԽՍՀՄ-ի կամ նոր Ռուսաստանի հանդեպ և անկախության էր ձգտում։ Ի տարբերություն հարևան Ադրբեջանի և, առավել ևս, կենտրոնաասիական խորհրդային հանրապետությունների, Հայաստանում հակախորհրդային այլախոհության բավական խոր արմատներ կային, որոնք 1990-ական թթ. սկզբին նույնիսկ իշխանության եկած քաղաքական ուժերի շրջանում ռուսատյացության նրբերանգներ էին ստանում։ Այնուամենայնիվ, Հայաստանը, բնականաբար՝ կապված իր շուրջ ստեղծված տարածաշրջանային համատեքստի հետ (շատ բանով թուրքական գործոնի սպառնալիքի գիտակցման, բայց հիմնականում Ղարաբաղում ծայր առած պատերազմի պատճառով), չգնաց Ռուսաստանի հետ կապերի բացահայտ խզման և նույնիսկ փորձեց արդյունավետորեն օգտագործել նրա իներցիոն դերի պահպանումն իր արտաքին քաղաքականությունում։
Բնականաբար, և՛ դեպի անկախություն տանող ճանապարհին, և՛ դրա ձեռքբերումից հետո Հայաստանը, ոչ առանց հաջողության, փորձում էր առավելագույնս օգտագործել ԱՄՆ և եվրոպական երկրների աջակցությունը, ինչը զգալիորեն հաշվեկշռում էր դեպի Ռուսաստան կողմնորոշումը անվտանգության և ռազմական համագործակցության հարցերում։ Ի դեպ, հարկ է նշել, որ Հայաստանի անկախության վաղ շրջանի որոշ քաղաքական և գաղափարախոսական առաջնորդների (Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան) արտաքին քաղաքական հաշվարկներում (թեկուզև մի փոքր իդեալիստական) արտաքին քաղաքականության կոմպլեմենտարիզմը պետք է ներառեր (իսկ մինչև 1993թ. մարտը ներառում էր) նաև Թուրքիան։ Հայկական կոմպլեմենտարիզմի առանձին տարրեր նախատեսում էին նաև արտաքին քաղաքական նախաձեռնություններ Վրաստանի առնչությամբ։
Կոմպլեմենտարիզմի առավել արդյունավետ դրսևորում պետք է համարել հենց անկախության առաջին երկու տարիները՝ 1991-ը և 1992-ը, երբ Հայաստանը Ղարաբաղի պատերազմի թեժ պահին կարողացավ օգտագործել ունիկալ արտաքին քաղաքական կոնյունկտուրան, երբ Երևանը զենք ու ռազմատեխնիկա էր ստանում ռուսներից մարտական գործողությունները շարունակելու համար, փող պետականակերտման համար (և սպառազինություններ գնելու համար նույն Ռուսաստանում)՝ ամերիկացիներից, պարեն և հումանիտար օգնություն բնակչության համար՝ եվրոպացիներից (ընդ որում՝ այդ ամենը հիմնականում ստանում էր Թուրքիայի միջոցով), իսկ Ադրբեջանի դեմ մարտնչող բանակի համար վառելիք՝ Իրանից։ Այսպիսով, հավասար չափով հեռավորություն պահպանելն ու փոխլրացումը Հայաստանի արտաքին քաղաքականությունում իր արդյունավետության առավելագույնին հասավ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին ժամկետի ընթացքում, ինչը պետք է համարել «կոմպլեմենտարիզմի» քաղաքականության իրագործման առավել հատկանշական փուլը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, թեև այն ժամանակ այն դեռ այդպես չէր անվանվում։
