• am
  • ru
  • en
Версия для печати
02.02.2017

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՎ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Руский

   


Գագիկ Հարությունյան

«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Եթե նրանք չհասկանան, որ մենք բերում ենք իրենց
մաթեմատիկորեն անսխալ երջանկություն,
մեր պարտականությունն է ստիպել նրանց լինել երջանիկ։
Եվգենի Զամյատին1, «Մենք»

Եթե փորձենք համակարգել 20-րդ դարի սկզբի ռուսաստանյան, իսկ հետո նաև խորհրդային ժամանակաշրջանի տեղեկատվական ոլորտում ընթացող զարգացումները, ապա դրանք ընդհանրական տեսքով կարելի է ներկայացնել հետևյալ փուլերով.

1. Բոլշևիկների ձեռնարկած ագիտացիոն-պրոպագանդիստական գործողություններն իշխանությունների դեմ (նախահեղափոխական և հեղափոխական շրջան), որոնք ավարտվեցին Ռուսական կայսրության փլուզումով և ԽՍՀՄ ստեղծումով (պայմանականորեն՝ 1905-1917թթ.),

2. ԽՍՀՄ-ում գաղափարախոսական և վարչական տոտալ վերահսկողության տակ գտնվող տեղեկատվական համակարգի հաստատում, որը որոշակի ձևափոխումների ենթարկվեց Հայրենական պատերազմի տարիներին։

Տեղեկատվական գործոնը հեղափոխական գործընթացներում. Առաջին փուլում տեղեկատվական գործընթացների տեսանկյունից շրջադարձային կարելի է համարել 1914թ. Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեջ մտնելն Անտանտի կազմում։ Պետք է արձանագրել, որ ցարական իշխանությունների տեղեկատվական քաղաքականությունը պատերազմական տարիներին դժվար է անվանել արդյունավետ։ Ինչ որ չափով այդ քաղաքականությունը հիշեցնում էր գերմանականին (տե՛ս [1]), քանի որ ռուսական սպայակազմը նույնպես իր արժանապատվությունից ցածր էր համարում տեղեկատվական հնարքներ կիրառել թշնամու դեմ։ Նկատենք, որ նույն նկատառումներով ցարական բանակի սպաներն անգամ պատերազմի տարիներին ձեռք չէին մեկնում հակահետախուզական ծառայության ներկայացուցիչներին, մինչդեռ բրիտանական բանակում վերջիններս մեծ հեղինակություն էին վայելում [2]։ Թերևս պատահական չէր, որ ստեղծված նման իրադրությունից օգտվեցին ոչ այնքան կայսրության արտաքին թշնամիները, որքան ներքին ընդդիմադիրները։ Վերջիններից հատկապես ակտիվ էր Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը (Российская социал-демократическая рабочая партия (большевиков)- РСДРП (б):

Բոլշևիկները մեծ ուշադրություն էին հատկացնում մամուլին և ագիտացիոն-պրոպագանդիստական գործոնին։ Արդեն 1900թ. ապագա «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ» Լենինի նախաձեռնությամբ հիմնադրվեցին «Իսկրա», իսկ հետո նաև «Սոցիալ-դեմոկրատ» և «Պրավդա» թերթերը, որոնք սկզբնական փուլում տպագրվում էին արտասահմանում և ոչ լեգալ ճանապարհներով տարածվում Ռուսաստանում։ Բոլշևիկներին հաջողվեց երկրում ստեղծել լավ կազմակերպված պրոպագանդիստական խմբակների ցանց, որոնց անդամներն այսպես կոչված «արգելված գրականություն» էին տարածում, սովորում և սովորեցնում էին քարոզչություն վարելու հմտությունները և կիրառում դրանք բանվորների ու այլ սոցիալական խմբերի (որոնց թվում զգալի մաս էին կազմում գիմնազիստները և ուսանողները) հետ հանդիպումների ժամանակ։ Ձեռք բերված գաղափարախոսական և կազմակերպչական փորձը թույլ տվեց բոլշևիկներին «իմպերիալիստական պատերազմի» սկսվելու առաջին իսկ օրերից ակտիվ տեղեկատվական գործունեություն ծավալել ցարական իշխանությունների դեմ։ Իրենց թռուցիկներում նրանք կոչ էին անում «վերջացնել պատերազմը գերմանացիների դեմ և սկսել պայքարել իրական թշնամու՝ ցարի և կառավարության դեմ»։ Ագիտացիոն հնարամտության օրինակ կարող է համարվել տարածում գտած մի թռուցիկ, որում որևէ կրոն և հավատք չընդունող աթեիստ բոլշևիկները, մեղադրելով «կաշառված» ցարական իշխանությանը պատերազմ հրահրելու հարցում, դիմում են ոչ միայն զինվորներին, այլև բոլոր ուղղափառ քրիստոնյաներին։ Սակայն հարկ է ամրագրել, որ բոլշևիկների տեղեկատվական հաջողությունները հիմնականում պայմանավորված էին իրենց գաղափարների գրավչությամբ. սոցիալիստական գաղափարախոսությունը, մասնավորապես, խոստանում էր ազատագրել աշխատավորներին ցարական բռնապետությունից և կապիտալիստական շահագործումից, հողը վերադարձնել գյուղացիներին, իսկ գործարանները հանձնել բանվորներին։

Նման գաղափարների տարածման գործում, թերևս, առավել գործուն էր բանավոր քարոզչությունը, որը հատկապես արդյունավետ էր, երբ համատեղվում էր պատերազմի դեմ վարվող այսպես կոչված «խրամատային ագիտացիայի» հետ։ Նման գործողությունների արդյունքում դասալքությունը ճակատից ընդունեց զանգվածային բնույթ։ Ի լրումն՝ պատերազմական Ռուսաստանում կուտակվել էին բազմաթիվ տնտեսական, սոցիալական և այլ հիմնախնդիրներ, կտրուկ աճել էր բնակչության դժգոհությունը։ Բնական էր, որ ստեղծված իրավիճակում բոլշևիկյան տեղեկատվա-հոգեբանական գործողությունների ազդեցությունը հանրային տրամադրությունների և կողմնորոշումների վրա խիստ մեծ էր։ Միևնույն ժամանակ, բոլշևիկների գործունեությունն իր հերթին ավելի էր վատթարացնում իրավիճակը։

Այս ամենին զուգահեռ՝ բոլշևիկներն իրենց պայքարում ունեին նաև յուրովի դաշնակիցներ՝ ի դեմս օտարերկրյա հատուկ ծառայությունների։ Հատկանշական է, որ դրանք միայն գերմանական հատուկ ծառայությունները չէին, որոնց գործողություններում առանձնահատուկ տեղ էր գրավում գերմանական գլխավոր շտաբի գործակալ, հանրահայտ Ալեքսանդր Պարվուսը [3]։ Կայսրության կազմալուծումն աշխարհաքաղաքական տեսանկյունից ցանկալի էր նաև Ռուսաստանի որոշ դաշնակիցներին։ Այս ամենը հիմք է տալիս անգամ որոշ վերլուծաբանների զուգահեռներ անցկացնել Հոկտեմբերյան հեղափոխության և մեր դարաշրջանի «գունավոր հեղափոխությունների» միջև:

Ի վերջո, վերոնշյալ, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների համախումբը թույլ տվեց բոլշևիկներին 1917թ. հոկտեմբերի 25-ին զավթել իշխանությունը և երկարատև (1917-1922թթ.) քաղաքացիական պատերազմից հետո (որում տեղեկատվական գործողությունները նույնպես կարևոր դերակատարում ունեին) հաստատել իրենց իշխանությունը նախկին կայսրության մի զգալի հատվածում։

Խորհրդային տեղեկատվական համակարգի ձևավորումը հետհեղափոխական ժամանակաշրջանում. Խորհրդային պետությունն իր ստեղծման առաջին տարիներից տեղեկատվական խնդիրները բարձրացրեց ինստիտուցիոնալ մակարդակի։ Արդեն 1920թ. բոլշևիկյան կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմում ստեղծվեց Ագիտացիոն-պրոպագանդիստական բաժինը՝ «Ագիտպրոպը»։ Այս բառակապակցությունը հետագայում ընկալվում էր որպես կոմունիստական քարոզչամեքենայի ընդհանրական անվանում։ Շատ չանցած՝ 1922թ., Նիժնի Նովգորոդ քաղաքում սկսեց գործել Կոմինտերնի (կոմունիստական ինտերնացիոնալ՝ «коминтерн») անվան ռադիոկայանը (որն այն ժամանակ համարվում էր ամենահզորներից մեկն աշխարհում)։ Ռադիոհաղորդումների նպատակն էր կոմունիստական գաղափարների տարածումն այլ երկրներում և հասարակություններում, ստեղծել «միացյալ ճակատ» կապիտալիզմի դեմ։ Այդ գաղափարներն արտահայտվում էին նաև զանգվածային տարածում ստացած պաստառներում, մամուլում, տարաբնույթ հանրահավաքներում և հավաքներում։ Հարկ է նկատել նաև, որ սոցիալիստական գաղափարախոսությունը 20-րդ դարի սկզբում իրոք գրավիչ էր ոչ միայն Ռուսաստանում, և դրա ապացույցն էին սոցիալիստական հեղափոխությունների փորձերը եվրոպական երկրներում՝ Գերմանիայում և Հունգարիայում 1918-1919թթ.։

Մեծ թափ ստացավ նաև կոմունիստական գաղափարախոսության և սկզբունքների քարոզչությունը ներքաղաքական հարթությունում։ Բանակի բոլոր ստորաբաժանումներում և քաղաքացիական հիմնարկներում պարտադիր ներդրվեց լայն իրավասություններ ունեցող զինվորական կոմիսարների և կուսակցական կոմիտեների քարտուղարների ինստիտուտը։ Այդ մարմինների խնդիրն էր ժողովների, քաղպարապմունքների և այլ միջոցառումների կազմակերպումը, որոնցում քննարկվում էին ոչ միայն ներքին և արտաքին քաղաքականության հարցերը, այլև տվյալ կոլեկտիվի անդամների քաղաքական կողմնորոշումներն ու անգամ նրանց «բարոյական կերպարը»։ Այդ միջոցառումներում լուսաբանվում էին նաև կուսակցության գլխավոր թերթի՝ «Պրավդայի» («Правда») առաջնորդող հոդվածները, որոնցում շեշտադրվում էին հրատապ խնդիրները և փաստացի հրահանգներ էին տրվում տեղային կուսակցական կազմակերպություններին։

