
ԲՐԵԹՈՆ-ՎՈՒԴՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Իշխան Սոխակյան
Տ.գ.թ., ՌԴ ԳԱԱ Վ.Ա․Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի դոկտորանտ
1944թ. Բրեթոն-Վուդսում տեղի ունեցած խորհրդաժողովը կոչված էր նվազեցնելու սակագները և միջազգային առևտրի այլ խոչընդոտները, ստեղծելու գլոբալ տնտեսական կառույց (framework)՝ պետությունների միջև տնտեսական հակամարտությունները նվազագույնի հասցնելու նպատակով: Խորհրդաժողովի արդյունքում ստեղծվեցին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): ՎԶՄԲ-ն հետագայում անվանափոխվեց մեզ ծանոթ Համաշխարհային բանկի:
Ե.Ֆ․Ավդոկուշինը գտնում է, որ Բրեթոն-վուդսյան համաձայնագիրը միջազգային արժութային համակարգի զարգացման կարևորագույն փուլն է, որը փոխեց համակարգի ողջ կառուցվածքը։
Ներկայիս տնտեսագետների գնահատումների ընդհանուր առանցքն այն է, որ այս համակարգը ամերիկացենտրիզմի վառ դրսևորումներից մեկն է։
ՎՖ․Կոլոմիյցևը նշում է, որ դոլարը դարձավ մի շարք երկրների ֆինանսական շահագործման գործիք։ Գ.Շմիլդը, ուսումնասիրելով հետպատերազմյան տարիների ամերիկյան զարգացման հեռանկարները, եկել է այն եզրահանգմանը, որ ԱՄՆ ներկայացուցիչները՝ Հենրի Մորգենթաուն, Հարի Դեքստեր Ուայթը, ցանկանում էին դոլարին վերագրել դոմինանատ դեր արժույթի համակարգում։
Միջազգային արժույթի զարգացման փուլերը
Միջազգային արժույթն անցել է զարգացման հետևյալ փուլերը․
I. «Ոսկու ստանդարտ»
II. Բրեթոն-վուդսյան համակարգ
III. Յամահյան կամ արժույթի զարգացման ժամանակակից փուլ։
«Ոսկու ստանդարտ»
«Ոսկու ստանդարտ» հասկացությունը, ինչպես նաև համակարգը, ծագել է 19-րդ դարում։ Դա պայմանավորված էր Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև ապրանքաշրջանառության կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Համակարգը գոյատևել է մինչ 1914թ. և ուներ հետևյալ առանձնահատկությունները․
- Երկրի արժութային համակարգն ուներ ոսկուն փոխկապակցված արժեք
- Ցանկացած անձ, ըստ ցանկության, կարող էր փոխանակել արժույթ հանդիսացող միավորը ոսկու հետ
- Հնարավորություն էր ստեղծված օգտագործել ոսկյա մետաղադրամներ, որոնք կարող էին հանդես գալ որպես փոխանակման և գնման միջոց ազգային արժույթի հետ համատեղ։
Առաջին համաշխարհային պատերազմը ապակայունացրեց այս համակարգը, քանզի պատերազմի ծախսերը փակելու համար պետությունները ստիպված էին վերցնել խոշոր վարկեր, որը էական խոչընդոտ էր հետագա զարգացմանը։
Բրեթոն-վուդսյան համակարգը
1944թ. ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Բրեթոն-վուդսյան խորհրդաժողովը, որին մասնակցում էր 44 երկիր, այդ թվում ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը, Անգլիան և այլն։ Բրեթոն-վուդսյան համակարգի հիմքը միջազգային համաձայնագիրն էր՝ պրակտիկ առաջին կիրառումը որպես ֆինանսական համակարգի հիմք։
Խորհրդաժողովում մշակվեցին միջազգային արժութային համակարգի կոնցեպտը և համակարգային կառուցվածքի տարրերը․
- Արժույթի համակարգի կայունություն
- Արժույթի փոխակերպելիություն (կոնվերտացիա)։
Բրեթոն-Վուդսը ամրապնդեց դոլարի դերը որպես միջազգային արժույթ, իսկ այլ երկրների արժույթի փոխարժեքները կապեց դոլարի հետ և «ամրադրեց» դրանց արժեքները՝ ֆիքսելով դրանց փոխարժեքը։ Չէր թույլատրվում արժույթների փոխարժեքի շեղում նշանակված շեմից առավել քան +/- 1%։ Նշված սահմանը հատելու դեպքում տվյալ երկիրը՝ իր ռեզերվների միջոցով, պետք է միջազգային հարթակում գներ իր իսկ արժույթը դոլարով՝ առաջացնելով ազգային արժույթի դեֆիցիտ և, որպես հետևանք՝ ազգային արժույթի արժեքի դրույքի բարձրացում։ Այս քաղաքականությունը ստացավ «Արժույթի ինտերվենցիա» անվանումը։
Բրեթոն-վուդսյան համակարգն ավարտվեց 70-ական թթ., երբ 1971թ. օգոստոսի 15-ին ԱՄՆ-ը, ունենալով դոլարի մեծ դեֆիցիտ, ստիպված եղավ հրաժարվել ազգային արժույթները դոլարի կոնվերտացնելու գործընթացից։
Յամահյան կամ արժույթի զարգացման ժամանակակից փուլ
Ժամանակակից արժույթի համակարգը ձևավորվել է 1976թ., Յամահյան համաձայնագրի կնքման արդյունքում։
Յամահյան համակարգի հիմնական գծերն են․
- Ոսկու դեմոնետիզացիան (ապամետաղադրամացում)
- Ոսկու և դոլարի ստանդարտի փոխարինումը բազմարժութային համակարգով
- Ֆիքսված արժութային կուրսից անցումը լողացող կուրսի։
Բրեթոն-Վուդսի խորհրդաժողովը և գլոբալացման մարտահրավերները
ՀԲ-ն և ԱՄՀ-ն միասին հաճախ կոչվում են Բրեթոն-Վուդսի հաստատություններ: ՎԶՄԲ-ին հետագայում գումարվեցին Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Միջազգային զարգացման ընկերակցությունը (ՄԶԸ): ՎԶՄԲ-ն վարկեր է տրամադրում անդամ պետություններին կամ կառավարության երաշխիքներ ունեցող ձեռնարկություններին որոշակի ծրագրերի համար։ ՄՖԿ-ն ռիսկային կապիտալ (venture capital) է տրամադրում մասնավոր ձեռնարկություններին՝ անկախ մարման երաշխիքից: ՄԶԸ-ն կոնցեսիոն վարկեր է տրամադրում ամենաաղքատ երկրներին:
Ինչպես նշված է Համաշխարհային բանկի համաձայնագրի (Articles of Agreement) 1-ին հոդվածում, նրա նպատակներն են անդամ պետությունների վերակառուցումը և զարգացումը, վարկերի կամ մասնավոր ներդրողների՝ այլ ներդրումների համար երաշխավոր կանգնելու կամ դրանց մասնակցելու միջոցով օտարերկրյա մասնավոր ներդրումների խթանումը, միջազգային առևտրի երկարաժամկետ հավասարակշռված աճի և անդամ պետությունների վճարային հաշվեկշիռներում հավասարակշռության պահպանման խթանումը՝ այդպիսով աջակցելով նրանց տարածքներում արտադրողականության, կենսամակարդակի աճին և աշխատանքի պայմանների բարելավմանը, իր քաղաքականության այնպիսի կարգավորումը, որը հնարավորություն է տալիս առաջնահերթությունը վերապահել առավել օգտակար և անհետաձգելի նախագծերին (ՎԶՄԲ համաձայնագիրն առաջին անգամ հրապարակվել է «2UNTS 134»-ում և հասանելի է http://www.worldbank.org հասցեում):
Միջազգային արժութային համակարգի հիմնական նպատակը, ինչպես նախատեսված է ԱՄՀ համաձայնագրում, այնպիսի համակարգի (framework) ապահովումն է, որը կնպաստի ապրանքների, ծառայությունների և կապիտալի փոխանակմանը պետությունների միջև: Ավելին, 1-ին հոդվածում նշվում է, որ ԱՄՀ-ն պետք է իր անդամներին վստահություն ներշնչի՝ Հիմնադրամի ընդհանուր միջոցները նրանց համար ժամանակավորապես հասանելի դարձնելու միջոցով:
Հենց սա է գլխավոր իմաստը՝ աշխարհը դրդել դեպի գլոբալիզացիա:
Սակայն գլոբալացման դրական կողմերի հետ մեկտեղ արժե նշել նաև այն հիմնախնդիրները, որոնք ծնում է այն:
Գլոբալացում հասկացությունը լայնորեն շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարի 80-ական թթ., ըստ Ի.Բարտելսոնի ձևակերպման՝ թեև ոչ մեկին հասկանալի չէ գլոբալացումը, սակայն ոչ ոք չի կասկածում նրա գոյությանը։
Գլոբալացման հիմնական գործոններն են՝
- Գիտության և տեխնիկայի զարգացումը
- Տնտեսական աշխարհակարգի զարգացումը
- Համաշխարհային և տեղական քաղաքակրթությունների տարածումը
- Հասարակության անցումը «ագրարային-ինդուստրիալ-հետինդուստրիալ կամ ավանդական-մոդեռն-հետմոդեռն» փուլերով, որոնցից յուրաքանչյուրը կարելի է դիտել որպես գլոբալացման առանձին փուլ։
Ըստ առկա սահմանումներից մեկի՝ «Գլոբալացումը բազմագործոն, սիներգետիկ երևույթ է, որը ձգտում է ստեղծել գլոբալ տնտեսական, ֆինանսական, կոմունիկացիոն և տեղեկատվական ցանցեր, որոնք, տարածվելով ողջ աշխարհով, ձգտում են համաշխարհային քաղաքակրթությունը ներառել մեկ միասնական ամբողջական համակարգի մեջ»։
Գլոբալացման երեք փուլ կամ ալիք է առանձնացվում․
I. 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ առևտրային և կապիտալ ներդրումները տարածվեցին աշխարհի մեծ մասում։ Երկու համաշխարհային պատերազմները կանխեցին դրանց ընթացքը:
II. 20-րդ դարի 70-90-ական թթ., որի նախադրյալները դարձան հեղափոխությունը տեղեկատվության և հեռուստատեսության ոլորտում:
III. Ժամանակակից փուլ, որը, սկսվելով նախորդ դարի 90-ական թվականներից, շարունակվում է մինչև այսօր։ Այս փուլի նախադրյալները դարձան․
- ԽՍՀՄ և առհասարակ սոցիալիստական ճամբարի կործանումը, որն ապահովեց շուկայական տնտեսության փոխարինումը պլանային տնտեսությամբ:
- Տեղեկատվական հեղափոխության ծավալումը, որի արդյունքում ձևավորվեցին էլեկտրոնային տնտեսությունը, էլեկտրոնային ֆինանսական կառուցվածքները, էլեկտրոնային փողը։ Այդ ամենը թուլացրեց ազգային պետությունների դերն ու նշանակությունը։
- Մոդեռնի նախագծի և լուսավորականության իդեալների կործանումը, որի ընդհանրական սկզբունքներն էին ռացիոնալիզմը, առաջադիմությունը, գիտական տեխնոլոգիզմը։
Գլոբալացման ներկա գործընթացների արդյունքում լրջորեն թուլանում է պետության դերը, որի արդյունքն են բազմաթիվ զինված հակամարտությունները:
Զինված հակամարտությունները լրջորեն աղճատել են վերջին տասնամյակը և հավանաբար կշարունակվեն, եթե լուծում չստանան դրանք ծնող խորքային պատճառները, որոնք բազմաթիվ են և տարբեր, սակայն երկու գործոն առանձնանում են որպես կարևոր։ Առաջինը պետության դերի թուլացումն է, երկրորդն այն է, որ գլոբալացումը հնարավորություն է ստեղծել «կոնֆլիկտածին ձեռներեցների» համար։ Գլոբալացվող աշխարհի ամենանվազ հաջողակ մասում հասարակությունները մեծ մասամբ անապահով են: Երբ հենց կառավարությունը չի բավարարում չափանիշները և գործում է անպատասխանատու կերպով, երբ պետություններն այլևս անկարող են ապրանքներ մատակարարել, իսկ մարդիկ անապահով են, կոնֆլիկտածին ձեռներեցները ցեղախմբային ինքնությունների, էթնիկական, կրոնական պատկանելության հիման վրա հավաքագրում են մարդկանց, ինչի հետևանքն են լինում զինված հակամարտությունները:
Գլոբալացման այս դարաշրջանում գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչպես բաշխել իշխանությունն ապագայում: Ինչպիսին կլինի պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջկառավարական համակարգի ամենաէական դերը: Գնում ենք դեպի ինչ-որ համաշխարհային կառավարում: Եթե այդպես է, ինչպիսին կլինի դրա կառուցվածքային և իշխանական ընդգրկումը: Արդյո՞ք դա մի ապակենտրոնացված «կոսմոպոլիտ» համաշխարհային կառավարում կլինի՝ իշխանության բազմաթիվ շերտերով, կազմված իշխանության նոր ձևավորվող բազմապիսի և միմյանց խաչվող ցանցերից, որոնք կներառեն սոցիալական ապահովության, մշակութային և քաղաքացիական միությունները:
Կարևորը գործընթացն է, և գործընթացն է, որ ձևավորում է վերջնական արդյունք: Երբեք չի կարելի թույլ տալ, որ ապագա ուտոպիստների հանգստացնող նախագծումը փոխարինի այն աշխատանքին, որը պետք է կատարվի այսօր և վաղը՝ լուծելու ներկայում խոցելի վիճակում գտնվողների խնդիրները: Նրանք համարժեք արձագանքի կարիքն ունեն այսօր, ոչ թե անորոշ խոստում այն մասին, որ իրավիճակը կբարելավվի հաջորդ սերնդի օրոք կամ դրանից հետո՝ երկրորդ կամ երրորդ սերունդների ժամանակ:
դեպի ետ