• am
  • ru
  • en
Версия для печати
30.03.2018

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԻ ԾԻՆՓԻՆԻ ՊԼԱՆԸ

   

«21-րդ ԴԱՐ» N 1, 2018

Լիաննա Անանյան
ՀՀ ԳԱԱ ասպիրանտ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կենտկոմի 19-րդ համագումարի բացման ժամանակ Սի Ծինփինը ներկայացրեց Չինաստանի ապագայի իր տեսլականը։ Երեք ժամից ավելի տևած ելույթը վերաբերում էր «չինական ուժի» երիտասարդացման առավելություններին և «չինական երազանքի» իրականացման առաջնահերթություններին։

Չնայած նախագահ Սի Ծինփինի ելույթում առաջնային և հիմնական ուշադրությունը տեղական նվաճումներին, նպատակներին և մարտահրավերներին էր ուղղված, այնուամենայնիվ, նա իր ելույթում խիստ կարևորում էր, թե ինչպես է անձամբ ինքը, որպես ուժեղ Չինաստանի առաջնորդ, ձգտում բարձրացնել իր երկրի դերն աշխարհում:

Միջազգային հանրության համար գլխավոր ուղերձը Սի Ծինփինի չափազանց վստահ լինելն է Չինաստանի աճող ազգային ուժի հարցում և այն, որ նախագահը շեշտեց միջազգային միտումները, որոնք աշխատում են Չինաստանի օգտին: Այս գնահատականները ենթադրում են, որ Չինաստանի ընդլայնվող գլոբալ շահերի ֆոնին միջազգային հանրությունը գալիք տարիներին կարող է ականատես լինել առավել հավակնոտ Չինաստանի ձևավորմանը:

Որոշ մեկնաբանությունների համաձայն՝ այս տեսլականը կարող է մանիֆեստ թվալ: Սակայն զեկույցն առավել ուղղակիորեն անդրադարձավ այն ամենին, ինչին արդեն հասել են, և, հետևաբար, այն ամենին, ինչը կարող է ծառայել որպես հիմք ապագա գործողությունների համար: Այս համատեքստում չկար ոչ մի արմատական նոր քաղաքականություն, ինչպես արևմտյան համակարգերում «քարոզող» կուսակցություններին է հարիր: Չինաստանի ղեկավարը խոսում է իրական մրցակցության մասին։ Միայն նրա ելույթի «բավական երկար» տևողությունն արդեն իսկ ցույց տվեց կոնսենսուսի առկայությունն առնվազն մակերեսի վրա, որն աշխատում է շատ ուղղություններով1։

Ի տարբերություն Հու Ծինթաոյի ելույթի, որը 2007 թվականին էր, այս տարի օգտագործված հիմնական բառն «արդիականացումն» էր, այլ ոչ թե «ժողովրդավարությունը», ինչպես նախկինում:

Չինաստանի ապագայի համար նախագահ Սիի տեսլականի առանցքում երկու փուլով իրականացվող ծրագիրն է, որը ներկայացնում է Չինաստանի երկրորդ հարյուրամյակի նպատակը՝ «լիովին զարգացած ազգ» դառնալ մինչև 2049 թվականը՝ Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Առաջին փուլում Սիի առաջադրած նպատակները՝ 2020 թվականից մինչև 2035 թվականը, հիմնականում ներքին բնույթ են կրում, իսկ վերջնական նպատակը սոցիալիստական արդիականացման հիմնական իրականացումն է լինելու: Այս փուլում Չինաստանի միջազգային դերակատարության միակ ուղին այն է, որ երկիրը «նորարարության համաշխարհային առաջատար» դառնա: Սակայն երկրորդ փուլում՝ 2035 թվականից մինչև 2045 թվականը, Սին առաջ է քաշում առավել «արտաքին» օրակարգ: Սին հայտարարել է, որ 21-րդ դարի կեսերին Չինաստանը «համաշխարհային առաջատար է դառնալու համակողմանի ազգային ուժի և միջազգային ազդեցության առումով»:

Չինաստանի առաջնորդը պնդում է, որ իր շեշտադրումը Չինաստանի ապագայի հարցում բխում է միջազգային իրավիճակի գնահատականից, որը ձեռնտու է Չինաստանին: Այնուհետև Սի Ծինփինը նշում է, որ աշխարհը «խոր և բարդ փոփոխությունների մեջ է» և ուշադրությունը սևեռում է այն բանի վրա, ինչը նկարագրում է որպես «համաշխարհային բազմաբևեռության միտումներ», որոնք «առաջ են ընթանում», և «միջազգային կարգի փոփոխություններ», որոնք արագանում են: Նա նաև նշել է, որ «հարաբերական միջազգային ուժերը դառնում են ավելի հավասարակշռված»: Զեկույցի մեկ այլ մասում Ծինփինը հայտարարել է, որ «Չինաստանի ժողովուրդն այժմ հաստատակամ և ամուր կանգնած է Արևելքում»2։

Այս հայտարարությունները ենթադրում են Պեկինի դրական տրամադրվածությունն այն հարցում, որ համաշխարհային հավասարակշռությունը միտում ունի իրենց ուղղությամբ թեքվելու:

Չինաստանի առաջնորդի կարծիքով, սոցիալիզմը չինական յուրահատկություններով «նոր շարժում է զարգացնում այլ զարգացող երկրների համար` արդիականացմանը հասնելու նպատակով» և «նոր տարբերակ է տալիս այլ երկրների և ժողովուրդների համար, ովքեր ցանկանում են արագացնել իրենց զարգացումը»: Ծինփինն իր ելույթում միայն 36 անգամ շեշտեց «նոր դարաշրջանի սոցիալիզմ չինական յուրահատկություններով» արտահայտությունը։ Այն «առաջարկում է չինական իմաստություն և Չինաստանի մոտեցումը մարդկության առջև ծառացած խնդիրները լուծելու համար»3։ Նման հայտարարություններն ակնհայտ համոզմունք են արտահայտում, որ Չինաստանը լիբերալ ժողովրդավարության հավաստի այլընտրանք է ներկայացնում:

Ժողովրդական ազատագրական բանակին չինական ռազմական գերակայությունների վերաբերյալ նախագահի ուղերձը կապված չէ կոնկրետ արտաքին քաղաքական նպատակների հասնելու հետ և ենթադրում է, որ Ժողովրդական ազատագրական բանակը պետք է պատրաստ լինել ռազմական ուժ կիրառելուն։ Ծինփինը նաև ակնարկեց ապագայում ավելի մեծ պատրաստակամությամբ հանդես գալու անհրաժշտության մասին: Ընդգծելով, որ «ռազմական ուժը կառուցված է պայքարելու համար», նա կոչ է արել Ժողովրդական ազատագրական բանակին «հաշվի առնել մարտական կարողությունները որպես չափանիշ իր բոլոր աշխատանքներում» և կենտրոնանալ «հաղթող պատերազմների» վրա, եթե պայքարի կոչ հնչի: «2035 թվականի առաջին փուլի ավարտին «մեր ազգային պաշտպանությունը և մեր ուժերի արդիականացումը» լինելու են «հիմնականում ավարտված»,- հայտարարել է Ծինփինը: Նա ակնկալում է, որ Ժողովրդական ազատագրական բանակը «լիովին կվերափոխվի առաջին աստիճանի ուժի»: Նման ցանկություններն արտասովոր չեն, քանի որ գերհզոր ուժերը հաճախ ձգտում են ռազմական ուժով ամրապնդել անվտանգության ընդլայնման կարիքները:

Այնուամենայնիվ, այս նպատակների հանգուցակետ կարելի է համարել այն, որ Ծինփինը ձգտում է բարձրացնել Չինաստանի միջազգային ազդեցությունը և զարգացման չինական մոդելը դարձնել ընդօրինակելի համաշխարհային թատերաբեմի այն երկրների համար, որոնք դեռ գտնվում են զարգացման սկզբնական փուլում։ Չինաստանն այս ամբողջ քաղաքական կուրսի միջոցով և «առանց ռազմական ուժի կիրառության» ձգտում է խթանել Ասիայում իր գերիշխող ուժ լինելու ցանկությանը:

Թերևս, ինչ-որ չափով զարմանալի էր, որ չհիշատակվեցին Չինաստանի «հիմնական ազգային շահերը», որոնք մի քանի տարի առաջ առավել շատ էին շեշտադրվում: Չինաստանի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանության խնդիրը հիմնականում քննարկվեց Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի համատեքստում: Բացի դրանից, Ծինփինը նշեց Հարավչինական ծովի կղզիների և ափերի կառուցման «կայուն առաջընթացը»՝ որպես իր կառավարման առաջին ժամկետի հիմնական ձեռքբերում: Այդ բնութագրումը կարող է ենթադրել, որ Չինաստանն առաջնահերթություն կստանա հարևանների և գերտերությունների հետ շփման հարցում։

Չնայած Ծինփինը հավաստիացրել է աշխարհին, որ Չինաստանը չի ձգտում գերիշխանություն հաստատել և «շարունակելու է մասնակցությունը որպես խոշոր և պատասխանատու երկիր», որը նա ներկայացրեց ընդհանուր տեսլականի համատեքստում, այնուամենայնիվ, ասիական և արևմտյան մայրաքաղաքները պետք է շատ հանգիստ չլինեն: Չինաստանը, որպես առաջավոր առաջնորդ, առավել կհաստատի իր դիրքերը, եթե շարունակի աշխատել այլ ազգերի հետ միասին՝ ամրապնդելու միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը:

Սի Ծինփինը շեշտել է, որ «ազգային երիտասարդուցումը» կմնա լոկ երևակայության արդյունք առանց Չինաստանի Կոմկուսի ղեկավարության: «Կուսակցությունը պետք է առաջնորդի բոլոր բնագավառներում, և կուսակցության ղեկավարությունը պետք է հարգվի»,- ասել է նա: Ըստ նրա՝ կադրերը պետք է համահունչ լինեն կուսակցության ղեկավարությանը, իսկ կուսակցությունը պետք է խստացնի գաղափարախոսական աշխատանքը:

Կարելի է ենթադրել, որ իրավացի են բոլոր այն քաղաքագետները, ովքեր կարծում են, որ նոր Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն այսուհետ իր բացարձակ ներկայությունը (կառավարումը) կապահովի չինական կյանքի բոլոր բնագավառներում։

«Թեև ԱՄՆ-ում նորություններն ու վերլուծությունները շարունակում են վերաբերվել նախագահ Թրամփի ամենօրյա խեղկատակություններին և վիրավորանքներին, ամբողջ աշխարհում, իսկապես, պատմական բան տեղի ունեցավ: Չինաստանն ազդարարեց, որ այժմ իրեն տեսնում է որպես աշխարհի այլ գերտերություն, որն իրեն համարում է այլընտրանք, եթե ոչ մրցակից, Միացյալ Նահանգներին»4։ Եվ սա Չինաստանի բարձրագույն ղեկավար Սի Ծինփինի հստակ արտահայտված տեսակետն է: Կոմունիստական կուսակցության 19-րդ կոնգրեսի իր ելույթում նա հայտարարել է, որ Չինաստանն այժմ, «նոր դարաշրջան» անցնելով, «պատմական հանգույցում է գտնվում, որը կնշվի աշխարհում երկրի «հզոր ուժ և քաղաքական և տնտեսական զարգացման օրինակելի մոդել դառնալով»: Նա ասել է, որ Չինաստանի «քաղաքական համակարգը... մեծ ստեղծագործություն է», որն առաջարկում է «նոր ընտրություն այլ երկրների համար»: Երկիրը կպաշտպանի իր շահերը եռանդուն կերպով՝ որպես համաշխարհային առաջատար կլիմայի փոփոխության և առևտրի հարցերում, շարունակել է նա։

1970-ական թվականներից Չինաստանը հրաժարվեց մաոիստական մեկուսացումից, նրա առաջնորդող փիլիսոփայությունը սահմանեց Դեն Սյաոպինը: Այն ժամանակ Չինաստանը սովորելու բան ուներ Արևմուտքից, հատկապես Միացյալ Նահանգներից և պետք է ինտեգրվեր գոյություն ունեցող միջազգային կարգին: Դեն Սյաոպինի խոսքերով, այն պետք է խոնարհ և համեստ լիներ իր արտաքին քաղաքականության մեջ, «թաքցներ իր լույսը» և «սպասեր իր ժամանակին»5։ Սակայն ժամանակը եկել է և, համաձայն Սի Ծինփինի տեսակետի, «Միջին Թագավորությունը» պատրաստ է «աշխարհի թատերաբեմի կենտրոնական դերի ստանձմանը»:

Նախագահի ելույթը կարևոր է այն առումով, որ կուսակցության համագումարը հստակեցրեց, որ նա «սովորական» առաջնորդ չէ: Նա անցավ պաշտոնավարման հաջորդ ժամկետին՝ առանց անվանակոչելու կուսակցական պաշտոնյաներից որևէ մեկին՝ որպես հաջորդ սերնդի «իշխանության իրավահաջորդ», այսպիսով պահպանելով սեփական իշխանությունը շատ ավելի անվտանգ, քան իր նախորդները: Կուսակցությունն ամրապնդեց Սի Ծինփինի մտքերը Սահմանադրության մեջ։Մաո Ցզեդունից հետո նա առաջինն էր, քանի որ Դեն Սյաոպինի մտքերն ավելացվել են միայն հետմահու: Սա նշանակում է, որ այսուհետ Սի Ծինփինը և նրա գաղափարները կկառավարեն Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:

«Նյու Յորքի Գրքերի ուսումնասիրության» համարներից մեկում Էնդրյու Նաթանը նշել է, որ Արևմուտքի քաղաքականությունը Պեկինի հանդեպ ընդհանուր առմամբ կանխատեսել է, որ ժամանակի ընթացքում Չինաստանն արդիականացնելու է իր տնտեսությունը, այն առավել բազմակողմանի է լինելու իր երկրում և առավել շատ է համագործակցելու արտասահմանում: Նաթանը հավելել է, սակայն, որ մի քանի գրողներ և լրագրողներ, ինչպես, օրինակ, Ջեյմս Մանը, անհանգստացած են, որ Չինաստանը կշարունակի մնալ ավտորիտար և աջակցություն կցուցաբերի այլ հակաժողովրդավարական երկրների6։

Սակայն կարելի է ենթադրել, որ իրականությունն այնքան էլ ծայրահեղ չէ, որքան Մանն է կանխատեսել: Չինաստանը ավտորիտար է մնացել, փաստորեն, վերջին տարիներին՝ նույնիսկ ավելի շատ: Սակայն կլիմայի փոփոխության, առևտրի և Հյուսիսային Կորեայի հարցերում, այն, փաստորեն, դարձել է ավելի կոոպերատիվ: Չնայած Պեկինը փորձել է ստեղծել մի քանի այլընտրանքային միջազգային ինստիտուտներ, ՉԺՀ-ն նաև ՄԱԿ երրորդ ամենախոշոր ֆինանսավորողն է և խաղաղապահ բյուջեի երկրորդ խոշոր ներդրողը: Չինաստանը փորձում է վերանայել միջազգային համակարգը` սեփական աճող ուժին նպաստելու համար։ Չինաստանը նախընտրում է այս ճանապարհը հեղափոխություններից և արևմտյան կառուցվածք ունեցող միջազգային կարգի մեծածախ փոխարինումներից առավել7։

«Չինաստանը ձևավորել է «սոցիալիզմ չինական յուրահատկություններով, նոր դարաշրջանի համար»,- նշում է առաջնորդ Սի Ծինփինը։ Եվ հենց այս գաղափարը երկրի զարգացման հիմնական ուղենիշը կլինի առաջիկա տարիներին։

1 The Diplomat; /24.10.2017/Kerry Brown-“Reading between the lines: Xi’s Epic Speech at the 19th Party Congress”, https://thediplomat.com/2017/10/reading-between-the-lines-xis-epic-speech-at-the-19th-party-congress/

2 Xi Jinping’s report in 19th CPC National Congress.

3 Նույն տեղում։

4 The Washington Post; 26.11.2017/ Fareed Zakaria- Opinions “While we obsess over Trump, China is making history’’ https://www.washingtonpost.com/opinions/while-we-obsess-over-trump-china-is-making-history/2017/10/2...

5The New York Times ;20.02.1997/ Patrick E.Tyler-“Deng Xiaoping; A political wizard who put China on the capitalist road”, http://www.nytimes.com/learning/general/onthisday/bday/0822.html

6 The New York Review of Books;12.10.2017/ Andrew J. Nathan –“The Chinese world order” http://www.nybooks.com/articles/2017/10/12/chinese-world-order/

7 The Washington Post; 26.11.2017/ Fareed Zakaria- Opinions “While we obsess over Trump, China is making history’’, https://www.washingtonpost.com/opinions/while-we-obsess-over-trump-china-is-making-history/2017/10/2...

Դեկտեմբեր, 2017թ.



դեպի ետ