
ՕՊԵԿ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ (պատմաքաղաքական վերլուծություն)
Արմեն Մանվելյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, միջազգային անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ
Նավթի արդյունահանումը և մատակարարումը, տնտեսական գործոն լինելուց բացի, միշտ էլ ընդգծված քաղաքական բաղադրիչ է եղել՝ պայմանավորված այդ ռեսուրսի նկատմամբ պահանջարկի անընդհատ աճով և, որպես հետևանք՝ նավթով հարուստ տարածաշրջանները վերահսկելու մեծ տերությունների ցանկությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, արդյունաբերության բուռն զարգացման շրջանում, նավթը ձեռք էր բերել ռազմավարական նշանակություն, որի նկատմամբ հետաքրքրությունը շարունակաբար աճում էր: Էներգետիկ համաշխարհային շուկայում նավթի տեսակարար կշիռը հասել էր 70%-ի, իսկ արևմտյան տերությունների բուռն զարգացող տնտեսությունների կախվածության աստիճանն այդ ռեսուրսից շարունակաբար ավելանում էր: Այս պայմաններում հատկապես կարևորվում էր Պարսից ծոցի և ընդհանրապես Միջին Արևելքի դերակատարությունը՝ որպես նավթի արդյունահանման կարևորագույն կենտրոնների: Հետևաբար, հետաքրքրությունը տարածաշրջանի պետությունների՝ որպես նավթ արդյունահանող հիմնական երկրների նկատմամբ, աճում էր:
Նավթ սպառող հիմնական պետությունները նավթի արդյունահանման համար համագործակցում էին այսպես կոչված անդրազգային նավթագազային ընկերությունների հետ: Այդ ընկերություններին հաջողվել էր տեղ զբաղեցնել նավթով հարուստ պետությունների նավթագազային համակարգում և ազդել այդ պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության վրա: Նման կախվածությունը նվազեցնելու համար էլ 1960թ. նավթի արտահանմամբ զբաղվող պետությունները որոշեցին ստեղծել միջազգային կառույց, որը կպաշտպանի նրանց շահերն արևմտյան նավթագազային ընկերություններից և ընդհանրապես Արևմուտքի ազդեցությունից ու նրանց հնարավորություն կտա լինել ավելի ազատ և թելադրել սեփական քաղաքական կամքը նավթի ու գազի միջազգային շուկաներում:
Ազդեցությունը նավթի շուկայում հիմնականում նշանակում է վերահսկել նավթի գնագոյացման քաղաքականությունը, որը մինչ այդ կատարվում էր նավթ սպառող պետությունների կողմից: Պետք է նշել, որ նավթի գնագոյացման վրա ազդելու ցանկությունը միավորման այս գործընթացում ուներ առանցքային նշանակություն, քանի որ Նյու Յորքի և Լոնդոնի սակարաններն էին հանդիսանում նավթի գնագոյացման հիմնական կենտրոնները։ Այս իրավիճակը ձեռնտու չէր նավթ արդյունահանող հիմնական պետություններին, որոնք էլ նախաձեռնեցին նոր միջազգային կառույցի ստեղծումը՝ հույսով, որ այն իրենց հնարավորություն կտա թելադրող դիրք զբաղեցնել նավթի համաշխարհային շուկայում՝ այդ թվում ազդելով այդ հումքի գնագոյացման քաղաքականության վրա։
1960թ. սեպտեմբերի 10-14-ը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նավթ արդյունահանող պետությունների կազմակերպած կոնֆերանսում որոշում ընդունվեց ստեղծել Նավթ արտահանող պետությունների կազմակերպությունը (Organization of the Petroleum Exporting Countries - OPEC)1։ Կազմակերպության հիմնադիրներն էին հինգ պետություն՝ Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Վենեսուելան։ Հիմնադիր այս հինգ պետություններին հետագայում միացան նաև ինը այլ անդամներ՝ Կատարը (1961թ.), Ինդոնեզիան (1962թ.), Լիբիան (1962թ.), Արաբական Միացյալ Էմիրությունները (1967թ.), Ալժիրը (1969թ.), Նիգերիան (1971թ.), Էկվադորը (1973թ.), Գաբոնը (1975թ.), Անգոլան (2007թ.)։ ՕՊԵԿ նստավայրը Ժնևում էր, բայց հետագայում այն փոխադրվեց Վիեննա (1965թ. սեպտեմբերի 1)։
Կազմակերպությունը ՄԱԿ-ում գրանցում ստացավ 1962թ. սեպտեմբերի 2-ին (ՄԱԿ N6363 որոշում), կանոնադրությունը հաստատվեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում 1961թ. հունվարին, հետագայում այն մի քանի անգամ վերանայվել է2: Կառույցի ստեղծման նախաձեռնողը Վենեսուելան էր, որը պայքարում էր անդրազգային նավթային ընկերությունների գերիշխանության դեմ և այդ պայքարում նրան դաշնակիցներ էին հարկավոր: Դժգոհություններն այդ ընկերություններից աճում էին նաև մերձավորարևելյան պատություններում, և կողմերը կարողացան համաձայնության գալ՝ ստեղծելով Նավթ արտահանող պետությունների կազմակերպությունը, որը, ըստ նրանց, պետք է թուլացներ այդ պետությունների կախվածությունն արևմտյան նավթային ընկերություններից:
Մինչև ՕՊԵԿ ստեղծումը, դեռ 1953թ., Իրաքը և Սաուդյան Արաբիան փորձել էին այս հարցում համաձայնության գալ՝ պայմանագիր կնքելով նավթային քաղաքականությունը համակարգելու մասին, իսկ 1959թ. Արաբական պետությունների լիգան հատուկ ժողով հրավիրեց՝ նվիրված նավթային խնդիրներին և նավթային քաղաքականությանը, որին հրավիրված էին նաև Իրանն ու Վենեսուելան:
Նշենք, որ ՕՊԵԿ-ը շարունակ ընդլայնում էր գործողությունների և հետաքրքրությունների շրջանակը և, բացի նավթային քաղաքականության կոորդինացման խնդիրներից, զբաղվում էր նաև գիտահետազոտական, կրթական, ինչպես նաև զարգացող պետությունների օգնության ծրագրերով: Մասնավորապես, 1975թ. Ալժիրում տեղի ունեցած հավաքի ժամանակ անդամ պետությունները որոշում ընդունեցին ստեղծել Միջազգային զարգացման հիմնադրամ, որը պետք է զբաղվեր աղքատ պետություններում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմամբ3:
Սակայն, ինչպես նշեցինք, ՕՊԵԿ ստեղծման հիմնական նպատակն էր առաջին հերթին պաշտպանել նավթ արդյունահանող պետությունների շահերը, նվազեցնել նրանց կախվածությունը նավթային ընկերություններից ու մեծացնել ազդեցությունը նավթի շուկայում, հատկապես ազդել նավթի գնագոյացման քաղաքականության վրա: Սա, թերևս, կարևորագույն խնդիր էր ՕՊԵԿ-ի համար, քանի որ նավթի գնագոյացումը հիմնականում վերահսկվում էր արևմտյան տերությունների կողմից:
Ստեղծման առաջին օրից ՕՊԵԿ–ն իր առջև խնդիր դրեց համակարգել նավթ արտահանող պետությունների նավթային քաղաքականությունը՝ համակարգելով և համաձայնեցնելով այն, ձեռք բերել նավթի շուկայի վրա ազդելու և այն կայունացնելու լիարժեք լծակներ և ավելացնել այդ պետությունների նավթային եկամուտները։
Ստեղծման պահին ՕՊԵԿ անդամ պետություններն արդյունահանում էին աշխարհի նավթի 40%-ը, հետագայում այս թիվը մի քանի անգամ տատանվեց, այդ կառույցի անդամ պետություններն արդյունահանման գագաթնակետին հասան անցած դարի 70-ականներին, երբ նրանց հաջողվեց արտահանել աշխարհում սպառվող նավթի 55%-ը4: Նավթի գների նվազման հետ միասին ՕՊԵԿ բաժինը նավթի համաշխարհային շուկայում շարունակեց կրճատվել՝ 1980-ական թթ. նավթի ցածր գների պայմաններում հասնելով նույնիսկ 30%-ի։ 2000-ականներին նավթի գների բարձրացման պայմաններում սկսեց նորից աճել նավթ արտահանող պետությունների մասնաբաժինը համաշխարհային նավթի շուկայում՝ հասնելով մոտ 45%-ի (մանրամասն տե՛ս Նկար 1)։
Նկար 1
ՕՊԵԿ նավթի արդյունահանման ծավալները 1960-2008թթ.5
Սակայն 2014թ. սկսված նավթի գների անկումը կասեցրեց ՕՊԵԿ անդամ պետությունների կողմից էներգետիկ համաշխարհային շուկայում իրենց դիրքերի ամրապնդման քաղաքականությունը։ Այստեղ պետք է նշել, որ ՕՊԵԿ-ի համար խնդրահարույց են եղել հարաբերությունները ոչ միայն նավթային գերընկերությունների, այլև նավթ արդյունահանող մյուս պետությունների հետ, որոնք, չլինելով կառույցի անդամ, իրենց գործողություններով շատ դեպքերում խոչընդոտել են վերջինիս գործունեությանը։
ՕՊԵԿ-ը սկզբից ևեթ իր առջև խնդիր դրեց նաև հարաբերություններ հաստատել ոչ անդամ պետությունների հետ, որոնք հանդիսանում են խոշոր նավթ արդյունահանողներ ու արտահանողներ։ Իսկ արդյունահանման և արտահանման տեսակարար կշիռն աշխարհում փոխվում էր՝ պայմանավորված նավթի գների փոփոխմամբ, այդ գների բարձրացումը հանգեցնում էր նրան, որ նորանոր պետություններ սկսում էին ակտիվորեն զբաղվել նավթի արդյունահանմամբ, և սա նոր խնդիրներ էր ստեղծում ՕՊԵԿ-ի համար։
Ինչպես նշեցինք, նավթ արտահանող պետությունները միասնաբար տիրապետում են համաշխարհային նավթի շուկայի միայն 40%-ին, սա՝ այն դեպքում, երբ նավթի ապացուցված պաշարներով այդ պետությունների միասնական մասնաբաժինը կազմում է մոտ 81%: Այսինքն՝ ՕՊԵԿ անդամ չհանդիսացող պետությունները՝ Կանադան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Մեքսիկան միասնաբար տիրապետում են նավթի ապացուցված պաշարների մոտ 20%-ին, սակայն արդյունահանում են նավթի համաշխարհային շուկայի պահանջարկի 50-60%-ը (մանրամասն տե՛ս Նկար 2)։ Նման իրավիճակը հանգեցնում է նրան, որ վերջին տարիներին ոչ անդամ պետությունների նավթի պաշարների սպառումն ավելի արագ է տեղի ունենում, քան ՕՊԵԿ պետությունների։ Սա է պատճառներից մեկը, որ հատկապես վերջին տարիներին սպառող հիմնական պետությունները սկսել են կարևորել էներգիայի գեներացման այլընտրանքային աղբյուրները՝ նավթային սեգմենտից կախվածությունը նվազեցնելու միտումով։
Նկար 2
Ապացուցված նավթի պաշարներն աշխարհում և ՕՊԵԿ անդամ պետություններում7
ՕՊԵԿ անդամ պետությունների նավթի ապացուցված պաշարները ներկայում կազմում են մոտ 1.265 տրիլիոն բարել, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների պաշարները՝ մոտ 447 մլրդ բարել, Հյուսիսային Ամերիկայինը՝ 381 մլրդ բարել, իսկ ՕՊԵԿ-ին չանդամակցող զարգացող այլ պետությունների միասնական պաշարները գնահատվում են 282 մլրդ բարել6։ Այսինքն՝ ՕՊԵԿ անդամ չհանդիսացող պետությունները, չունենալով նավթի մեծ պաշարներ, կարողանում են ավելի շատ նավթ արդյունահանել, ինչը նշանակում է, որ այդ պետություններում նավթի արդյունահանման հզորություններն ավելի մեծ են, քան նավթ արտահանող կազմակերպության պետություններում։ Նման իրադրությունն իր հերթին պայմանավորված է նավթի արդյունաբերության բնագավառում Արևմուտքի և Ռուսաստանի տեխնիկական առավելությամբ, ինչը վերջիններիս կողմից ակտիվորեն օգտագործվում է նավթի նորանոր պաշարների շահագործման համար։
Այստեղ կարևոր է նշել, որ նավթի գների փոփոխությունը և հատկապես բարձրացումը հանգեցնում են նավթի համաշխարհային շուկայում նավթի ապացուցված պաշարների անընդհատ վերանայման։ Մասնավորապես, սկսում են արդյունահանվել նավթի նորանոր պաշարներ, որոնք նախկինում՝ ցածր գների պայմաններում, համարվում էին ոչ արդյունավետ։ Օրինակ, Բրազիլիայի մուտքը նավթի համաշխարհային շուկա պայմանավորված էր, այսպես կոչված, ծանր նավթի արդյունահանմամբ, որը սկսվեց, երբ նավթի գներն անցան $50-ը։ Այսինքն՝ նավթի գների բարձրացումը նպաստում է, մի կողմից, ՕՊԵԿ անդամ պետությունների հարստացմանը, սակայն մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս նոր երկրների մուտք գործել նավթի համաշխարհային շուկա։
Նավթի համաշխարհային շուկայում դիրքերի ամրապնդման և կարգավորման համար ՕՊԵԿ-ը սահմանեց նավթի արդյունահանման քվոտաներ, որոնք փոփոխվում են՝ պայմանավորված նավթի շուկայի պահանջարկի, գների փոփոխությամբ և անդամ պետությունների արդյունահանման հզորությունների աճի կամ նվազմամբ։ Քվոտաների բաժանումը և դրանցում ամեն մի պետության չափաբաժնի որոշումն էլ պայմանավորված են նավթի ապացուցված պաշարների քանակով և արդյունահանման հզորություններով, ինչի մասին զեկույցներով ամեն տարի հանդես է գալիս ՕՊԵԿ-ը8։ Նմանատիպ զեկույցները նպաստում են նաև այդ քվոտաների տարեկան վերանայմանը։ ՕՊԵԿ անդամ պետությունների միջև քվոտաների բաժանումը կատարվում է հիմնականում հետևյալ սկզբունքներով. Սաուդյան Արաբիա՝ 32.4%, Իրան՝ 14.6%, Վենեսուելա՝ 14.6%, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 8.7%, Նիգերիա՝ 8%, Քուվեյթ՝ 7.9%, Լիբիա՝ 5.3%, Ինդոնեզիա՝ 5.1%, Ալժիր՝ 3.1%, Իրաք՝ 3%, Կատար՝ 2.5%9: Հասկանալի է, որ այս քվոտաները փոփոխվում են՝ կախված նաև անդամ այս կամ այն պետության դեմ միջազգային պատժամիջոցների քաղաքականության փոփոխությունից:
Նման քվոտավորման նպատակն է վերահսկել նավթի առաջարկը համաշխարհային շուկայում և թույլ չտալ նավթի գների կտրուկ անկումն ու ընդհանրապես ազդել նավթի գնագոյացման վրա։ Սակայն 2014թ. հետո նավթի գների կտրուկ անկումը համաշխարհային շուկայում մեկ անգամ ևս ապացուցեց, որ ՕՊԵԿ-ը կորցրել է նավթի գնագոյացման վրա ազդելու նախկին ռեսուրսը և կրկնել 1973թ. էմբարգոն նրան չի հաջողվի։
Այստեղ կարևոր է մեկ անգամ ևս հիշեցնել, որ նավթի շուկայում արդյունահանման հզորությանն ՕՊԵԿ-ը հասավ անցած դարի 70-ական թթ., երբ աշխարհում սպառվող նավթի 50%-ը պատկանում էր Նավթ արտահանող պետությունների կազմակերպությանը, և հենց այդ ընթացքում էր, որ վերջինս որոշեց այն օգտագործել որպես զենք Արևմուտքին իր քաղաքական կամքը թելադրելու համար: 1973թ. հունվարին սաուդյան նավթի մեկ բարելի գինը $2.59 էր, սակայն արդեն նույն թվականի հուլիսին այն հասավ $2.95-ի: 1973թ. սեպտեմբերին ՕՊԵԿ-ը հերթական հավաքն անցկացրեց Վիեննայում, և անդամ վեց պետություններ` Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն՝ այսպես կոչված Պարսից ծոցի վեցնյակը, որոշում ընդունեցին բանակցություններ վարել նավթային ընկերությունների հետ նավթի գների բարձրացման շուրջ10: Այսինքն՝ կարելի է ասել, որ նավթի գների կտրուկ բարձրացման քաղաքականությանը ՕՊԵԿ անդամ պետությունները ձեռնամուխ էին եղել մինչև արաբա-իսրայելական հերթական պատերազմը, որը սկիզբ առավ 1973թ. հոկտեմբերին:
1973թ. հոկտեմբերի 6-ին հրեական Յամ Քիպուր տոնակատարության ժամանակ եգիպտական և սիրիական օդուժը հարձակում գործեց Իսրայելի վրա՝ նպատակ ունենալով դուրս մղել այդ պետությանը եգիպտական Սինա թերակղզուց և սիրիական Գոլանի բարձունքներից: Սակայն Իսրայելին հաջողվեց մեկ օրվա ընթացքում մոբիլիզացնել իր ուժերը` կասեցնել և ապա անցնել հակահարձակման՝ ռազմական գործողությունները տեղափոխելով հակառակորդի տարածք: Պատերազմի ընթացքում Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը, որը փոխարինել էր Նասերին, դիմեց Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալին՝ խնդրելով օգտագործել նավթային «զենքն» ընդդեմ այն պետությունների, որոնք սատարում են Իսրայելին: Ի դեպ, հենց այդ շրջանում Իսրայելի հիմնական դաշնակից ԱՄՆ-ը նավթի արդյունահանման հարցում լուրջ խնդիրների էր բախվել և նավթի սպառման աճի ֆոնին ստիպված էր սկսել նավթի ներմուծումն արաբական երկրներից ու այս առումով դարձել էր բավական խոցելի: Էմբարգո հայտարարելու համար ֆորմալ առիթ հանդիսացավ 1973թ. հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի կողմից Իսրայելին զենքի մատակարարումը, որը կատարվում էր ինքնաթիռներով՝ ի պատասխան Խորհրդային Միության կողմից Եգիպտոսին և Սիրիային զենքի մատակարարման: Սակայն ռազմամթերքի այս մատակարարումները վերջնականապես բորբոքեցին հակաարևմտյան կրքերն արաբական երկրներում, ինչը, նախ, Վաշինգտոնի ջանքերով ընթացող զինադադարի գործընթացի տապալման և ապա՝ Պարսից ծոցի վեցնյակի կողմից նավթի գների բարձրացման ($3.01-ից մինչև $5.12) պատճառ հանդիսացավ (1973թ. հոկտեմբերի 16, այսինքն՝ մոտ 70%-ով երկու օրվա ընթացքում11):
Հաջորդ օրն արաբական պետությունների նավթի նախարարները որոշում ընդունեցին դադարեցնել նավթի մատակարարումն այն պետություններին, որոնք սատարում են Իսրայելին: Նավթի արտահանումը դադարեցրին առաջին հերթին դեպի ԱՄՆ, հետո Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռոդեզիա և Հարավային Աֆրիկա: 1973թ. հոկտեմբերին նավթի արդյունահանումը սեպտեմբերի համեմատ կրճատվեց 5%-ով, որոշում ընդունվեց նաև այն շարունակ կրճատել ամսական 5%-ով՝ մինչև արաբական երկրների պահանջների կատարումը: Հոկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հայտարարեց Իսրայելին մինչև $2.2 մլրդ ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու մտադրության մասին: Դրանից անմիջապես հետո արաբական պետությունների մեծ մասը վերջնականապես ընդհատեց նավթի մատակարարումը ԱՄՆ-ին: Էմբարգոյին պաշտոնապես չմիացան միայն Իրանը և Իրաքը:
Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ միջնորդությամբ կնքվեց զինադադարի պայմանագիր, որը սկսեց գործել հոկտեմբերի 25-ից, բայց, չնայած դրան, նավթի գները համաշխարհային շուկայում շարունակում էին աճել, և 1973թ. դեկտեմբերի 2-ին Թեհրանում հրավիրված ՕՊԵԿ հերթական հավաքի օրերին նավթի գինը հասավ $11.6-ի մեկ բարելի դիմաց: 1974թ. մարտին արաբական պետությունների նավթի նախարարները որոշում ընդունեցին դադարեցնել նավթի էմբարգոն ընդդեմ ԱՄՆ-ի, իսկ հուլիսին այն վերջնականապես դադարեցվեց նաև մյուս պետությունների հանդեպ, սակայն, չնայած դրան, նավթի գները հետագայում ևս շարունակեցին աճել, ինչն աննախադեպ եկամուտներ ապահովեց նավթային պետություններին: Եթե 1970թ. ՕՊԵԿ անդամ պետությունների եկամուտները կազմում էին ընդամենը $7.7 մլրդ նավթի արտահանումից, ապա 1974թ. դրանք հասան $88.8 միլիարդի12:
1970-ական թթ. նավթի գները շարունակեցին աճել, սա իր հերթին ազդեց նաև այլ հումքի, մասնավորապես՝ գունավոր մետաղների գների աճի վրա, և ընդհանրապես, սպառողական բոլոր ապրանքների գները բարձրացան: ՕՊԵԿ անդամ պետությունների եկամուտներն իրենց հերթին աննախադեպ աճ արձանագրեցին 1973-78թթ., մասնավորապես Սաուդյան Արաբիայի տարեկան եկամուտներն աճեցին $4.35 մլրդ-ից մինչև $36 մլրդ-ի: Քուվեյթինը, օրինակ, $1.7 միլիարդից հասավ $9.2 մլրդ-ի, Իրաքի եկամուտներն աճեցին $1.8-ից $23.6 մլրդ-ի և այսպես շարունակ (մանրամասն տես Նկար 3)13.
Նկար 3
ՕՊԵԿ անդամ պետությունների ընդհանուր եկամուտները տարբեր տարիներին14
Նավթի գները որոշ չափով նվազեցին միայն 1970-ական թթ. վերջին, նավթի սպառման ծավալների նվազման հետ միասին, սակայն դա երկար չտևեց։ 1978-79թթ. Իրանի իսլամական հեղափոխությունը նորից խթանեց նավթի գների աճը, և 1981թ. նավթի գինը կազմեց $40 մեկ բարելի դիմաց: 80-ական թթ. երկրորդ կեսից նավթի գները նորից սկսեցին նավազել և արդեն 1986թ. հասան $13-ի մեկ բարելի դիմաց։ Այս գները նաև ԽՍՀՄ տնտեսական թուլացման պատճառը հանդիսացան: Սակայն նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ նավթի գները բավական ցածր էին՝ տատանվելով $15-18-ի սահմաններում՝ այսպիսով հերքելով նաև տարածված այն առասպելը, թե սաուդներն են նավթի գինը նվազեցրել ԱՄՆ խնդրանքով՝ ԽՍՀՄ տնտեսությանը վնասելու համար15: Սաուդյան Արաբիայի և ՕՊԵԿ անդամ բոլոր պետությունների ջանքերը և բազմաթիվ գագաթաժողովներն այդպես էլ չնպաստեցին նավթի գնի բարձրացմանը:
Նավթի գնի նոր և կտրուկ բարձրացումն սկսվեց միայն 2000 թվականից՝ պայմանավորված Չինաստանի տնտեսական աճով։ 1999թ. այդ պետությունը դադարեց նավթի արտահանումը, քանի որ այն այլևս չէր բավարարում սեփական կարիքների համար, իսկ 2000թ. սկսեց նավթ ներմուծել Պարսից ծոցից և Ռուսաստանից: Չինաստանի տնտեսական աճը խթանեց նավթի գնի աննախադեպ բարձրացում, և 2011, 2012, 2013թթ. տարեկան միջին կտրվածքով նավթի գինը տատանվում էր $110-115 չափով մեկ բարելի դիմաց: Նավթի գնի անկումը սկսվեց 2014թ. երկրորդ կեսից և շարունակվեց 2015-ից մինչև օրս՝ տարեկան միջին կտրվածքով կազմելով մոտ $48: Նավթի գնի անկումը պայմանավորված է չորս հիմնական գործընթացով` Չինաստանի տնտեսական աճի դանդաղում, նավթի սպառման ծավալների նվազում և այլընտրանքային էներգիայի հզորությունների գործարկում, ինչպես նաև ԱՄՆ-ում թերթաքարային նավթի աննախադեպ շահագործում, ինչի արդյունքում վերջինս նույնիսկ հանեց հում նավթի արտահանման արգելքը:
Այսպիսով, ՕՊԵԿ-ը, շարունակելով մնալ նավթի արդյունահանման խոշոր կազմակերպություններից մեկը, այնուամենայնիվ, կորցրել է նախկին ազդեցությունը նավթի համաշխարհային շուկայում, որն ուներ անցած դարի 70-ականներին: Պատճառներից մեկը, ինչպես նշեցինք, այն է, որ.
- ՕՊԵԿ անդամ չհանդիսացող նավթ արտահանող պետությունները, չունենալով այդ կազմակերպության անդամների նավթային ռեսուրսները, այնուամենայնիվ, արդյունահանման ծավալներով ավելի մեծ տեղ են զբաղեցնում նավթի համաշխարհային շուկայում:- Հաջորդ պատճառը նավթի ընդհանուր դերի նվազումն է էներգետիկ համաշխարհային շուկայում՝ տեղը զիջելով գազին, որն ավելի էժան է և մատչելի:
- Էներգախնայողությունը և այլընտրանքային էներգիան հանգեցրել են նավթ սպառող հիմնական տարածքներում՝ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, նավթի սպառման ծավալների նվազման:- Նավթ սպառող նոր կենտրոններում` Չինաստանում և Հնդկաստանում, տնտեսական աճի էական դանդաղումը նույնպես նպաստել է այդ գործընթացին:
- ՕՊԵԿ անդամ հիմնական երկու պետությունների` Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև տնտեսական և քաղաքական հակասությունները շարունակում են խորանալ:- Կազմակերպության սահմանած արդյունահանման քվոտաները շարուն խախտվում են անդամ պետությունների կողմից:
1 Brief History, http://www.opec.org/opec_web/en/about_us/24.htm
2 Ольга Вяземская, Россия и ОПЕК: нам по пути?, Электронный журнал энергосервисной компании «Экологоческие системы», N 1, январь 2007, http://journal.esco.co.ua/2007_1/art123.htm
3Brief History, http://www.opec.org/opec_web/en/about_us/24.htm
4 Rasoul Sorkabi, The first oil shock, vol. 12, No 3, 2015, http://www.geoexpro.com/articles/2015/06/the-first-oil-shock
5 Նույն տեղում։
6 BP Statistical Review ofWorld Energy June 2016, https://www.bp.com/content/dam/bp/pdf/energy-economics/statistical-review-2016/bp-statistical-review-of-world-energy-2016-full-report.pdf
7 Rasoul Sorkabi, The first oil shock, vol. 12, No 3, 2015, http://www.geoexpro.com/articles/2015/06/the-first-oil-shock
8 World Oil Outlook, http://www.opec.org/opec_web/en/publications/340.htm
9 Ольга Вяземская, Россия и ОПЕК: нам по пути?, Электронный журнал энергосервисной компании «Экологоческие системы», N 1, январь 2007, http://journal.esco.co.ua/2007_1/art123.htm
10 Rasoul Sorkabi, The first oil shock, vol. 12, No 3, 2015, http://www.geoexpro.com/articles/2015/06/the-first-oil-shock
12 Rasoul Sorkabi, The first oil shock, vol. 12, No 3, 2015, http://www.geoexpro.com/articles/2015/06/the-first-oil-shock
13 Ольга Вяземская, Россия и ОПЕК: нам по пути?, Электронный журнал энергосервисной компании «Экологоческие системы», N 1, январь 2007, http://journal.esco.co.ua/2007_1/art123.htm
14 OPEC Net Oil Export Revenue in 2015 Drops to Lowest Level Since 2004 http://www.fuelsnews.com/opec-net-oil-export-revenue-2015-drops-lowest-level-since-2004/
15 BP Statistical Review ofWorld Energy June 2016, https://www.bp.com/content/dam/bp/pdf/energy-economics/statistical-review-2016/bp-statistical-review-of-world-energy-2016-full-report.pdf
Սեպտեմբեր, 2016թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]