
ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Իսրայել պետության հիմնադրման իրավաքաղաքական գործընթացը, որն առավել ուրվագծվեց 20-րդ դարի սկզբներին, ընթանում էր մերձավորարևելյան տարածաշրջանային ու միջազգային բարդ ռազմաքաղաքական իրադրությունում: Ակնհայտ էր, որ 1917թ. Բալֆուրի հռչակագրի համաձայն Պաղեստինում «հրեական ազգային օջախի» ստեղծման նախաձեռնությունը բախվելու էր ինչպես պաղեստինյան, այնպես էլ տարածաշրջանային այլ հակադիր արտաքին ուժերի դիմադրությանը: Մյուս կողմից, հրեական պետականության վերականգնման գործընթացի մեկնարկը զուգորդվում էր նաև Առաջին աշխարհամարտով պայմանավորված՝ միջազգային հարաբերություններում խորացող ռազմաքաղաքական ճգնաժամին, ինչն իր հերթին էլ ավելի էր բարդացնում հրեական պետության հիմնադրման գործընթացը:
Ստեղծված իրավիճակում Պաղեստինում «հրեական ազգային օջախի» հիմնադրման հարցում հրեա քաղաքական և գաղափարական առաջնորդները հստակ գիտակցում էին, որ պետականության հիմնադրման գործընթացին զուգահեռ՝ պետականության վերականգնման մասնակից հրեա բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտություն էր առաջանալու: Ինչպես ցույց տվեցին Իսրայել պետության հիմնադրմանը հաջորդած արաբական երկրների պատերազմական գործողությունները, տեղի հրեաների անվտանգության ապահովման մտահոգություններն իսկապես արդարացված էին: Պաղեստինում հրեական առաջին բնակավայրերի հիմնադրման, հետագայում նաև գյուղական ու քաղաքային ենթակառուցվածքների զարգացման գործընթացին զուգահեռ լուրջ քայլեր էին ձեռնարկվում նաև այդ բնակավայրերի ու դրանց բնակիչների անվտանգության, պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեա ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության իրողությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Իսրայել պետության հիմնադրման գործընթացն անդառնալի է, որտեղ առաջնային պետք է լիներ նոր տարածքներում բնակեցված հրեա ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը: Խորհրդանշական էր պետականության վերականգնման օրերին Դավիթ Բեն-Գուրիոնի հետևյալ միտքը. «Ողջ հրեա ժողովուրդը բանակ է, իսկ Իսրայել պետությունը՝ ճակատ»:
1948թ. Իսրայել պետության հիմնադրմանը հաջորդած պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ Իսրայելը պետք է ոչ միայն ուժեղացնի պետության սահմանային անվտանգության պաշտպանությունը, բարձրացնի զինված ուժերի մարտունակությունը, այլև կազմակերպի Իսրայելի ողջ բնակչության պաշտպանությունը ներսում՝ թիկունքից: Երկրի ղեկավարությունը սկսեց հատկապես կարևորել երկրի հասարակության քաղաքացիական պաշտպանության համակարգի ձևավորման գործընթացը:
Մինչ պետության ձևավորումը, պաղեստինյան տարածքներում հրեական առաջին գյուղատնտեսական բնակավայրերի բնակիչների անվտանգության համար ձևավորվեցին շրջանային պաշտպանության ստորաբաժանումներ, ստեղծվեցին պաշտպանական ենթակառուցվածքներ:
Բնակավայրերի ինքնապաշտպանության համակարգը սկզբնական շրջանում ենթադրում էր միակենտրոն, կենտրոնացված գործառույթներ, երբ բնակավայրերի քաղաքացիական պաշտպանությունն իրականացվում էր պետության ղեկավարության կողմից ձևավորված համապատասխան փրկարարա-ծառայողական կառույցների ու կազմակերպությունների միջոցով: Սակայն հետագա տարիներին, հատկապես Իսրայել պետության հիմնադրումից հետո, արտաքին ռազմական սպառնալիքները ցույց տվեցին, որ կենտրոնացված քաղպաշտպանական համակարգն այնքան էլ արդյունավետ չէր: Հետագայում աստիճանաբար զարգացվեց ցանցային ինքնապաշտպանական համակարգը, որը թեև կոորդինացվում ու վերահսկվում էր պետության համապատասխան մարմինների կողմից, սակայն քաղպաշտպանության իրականացման աշխատանքներում կատարվեց գործառույթների բաշխում՝ պատասխանատվության և լիազորությունների զգալի բաժին հանձնելով տեղի բնակչության ներկայացուցիչներին:
Ձևավորեց «Հագա» քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումը։ Այս ծառայությունը ստեղծվեց այն բանից հետո, երբ Եգիպտոսի ՌՕՈւ-ն հրթիռակոծեց Թել Ավիվ քաղաքը, ինչի հետևանքով իսրայելական կողմը կրեց մարդկային ու նյութական լուրջ կորուստներ։
Մյուս կողմից, պետության հիմնադրման առաջին տարիներից Իսրայելի ղեկավարությունը լուրջ քայլեր ձեռնարկեց երկրի հասարակության քաղաքացիական պաշտպանության համակարգի իրավական հիմքերի ամրագրման ուղղությամբ։ 1951թ. Քնեսեթն օրենք ընդունեց, որով կարգավորվում էին «Հագա» քաղաքացիական պաշտպանության ծառայության գործառույթները։ Այդ օրենքի համաձայն, «Հագա» քաղպաշտպանության ծառայության նպատակն էր հակառակորդների հարձակումներից (դրանց հետևանքների զսպման ու մարդկային կյանքերի փրկության համար) երկրի բնակչության պաշտպանության կազմակերպման անհրաժեշտ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
Հատկանշական է, որ թեև երկրի բնակչության քաղպաշտպանության համակարգի ներդրման ու զարգացման ուղղությամբ լուրջ իրավաքաղաքական, կազմակերպչական աշխատանքներ էին տարվում, այդուհանդերձ, մինչև 1967թ. վեցօրյա պատերազմը Իսրայելում քաղպաշտպանության ինստիտուտը չուներ հայեցակարգային, ռազմավարական մոտեցում և չէր հանդիսանում Իսրայելի և նրա բնակչության պաշտպանական անվտանգության ապահովման գերակայություն։ Վեցօրյա պատերազմը, որի ընթացքում հրթիռակոծվեցին Իսրայելի քաղաքները, ցույց տվեց, որ պետությունն այնքան էլ պատրաստ չէր հակառակորդի ռազմական հարձակումների այնպիսի սցենարների զարգացմանը, որոնց պարագայում ոչ միայն վտանգվում էին Իսրայել պետության սահմանները, այլև խոցելի էր թիկունքը։ Արդյունքում՝ երկրի ղեկավարությունը քաղպաշտպանության ինստիտուտի ներդրման հարցում առավել մեծ ուշադրություն դարձրեց նաև թիկունքի պաշտպանության հայեցակարգային դրույթների ամրագրմանը, և, որ ամենակարևորն է, դրանց հիման վրա համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը։
Թիկունքի քաղպաշտպանությունն իր առջև խնդիր էր դնում ստեղծել ամուր ենթակառուցվածքային համակարգ, որի աշխատանքներին ներգրավված կլինեին ինչպես երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար պետական կառույցները, այնպես էլ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ, յուրաքանչյուր ընտանիք, ով նաև իր հերթին էր պատասխանատու իր և մերձավորների անվտանգության ապահովման համար:
Թիկունքի քաղպաշտպանության համակարգի և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման հարցում հայեցակարգային քայլեր ձեռնարկվեցին Պարսից ծոցի պատերազմից հետո, երբ Իսրայելի տարածքը հրթիռակոծվեց Իրաքի կողմից: Իրաքյան ուժերն այդ ժամանակ արձակեցին «Ալ-Հուսեյն» տեսակի 8 հրթիռ Թել Ավիվ ու Հայֆա քաղաքների ուղղությամբ։ Արդյունքում՝ կառուցվածքային բարեփոխումներ իրականացվեցին քաղպաշտպանության համակարգում։ Իսրայելի ղեկավարությունը լուծարեց մինչ այդ գործող մի քանի ծառայություններ և որոշում կայացրեց ստեղծել բնակչության քաղաքացիական պաշտպանության միացյալ մարմին, որի հիման վրա 1992թ. փետրվարին ձևավորվեց Թիկունքի քաղպաշտպանության հրամանատարությունը1:
Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում նաև սահմանամերձ շրջանների քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների կատարելագործմանը՝ շեշտադրելով սպառնալիքների հակազդման հարցերում արագ արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացման հարցերը:
Առանձնահատուկ նշանակություն էր տրվում նաև կրթական ոլորտի մասնակիցների քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացմանը: 1988թ. վերջերին առաջին անգամ Իսրայելի կրթական հաստատություններում անցկացվեցին քաղպաշտպանության զորավարժություններ, որոնք տարեկան հիմունքներով իրականացվող նման կանոնավոր միջոցառումների լավ ավանդույթ դարձան։ Բացի այդ, դպրոցներում գործում են հոգեբանների խմբեր, որոնք աշխատանքներ են իրականացնում աշակերտների շրջանում՝ ահաբեկչությունների, հրթիռակոծությունների հետևանքով աշակերտների սթրեսների հաղթահարման ու հոգեբանական բարդույթների զսպման ուղղությամբ2:
Քաղաքացիական պաշտպանության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում երկրում քաղպաշտպանության օպերատիվ հրամանատարությունը հանձնվեց Գլխավոր շտաբին, իսկ պաշտպանության նախարարությունը կազմակերպում էր քաղպաշտպանության իրականացման համար անհրաժեշտ կադրերի հավաքագրման ու վերապատրաստման, ֆինանսական միջոցների կուտակման, սպառազինությամբ ապահովման գործառույթներ:
Իսրայելի բոլոր քաղաքներում և շրջաններում բարձր մակարդակի վրա է դրված հասարակության քաղաքացիական պաշտպանությանն անհրաժեշտ ենթակառուցվածքների ցանցային համակարգը, զարգացած է ապաստարանների ցանցը: Ամենամյա քաղպաշտպանության զորավարժությունների ընթացքում կիրառվում են մի շարք կարևոր միջոցառումներ: Առանձնացնենք հրթիռակոծման սպառնալիքի վերաբերյալ երկրի սահմանամերձ շրջանների բնակչությանը «կարմիր լույս» կոչվող ազդանշանի ու ռադարային համակարգի միջոցով տեղեկացումը, որը հնարավորություն է տալիս բնակչությանն արագ ու կարճ ժամանակամիջոցում ինքնակազմակերպվել: Նման ռադարային-ազդանշանային շուրջ 3000 համակարգեր բաշխված են երկրի սահմանամերձ և ռիսկային գոտիներում գտնվող քաղաքներում ու բնակավայրերում:
Հակառակորդի ռազմական ագրեսիայի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հաղորդման օպերատիվության ապահովման հարցում արդյունավետ միջոց է բջջային ծրագրային հավելվածի հիման վրա կարճ հաղորդագրությունների թիրախային հասցեագրումը երկրի՝ հրթիռակոծման սպառնալիքի տակ գտնվող քաղաքների ու բնակավայրերի բնակիչներին, ինչը հնարավորություն է տալիս չխաթարել այն քաղաքների ու շրջանների բնակչության անդորրը, որոնք չեն գտնվում հրթիռակոծման անմիջական վտանգի գոտում3։ Նշենք նաև, որ բջջային հավելվածը («քաղաքացիական պաշտպանության հրաման»), որը հասանելի է մի քանի լեզուներով (եբրայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն), տեղեկացնում է բնակչությանը նաև բնական (երկրաշարժ), ինչպես նաև տեխնածին աղետների (ահաբեկչություն) վտանգի մասին։
Իսրայելում հասարակության քաղաքացիական պաշտպանության ներկա համակարգի և անհրաժեշտ ենթակառուցվածքների արդյունավետությունը հնարավորություն է տալիս երկրի ղեկավար պատասխանատուներին մշակել հակառակորդի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման տարբեր սցենարներ՝ ընդհուպ մինչև ամենահոռետեսականները, ինչի արդյունքում հնարավորինս նվազեցվում են Իսրայելի մարդկային ու նյութական կորուստները: Այսպես, 2012թ. օգոստոսին Թիկունքի քաղպաշտպանության հարցերով նախարար Մաթան Վիլնային (2011-2012թթ.) հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Իրանի հետ պատերազմական գործողությունների սկսման դեպքում Իսրայելի զինվորականների ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թվաքանակը չի գերազանցի 500-ը, իսկ պատերազմը կտևի ոչ ավելի, քան 3 ամիս4: Ընդ որում, այս սցենարի մշակման համար հաշվի էին առնվել ոչ միայն պատերազմական գործողություններն Իրանի հետ, այլև ռազմական գործողություններին միաժամանակ «Հիզբալլահ» ու «Համաս» խմբավորումների մասնակցության հանգամանքը:
Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի տիրապետում է քաղպաշտպանության համար անհրաժեշտ, իրեն կցված պաշտպանության նյութատեխնիկական միջոցներին (հակագազեր, դեղամիջոցներ քիմիական, կենսաբանական զենքերի կիրառության պարագայում, անհատական-ընտանեկան թիրախային ապաստարան, ինքնապաշտպանության հատուկ գործողություններ): Ի դեպ, Պարսից ծոցի պատերազմի ժամանակ աշակերտները դպրոց հաճախելիս պարտադիր պետք է ունենային անհատական հակագազեր։ Բավական զարգացած է բազմաբնակարանային շինությունների քաղպաշտպանության ենթակառուցվածքների համակարգը, որտեղ գործում են հատուկ ապաստարաններ՝ այսպես կոչված «անվտանգության սենյակներ», որոնք ի վիճակի են պաշտպանել մարդկանց տարբեր տեսակի հրթիռակոծություններից:
Իսրայելի քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի կազմում գործում է նաև «արտակարգ տնտեսություն» ծառայությունը, որը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում երկրի տնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեցող արդյունաբերական ձեռնարկությունների, արտադրությունների անխափան աշխատանքի ապահովման համար5: Նշենք նաև, որ Իսրայելի քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի ձևավորման և զարգացման գործում զգալի է եղել առաջին հերթին քաղաքացիական պաշտպանության խորհրդային փորձը։
Հետևություններ
Հիմնադրման առաջին իսկ օրերից Իսրայել պետությունը ձևավորել է երկրի և հասարակության անվտանգության ապահովման համար քաղաքացիական պաշտպանության բավական արդյունավետ համակարգ:
Սկզբնական շրջանում զարգացող քաղպաշտպանության ենթակառուցվածքների ցանցը հեռու է եղել լիակատար արդյունավետություն ապահովելուց՝ լինելով բավական խոցելի հակառակորդի ռազմական գործողությունների նկատմամբ: Այդուհանդերձ, այն կարողացել է դիմանալ ռազմական փորձություններին և ադապտացվել ռազմական ագրեսիայի ու գործողությունների սպառնալիքներին:
Իսրայելի ղեկավարությունը երկրի բնակչության քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հարցերում առաջնակարգ նշանակություն էր տալիս հատկապես սահմանային անվտանգության ապահովմանը, սահմանային պաշտպանական ենթակառուցվածքների կատարելագործմանը: Սակայն ժամանակի ընթացքում, պայմանավորված հակառակորդի կողմից արդիական տեխնոլոգիական լուծումներով հագեցած սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի, առաջին հերթին՝ տարբեր տեսակի հրթիռային համակարգերի կիրառության հնարավորությունների ընդլայնմամբ, իսրայելական կողմը սահմանային անվտանգության ապահովման հարցերին զուգահեռ էական ուշադրություն դարձրեց թիկունքի քաղպաշտպանության ենթակառուցվածքների զարգացմանը:
Քաղպաշտպանության ինստիտուտի, ենթակառուցվածքների միջազգային փորձի ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանում ու Արցախում արդյունավետ քաղաքացիական պաշտպանության համակարգի ներդրման (տեղայնացման) ու զարգացման հարցում: Կենտրոնանալով ՀՀ (Արցախ) սահմանային անվտանգության, սահմանամերձ բնակավայրերի քաղպաշտպանության ենթակառուցվածքների զարգացման և արդյունավետության բարձրացման հարցերի վրա՝ հայեցակարգային և ռազմավարական առումով, թերևս, լուրջ ու համապարփակ կիրառական աշխատանքներ չեն իրականացվում Հայաստանի (Արցախ) թիկունքի քաղպաշտպանության ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Բավական թույլ հիմքերի վրա է դրված և ոչ համակարգային բնույթ է կրում նաև հասարակության ինքնապաշտպանական պատրաստության հիմնահարցն առհասարակ։
Ապրիլյան ռազմական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ մեր տարածաշրջանը գտնվում է անկայուն ռազմաքաղաքական իրավիճակում, ուստի Հայաստանի (Արցախ) քաղպաշտպանության հարցերի համատեքստում անհրաժեշտ է հաշվարկել ռազմական սպառնալիքների բոլոր հնարավոր և անհնար սցենարները: Առաջնակարգ նշանակություն պետք է տալ մեր երկու հանրապետություններում քաղպաշտպանության ինստիտուտի հայեցակարգային հիմքերի ամրագրմանն ու տարածաշրջանային նոր սպառնալիքներին համարժեք ռազմավարության մշակմանը, ինչը հնարավորություն կտա ներդնել արդյունավետ քաղպաշտպանության համակարգ և ենթակառուցվածքներ, մշակել մեխանիզմներ հասարակության ինքնապաշտպանական պատրաստության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
1 http://warspot.ru/216-grazhdanskaya-oborona-v-sovremennom-izraile-chast-i
2 http://yagrazdanin.ru/grazhdanskaja-oborona-v-izraile
3 http://www.israelreport.ru/security/10616/grazhdanskaya-oborona-razrabotala-prilozhenie-dlya-raketnoi-trevogi
4 http://fb.ru/article/159483/istoriya-grajdanskoy-oboronyi-grajdanskaya-oborona-sssr-istoriya-sozdaniya
5 http://ru.knowledgr.com/07751838/ГражданскаяОборонаВИзраиле
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]