Հայկական կոմպլեմենտարիզմի նոր փուլը, երբ այն իսկապես զուգակշռված դարձավ (համենայնդեպս, հիմնական արտաքին ակտորների և համաշխարհային տերությունների շահերի հաշվառմամբ), սկսվեց 1990-ական թթ. վերջերին, երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի օրոք և կապված էր նրա գլխավոր ճարտարապետի ու գաղափարախոսի՝ 1998-2008թթ. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի անվան հետ, ով էլ հեղինակել է «կոմպլեմենտարիզմ» տերմինը։ 1990-ական թթ. առաջին կեսին, չնայած Ռուսաստանի ներսում տիրող խառնաշփոթին, Մոսկվան իներցիայով դեռ պահպանում էր զգալի քաղաքական ազդեցությունը և ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, ուստի տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազմանը զուգընթաց միայն 1990-ական թթ. վերջերից Հայաստանը «մանր քայլերով» իսկապես կոմպլեմենտարիզմը վերածեց «միաժամանակ մի քանի աթոռի նստելու» միանգամայն հավասարակշռված քաղաքականության։ Ընդ որում՝ որոշակի դեպքերում կոմպլեմենտարիզմը հնարավորություն էր տալիս ոչ միայն մարտավարական առումով հավասարակշռել Մոսկվայի, այլև երբեմն ԱՄՆ-ի կամ եվրոպական կառույցների (օրինակ, Ղարաբաղյան բանակցային գործընթացի որոշ փուլերում) հավելյալ ազդեցությունը տարածաշրջանային գործընթացներում։ Այսինքն՝ Երևանն սկսեց անցկացնել «հաղորդիչ անոթների» ինքնատիպ քաղաքականություն։
Հենց այսպիսի արտաքին քաղաքականությունն էլ շարունակում է իրականացվել այսօր Հայաստանում, չնայած մամուլում և հայ որոշ քաղաքական գործիչների (բնականաբար, հիմնականում ընդդիմադիր ուղղության) հայտարարություններում կոմպլեմենտարիզմի գործնական չկայացածության կամ շուտափույթ վախճանի մասին պերմանենտ հնչող մեղադրանքներին։ Եվ սա՝ չնայած այն բանին, որ տարածաշրջանային յուրաքանչյուր ֆորսմաժորային իրավիճակ, օրինակ, իրադարձությունները Հարավային Օսիայում 2008թ. օգոստոսին և ռուս-արևմտյան դիմակայությունը, առիթ է տալիս Հայաստանի իշխանություններին, անկախ նրանից, թե ով է տվյալ պահին գտնվում երկրի ղեկի մոտ (երկրի երեք նախագահներն էլ տարբեր մեթոդներով, բայց միանման արդյունավետությամբ օգտագործել են «կոմպլեմենտարիզմը»), կրկին ի ցույց դնել սույն քաղաքականության հեռանկարայնությունը։
Տեսականորեն գուցեև կա այլընտրանք կոմպլեմենտարիզմին. մամուլում և քաղաքական գործիչների ելույթներում պարբերաբար հնչել և հնչում են կողմնորոշվելու և վերջապես «կողմնորոշում» որդեգրելու կոչեր. 1990-ական թթ. դրանք հիմնականում «ռուսամետ» էին, իսկ ահա 2001-ից՝ «արևմտամետ» կամ «ամերիկամետ»։ Բայց, կարծում ենք, իրականության մեջ այդ կոչերը կոմպլեմենտարիզմը ռևիզիայի ենթարկելու փորձեր չէին, այլ, ավելի շուտ, պերմանենտ կոնյունկտուրային քաղաքական պայքարի և այս կամ այն քաղաքական կուսակցության կամ առաջնորդի կարճաժամկետ նպատակների իրականացման գործիքներ։ Հայաստանի իշխանությունների թեքումն այս կամ այն կողմի վրա միշտ հանգեցնում է ընդդիմադիր ուժերի հռետորական մեղադրանքներին կոմպլեմենտարիզմից հեռանալու շուրջ, ոչ ավելին...
