
ԵՐԿԻՐԸ ՆԵՐՔԱՇՈՒՄ ԵՆ ԼՈՒՐՋ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՔԱՈՍԻ ՄԵՋ. Սարգիս Ավետիսյան
Չնայած բազմաթիվ քաղաքական կանխատեսումների, որ մարտի 9-ը վճռորոշ է լինելու` կա՛մ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, կա՛մ դեռեւս վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դադարեցման հարցում, բեկում այդպես էլ տեղի չունեցավ: Ստեղծված իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Համերաշխություն» կուսակցության նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
– Պարոն Ավետիսյան, ըստ էության, մինչեւ այս պահը խորհրդավոր լռություն է` թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբի, թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ինչպե՞ս եք տեսնում ելքը:
– Կարծում եմ` ելքը մեկն է լինելու` այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է կոնկրետ գործողություններ իրականացնի: Այս պայմաններում, երբ ռազմական դրություն է, ըստ էության, երկրի ղեկավարը փաստացի շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է, եւ բոլոր ուժային կառույցները ենթարկվում են իրեն: Սա նշանակում է, որ ոչ միայն որեւէ հիմք չկա նրան պաշտոնից ազատելու, այլեւ հակասահմանադրական է նրան պաշտոնից ազատելը: Այդ մասին են խոսում նաեւ ոչ թե ծախված, այլ բոլոր նորմալ փաստաբաններն ու իրավաբանները: Դրա համար պետք է շտաբի պետին աշխատանքից ազատելու հրամանագիրը ՀՀ նախագահն ուղարկեր Սահմանադրական դատարան: Բայց քանի որ ՀՀ նախագահը եւ գործող իշխանությունները ծառայում են օտար երկրների հատուկ ծառայություններին, Արմեն Սարգսյանը չդիմեց ՍԴ: Այս ամենի հետեւանքով էլ երկիրը ներքաշում են լուրջ եւ շարունակական քաոսի մեջ:
– Իսկ գուցե, ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր իր վերջին ասուլիսի ժամանակ ասում, պետք չէ՞ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից, քանի որ պատմության մեջ քիչ չեն դեպքերը« երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այդքան համեստ մեր գեներալիտետը:
– Ես կասեի ոչ թե համեստ են, այլ անպատասխանատու են: Բնականաբար, կոնկրետ գործողություններ պետք է իրականացնեն, որովհետեւ հայկական պետականության լինել-չլինելու հարցն է դրված: Եթե մեր պետության տարածքները զիջվում են, եւ խախտվում է Սահմանադրությունը, ի՞նչ ռազմական հեղաշրջման մասին է խոսքը, պետք է գործել: ՀՀ երկրորդ նախագահը շատ ճիշտ ասաց, որ բանակները հենց նրա համար են, որ թույլ չտան երկրների փլուզումները` լինի դրսից, թե` ներսից:
– Մարդիկ քննադատում են նաեւ «Հայրենիքի փրկության շարժմանը»` ասելով, որ կոնկրետ գործողություններ ընդդիմությունն էլ չի անում: Չե՞ք կարծում, որ առնվազն պայքարի մարտավարությունը պետք է փոխել:
– Այդ շարժման սկզբից 17 կուսակցություններն էին, հետո այն կոչվեց «Հայրենիքի փրկության շաժում», կարծում եմ` հիմա այն պետք է վերանվանել եւ կոչել ազատագրական շարժում: Ըստ էության, սա արդեն ազգային շարժում է, որովհետեւ հայրենիքը վտանգված է, եւ այստեղ քաղաքական կուսակցությունների խնդիր չկա: Այսինքն` այս շարժման մեջ պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր մտածում են մեր երկրի մասին: Մենք բոլորս պետք է պայքարենք, որպեսզի վերականգնենք արդեն կորցրած մեր պետականությունը եւ սահմանադրական կարգը, ապա տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ: Այդ ժամանակ արդեն կլինեն քաղաքական ընտրություններ, բայց հիմա սա ազգային շարժում է` դրանից բխող բոլոր հետեւանքներով, հետեւաբար պետք է մտածել միայն դրա մասին:
– Շեշտում եք, որ շարժումն ազգային է, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ նախորդ շաբաթ «Հայրենիքի փրկության շարժման» բեմահարթակում ելույթ էր ունենում ԼԲԳՏ-ական քարոզչամեքենա «Փինք Արմենիայի» ՀԿ անդամ, հայ ԼԳԲՏ անձանց մասին «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստ, գրող Հովհաննես Իշխանյանը:
– Ճիշտն ասած, չեմ կարող ասել, կարծում եմ` հարթակն ազատ է, եւ որոշված չէ կոնկրետ ով պետք է խոսա, ով` չխոսա: Եթե ուշադրություն դարձրել եք, երբ կոնկրետ հայտարարվում է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հրավիրում, արդեն որոշվում է, թե ով պետք է խոսա: Իսկ ամենօրյա ռեժիմով հավաքների ժամանակ ազատ է, մարդիկ խոսում են, ամեն մեկն իր կարծիքն է ասում` այն կա՛մ ընդունելի է, կա՛մ ընդունելի չէ: Հետեւաբար, չեմ կարող ասել, թե ինչպես է եղել, որ այդ մարդը հայտնվել է բեմահարթակում եւ խոսել է: Ամեն դեպքում, մենք պետք է գանք այն մտքին, որ սա ազգային շարժում է, եւ ամբողջ ազգը պետք է զբաղվի ազգի փրկության գործով: Ուստի` կարող են լինել մարդիկ, որոնց տեսակետները մենք չենք կիսում, չենք ընդունում, եւ սա չի նշանակում, որ իրենք մեզ հետ են:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