• am
  • ru
  • en
Версия для печати
20.12.2018

ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ. ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2018


Անդրանիկ Հովհաննիսյան,
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ

Ույղուրական սփյուռքը ձևավորվել է XIX դարի վերջին: Այդ ժամանակ, երբ բազմաթիվ ապստամբություններից հետո սկսեցին ոտնահարվել Չինաստանի մուսուլմանների իրավունքները, նրանց մի մասը (հատկապես ույղուրներն ու ղազախները) ստիպված եղավ փախչել Սինցզյանից դեպի Կենտրոնական Ասիա։ Ներկայում ույղուրները հիմնականում բնակվում են Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, ԱՄՆ-ում և Գերմանիայում: Աշխարհում ույղուրական սփյուռքի հիմնական կենտրոնները ներկայացված են Աղյուսակ 1-ում1։

XX դարի կեսերին տարբեր տարածաշրջաններում հաստատված ույղուրական համայնքները Թուրքիայի և Արևմուտքի օգնությամբ սկսեցին ձևավորել իրենց միավորումները` նպատակ ունենալով պահպանել ույղուրական ինքնությունը, ինչպես նաև աջակցել և զարգացնել ընդհանուր ազգային պայքարը հանուն «Արևելյան Թուրքեստանի» (Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները) անկախության։ 1970-ական թթ. ի վեր նյութական, բարոյական և ֆինանսական հիմնական աջակցությունն ույղուրներին տրամադրվել է Թուրքիայի կողմից: XVIII դարում Օսմանյան կայսրության աջակցությամբ՝ Մ.Բուխրայի ղեկավարությամբ Ցին կայսրության տարածքում ձևավորված «Արևելյան Թուրքեստանի ազգային-ազատագրական շարժումը» վերածնունդ ապրեց 1990-ականներին Թուրքիայում։ Շարժումը ղեկավարեց Ի.Ալպետքինը։ Ոգեշնչվելով Խորհրդային Միության փլուզումից, ինչի հետևանքով Կենտրոնական Ասիայում անկախություն ստացան միանգամից 4 թյուրքալեզու պետություններ՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը (Արևմտյան Թուրքեստան) Ի.Ալպետքինը կոչ արեց ստեղծել տարածաշրջանում 5-րդ թյուրքալեզու պետությունը՝ Ույղուրստանը (Արևելյան Թուրքեստան)2։ «Թուրքեստան» պատմաաշխարհագրական տարածաշրջանը ներկայացված է Քարտեզ 1-ում։

Սակայն 1990-ականների կեսերին, Չինաստանի տնտեսական և քրդական անջատողականության գործընթացի ակտիվացման ճնշման ներքո, Թուրքիան ստիպված էր որոշ սահմանափակումներ մտցնել ույղուր ազգայնականների նկատմամբ։ 1998թ. թուրքական կառավարությունը Սինցզյանը պաշտոնապես ճանաչեց Չինաստանի անբաժանելի մաս և արգելեց իր տարածքում գտնվող ույղուրական սփյուռքի ներկայացուցիչներին կազմակերպել հանրահավաքներ3:


Այդ պատճառով 1990-ականների վերջին Թուրքիայում գործող ույղուրական կազմակերպությունները ստիպված էին փնտրել նոր վայրեր իրենց պայքարը շարունակելու համար։ Այս պարտավորությունն իր վրա վերցրեց Արևմուտքը՝ ԱՄՆ-ը և Գերմանիան։ Այսպիսով, 1998թ. Արևելյան Թուրքեստանի ազգային կենտրոնը տեղափոխվեց Մյունխեն (Գերմանիա), որտեղ 1999թ. ստացավ նոր անուն՝ Արևելյան Թուրքեստանի ազգային կոնգրես: 2004թ. Արևմուտքի աջակցությամբ ստեղծվեցին երկու նոր ույղուրական կազմակերպություններ` Արևելյան Թուրքեստանի հանրապետության վտարանդի կառավարությունը Վաշինգտոնում (ԱՄՆ) և Համաշխարհային ույղուրական կոնգրեսը Մյունխենում (Գերմանիա): Առաջին կազմակերպությունում ներկայացված էին ույղուրական սփյուռքի ծայրահեղական մասի շահերը, երկրորդի նպատակներն էին՝ պայքարել Չինաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների համար և պահպանել ույղուրական ինքնությունն սփյուռքում: 2005թ. ՉԺՀ-ում ազատ արձակվեց ույղուր «քաղբանտարկյալ» Ռ.Քադիրը, որն անմիջապես մեկնեց Միացյալ Նահանգներ: 2006թ. Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Ա.Էնոքսոնն առաջադրեց Ռ.Քադիրի թեկնածությունը Նոբելյան մրցանակի համար, ինչը կտրուկ քննադատության ենթարկվեց պաշտոնական Պեկինի կողմից։ Նույն թվականին Ռ.Քադիրը ղեկավարեց Համաշխարհային ույղուրական կոնգրեսը։