Իհարկե, Հայաստանի քաղաքական կուսակցությունների մի մասը որդեգրել է նման հայտարարություններ՝ կախված պոտենցիալ ընտրազանգվածից կամ էլ, բնականաբար, հնարավոր կամ ցանկալի ֆինանսավորման աղբյուրներից։ Օրինակ, հայ կոմունիստների համար դա Ռուսաստանի նկատմամբ կարոտախտով տառապող ավագ սերունդն է, իսկ «արևմտյան կողմնորոշում» ունեցող երիտասարդությունը և ազատական մտավորականությունն ավելի շուտ ՀՀՇ ընտրազանգվածն է և այլն։
Ուստի, «կոմպլեմենտարիզմը»՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական դոկտրինի անվանում, նույն հաջողությամբ կարելի էր անվանել, ասենք, «պրագմատիզմ»։ Եթե Վ.Օսկանյանը 1990-ական թթ. վերջին օգտագործեր էլ այդ տերմինը, այլ ոչ թե «կոմպլեմենտարիզմը», ոչ ոք տարբերությունը չէր էլ նկատի, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության էությունը, միևնույն է, կմնար այնպիսին, ինչպիսին այն տեսնում ենք այսօր և ինչպիսին, ամենայն հավանականությամբ, կտեսնենք հետագայում։ Ավելին, Հայաստանի պարագայում «կոմպլեմենտարիզմը» կարելի է նույնիսկ օգտագործել որպես «իրական» արտաքին քաղաքականություն տերմինի հոմանիշ։
Բայց, ինչպես թվում է, անկախ Վարդան Օսկանյանի, իսկ նրանից առաջ, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Վազգեն Մանուկյանի ինտելեկտուալ կամ գաղափարախոսական արժանիքներից, կան նաև այլ իրական պատճառներ՝ կախված ինչպես աշխարհագրությունից ու պատմությունից, այնպես էլ տարածաշրջանային քաղաքական կոնյունկտուրայից։ Օրինակ, ի տարբերություն Վրաստանի, որը շատ բան է կորցրել 1990-ական թթ. Ռուսաստանի հետ դիմակայությունում և որը «հնգօրյա պատերազմից» հետո առավել ևս գրեթե ոչինչ չունի կորցնելու Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումից։ Այն ամենը, ինչ կարող էր կորցնել Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից, արդեն կորցրել է տեսանելի ապագայի համար, այսինքն՝ Աբխազիան և Հարավային Օսիան։ Իսկ Հայաստանը կորցնելու բան ունի Մոսկվայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումից, և դա Ղարաբաղն է։ Ուստի, կարելի է ասել, որ (այլ պատճառների կողքին) հայկական կոմպլեմենտարիզմի և Երևանի կողմից Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների թեկուզև ներկայիս մակարդակը պահելու անհրաժեշտության կարևորագույն «լոբբիստը», օրինակ, Ադրբեջանն է։ Պարզ է, որ Ռուսաստանից Հայաստանի կտրուկ և միակողմանի հեռացումը կարող է հանգեցնել այն բանին, որ Մոսկվան միանգամից անցում կատարի Ադրբեջանի կողմը Ղարաբաղյան հարցում, ինչպես եղել է քանիցս 1990-ական թթ. սկզբին, երբ Բաքուն Մոսկվայից մեծաքանակ սպառազինություն և զգալի քաղաքական աջակցություն է ստացել։
Իհարկե, հայկական «կոմպլեմենտարիզմն» իրականացման լուրջ «տեխնոլոգիական ծախսեր» ունի արդեն։ Բարդ և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելն ավելի դժվար է, քան պարզ ու միավեկտոր քաղաքականությունը։ Հեշտ է խաղալ առաջատար տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողների հակասությունների վրա, իսկ ահա համատեղել դրանք՝ բավական բարդ է և, ընդ որում՝ դա ստիպված ես անել գրեթե ամեն օր։ Միշտ կա գայթակղություն կանգնել ուժի համաշխարհային կենտրոններից մեկի կողմում և նրա թիկունքի հետևում դիմակայել մյուսին, բայց երբեմն դա նույնիսկ շատ վտանգավոր է լինում. կարող ես «մանրադրամ» դառնալ «աշխարհիս հզորների» խաղում։ Ուստի, Հայաստանի համար շատ դժվար է զուգակշռված քաղաքականություն վարել, և դրանից ստացվող շահաբաժիններն էլ ավելի չափավոր են լինում։ Բայց, մյուս կողմից, պատասխանատվությունը ևս արդյունքում կիսում ես արտաքին ակտորների հետ, և ռիսկերն էլ ավելի փոքր են լինում ֆորսմաժորային հանգամանքներում։
