
ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
«21-րդ ԴԱՐ» N 5, 2018
Լիանա Անանյան
ՀՀ ԳԱԱ ասպիրանտ
«Նապոլեոն Բոնապարտը մի անգամ ասել է, որ Չինաստանը քնած առյուծ է, և երբ արթնանա, աշխարհը կցնցվի։ Այսօր առյուծն արթնացել է, բայց նա խաղաղ է, բարի և քաղաքակիրթ»։
«Գարուն և աշուն» ժամանակից մինչև «Պայքարող պետությունների» ժամանակաշրջանի ավարտը ընդունված է համարել պետությունների մոլորության և անկայունության ժամանակահատված, բայց միևնույն ժամանակ նաև փիլիսոփայական մտքի երկարատև «ոսկե դար»։
Ժամանակաշրջանի դժվարությունները չինացիների համար խորհելու և պրագմատիկ լուծումներ ստեղծելու խթան հանդիսացան, որը պատնեշ կդառնար մի հասարակության համար, որտեղ պատերազմներն ու ռազմական գործողությունները հասարակությունների ամբողջական զարգացման որևէ հնարավորություն չէին ընձեռում և որտեղ ապրելն անիրական էր: Դարաշրջանի դժվարություններին դիմագրավելու տարբեր դեղատոմսեր առաջարկվեցին, որոնց շարքում հիմնական երեք մեծ փիլիսոփայական ուղղություններն էին՝ կոնֆուցիականություն, դաոիզմ և լեգալիզմ (իրավականություն)։ Դրանք կարևոր են չինական քաղաքական միտքը և իդեալներն ուսումնասիրելու և հասկանալու համար թե՛ հին ժամանակներում, թե՛ ներկայում։
Չինական քաղաքական մտքի հիմնական արմատները նույնն են, չինացիները հակված են այն գաղափարին, որ տիեզերքը բացառիկ և անբաժանելի միավոր է, որի համար չկա սկիզբ և չի կարող լինել վերջ: Նրանք ունեն համամարդկային պատկերացում աշխարհի մասին, հավատում են, որ աշխարհը բաղկացած է երեք հիմնական տարրերից `երկինք, երկիր և մարդ: Այս մեկնաբանության համաձայն՝ մարդն ու երկինքը միևնույն տիեզերքի մի մասն են, որի վրա, մի կողմից, երկինքը, Մո Զիի խոսքերով՝ «տենչում է կյանք և ատում է մահը, տենչում է հարստություն և ատում է աղքատությունը, տենչում է կարգի հաստատում և ատում է կարգի խախտումը: Երկնայինները ցանկանում են արդարություն և ատում են անարդարությունը»։ Մյուս կողմից՝ մարդը փորձում է վարվել լավագույնս: Կառավարչի/ղեկավարի պատասխանատվությունն է՝ հաղթահարել մյուս երկու տարրերը երկնքի և երկրի վրա: Սա իրագործելու նպատակով կառավարիչը/ղեկավարը կարող է օգնություն խնդրել նախնիների հոգիներից, որոնք հավերժ շարունակում են լինել տիեզերքի մի մասը:

դեպի ետ