2007-2009թթ. ընթացքում Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի մի քանի քաղաքներում տեղի ունեցան զանգվածային բողոքներ և ոստիկանների հետ բախումներ, որոնց հետևանքով, ըստ արևմտյան լրատվամիջոցների, զոհվել էր մի քանի հարյուր և տուժել ավելի քան 1400 մարդ4։ Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեջ Պեկինը մեղադրեց Համաշխարհային ույղուրական կոնգրեսին։ Գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունը պաշտոնապես հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից՝ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (USNDF), Ույղուրների ամերիկյան ասոցիացիայի (UAA) և Երիտասարդ թուրքերի (TYT) միջոցով: Ի դեպ, «Երիտասարդ թուրքեր» (The Young Turks) հեռուստաալիքը ղեկավարում է Ջենք Ք. Ույղուրը (Cenk Kadir Uygur), որն ԱՄՆ-ում հաճախ քննադատությունների է արժանացել իր հրապարակումներում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Չնայած 1990-ականների վերջին Անկարայի հայտարարություններին, թուրքական իշխանությունները չեն դադարեցրել աջակցությունն ույղուրներին։ Այժմ Թուրքիայի հատուկ ծառայություններն իրենց գործունեությունը քողարկում են ՀԿ-ների մշակութային և կրթական ծրագրերի տեսքով: Օրինակ, Ղրղզստանի տարածքում նրանք աշխատում են հետևյալ կազմակերպությունների՝ «Ittipak» ՀԿ-ի, «Erpan» ույղուրական տեղեկատվական կենտրոնի և «Ժողովրդավարություն» մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, որոնք գտնվում են Բիշքեկում, Ղազախստանի տարածքում` Արևելյան Թուրքեստանի ազատագրման կազմակերպության և «Ույղուրստան» կուսակցության հետ: Ի դեպ, Ղազախստանի Հանրապետության Գերագույն դատարանի որոշմամբ, վերոնշյալ կազմակերպությունները 2000-ականների կեսից սկսած՝ արգելված են Ղազախստանում: Ակտիվ աշխատանք է կատարվում նաև Ուզբեկստանում գտնվող ույղուրական մշակութային և քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք գտնվում են Ուզբեկստանի հատուկ ծառայությունների խիստ հսկողության տակ։ Հատկապես, խոսքը վերաբերում է Արևելյան Թուրքեստանի իսլամական կուսակցությանը:

Այսօրվա դրությամբ Համաշխարհային ույղուրական կոնգրեսը ձգտում է անկախ ույղուրական պետություն ստեղծել, սակայն գիտակցում է, որ ներկայիս իրավիճակում դա գրեթե անիրական է: Պատճառները բազմաթիվ են, սակայն ընդգծենք հետևյալ երկուսը.

1. ներկա փուլում աշխարհում չկա որևէ պետություն, որը կարող է Չինաստանին ստիպել հրաժարվել իր իսկ տարածքից,

2. տնտեսության արագ աճի և ռազմական հզորության շնորհիվ հեշտ չէ նաև ճնշել Չինաստանին՝ ստիպելով վերջինիս ընդլայնել ույղուրների ինքնակառավարումը։

Այդ պատճառով Համաշխարհային ույղուրական կոնգրեսի հիմնադիր փաստաթղթերում պաշտոնապես ոչինչ չի ասվում անկախության մասին: 2012թ. մայիսին Տոկիոյում (Ճապոնիա) կայացած համագումարում հաստատվեց, որ «ույղուրները չեն պահանջում ստեղծել անկախ պետություն Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի տարածքում: Գլխավոր նպատակն է՝ ՉԺՀ շրջանակներում հասնել իրական քաղաքական և մշակութային ինքնավարության»5։ Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններին, դրանք նախընտրեցին պահպանել բարեկամական, տնտեսական ու ռազմավարական հարաբերությունները Պեկինի հետ, երբ 2001թ. հիմնեցին Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որն իր աշխատանքը սկսել էր 1990-ականների կեսին։

Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը որոշակիորեն ազդել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա. ույղուրներին պաշտպանելու գործունեությունը զգալիորեն թուլացել է։ Սակայն պետք է նշել, որ Թուրքիան մինչ օրս չի հրաժարվել իր պանթյուրքական նկրտումներից, որտեղ նաև ույղուրներն ինչ-որ դեր ունեն։ Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսին իտալական Աքվիլա քաղաքում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ Ռ.Էրդողանը, անդրադառնալով ՉԺՀ Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ույղուրական ցույցերին և դրա հետևանքներին, դատապարտեց Պեկինին՝ օգտագործելով կոշտ արտահայտություններ. «Ույղուրների դեմ իրականացվել է ցեղասպանություն»6։ Ավելին, 2015թ. չին-թուրքական պայմանավորվածությունները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման վերաբերյալ չեն խանգարում Թուրքիային օգնել թյուրքախոս ույղուրներին Սիրիա և Իրաք տեղափոխվել։ Ըստ Չինաստանի հատուկ ծառայությունների տվյալների, Սինցզյան- ույղուրական ինքնավար շրջանից 5000-ից ավելի ույղուր է կռվում Սիրիայում գործող տարբեր ահաբեկչական խմբավորումներում7։ 2015-ի հունվարին տեղեկություն էր հայտնվել, որ Չինաստանից փախած ույղուրները Թաիլանդում հեշտությամբ ձեռք են բերում կեղծ թուրքական անձնագրեր, որոնց միջոցով անցնում են Թուրքիա, իսկ այնտեղից՝ Սիրիա կամ Իրաք, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու համար։

Ինչպես արդեն նշել ենք, 1990-ականների վերջին Անկարան արգելեց իր տարածքում գտնվող ույղուրական սփյուռքի ներկայացուցիչներին կազմակերպել հանրահավաքներ, ինչի պատճառով ույղուրները ստիպված էին փնտրել նոր վայրեր, որտեղ կկարողանային շարունակել իրենց պայքարը։ Բնականաբար Վաշինգտոնը չէր կարող բաց թողնել նման պատմական հնարավորությունը։ Աջակցելով ույղուրների պայքարին՝ Միացյալ Նահանգները հնարավորություն ստացավ քաղաքական ճնշում գործադրել ՉԺՀ-ի վրա։ Անկասկած, ներկայում «ույղուրական խնդիրը» Միացյալ Նահանգներին հիմնականում անհրաժեշտ է որպես գործոն, որի շնորհիվ Վաշինգտոնը կարող է Պեկինի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Չինաստանի տնտեսությունն աճում է 7 անգամ ավելի արագ, քան ԱՄՆ տնտեսությունն աճել է վերջին տասնամյակում։ Հետևաբար, Չինաստանի արագ զարգացումը կասեցնելու համար ԱՄՆ-ը կսկսի հայտնի «պատժամիջոցների քաղաքականությունը»։ 2018թ. օգոստոսին ամերիկյան The Washington Post թերթի հրապարակած աղմկալի հոդվածի համաձայն՝ «Չինաստանը քարոզարշավ է կազմակերպել Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի թյուրքալեզու մուսուլմանների դեմ: Ուրումչիում ստեղծվել են վերադաստիարակման ճամբարներ, որտեղ թյուրքալեզու մուսուլմաններն արդեն մի քանի տարի է, ինչ ենթարկվում են բռնության»8: Սեպտեմբերին մի խումբ ամերիկացի օրենսդիրներ կոլեկտիվ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղարին և ֆինանսների նախարարին՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել չինական այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի մուսուլմանների ճնշման գործում։ Հոկտեմբերին ՉԺՀ իշխանությունները հրապարակեցին Սինցզյան տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարի մասին փաստաթուղթ9, որը հաստատեց մուսուլմանների «վերապատրաստման ճամբարների» առկայությունը: Փաստաթղթում նշվում է, որ ճամբարները, «Մասնագիտական վերապատրաստման և վերադաստիարակման կենտրոնները» ստեղծվել են այն մարդկանց համար, ովքեր գտնվում են «ծայրահեղականության ազդեցության տակ»: Կալանվածներին վերադաստիարակում են հոգեբանների օգնությամբ և գաղափարական կրթության միջոցով։ Փաստաթղթում նշված են նաև Սինցզյանում գոյություն ունեցող արգելքները։ Տեղացիները չեն կարող.