Ղարաբաղյան Mainstream
Ի տարբերություն կոմպլեմենտարիզմի, ղարաբաղյան պրոբլեմատիկան ոչ միայն երկրի արտաքին քաղաքականության իրականացման հայեցակարգային հիմքերից մեկն է, այլ նաև ընդհանրապես նորանկախ հայոց պետականության կերտման գաղափարախոսական հենքն է, առանց որի անհնար կլիներ պատկերացնել մերօրյա Հայաստանի Հանրապետությունը։ Միևնույն ժամանակ, Երևանն արդեն երկու տասնամյակ բավական արդյունավետորեն օգտագործում է ղարաբաղյան գործոնը որպես իր արտաքին քաղաքականության ինքնուրույն ռեսուրս, անկախ Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության արդյունքներից3։
Հայ քաղաքական էլիտան (ինչպես և ներկայիս կոնտրէլիտան) ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է, չնայած բոլոր քաղաքական ու տնտեսական «ծախսերին», իր արտաքին քաղաքականությունը կառուցել անկախ Ղարաբաղյան հակամարտության վիճակից, զարգանալ և շարունակել տարածաշրջանային ու գլոբալ ինտեգրման գործընթացները։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա դաժան իրականությունը, ցավոք, թույլ չի տալիս հուսալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շուտով, կարճաժամկետ կամ նույնիսկ միջնաժամկետ ապագայում կկարգավորվեն։ Համապատասխանաբար, անհրաժեշտ է հաշտվել դրա հետ և փորձել, ղարաբաղյան գործոնից դուրս, հարաբերություններ հաստատել տարածաշրջանի այլ երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և առաջատար համաշխարհային տերությունների հետ։ Հայ քաղաքական ընտրանին հույս ունի, որ տարածաշրջանային ինտեգրման համար պայմաններ ստեղծելով և ավելի վստահելի հարաբերությունների ընդհանուր խորապատկերի հաստատմամբ ապագայում կստեղծվի Ադրբեջանի հետ համագործակցության աստիճանական հաստատման դաշտ։
Նման ճանապարհներից մեկն (հնարավոր է՝ կարևորագույն) է համարվում քաղաքական հարաբերությունների հաստատման և դրան հաջորդող՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի բացման համար պայմանների ստեղծման փորձը։ Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հայեցակարգ է համարվում եվրոպական կազմակերպությունների և համաշխարհային տերությունների շահագրգռության խթանումը Հարավային Կովկասի նկատմամբ՝ հենց հակամարտության առկայությունից ելնելով։ Հակամարտության գործոնն օգտագործվում է տարածաշրջանի նկատմամբ տեղեկատվական և քաղաքական հետաքրքրությունը պահելու, ինչպես նաև տնտեսական օգնությունը և քաղաքական աջակցությունը խթանելու համար։
Այլ խոսքերով՝ Երևանը «շահագործում» է Ղարաբաղյան հակամարտության թեման Հայաստանի աշխարհաքաղաքական դերի բարձրացման նպատակով ինչպես տարածաշրջանային ձևաչափով, այնպես էլ համաեվրոպական մակարդակով։ Պաշտոնական Երևանի կողմից սեփական խնդիրների լուծման համար արևմտյան քաղաքական ձևաչափի ուղղակի օգտագործման ևս մեկ օրինակ է եվրոպական և ամերիկյան գործոնների գործադրումը որպես Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացման ռեսուրս։ Դա, բնականաբար, ուղղակի կապի մեջ է մտնում նաև Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների հետագա գործընթացների հետ։
«Թուրքական վեկտոր»
