ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ Ե՛Վ ՏԱՐԱԴՐԱՄ Է, Ե՛Վ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
«ԳԱ»-ին տված հարցազրուցում ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ Կարեն Կարապետյանը - Պ-ն Կարապետյան, արտահանման ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի էլեկտրաէներգետիկան։
- Սկսեմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ արտահանման հնարավորություններից։ Այսօր ընկերությունը լրջորեն զբաղվում է էլեկտրաէներգետիկայով։ Դա թելադրված է ռազմավարական նկատառումներով և այն ըմբռնմամբ, որ էլեկտրաէներգետիկան՝ որպես պրոֆիլային բիզնես, թույլ է տալիս ապահովել զգալի սինէրգետիկ էֆեկտ։ Պետք է ավելացնել նաև խոշոր գազաէներգետիկ օբյեկտների առկայությունը, ֆինանսական և նյութատեխնիկական պաշարներով մանևրելու հնարավորությունը։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում «ՀայՌուսգազարդը» կարող է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի մատակարարման շուկայի առանցքային դերակատարներից մեկը։
Այժմ՝ հարցի էության մասին։ Հայաստանի Հանրապետությունն էլեկտրաէներգիայի զգալի պաշարներ ունի՝ դրա արտահանումը կազմակերպելու համար։ Խորհրդային տարիներին, երբ վճռվում էր ատոմակայանի կառուցման հարցը, Հայաստանի էներգահամակարգը նախագծվում էր որպես էներգահավելուրդային և բավարարում էր անդրկովկասյան տարածաշրջանի պահանջարկի մի մասը։ Հայաստանը, որ սահմանակից է Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ, միակ երկիրն է, որ էլեկտրաէներգիա է արտահանում Անդրկովկաս։ Այսօր Հայաստանի էլեկտրակայանների հզորության ընդամենը մեկ երրորդն է օգտագործվում։ TACIS նախագծի շրջանակներում անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ վերջին 10 տարիներին Հայաստանի Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելցուկը՝ ըստ Էներգետիկայի կարգավորման մարմինների տարածաշրջանային ընկերակցության գնահատականի, կազմում է 1930 մվտ։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա 2003-2005թթ. դրա ծավալներն զգալիորեն աճել են՝ հասնելով վերջին 10 տարիների առավելագույն նիշին և կազմելով երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան 16%-ը։
Մինչև 2006թ. առաջին եռամսյակը Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի հիմնական շուկաներից մեկը Վրաստանն էր։ Սակայն 2006թ. մարտից Վրաստան այլևս էլեկտրաէներգիա չի արտահանվում՝ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ անկման, Վրաստանի էներգահամակարգի արտադրահզորությունների նորոգման և վերականգնման, խոշոր ՀԷԿ-երի վերականգնման, ինչպես նաև Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծման պատճառով։
Իրանին Էլեկտրաէներգիայի մատակարարման կազմակերպումը էներգետիկ համագործակցության հեռանկարային ուղղություն է։ Երկու երկրների էներգահամակարգերն արդեն ավելի քան 10 տարի աշխատում են զուգահեռ ռեժիմով, և արտահանման ծավալներն Իրան՝ սկսած 2007թ., կազմում են ՀՀ-ից արտահանվող էլեկտրաէներգիայի ողջ ծավալի ավելի քան 70%-ը։ Սահմանված 43 գվտ հզորության պարագայում Իրանի էներգահամակարգի դեֆիցիտը հասնում է 2 գվտ-ի, և առավելագույն պահանջարկի մասնակի բավարարումը ամռան ամիսներին իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման, ինչպես նաև Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի (մոտ 350 մվտ) ներմուծման հաշվին։ Ներկայումս ավարտին են մոտենում Մարի-Մեշխեդ (Իրան-Թուրքմենստան) միջհամակարգային 400 կվ և 500 մվտ թողունակությամբ էլեկտրահաղորդագծերի (ԷՀԳ) շինարարական աշխատանքները, որը թույլ կտա ավելացնել ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները։ Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումն իրականացվում է գործող երկշղթա Շինուհայր-Ագարակ-Ագար 220 կվ, 450 մվտ անվանական թողունակությամբ ԷՀԳ-ի միջոցով։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և իրանական «ՍԱՆԻՐ» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, արդեն ավարտին են մոտենում ՀՀ և ԻԻՀ էներգահամակարգերի միջև նոր, 400 կվ-ի համար հաշվարկված ստանդարտով միջհամակարգային ԷՀԳ կառուցման աշխատանքները։ Նոր ԷՀԳ-ն թույլ կտա մինչև 1000 մվտ ավելացնել Իրան-Հայաստան միջհամակարգային ԷՀԳ ընդհանուր թողունակությունը։ Էներգետիկայի ոլորտի առաջնային խնդիրը՝ Իրանի հետ փոխհարաբերությունները առևտրային մակարդակ տեղափոխելն է, ինչը կապահովի ոչ միայն էլեկտրաէներգիայի փոխանակումը, այլև դրա վաճառքը և տարանցիկ փոխանակման կազմակերպումը երրորդ երկրներ։
Թուրքիայի հետ Հայաստանին կապում է միակ՝ 220 կվ 340 մվտ թողունակությամբ Գյումրի-Կարս ԷՀԳ-ն։ ԷՀԳ-ն աշխատանքային վիճակի բերելու համար պահանջվում է ներդրումների ոչ մեծ ծավալ՝ «Գյումրի-2» (ՀՀ) ենթակայանում համապատասխան անջատիչ, ինչպես նաև «Կարս» (Թուրքիա) ենթակայանում 220-154 կվ ավտոտրանսֆորմատոր տեղադրելու համար։ Սակայն Թուրքիայի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությունը խոչընդոտում է էլեկտրաէներգիայի արտահանմանը։ Քաղաքական իրավիճակը քիչ հավանական է դարձնում նաև Ադրբեջանի հետ էներգափոխանակման գործընթացների նախաձեռնումը։ Այսպիսով, կարելի է փաստել, որ Հայաստանի էներգահամակարգի արտաքին առևտրային գործունեությունն այսօր սահմանափակվում է էլեկտրաէներգիայի պարբերական հանդիպական մատակարարումներով՝ դեպի Իրան և հակառակը։
- Մրցունա՞կ է արդյոք «հայկական» կիլովատը տարածաշրջանում, և ո՞ր երկրներն են համարվում էլեկտրաէներգիայի հավանական ներմուծողներ։
- Բնական գազի մրցունակ գների և էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետորեն հավասարակշռված կառուցվածքի առկայությունը վկայում է, որ «հայկական» կիլովատը տարածաշրջանում բավական մրցունակ է։ Հաշվի առնելով Հայաստանի Էլեկտրաէներգիայի հանդիպական մոտակարարումների երկարաժամկետ պարտավորությունները՝ ի հաշիվ Իրանից Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալների, էլեկտրաէներգիայի ծավալները Հայաստանի էներգահամակարգից Վրաստանի, Թուրքիայի և Իրանի էներգահամակարգերի մատակարարման համար ընդհանուր առմամբ կարող են կազմել տարեկան 6 և ավելի մլրդ կվտ/ժ։ ՀՀ հարևան երկրներում նկատվում է արտադրահզորությունների դեֆիցիտ, որը հեռանկարում կդառնա էլ ավելի շոշափելի։
Ներկայիս տարեկան 8,5 մլրդ կվտ/ժ սպառման մակարդակի պայմաններում Վրաստանում կանխատեսվում է էներգառեսուրսների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի սպառման աճ։ Նույնիսկ նոր հզորությունների ենթադրվող գործարկման դեպքում դրանց տարեկան դեֆիցիտը առաջիկա 3-5 տարիներին կպահպանվի և կկազմի 250-500 մվտ։ Այնպես որ՝ ստեղծված պայմաններում Վրաստանը կարելի է համարել Հայաստանի էլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի սպառման հիմնական պոտենցիալ շուկաներից մեկը։
Թուրքիայի էլեկտրաէներգիայի շուկան ամենաարագ աճողներից է: Եվրոպական հանձնաժողովի փորձագետների գնահատմամբ` Թուրքիայի էլեկտրաէներգետիկայի հատվածում կատարվող ներդրումները կարող են բավարարել միայն 2009թ. պահանջարկը, իսկ հետո նա ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներմուծել՝ եթե ներդրումներ չսկսվեն անկախ էներգետիկ նախագծերում: 2009թ. հետո ազգային էլեկտրացանցում անհրաժեշտ կլինի տարեկան ավելացնել առնվազն 4 հազար մվտ հզորություն կամ ներգրավել առնվազն $4 մլրդ ներդրումներ: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարում է մոտակա 5 տարիներին երկրի էներգետիկ հատվածում $20 մլրդ ներդրումների անհրաժեշտության մասին: 2020թ. անհրաժեշտ կլինի շահագործման մեջ մտցնել 51000 մվտ նոր արտադրահզորություններ, իսկ էլեկտրաէներգիայի սպասվող պահանջարկը 2020թ. կհարկադրի ներդրումների ծավալն ավելացնել մոտավորապես մինչև $130 մլրդ-ի: Բացի այդ, Թուրքիան ունի էլեկտրաէներգիայի սպառման աճի զգալի պոտենցիալ (որն ամերիկյան EIA ընկերակցության կանխատեսումներով՝ 2020թ. կհասնի 192 մլրդ կվտ/ժ-ի) և թերզարգացած էլեկտրաէներգետիկ հատված: Արտադրահզորությունների մեծ մասը և բաշխիչ ցանցերը գտնվում են պետության հսկողության տակ, սեփականաշնորհումն այս հատվածում իրականացվում է դանդաղ, ոլորտին անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ: Թուրքիայում ներմուծվող էլեկտրաէներգիայի պահանջարկի բարձրացման հավանականությունը միջնաժամկետ հեռանկարում գնահատվում է որպես բարձր:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա պետք է նշել, որ վերջին տարիներին ԻԻՀ-ում նկատվում է էլեկտրաէներգիայի ներմուծման կտրուկ աճ (1998-2004թթ. միջին տարեկան աճը կազմել է 136%), իսկ 2002-ից Իրանը դառնում է զուտ էլեկտրաէներգիա ներմուծող երկիր: Իրանն էլեկտրաէներգիայի առևտուր է անում Ադրբեջանի (արտահանում երկրի արևմտյան մաս), Հայաստանի, Պակիստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի (արտահանում և ներմուծում) հետ:
Էլեկտրաէներգիայի սպառման արագ աճի (2008թ. տարեկան 7-9% մինչև 190 մլրդ կվտ/ժ) պայմաններում Իրանն ինտենսիվորեն նոր էներգետիկ հզորություններ է կառուցում: Հայտարարվել հետագա 5 տարիներին էլեկտրակայանների առկա հզորությունները 18 գվտ-ով ավելացնելու ծրագրերի մասին: Էներգետիկայի հատվածում զգալի պետներդրումների շնորհիվ վերջին տարիներին սկսեցին գործել մի քանի նոր էլեկտրակայաններ (առավելապես հիդրոէլեկտրակայաններ և խառը ցիկլով աշխատող էլեկտրակայաններ)։ Մասնավորապես, արդեն 2009թ. երկրի առաջին` «Բուշեհր» ատոմակայանը իրանական էներգահամակարգ կմատակարարի 500 մվտ էլեկտրաէներգիա: Չնայած այս ծավալուն էներգետիկ շինարարությանը, արդեն այսօր Իրանի էներգետիկ հզորությունների դեֆիցիտը կազմում է 2500 մվտ, և տարեցտարի այն ավելանում է: Իրանն ունի երկրի էներգահամակարգը Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Իրաքի և Հայաստանի համակարգերի հետ կապող միջպետական գծեր (արդեն կառուցվում է երրորդ բարձրավոլտ հաղորդագիծը` 400 կվ նախագծային հզորությամբ և 312 կմ երկարությամբ, բացի գոյություն ունեցող գծերից Ագարակում և Շինոհերում` 110 և 220 կվ հզորություններով): Հզորությունների դեֆիցիտի նման իրավիճակ է տիրում Իրաքում, որը ստիպված է էլեկտրաէներգիա ներմուծել Իրանից և Թուրքիայից: Նույնիսկ ածխաջրածնային ռեսուրսների զգալի պաշարների առկայությունը տարածաշրջանի մի շարք երկրներում և կարճաժամկետ ծրագրով Վրաստանի, Թուրքիայի և Իրանի էլեկտրաէներգետիկ ոլորտում նոր արտադրահզորությունների ստեղծումն ի զորու չեն բավարարելու էլեկտրաէներգիայի կանխատեսվող պահանջարկը:
Ակնհայտ է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտն ունի արտահանման բարձր պոտենցիալ և, չնայած սեփական հումքային բազայի բացակայությանը, տարածաշրջանում որոշակի մրցակցային առավելություն ունի: Պետության խելամիտ արտաքին քաղաքականության ձևակերպումն ու վարումը կարող են իրապես տնտեսական և դրա հետ մեկտեղ՝ քաղաքական շահաբաժիններ բերել Հայաստանին:
դեպի ետ