- հագնել փարաջա,

- պահել երկար մորուք,

- երեխաներին տալ արաբական անուններ,

- ոտնահարել կանանց և երեխանների հանրային կրթություն ստանալու իրավունքը,

- տարածել հալալ (թույլատրված) գաղափարը, բացի սննդից։

Եզրակացություններ

Այսպիսով, ներկայում Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում անջատողականության ակտիվացման գործում նշանակալի դեր են խաղում արևմտյան երկրներում գտնվող և այնտեղից ֆինանսավորվող ույղուրական կազմակերպությունները: Այս կազմակերպություններն ակտիվորեն արծարծում են ՉԺՀ-ում ույղուրների ճնշման, նրանց իրավունքների և ազատությունների խախտման հարցը: Սա ստիպում է կասկածանքով վերաբերվել ԱՄՆ-ի, ինչպես նաև ույղուրական սփյուռքի կողմից հրապարակված տեղեկատվություններին։ Պետք է նաև նշել, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ ստեղծված Համաշխարհային ույղուրական կոնգրեսը, որը, ենթադրվում է, պետք է մի կազմակերպության շրջանակում միավորեր աշխարհում սփռված ույղուրական շարժումները, ձախողեց այդ նպատակը։ Ույղուրական սփյուռքը բաժանված է մի շարք կազմակերպությունների, որոնք ստեղծվել են տասնյակ տարիների ընթացքում: Այս կազմակերպությունները բազմաթիվ հանդիպումներ և ցույցեր են անցկացրել, սակայն անդամների նման ակտիվության պատճառով ընդամենը գործոն են դարձել որոշ ուժերի ձեռքին: Այնուամենայնիվ, նրանց գործունեության արդյունքները դեռևս բավական համեստ են։ Հիմնական պատճառը սփյուռքի ներքին խնդիրներն ու Չինաստանի հզորության էական ցուցանիշներն են:

1 Ույղուրական սփյուռքը աշխարհում, https://www.britannica.com/topic/Uighur, 14.10.2018թ.

2 Ի.Ալպետքինի ելույթը Ստամբուլում, http://www.uyghurensemble.co.uk/ en-html/uyghurs-diaspora, 14.10.2018թ.

3 Համաշխարհային ույղուրական կոնգրեսի պաշտոնական կայքը, http://www.uyghurcongress.org/ru/?cat=150, 16.10.2018թ.

4 El Pais, https://elpais.com/internacional/2009/07/09/actualidad/1247090412_850215.html, 18.10.2018թ.

5 Уйгуры поссорили КНР с Японией, http://www.kommersant.ru/doc/1939198, 18.10.2018թ.

6 News Bakililar, https://aze.az/news_premerministr_turcii_na_23475.html, 18.10.2018թ.

7 Syria says up to 5,000 Chinese Uighurs fighting in militant groups, https://www.reuters.com/article/uk-mideast-crisis-syria-china/syria-says-up-to-5000-chinese-uighurs-fighting-in-militant-groups-idUSKBN1840UP, 20.10.2018թ.

8 China’s repugnant campaign to destroy a minority people, https://www.washingtonpost.com/opinions/chinas-repugnant-campaign-to-destroy-a-minority-people/2018/05/20/9fe061b4-5ac0-11e8-b656-a5f8c2a9295d_story.html?noredirect=on&utm_term=.0e05fa665bcb, 21.10.2018թ.

9 Պաշտոնական փաստաթուղթ, http://www.sohu.com/a/258631718_115479?g=0, 21.10.2018թ.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր