• am
  • ru
  • en
Версия для печати
03.04.2018

ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՈՐՊԵՍ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՕՐԻՆԱԿ

   

«21-րդ ԴԱՐ» N 1, 2018

Աննա Կարապետյան
ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ

Ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարը շարունակում է արդիական լինել 21-րդ դարում։ Նման պայքարի յուրահատուկ օրինակ է Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի անցկացման գործընթացը, որը մեկնարկեց խորհրդարանում անջատողական ուժերի դիրքերի ամրապնդմամբ, ինչը նոր զարթոնք ապահովեց Միացյալ Թագավորությունից անկախանալու շոտլանդական նկրտումներին։ Եվ չնայած հանրաքվեի ելքին, որի արդյունքում բնակչության մեծամասնությունը վճռեց մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, գործընթացն ապահովեց ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը և լրացուցիչ լիազորություններ ապահովեց Շոտլանդիային։ Այսօր էլ անկախացման թեման շարունակում է արդիական մնալ Շոտլանդիայում՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի (Brexit) համատեքստում։

Այս գործընթացի առանձնահատկությունների դիտարկումը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում՝ որպես քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով խնդրի քաղաքական կարգավորման օրինակ։ Հատկապես կարևոր է այն փաստը, որ Շոտլանդիայի անկախացման իրավական կարգավորիչի բացակայության պարագայում քաղաքական կամք դրսևորվեց՝ հարցը դնել հանրաքվեի, և Շոտլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջև կնքվեց համապատասխան պայմանագիր։

Շոտլանդիայի անկախացման շուրջ վերջին արշավը, որը հանգեցրել է անկախության հանրաքվեի անցկացման, մեկնարկել էր 2011թ., երբ այդ երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը։ Վերջինս իր նախընտրական արշավում խոստացել էր Շոտլանդիայի անկախացման հանրաքվե անցկացնել։ Նման լիազորությունների առկայությունը երկարատև քաղաքական գործընթացի արդյունք է, որը Շոտլանդիային ինքնավարության բավական բարձր մակարդակ է ապահովել։

Շոտլանդիան Միացյալ Թագավորության մաս է։ 1707թ. կնքված Միության ակտով Շոտլանդական խորհրդարանը լուծարվել էր, դրա լիազորությունների գերակշիռ մասը փոխանցվել էր Վեսթմինսթերյան խորհրդարանին։ Սակայն 1998թ. Շոտլանդիայի ակտով 1707թ. ակտը փոփոխության է ենթարկվել, Շոտլանդիայի խորհրդարանը վերականգնվել է՝ իրավունք ստանալով ընդունել օրենքներ և կառավարել հարկահանությունը, ձևավորվել է նաև Շոտլանդիայի ադմինիստրացիան՝ կառավարությունը։ Դա էլ հենց հնարավորություն է ընձեռել հետագայում Շոտլանդիայի խորհրդարանում հաղթանակ տարած ուժին անկախացման գործընթաց սկսել [1, p. 71-80]։

Սակայն Շոտլանդիայում անկախացման տրամադրությունները սկիզբ էին առել դեռևս 2007թ., երբ Էդինբուրգում փոքրամասնական կառավարություն էր ձևավորել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ)՝ Ալեքս Սալմոնդի գլխավորությամբ։ Անկախացման կողմնակիցների հիմնական փաստարկները կառուցված էին այն թեզի վրա, որ անկախացման դեպքում Շոտլանդիան կարող է զարգացնել իր տնտեսությունը նավթի և էներգետիկայի շնորհիվ: Նշենք, որ Շոտլանդիայի տարածքում են գտնվում Հյուսիսային ծովի նավթի պաշարները, որոնցից ստացված եկամուտների գերակշիռ մասը մուտք է գործում ոչ թե Շոտլանդիայի, այլ Անգլիայի և անդրազգային կորպորացիաների բյուջեները, մինչդեռ Շոտլանդիայի բյուջեի դեֆիցիտն այդ շրջանում կազմում էր $20 մլրդ:

Զարգացնելով առկա տրամադրությունները՝ 2010թ. այդ փոքրամասնական կառավարությունն օրինագիծ էր ընդունել, որով նախատեսվում էր հանրաքվե անցկացնել, որի ժամանակ քաղաքացիները կամ պետք է քվեարկեին Շոտլանդիայի խորհրդարանի լիազորությունների ընդլայնման, կամ Մեծ Բրիտանիայից անկախացման օգտին։ Գործընթացը չի հասել հանրաքվեի անցկացմանը, սակայն անջատողական տրամադրություններն ամրապնդվել են։ Հաջորդ խորհրդարանական ընտրություններում՝ 2011թ. մայիսին, ՇԱԿ-ը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում՝ խոստանալով անկախության հանրաքվե անցկացնել։ Ստանալով մեծամասնության քվեն՝ 2011թ. հոկտեմբերին իշխող անջատողական կուսակցությունը սկսել է անկախացման հանրաքվեի պատրաստման գործընթացը։ Հանրաքվեն նշանակվել է 2014թ. սեպտեմբերի 18-ին, քվեարկության է դրվել հետևյալ հարցը. «Շոտլանդիան պե՞տք է անկախ երկիր լինի»։

Անկախության հանրաքվեի նախապատրաստման գործընթացում Լոնդոնի և Էդինբուրգի երկխոսության տեսակետից կարևոր նշանակություն է ունեցել 2012թ. հոկտեմբերի 15-ին Էդինբուրգում Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի միջև կնքված համաձայնագիրը, որն ուղղված էր Շոտլանդիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների քայլերի համաձայնեցմանը, որոնք հնարավոր կդարձնեին հանրաքվեի անցկացումը։ Փաստացի, Միացյալ Թագավորության միավորներից ոչ մեկը, այդ թվում՝ Շոտլանդիան, չունի որևէ իրավական հիմք Թագավորության կազմից դուրս գալու գործընթաց ծավալելու համար։ Եվ այս համաձայնագրի կնքումը կոչված էր ապահովելու հանրաքվեի համար այդ հիմքը։ Մասնավորապես, պայմանագրով ամրագրվել է, որ հանրաքվեն պետք է ունենա իրավական հիմք, նախաձեռնվի Շոտլանդիայի խորհրդարանի կողմից, վայելի խորհրդարանների, կառավարությունների և ժողովրդի վստահությունը և «արդար փորձություն լինի, Շոտլանդիայի ժողովրդի մոտեցումների արդար արտահայտում, իսկ արդյունքները պետք է հարգեն բոլորը»։ Դրանով նաև ամրագրվել է, որ Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի խորհրդարաններն օրենքի նախագիծ կընդունեն, որն, ըստ 1998թ. գործող Շոտլանդիայի ակտի, հնարավորություն կընձեռի Շոտլանդիայի խորհրդարանին նման հանրաքվե անցկացնել [2]։

Հատկանշական է նաև, որ հանրաքվեի նախապատրաստական փուլում և՛ ՇԱԿ-ը, և՛ Մեծ Բրիտանիան պարբերաբար պաշտոնական վերլուծական փաթեթներ են հրապարակել՝ ներկայացնելով իրենց մոտեցումներն ու անկախացումից բխող հնարավարություններն ու մարտահրավերները։ Սա քաղաքական մշակույթի հատուկ դրսևորում է՝ ուղղված հիմնավոր փաստարկների միջոցով հանրային տրամադրությունների վրա ազդելուն և իրենց կողմնակիցների թիվը մեծացնելուն։

Շոտլանդիայի հանրաքվեի քարոզարշավը կառուցվել է երկու հիմնասյուների՝ տնտեսական շահի և ինքնության վրա։ Եթե անգլիական ազգայնականությունը հիմնվում է հակաեվրոպականության վրա, ապա շոտլանդական ազգայնականությունը՝ Անգլիայի հետ հակադրության վրա։ Ինքնության, ես-ի ինքնանույնացման հարցը մեծ դերակատարում է ունեցել հանրաքվեի արշավի և արդյունքների վրա։ Հարցումները ցույց են տվել, որ իրենց «մաքուր շոտլանդացիներ» համարողները մեծապես հակված են եղել անկախության, իսկ Շոտլանդիայից դուրս ծնվածները, իրենց բրիտանացիներ համարողները դեմ են եղել [3]։ Դրա հետ մեկտեղ, ինքնությանը չառնչվող հարցերում Շոտլանդիայի բնակչության հանրային կարծիքն ընդհանուր առմամբ գրեթե համընկնում է Անգլիայի հանրային կարծիքի հետ՝ ի տարբերություն իշխանությունների դիրքորոշման։ Ուստի, հանրաքվեի արդյունքները բացառապես ինքնության հարց չեն եղել [4, p. 127-153]։ Ինքնության հարցի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ շոտլանդացիներն իրենց նույնականացնում են և՛ որպես բրիտանացի, և՛ որպես շոտլանդացի, ինչն էլ որոշ չափով ազդել է հանրաքվեի արդյունքների վրա՝ գումարվելով տնտեսական շահին առնչվող փաստարկներին։

