• am
  • ru
  • en
Версия для печати
29.08.2017

ԻՊ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԿՑՈՒՄ Է ՌԴ-ԻՆ․ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ

   

«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ իսկապես անտեղի չեն այն մտահոգությունները, որ «Իսլամական պետություն» խմբավորման ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև Հարավային Կովկասը, որի կարևորությունը էապես մեծանում է, քանի որ տարածաշրջանը անմիջապես սահմանակցում է Ռուսաստանին և, մասնավորապես ոչ այնքան կայուն Հյուսիսային Կովկասին: ԻՊ-ի ներկայիս գործունեության մասին Tert.am-ի՝ Կարեն Վերանյանի հետ հարցազրույցը՝ ստորև:

-Պարո՛ն Վերանյան, «Իսլամական պետությունը», կարելի է ասել, ուներ քաղաքական աստառ և ենթադրում էր արաբական խալիֆայության վերստեղծում: Արդյոք հիմա՞ էլ նպատակներն ու համոզումները նույնն են մնացել:

-Առհասարակ խոսելով ԻՊ-ի մասին, նախ և առաջ անհրաժեշտ եմ համարում նշել, որ այն աշխարհաքաղաքական հերթական նախագիծն է, որն արդյունավետ գործիք է ծառայում այս կամ այն երկրի կամ ռազմաքաղաքական տարբեր կազմակերպությունների համար` իրենց քաղաքական ու տնտեսական դիրքերն ու շահերը ամրապնդելու այս կամ այն տարածաշրջանում: Բայց այս հարցում զուտ քաղաքական ենթատեքստից զատ, գոյություն ունի նաև խնդրի խորքային այլ նշանակություն, այն է` ԻՊ և նրան նախորդած ահաբեկչական կազմակերպությունները ունեն հակաքաղաքակրթական համատեքստ: Մենք ականատես ենք լինում ցեղասպանության, քաղաքակրթությունների ու մշակութային արժեքների ոչնչացման ձեռագրի:

Պետք է նշել, որ մերօրյա ժամանակներում փոխվել են պատերազմի վարման մեթոդները, մեխանիզմները, փոխվել են նաև պատերազմ վարող սուբյեկտները: Եթե նախկինում պատերազմները հիմնականում վարում էին պետությունները` լայնածավալ պատերազմական մեթոդներով, ապա ներկայում ռազմական գործողություններ իրականացվում են տարածաշրջանային տարբեր ռազմականացված խմբավորումների կողմից, որոնք չունեն գաղափարական հիմնավորումներ և առաջնորդվում են զուտ ֆինանսական մոտիվացիայով:

Նման խմբավորումները տարբեր խողովակներով ֆինանսական աջակցություն են ստանում մի շարք երկրներից, որոնք այս կամ այն գործողությամբ ձգտում են առաջ մղել իրենց շահերը: Այս առումով, խոսելով ԻՊ նպատակների մասին, վերջինիս առաքելության և համոզմունքների վերաբերյալ կարծիք կազմելու համար առաջնակարգ հարկավոր է պարզել այդ խմբավորման ֆինանսական աղբյուրները և հասկանալ խմբավորմանը ֆինանսավորող երկրների աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերը:

-Ժամանակին ԻՊ-ի ցանկալի խալիֆայության քարտեզն էր գծվել: Այստեղ, կարծեմ, մտնում էին նաև՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը: Եթե հաշվի ենք առնում ԻՊ-ի վերջին գործողությունները՝ ի՞նչ կարող ենք ենթադրել՝ ի՞նչ ուղղություններ է հիմա նա ընտրել: Աշխարհի ո՞ր հատվածներն է հիմա նա վերահսկում:

- Եթե նկատել եք, ԻՊ առավել արդյունավետ գործունեություն է ծավալում առավել անկայուն տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան և այլն: Այո, դուք իրավացի եք, Հարավային Կովկասը շարունակում է գտնվել խմբավորման ուշադրության կենտրոնում` որպես Մեծ Մերձավոր Արևելքի կարևորագույն տարածաշրջան, և բնականաբար, հնարավորության դեպքում ԻՊ-ը մեծ հաջողությամբ կփորձի գործողություններ իրականացնել նաև մեր տարածաշրջանում: Ավելին, Հարավային Կովկասը գտնվում է Թուրքիայի անմիջական հարևանությամբ, մի երկրի, որտեղ նոր չէ դրված պետության կազմաքանդման գործընթացը, ականատես ենք լինում գրեթե ամենօրյա ռազմական գործողությունների, որոնք իրականացվում են Թուրքիայի պետական ուժերի և քրդական շարժումների միջև, երկիր, որը զգալի ֆինանսական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում ԻՊ խմբավորմանը, ուստի պաշտոնական Անկարան հնարավորության դեպքում կարող է փորձեր կատարել երկրում առկա անկայունությունը դեպի Հարավային և Հյուսիսային Կովկաս տեղափոխելու ուղղությամբ: Հայտնի է, որ վերջին շրջանում Սիրիայում և Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորումը կրում է զգալի մարդկային և դիրքային կորուստներ: Այդ դիրքային անհաջողությունները փոխհատուցելու, Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ կենտրոնացված հակաահաբեկչական ուժերը ապակենտրոնացնելու նպատակներով ԻՊ-ը ներկայում փորձում է ապակայունացման օջախներ ձևավորել այլ տարածաշրջաններում, որտեղ ահաբեկչական խմբավորումը ավանդաբար լուրջ առաջընթաց չի ունեցել:

Այս համատեքստում, իսկապես անտեղի չեն այն մտահոգությունները, որ խմբավորման ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև Հարավային Կովկասը, որի կարևորությունը էապես մեծանում է, քանի որ տարածաշրջանը անմիջապես սահմանակցում է Ռուսաստանին և, մասնավորապես ոչ այնքան կայուն Հյուսիսային Կովկասին: Հավելեմ նաև, որ ԻՊ խմբավորումը վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում, մասնավորապես Աֆղանստանում և տարբեր աղբյուրների հավաստմամբ, ունի որոշակի դիրքային հաջողություններ: Ի դեպ, Աֆղանստանում խմբավորման արմատավորումը նույնպես կարող է լուրջ վտանգ ներկայացնել ՌԴ անվտանգության ապահովման տեսանկյունից:

-Եվրոպայում ահաբեկչությունների կազմակերպումը ԻՊ-ին ի՞նչ է տալիս:

-Ինչպես արդեն նշեցի, ունենալով դիրքային ու մարդկային լուրջ կորուստներ Սիրիայում և Իրաքում` Իսլամական պետություն խմբավորումը ձգտում է գործունեության համար ընտրել նորանոր օջախներ, ինչպիսին Եվրոպան է: Օրերս Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը հատուկ ծրագրված էր այդ երկրի համար զբոսաշրջության ամենաակտիվ ժամանակաշրջանում, կրկին ստանձնեց ԻՊ խմբավորումը: Ամենացավալին այն է, որ ահաբեկչության հետևում կանգնած են երիտասարդ մուսուլմաններ, որոնցից մի քանիսը, եթե չեմ սխալվում, նույնիսկ անչափահաս էին: Հատկանշական է, որ Եվրոպայում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչները, որպես կանոն, ուսում են ստացել եվրոպական դպրոցներում ու բուհերում: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եվրոպա ներգաղթած մուսուլմանների զգալի մասը գաղափարապես և սոցիալապես այդպես էլ չի ինտեգրվում եվրոպական հասարակությունում: Այս տեսանկյունից, Եվրոպան կանգնած է անվտանգության ապահովման լրջագույն խնդրի առջև, սա իր հերթին առաջիկա տարիներին անպայմանորեն հանգեցնելու է Եվրոպայում ազգայնական շարժումների առաջխաղացմանը: Ինչևէ ավելացնեմ, որ Եվրոպայում իրականացնելով ահաբեկչություններ` այդ ընթացքում ԻՊ-ը հնարավորություն է ստանում ժամանակավորապես վերականգնելու և մոբիլիզացնելու իր ռեսուրսները` առավել նպատակային և թիրախավորված գործողություններ վարելու համար:

-Հայտնի թեզ էր, որ ԻՊ-ի հովանավորյալը Արևմուտքն է: Ձեր կարծիքով որքանո՞վ է իրատեսական այդ վարկածը: Կարո՞ղ ենք ասել, որ «օձը իրեն տաքացնողին է» կծում:

- Այո, դուք իրավացի եք, ահաբեկչական այս խմբավորման հետևում կանգնած են արևմտյան որոշակի ուժեր, որոնք տարբեր անօրինական խողովակներով ֆինանսական ու քաղաքական զգալի աջակցություն են ցուցաբերում վերը հիշատակված խմբավորմանը` հիմնական նպատակներից է Ռուսաստանից սահմանակից շրջաններում ստեղծել ապակայունացման օջախներ:

Հայտնի է, որ վերջին տարիներին Ռուսաստանը կարողանում է մոբիլիզացնել իր ֆինանսական ու մտավոր ռեսուրսները, էապես մեծացել է Ռուսաստանի միջազգային կշիռը, ինչը մեղմ ասած, ձեռնտու չէ արևմտյան առաջատար ուժերին: Սակայն սա ամենը չէ, ԻՊ խմբավորման թիրախ դարձած տարածաշրջաններում այնպիսի քաոս է ստեղծվել, որ ահաբեկչական խմբավորումը ֆինանսական-քաղաքական աջակցություն է ստանում նաև, մասնավորապես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների ու ռազմականացված խմբավորումների կողմից, որոնք նույնպես փորձում են ԻՊ-ի հետ համագործակցությամբ լուծել իրենց տարածաշրջանային խնդիրները:

-Նկատելի է, որ ԻՊ-ի մարտավարության փոփոխություններ կան: Ժամանակին օրինակ, եթե ավելի ծայրահեղ քայլերի էին դիմում՝ ինքնաթիռ գողանալ, շենքեր պայթեցնել և այլն, ապա հիմա մարդաշատ վայրերում պարզապես մեքենաներով վրաերթեր են կազմակերպում և այլն: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է դա նշանակում՝ռեսուրսների, մարդկանց քչություն, թե դրա հետևում այլ պատճառներ կարող են լինել:

- Դուք ճիշտ նկատեցիք, փոխվել է խմբավորման մարտավարությունը: Ներկայում խմբավորման առաջնորդները ձգտում են ահաբեկչություններ կազմակերպել մարդաշատ վայրերում ավտոբուսների, բեռնափոխադրող մեքենաների, ավտոմեքենաների միջոցով մխրճվելով հոծ բազմությունների մեջ: Ինչպես դուք նշեցիք, սա կարող է մասամբ պայմանավորված լինել Իսլամական պետություն խմբավորման ֆինանսական կամ մարդկային ռեսուրսների սակավության հետ: Սակայն, ըստ իս, խմբավորման մարտավարության փոփոխությունը վկայում է այն մասին, որ ահաբեկիչներն ընտրել են առավել արդյունավետ պայքարի միջոց` փոքր ռեսուրսներով հանել մեծ աղմուկ և ստեղծել վախի մթնոլորտ հասարակության շրջանում: Սա պատերազմի վարման ժամանակակից միջոցներից մեկն է, երբ միջադեպի շուրջ ստեղծված տեղեկատվական դաշտը հեռահար նպատակների մասով առավել ազդեցիկ է և վնասակար, քան բուն գործողությունը: Բացի այդ, իրականացնելով ահաբեկչություններ Եվրոպայի խոշոր քաղաքներում զբոսաշրջության ամենաակտիվ ժամանակաշրջանում` ահաբեկչությունների կազմակերպիչները լուծում են նաև այլ խնդիր` կրճատել դեպի Եվրոպա զբոսաշրջիկների հոսքերը և դրանով իսկ տնտեսական վնասներ պատճառել եվրոպական երկրներին:

-Պարոն Վերանյան, ըստ Ձեզ՝ ո՞վ և որտե՞ղ է պայքարում նրա դեմ: Եվ ընդհանրապես աշխարհն ի՞նչ է ուզում ԻՊ-ից:

- ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքար են մղում մի շարք երկրներ, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները: Սակայն այստեղ կարևորագույն հարցն այն է, թե որքանով կարող է լինել հակաահաբեկչական պայքարն արդյունավետ, եթե դրան զուգահեռաբար խմբավորումը տարբեր տեսակի և տարբեր խողովակներով աջակցություն է ստանում մի շարք երկրների ու ռազմականացված խմբավորումների կողմից: Սա նշանակում է, որ խմբավորման դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարը կարող է ցիկլավորվել և ձգվել տարիներ:

Դժբախտաբար, այսօր միջազգային հանրությունը միանշանակ կարծիք և դիրքորոշում չունի ԻՊ խմբավորման ոչնչացման հարցում: Մի բան է, երբ աշխարհի առաջատար պետությունները հայտարարում են խմբավորման ոչնչացման անհրաժեշտության մասին, լրիվ այլ բան` թե ինչ է իրականում տեղի ունենում մեզ հայտնի անկայուն տարածաշրջաններում, ինչպիսի լատենտային և բացահայտ գործունեություն են իրականացնում այս կամ այն ուժերը: Միջազգային հարաբերություններում դրսևորվող լարվածությունն ու անկայունությունը, երբ հակասությունների նոր ալիք է հասունանում ԱՄՆ և Ռուսաստանի միջև, հասունանում է կորեական նոր ճգնաժամ, բնականաբար, ԻՊ խմբավորումը միմիայն գործունեության նոր հնարավորություններ կարող է ստանալ ստեղծված իրավիճակում:

http://www.tert.am/am/news/2017/08/20/karen-veranyan/2461895



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր