• am
  • ru
  • en
Версия для печати
27.04.2009

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՕՏԱՐ ՉԹՎԱՑ...» Հարցազրույց Ֆեթհիյե Չեթինի հետ

   

1.picture (original)Ֆեթհիյե Չեթինի անունը վերջին տարիներին բավական հայտնի է դարձել հայ հասարակությանը: Լինելով փաստաբան` նա երկար տարիներ վարում է «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի եւ նրա ընտանիքի դատական գործերը: Չեթինը ճանաչում ձեռք բերեց հատկապես այն բանից հետո, երբ հրատարակվեց նրա «Մեծ մայրս» հուշագրական վիպակը, որտեղ փաստերի հիման վրա վերապատմում է տատի` Հերանուշ Կատարյանի կյանքի պատմությունը: Վերջինս Հայոց ցեղասպանության ժամանակ առեւանգված եւ իսլամացված հայ երեխաներից մեկն է եղել: Հարկ է նշել, որ գիրքը յուրահատուկ սկիզբ դարձավ Թուրքիայում իսլամացված հայերի խնդրի բարձրաձայնման համար: «Մեծ մայրս» գրքին հաջորդեցին նմանատիպ բովանդակությամբ այլ գրքեր։ Բացի այդ, գիրքը խթանեց Թուրքիայում ուծացման տարբեր մակարդակներում գտնվող մարդկանց արմատների որոնման, իրենց նախնիների իրական պատմությունների ուսումնասիրման գործընթացը: «Մեծ մայրս» գիրքը 2006թ. թարգմանվեց արեւելահայերեն եւ հրատարակվեց Երեւանում` դառնալով ամենաշատ վաճառվող գրքերից մեկը։ 2008թ. այն վերահրատարակվեց երկրորդ անգամ, որի շնորհանդեսին մասնակցեց նաեւ հեղինակը: Օրերս իր գրքի եւ ընդհանրապես իսլամացված հայերի թեմայի շուրջ մենք զրույց ենք ունեցել Ֆեթհիյե Չեթինի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:
Ռ. Մ.

Հարց – Ձեր «Մեծ մայրս» գիրքն արդեն մի քանի լեզվով թարգմանվել է, անցյալ տարի Երեւանում երկրորդ անգամ հրատարակվել արեւելահայերեն: Ըստ Ձեզ, ո՞րն է գրքի հաջողության գաղտնիքը, եւ ինչպե՞ս է ի հայտ եկել այն գրելու միտքը:

Պատ. – Իմ կարծիքով` ամենակարեւոր պատճառը, ինչի շնորհիվ գիրքն ուշադրության է արժանացել, այն է, որ հիմքը մարդակենտրոնությունն է. մարդուն հատուկ ցավը, զգացմունքները, հարաբերությունները, դեպքերը գրքում ներկայացված են մարդկայինի եւ խղճի տեսանկյունից: Նշանակություն ունի նաեւ գրքի անկեղծ եւ պարզ լեզուն: Տատիս դառը պատմությունն այնքան էի կարեւորում, որ իմանալուց անմիջապես հետո որոշեցի, որ այն անպայման պետք է թղթին հանձնել: Սակայն մտահղացումս երկար ժամանակ չկարողացա իրագործել, որովհետեւ կարծում էի, թե ազդեցիկ լինելու համար անհրաժեշտ է, որ այդ պատմությունը շարադրվի շնորհալի գրողի կողմից: Ես խոսեցի գրողների հետ, սակայն նրանք ինձ չընդառաջեցին։ Այդ պատճառով է, որ որոշեցի ինքս գրել:

Հարց – Անցյալ տարի Հայաստանի մի քանի քաղաքներում կազմակերպվեց «Մեծ մայրս» գրքի շնորհանդեսը: Ես գիտեմ, որ դա Ձեր առաջին այցն էր Հայաստան։ Կարո՞ղ եք պատմել Ձեր տպավորությունների մասին:

Պատ. – Հայաստանն ինձ օտար չթվաց։ Այնպիսի տպավորություն ունեի, կարծես իմ առաջին այցը չէր: Այս երկիրն ունի մարդուն պարուրող ջերմություն, պարզություն եւ մաքրություն: Շատ նման է իմ ծննդավայրին, փողոցներում քայլելիս ինձ զգում էի այն վայրերում, որտեղ անցել է մանկությունս: Մարդիկ շատ ջերմ են, անկեղծ եւ հյուրընկալ: Արժանացա մտերիմ, ջերմ ուշադրության, սակայն միեւնույն ժամանակ այն թախիծը, որ կար մարդկանց հարցական, հասկանալ ձգտող հայացքներում, ինձ վրա մեծ ազդեցություն թողեց: Հայաստանում շատ լավ բարեկամներ ձեռք բերեցի: Այս ուղեւորությունն էլ ավելի ամրապնդեց պայքարելու հաստատակամությունս եւ վճռականությունս: Ամենակարեւորն այն է, որ Հայաստանում ծանոթացա իմ ընտանիքի նոր անդամների հետ։ Նրանց հետ անցկացրած ջերմ ժամերը երբեք չեմ մոռանա1:

Հարց – Ձեր գիրքը Թուրքիայում բռնի իսլամացված հայերի խնդրի ակտուալացման գործում մեծ դեր խաղաց. թեմայի մասին, որն ավելի վաղ ընկալվում էր որպես թաբու, սկսեցին խոսել, քննարկել: Ընդհանրապես կուզենայի իմանալ այս խնդրին Ձեր մոտեցումը:

Պատ. – Այո, գիրքը մի խումբ մարդկանց մեջ կենդանացրեց ճնշումների քաղաքականության հետեւանքով` ժամանակի ընթացքում գրեթե մոռացված, մոխրացած հուշերն ու հիշողությունները: Այս մարդիկ սկսեցին հիշել իրենց տատերի եւ պապերի պատմածները: Մարդկանց մեկ այլ խմբի համար, որը չգիտեր, թե ինչեր են տեղի ունեցել 1915-ին կամ էլ պաշտոնական տեսակետին էր հավատում, գիրքը լուրջ բեկման պատճառ դարձավ: Նրանք սկսեցին հարցականի տակ դնել պաշտոնական տեսակետը, ուսումնասիրել իրենց ընտանիքների պատմությունները: Գրողները եւ գիտնականները կարծիք են հայտնել, թե «Մեծ մայրս» գիրքը 1915-ին տեղի ունեցածի մասին հարցեր տալու ցանկություն եւ հետաքրքրություն է արթնացրել:

Հարց – Իմ կարծիքով` Թուրքիայում իսլամացված հայերին եւ նրանց սերունդներին մի քանի պայմանական խմբի կարող ենք բաժանել. ծպտյալ հայեր, իսլամացված հայեր, հայության հետ իրենց բոլոր կապերը կորցրած հայերի սերունդներ, խառնածիններ եւ այլն: Դուք այս տեսակետին ինչպե՞ս եք մոտենում:

Պատ. – Իմ կարդացածի եւ դիտարկումների համաձայն` որոշ վայրերում բնակվող հայերը ճնշումների պատճառով եւ ապրելու բնազդով (1915-ից առաջ) զանգվածաբար կամ էլ առանձին կրոնափոխ են եղել: Օրինակ, կան դեպքեր, երբ ամբողջ գյուղի բնակչությունը զանգվածաբար կրոնափոխ է եղել: Այս հատվածն ընդհանրապես նախընտրել է ալեւիականությունը: Այս խմբից զատ, 1915-ի ընթացքում մեծ թվով հայ կանայք եւ երեխաներ տարբեր պատճառներով իսլամացվել են: Մեկ էլ, ինչպես դուք անդրադարձաք, 1915-ին այս տարածքներում մնացած եւ իրենց կյանքը շարունակող որոշ ընտանիքներ արտաքուստ մուսուլման են, կրում են թուրքական կամ մուսուլմանական անուններ, սակայն գաղտնի շարունակում են իրենց սովորույթները եւ պահում իրենց լեզուն. ահա այդ մարդիկ էլ կոչվում են ծպտյալ հայեր: Պարզվում է` այս խումբը մերձավորների միջեւ ամուսնություններով (ներքին ամուսնություններ), ինչը թեեւ հակասում է իրենց սովորույթներին, պահպանել է էթնիկ եւ կրոնական պատկանելությունը:

Հարց – Էթնիկ ինքնության խնդիրն, իմ կարծիքով, Թուրքիայում ամենակարեւոր եւ նուրբ թեմաներից մեկն է։ Այն ժամանակ առ ժամանակ գիտական, անգամ քաղաքական օրակարգ է մտնում: ԵՄ-ին անդամակցել ձգտող Թուրքիայում որոշ մարդիկ դեռեւս ստիպված են թաքցնել իրենց իրական էթնիկ ինքնությունը, սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

Պատ. – Թուրքիայում վերջին ժամանակներս փոփոխությունների եւ ստատուս քվոյի միջեւ կենաց-մահու պայքար է ընթանում: Փոփոխությունը դժվար է, սակայն փոփոխության ուղղությունը մեզ հույս է տալիս: Պաշտոնական քաղաքականությունը, որը մինչեւ երեկ ասում էր` քուրդ չկա, արգելում էր քրդերենը, այսօր քրդերենով հեռարձակվող հեռուստաալիք է բացում: Վարչապետը քրդերեն նախադասություն է ասում, նախագահն ասում է` «տարբերությունները մեր հարստությունն են»: Որքան էլ դիմադրությունն ուժեղ լինի, սակայն հասկանալի է, որ փոփոխությունը լավ կետի է հասնելու:

Հարց – Իսլամացված հայերի խնդրի հետ կապված` առկա են նաեւ շահարկումներ. որոշ գիտնականներ, քաղաքական գործիչներ խնդիրը սպառնալիք են համարում:

Պատ. – Կա մի «պետական սովորույթ», որը մարդկանց էթնիկ արմատները քննարկման է դնում, որոշ էթնիկ խմբերի համարում է սպառնալիք եւ խոչընդոտում է այդ մարդկանց կարեւոր պաշտոններ զբաղեցնելուն: Այս սովորույթը ներկայումս թեեւ շարունակվում է, սակայն գոնե վերջին ժամանակներս Թուրքիայում դրա դեմ հասարակական կարծիք է ձեւավորվում: Օրինակ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանի խոսքերը նախագահ Աբդուլա Գյուլի էթնիկ ծագման մասին խստորեն քննադատվեցին ե՛ւ ԶԼՄ-ում, ե՛ւ նույնիսկ իր կուսակցությունում:

Հարց – Հայերի համար քրիստոնեության դերը բավական մեծ է։ Տարածված մի կարծիքի համաձայն` իսկական հայը պետք է քրիստոնյա լինի, նույն այդ մոտեցման պատճառով այլակրոն կամ իսլամ ընդունած հային որպես իրական հայ ընդունելը մեզ համար փոքր-ինչ դժվար է: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք էթնիկ եւ կրոնական ինքնությունների մասին:

Պատ. – Ես հավատում եմ, որ անձի էթնիկ կամ էլ կրոնական ինքնության հարցում որոշում կարող է կայացնել միայն տվյալ անձը: Ինքնության եւ պատկանելության ոլորտը, իմ կարծիքով, պետք է ցանկացած ճնշումից, ուղղորդումից ազատ լինի: Անձը պետք է ազատ լինի ինքն իրեն ներկայացնելու հարցում, իսկ մեզ մնում է ընդունել նրա նախապատվությունը: Այս խնդրում ես միայն իմ անձնական ինքնության եւ պատկանելության վերաբերյալ կարող եմ կարծիք ունենալ: Ուստի մտածում եմ, որ ինքնությունների առաջնայնությունը եւ հիերարխիկ դասակարգումը ոչ մեկի որոշելիքը չէ:

Հարց – Հայտնի է, որ Թուրքիայում Ձեզ նման խառնածիններ բավական շատ են, սակայն նրանց շրջանում զարգացումները, այնուամենայնիվ, տարբեր են. մի մասը կարեւորում է հայկական արմատները, փնտրում դրանք, մի մասը բացարձակ չի կարեւորում, մի մասն էլ հայերի հանդեպ ծայրահեղական դիրքորոշում է որդեգրում, հայերին ընկալում որպես թշնամի: Թուրքական աղբյուրները նշում են, որ նույնիսկ ազգայնամոլների շրջանում կան հայկական ծագում ունեցողներ: Դուք այս ամենը, այսինքն` արմատների կարեւորումը կամ ժխտումը, ինչպե՞ս կարող եք բացատրել:

Պատ. – Եթե մարդիկ ճնշման, սպառնալիքի եւ մեկուսացման վախից իրենց արմատները, էթնիկ կամ կրոնական ինքնությունները թաքցնում են կամ էլ մեկուսացման վտանգից ելնելով` ձգտում են ապացուցել, թե պատկանում են մեծամասնությանը, ապա ստեղծված նման մթնոլորտը հակասում է համաշխարհային արժեքներին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ բնությանը: Այդ մթնոլորտը հնարավոր չէ պաշտպանել ոչ էթիկայի եւ ոչ էլ իրավական առումներով: Ճնշմամբ, սպառնալիքով եւ վախով իրենց արմատները ժխտելը, թաքցնելը ամեն ինչից առաջ մարդկային չէ:

Հարց – Ձեր տատի նման հազարավոր մարդիկ այս դառը եւ տրավմատիկ դեպքերի հիշողությունը թաքցրել են իրենց հոգում եւ հարմար մի օր սկսել են զգալ այդ ամենը մեկի հետ կիսելու կարիքը. Ձեր կարծիքով` մարդու ինքնության մեջ որքանո՞վ է կարեւոր տրավմատիկ հիշողության դերը:

Պատ. – Իմ կարծիքով` տրավմատիկ դեպքերի հիշողությունը հաղթահարելու առաջին քայլը դրանց մասին խոսել կարողանալն է: Տրավմայի հետ առերեսվելու եւ դրանից ազատվելու համար անհրաժեշտ է խոսել այն առաջացրած դեպքերի, դառը հիշողությունների մասին: Այդ պատճառով շատ կարեւոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ տրավմայի ենթարկված անձը կկարողանա հանգիստ խոսել:

Հարց – Էթնիկ ծագումը կարո՞ղ է պատճառ լինել, որպեսզի պետությունն իր քաղաքացիների հանդեպ որդեգրի տարբերակված մոտեցում։ Դուք` որպես իրավաբան, սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

Պատ. – Ըստ համաշխարհային իրավական սկզբունքների, պետությունները պարտավոր են իրենց քաղաքացիների նկատմամբ հավասար վերաբերմունք ունենալ եւ խտրականություն չդնել: Հավասարության սկզբունքը եւ խտրականության արգելքը միջազգային իրավունքի անքակտելի սկզբունքներից են: Եվ էթնիկ ծագումը մարդկանց հանդեպ չի կարելի որպես բացասական փաստարկ կիրառել:

Հարց – Մենք Ձեզ ճանաչում ենք նաեւ որպես Հրանտ Դինքի փաստաբան. Դինքի գործի վերջին զարգացումների մասին ի՞նչ կարող եք ասել:

Պատ. – Հրանտ Դինքի սպանության գործով այսօր, երկու տարի առաջվա համեմատ, հիշատակման արժանի ոչ մի զարգացում չկա, որովհետեւ Դինքի սպանությունը մի ամբողջություն է, որտեղ ընդգրկված են սպանության նախապատրաստական փուլը, Դինքին որպես թիրախ ներկայացնելը, սպանության դրդումը, այս գործընթացում անվտանգության ուժերի ունեցած դերը, մարդասպանի պատրաստումը եւ սպանության իրականացումը: Սակայն այս ամբողջությունն այսօր բաժանվել է մասերի, եւ կտրվել է ամբողջի հետ կապը։ Այս հանգամանքը խոչընդոտում է նաեւ հետաքննությանը` տեսնել գործընթացն ամբողջությամբ: Քանի դեռ սպանության նախապատրաստական փուլը, սպանությունը եւ դրան հետեւած իրադարձությունները չգնահատվեն որպես մեկ ամբողջություն եւ ըստ այդմ չտարվի հետաքննությունը, Հրանտ Դինքի սպանության գործում արդյունքի հասնել հնարավոր չէ:

Հարց – Որքան տեղյակ եմ, Դուք ծրագրել եք իսլամացված հայերի թեմայով եւս մեկ գիրք գրել։ Իմանալով նաեւ, որ խիստ բազմազբաղ եք, այնուամենայնիվ, ցանկանում եմ հարցնել, թե երբ այն պատրաստ կլինի:

Պատ. – Այո, նման միտք ունեմ եւ ցանկանում եմ ամենակարճ ժամանակում ավարտել այդ աշխատանքը:

Հարց – Շնորհակալություն հարցազրույցի համար եւ հուսով եմ, որ նոր գրքի հրատարակումից հետո նորից հնարավորություն կունենանք Ձեզ հետ հանդիպել Հայաստանում:

Պատ. – Ես եմ շնորհակալություն հայտնում եւ հույս ունեմ, որ ամենակարճ ժամկետում կրկին կհանդիպենք:

1«Մեծ մայրս» գրքի հերոսուհին` Հերանուշ Կատարյանը (Ֆեթհիյե Չեթինի տատը), ունեցել է երկու եղբայր` Խորենը եւ Հրայրը: Խորենին աքսորի ճամփին իր քրոջ նման խլում է մի մուսուլման, որը հետո նրան իսլամացնում է` տալով Ահմեթ անունը, իսկ փոքր եղբայրը` Հրայրը, ըստ Հերանուշի մոր պատմածների, մահանում է աքսորի ճամփին: Գրքի արեւելահայերեն հրատարակումից հետո ինձ այցելեց Ջոն Կադարյան անունով մի անձնավորություն, որը պատմեց եւ այնուհետեւ տարբեր փաստերով հաստատեց, որ ինքը մահացած համարված Հրայր Կատարյանի թոռն է: Չեթինի հայաստանյան այցի ժամանակ ես հանդիպեցրի նրանց։ Համադրելով իրենց իմացած փաստերը, նկարները, պատմությունները եւ անգամ ժառանգական հատկանիշները` էլ ավելի հաստատ դարձավ, որ Հրայր Կատարյանն իրականում չի մահացել, այլ հրաշքով փրկվելով` հայտնվել է որբանոցում, այնտեղից էլ տեղափոխվել Վրաստան: Այս խիստ հետաքրքիր պատմությունը միգուցե դառնա Ֆեթհիյե Չեթինի հաջորդ գրքերի սյուժեներից մեկը (Ռ.Մ.)։

Զրույցը վարեց
Ռուբեն Մելքոնյանը

 


դեպի ետ