Անկախացման հանրաքվեն տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 18-ին։ Ըստ արդյունքների, քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 84,6%-ը, որոնցից 44,65%-ը քվեարկել է անկախացման օգտին, իսկ 55,25%-ը՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու [5]։ Կարևոր է նաև նշել, որ հանրաքվեն, ըստ բրիտանական սահմանադրության, անցկացվել է միայն Շոտլանդիայի տարածքում, ինչը համահունչ է 20-րդ դարի ոգուն, քանի որ վիճելի տարածքների կարգավիճակը բազմիցս որոշվել է հենց այդ տարածքում հանրաքվեի անցկացմամբ:

Քաղաքական մշակույթի կարևոր դրսևորում է նաև հանրաքվեին հաջորդած քաղաքական գործընթացը։ Շոտլանդիայի պարագայում այն ոչ թե հանգեցրել է որևէ ճնշման կամ հետագայում նման գործընթացի բացառման, այլ ուղղված է եղել Էդինբուրգի և Լոնդոնի հարաբերություններում առկա խնդիրները կարգավորելուն և շոտլանդացիների դժգոհության հիմնական պատճառները մեղմելուն։ Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ 2015թ. խորհրդարանական ընտրություններից հետո նոր խորհրդարանը կվերանայի Շոտլանդիայի և Թագավորության մյուս անդամների լիազորությունները՝ մեծացնելով հարկային, բյուջետային ծախսերի և սոցիալական ապահովության ոլորտներում նրանց լիազորությունները [6]։ Շոտլանդիայի նոր ֆիսկալ շրջանակային համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է 2016թ. փետրվարին, իսկ հարկահանության հարցում իշխանության վերաբաշխումը մեկնարկել է 2017թ. ապրիլին [7]։

Անկախացման տրամադրությունները Շոտլանդիայում կրկին արդիականություն են ձեռք բերել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացում։ Մասնավորապես, Brexit-ի վերաբերյալ 2016թ. հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ քվեարկությանը մասնակցած Մեծ Բրիտանիայի քաղաքացիների 51,89%-ը կողմ է քվեարկել միությունը լքելուն, իսկ 48,11%-ը՝ միության կազմում մնալուն։ Մինչդեռ, Շոտլանդիայում 62%-ը քվեարկել է ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին, և միայն 38%-ը՝ դուրս գալու [8]։ Այդ արդյունքն ու ԵՄ կազմից դուրս գալու արդյունքում հնարավոր տնտեսական բարդությունների հեռանկարը կրկին Շոտլանդիայում օրակարգ են վերադարձրել անկախացման նոր հանրաքվե անցկացնելու հարցը։ 2016թ. հոկտեմբերի 20-ին Շոտլանդիայի կառավարությունը հրապարակել է երկրում երկրորդ անկախության հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը՝ հետագա քննարկումների համար։ Շոտլանդիայի նպատակը ԵՄ միասնական շուկայից դուրս չգալու իրավունք ստանալն է, այդ թվում՝ մնալով Միացյալ Թագավորության կազմում, միաժամանակ միջազգային առևտրի մասնակցության և միգրացիայի հարցերում Շոտլանդիայի խորհրդարանի լիազորությունները մեծացնելը [9]։ Այժմ նոր հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգվել է մինչև 2018թ. ավարտը, երբ արդեն իսկ համաձայնեցված և հրապարակված կլինի ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը և վերջնականապես պարզ կլինեն Brexit-ի պայմանները [10]։

Ամփոփելով կարող ենք նշել, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն և դրան հաջորդած գործընթացն օրինակ է կողմերի միջև կառուցողական երկխոսության, որը նույնիսկ իրավական անհրաժեշտ հիմքի բացակայության պարագայում հակասությունների խորացում թույլ չտալու նպատակով ստեղծեց անհրաժեշտ իրավական հիմք և հարցի կարգավորման հիմքում դրեց ժողովրդի կամարտահայտումը։

Քաղաքակիրթ այս երկխոսության համատեքստում կարևոր է նաև այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան, ի դեմս հիմնական բանակցողի՝ վարչապետի, ի սկզբանե համաձայնել է ընդունել հանրաքվեի ցանկացած արդյունք և չի խոսել Շոտլանդիայի անկախացման հարցը Շոտլանդիայի տարածքից դուրս՝ Միացյալ Թագավորության ողջ տարածքում հանրաքվեի դնելու մասին։ Մեծ Բրիտանիան հավատարիմ է մնացել այն սկզբունքին, որ ազգի ինքնորոշումը բացառապես իր կամարտահայտման արդյունքը պետք է լինի և չի կարող կախվածության մեջ դրվել այլ ժողովուրդներից և պետություններից։

Շոտլանդիայի օրինակը նաև ցույց է տալիս, թե ինչպես են եվրաինտեգրման և ինքնավարության աստիճանի փոփոխություններն ազդում ազգային գիտակցության, նույնականացման վրա։ Այս երկու գործընթացները մեծացրել են շոտլանդացիների տարածաշրջանային ինքնանույնականացումը, ազգային ինքնության կարևորումը և ինքնորոշման ավելի բարձր մակարդակի ձգտումը։ Դրան զուգահեռ, ազգայինի հետ մեկտեղ ամրապնդվել են նաև քաղաքացիական ինքնագիտակցությունը և ինքնանույնացումը [11, с. 91-99]։ Դրա ապացույցն են հանրաքվեի արդյունքներն ու դրանից հետո Լոնդոնի հետ ծավալած երկխոսությունը։

Պահպանելով ազգային ինքնավարությունն ու քաղաքական գործընթացների հիմքում դնելով ազային շահը՝ Շոտլանդիան ժողովրդավարական երկխոսություն է ծավալում Մեծ Բրիտանիայի կառավարության հետ՝ մեծացնելով ինքնավարության աստիճանն ու իշխանական լծակները։ Սա օրինակ է, երբ իրացնելով ինքնորոշման իրավունքը՝ շոտլանդացի ժողովուրդն արտահայտեց իր կամքը և մնաց Մեծ Բրիտանիայի կազմում՝ ընտրելով ինքնաիրացման այդ առավել լայն տարածքը։ Այս խնդրի կարգավորման գործընթացում կարևորագույն հանգամանք է Լոնդոնի և Էդինբուրգի միջև երկխոսությունը, որը շարունակվում է նաև Brexit-ի փուլում։

Փետրվար, 2018թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Matt Qvortrup, Referenduma and Ethnic Conflict, University of Pennsylvania Press, 2014.

2. Agreement between the United Kingdom Government and the Scottish Government on a referendum on independence for Scotland, 15 Oct 2012, http://www.gov.scot/Resource/0040/00404789.pdf

3. J.Curtice, So Who votes Yes and No? (What Scotland Thinks blog, 26 September 2014)

4. Jim Gallagher, Making the Case for Union: Exactly Why Are We Better Together?, The Scottich Independence Referendum, Oxford University Press, 2016.

5. Scottish Referendum Results, The Electoral Management Board for Scotland (EMB), http://scotlandreferendum.info/

6. David Cameron, September 19, 2014, https://www.facebook.com/DavidCameronOfficial/posts/846948598662793

7. Devolution of financial powers to the Scottish Parliament: recent developments, March 1, 2016, https://researchbriefings.parliament.uk/ResearchBriefing/Summary/SN07077

8. "EU referendum results", Electoral Commission, http://www.electoralcommission.org.uk/find-information-by-subject/elections-and-referendums/upcoming...

9. Scottish independence: draft bill published on second referendum, 20/10/2016, https://www.theguardian.com/politics/2016/oct/20/second-scottish-independence-referendum-bill-publis...

10. Sturgeon to decide on pushing for indyref2 by end of year, 14 January 2018, http://www.bbc.com/news/uk-scotland-scotland-politics-42674567

11. Фадеева Л., Идентичность на пересечении интеграции и деволюции: Шотландский кейс, «Современная Европа», № 5, 2015.



դեպի ետ