1993-ից Թուրքիան, կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ակտիվացման հետ, փակեց սահմանը Հայաստանի հետ։ Այդ ժամանակվանից ի վեր երկու պետությունների միջև լիարժեք դիվանագիտական հարաբերություններ չկան, տնտեսական և առևտրային համագործակցությունն իրականացվում է երրորդ երկրների միջոցով։ Մինչև վերջին ժամանակներս Թուրքիան որպես Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման նախապայմաններ մի շարք պահանջներ էր ներկայացնում՝ կապված Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև հայ սփյուռքի կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ։ Միևնույն ժամանակ, հարաբերությունների նորմալացման վերոնշյալ նախապայմանները, բացի Ցեղասպանության՝ Անկարայի համար հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր համալիրում ամենասուր և զգայուն հիմնախնդրից, իրականում այն հարցերը չէին, որոնք գերակա են Թուրքիայի կամ էլ թուրքական հասարակության համար։
Կարելի է նույնիսկ պնդել, որ արևելյան հարևանի հետ փակ սահմաններով և լիարժեք հարաբերությունների շարունակվող բացակայությամբ Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականությունը Հայաստանի (և ընդհանրապես ողջ Հարավային Կովկասի) հետ կախվածության մեջ է դրել երրորդ երկրի, այսինքն՝ Ադրբեջանի դիրքորոշումից։ Իր կողմից Հայաստանի քաղաքական ընտրանին մոտավորապես 1990-ական թթ. վերջերից ձևակերպեց և սկսեց օգտագործել Ցեղասպանության գործոնի կիրառման հայեցակարգ՝ որպես «ոչկոնվենցիոնալ զենք», սահմանների բացման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ճնշում բանեցնելու ռեսուրս4։ Հաշվի առնելով Անկարայի վրա Երևանի ազդեցության հնարավորությունների սահմանափակությունը` Հայաստանը փորձում էր օգտագործել Ցեղասպանության թեմատիկայի հանդեպ Թուրքիայի հատուկ զգայականության գործոնը` որպես հարաբերությունների նորմալացման խթանիչ միջոց:
Այնուամենայնիվ, գրեթե 15 տարվա (1993-2008թթ.) ողջ ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ հաստատուն էր պահպանվում. Թուրքիան փակ էր պահում հայ-թուրքական սահմանը և փաստորեն իրականացնում էր Հայաստանի հաղորդակցային «կիսաշրջափակում» (ջանալով տնտեսական ճնշման միջոցով հարկադրել Երևանին զիջողությունների գնալ Ցեղասպանության և Ղարաբաղյան հակամարտության հարցերում), իսկ Հայաստանը փորձում էր օգտագործել Ցեղասպանության գործոնն ու Անկարայի վրա Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից անուղղակի ազդեցության հնարավորությունը` Թուրքիային պարտադրելու համար փոխել դիրքորոշումն ու բացել սահմանը: Երևանն, իհարկե, փորձում էր օգտագործել կոմպլեմենտարիզմի անուղղակի ռեսուրսի հնարավորությունները Թուրքիայի հետ հարաբերությունների իր քաղաքականությունում կամ, առավել ևս` Թուրքիայի վրա ԵՄ-ի և ԱՄՆ-ի, իսկ 2008թ. սկսած` հնարավոր է նույնիսկ Մոսկվայի միջոցով ճնշում բանեցնելու մեջ:
Եզրակացություն
Տպավորություն է ստեղծվում, թե հենց «կոմպլեմենտարիզմը», «ղարաբաղյան մեյնսթրիմը» և «թուրքական վեկտորն» են Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման կարևորագույն, թեև, իհարկե, խիստ պայմանական հայեցակարգերը: Բնականաբար, չի կարելի հստակ սահմանագիծ անցկացնել, թե որտեղ է ավարտվում Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ և սկսվում մյուս «հայեցակարգը», կամ որոշել, թե դրանցից որն է որ պահին ավելի կարևոր քաղաքականությունն իրականացնելիս, և որն է այս կամ այն պահին ավելի գերակշռող: Ավելի շուտ, դրանք բոլորն էլ միաժամանակ են գործում, պարզապես կախված քաղաքական իրավիճակից` ժամանակի որոշակի փուլում դրանցից մի քանիսն առավել հրատապ են լինում, քան մյուսները:
Այսպիսին են հրատապ արտաքին քաղաքական հայեցակարգերի հիմնական շրջանակները, որ ձևակերպել (և իրականացնում) է Հայաստանի քաղաքական էլիտան Երրորդ Հանրապետության գոյության ողջ ընթացքում: Միանգամայն բնական է, որ կարող է շատ հիմնավորված հարց ծագել. ունե՞ր արդյոք հետխորհրդային հայ քաղաքական ընտրանին իր երկրի արտաքին քաղաքականությունը պլանավորելու և իրականացնելու այլընտրանք:
Թվում է` ընդհանուր առմամբ այլընտրանք գրեթե չկար և չէր էլ կարող լինել: Ի դեպ, այլ չէին կարող լինել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման գնահատականները երկրի անկախության ողջ ընթացքում: Հատկապես եթե հաշվի առնենք այն բարդ աշխարհաքաղաքական ու աշխարհագրական միջավայրը, եզակի և միաժամանակ խառնաշփոթ այն պատմական շրջանը, որի պայմաններում Հայաստանը կատարում էր առաջին քայլերն արտաքին քաղաքական ասպարեզում: Մյուս կողմից` անցյալի պատմական և գաղափարաբանական ծանրությունը նույնպես կոշտ շրջանակներ էր ստեղծում անկախ Հայաստանի քաղաքական ընտրանու արտաքին քաղաքական մոտեցումների ձևավորման համար: Ուստի, այնուամենայնիվ, հասկանալի բացթողումների հետ միասին, կարելի է պնդել, որ ընդհանուր առմամբ Հայաստանը վերջին երկու տասնամյակի ընթացքում կարողացել է բավական արդյունավետ կամ էլ, եթե այդպես ավելի հարմար է` բավական քիչ կորուստներով ու վնասով անցնել իր արտաքին քաղաքականության ձևավորման և հայեցակարգային կայացման բարդ շրջանը:
1Մանրամասն տե՛ս Минасян С., Мировой опыт принятия концепции национальной безопасности // 21-й век, №2 (4), 2006 (ռուսերեն հրատարակություն)։
2Մանրամասն տե՛ս Минасян С., Стратегия национальной безопасности Республики Армения: процесс принятия и структура документа // www.noravank.am, 15.03.2007.
3Մասամբ համանման քաղաքականություն է վարում, օրինակ, Վրաստանը՝ օգտագործելով աբխազական և հարավօսական հակամարտություններն ու իր դիմակայությունը Ռուսաստանի հետ՝ որպես կարևոր արտաքին քաղաքական հաղթաթուղթ, զգալի քաղաքական, տնտեսական և այլ դիվիդենդներ ստանալով Արևմուտքից, անգամ անկախ այն բանից, թե ինչպես արդյունքում կզարգանան գործընթացներն Աբխազիայում և Հարավային Օսիայում։
4Մանրամասն տե´ս Сафрастян Р., Проблема признания Геноцида во внешней политике Армении: разноуровневый анализ // 21-й век, Информационно-аналитический журнал, Ереван, №1, 2005 (ռուսերեն հրատարակություն):
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ[23.09.2013]
- ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ[02.05.2013]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ «ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈ՞ՒՄ»[28.03.2013]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՆՈՐ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՈ՞ՒՄ[10.12.2012]
- ԻՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ «ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ» ԶՍՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[15.10.2012]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎՐԱՍՏԱՆԸ ՎՃՌՈՐՈՇ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ[24.09.2012]
- ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ[27.07.2012]
- ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ[14.02.2012]
- ՀՀ ԵՎ ԱՄՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[01.09.2011]
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[07.02.2011]
- ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԶՍՊՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ[21.10.2010]