Կուսակցական բջիջներին զուգահեռ՝ ձևավորվեց նմանատիպ կոմերիտական և արհմիութենական համակարգ, որոնք նույնպես ունեին իրենց պաշտոնական տեղեկատվական մարմինները՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомольская правда») և «Տրուդ» («Труд») թերթերը։ Անգամ մանկապատանեկան պիոներական կազմակերպությունն ուներ իր գլխավոր թերթը՝ «Պիոներսկայա պրավդա» («Пионерская правда»)։ Բացի նշված համամիութենական նշանակության թերթերից, բոլոր խորհրդային հանրապետություններում և մարզերում լույս էին տեսնում դրանց տեղայնացված տարբերակները։ Հայաստանում, օրինակ, հրատարակվում էր «Պիոներ կանչ» թերթը։

Այսպիսով, ձևավորվեց կենտրոնացված հիերարխիկ համակարգ, որում ներգրավված էին ինչպես կուսակցության գերագույն մարմինները՝ Քաղբյուրոն և Կենտրոնական կոմիտեն, այնպես էլ հանրապետությունների, մարզերի, քաղաքների, գյուղերի, շրջանների և առանձին հիմնարկների ու ձեռնարկությունների կուսակցական, կոմերիտական և արհմիութենական կազմակերպությունները։ Այդ համակարգում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ցանկացած տեղեկատվական արտադրանքի բովանդակությանը։ Նման հարցերով զբաղվում էր դեռևս 1922թ. հիմնված Գրականության և հրատարակչությունների գործերով գլխավոր վարչությունը, որը հայտնի էր «Գլավլիտ» («Главлит» - Главное управление по делам литературы и издательств) անվամբ2։ Այս մարմնի խնդիրն էր գրաքննության ենթարկել բոլոր հրատարակվող (մամուլի հոդվածներից մինչև բանաստեղծությունները), հեռարձակվող նյութերը, կինոֆիլմերը, բեմականացումները և գեղանկարչական, քանդակագործական ստեղծագործությունները։

Վերոնշյալ խստություններին զուգահեռ, որոնք արգելակում էին տեղեկատվական ոլորտի զարգացումը, Խորհրդային Միության ղեկավարությունը, ի թիվս այլ հարցերի, ընդհարվեց մի խնդրի, որին տրված լուծումները՝ գուցե և միջնորդավորված, զգալիորեն նպաստեցին հասարակությունում տիրող տեղեկատվական միջավայրի բարելավմանը։ Այդ հարցի էությունը հետևյալն էր։

Շրջափակման մեջ գտնվող խորհրդային պետությունն ուներ լրջագույն հիմնախնդիրներ՝ կապված հեղափոխական շրջանում քայքայված տնտեսության վերականգնման հետ։ Այդ խնդիրը լուծելու համար ձևավորվեց տնտեսության պլանային համակարգը, կազմվեցին ինդուստրիալացման ծրագրերը, որոնք առաջին հերթին ուղղված էին հզոր ռազմական արդյունաբերություն ստեղծելուն։ Սակայն այդ հարցերի լուծումն անհնար կլիներ առանց ամենատարբեր բնագավառների առաջատար և բարձրակարգ մասնագետների, գրագետ ու որակյալ տեխնիկական անձնակազմի և բանվորների։ Նման կադրեր աճեցնելու նպատակով ձևավորվեց կրթական և գիտական բավական կուռ համակարգ, որի շնորհիվ ստացված արդյունքներն ավելի քան տպավորիչ էին։ Այս նույն համատեքստում լուծվեց բնակչության համընդհանուր գրագիտության խնդիրը (մինչև իսկ ամենահեռավոր գյուղերում գործում էր այսպես կոչված «լիկբեզ» («անգրագիտության վերացում»՝ «ликвидация безграмотности» բառակապակցության հապավում) նախագիծը, հիմնվեցին բազմաթիվ ուսումնական և գիտական հաստատություններ (բավական է նշել, որ 1918-1923թթ., երբ դեռ ընթանում էր քաղաքացիական պատերազմը, երկրում ստեղծվեցին տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ), ձևավորվեց միութենական գրադարանային համակարգ (անգամ ամենափոքր բնակավայրերում հիմնադրվեցին գրադարաններ)։ Դեռևս 1920թ. ստեղծվել էր հատուկ մարմին՝ Գլխավոր քաղաքական-լուսավորչական կոմիտե (ավելի հայտնի է Գլավպոլիտպրոսվետ («Главполитпросвет») անվամբ), որը զբաղվում էր այդ խնդիրներով, և որը տարբեր անվանումներով ու ձևաչափերով գործում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Դրանցից առավել հայտնին «Գիտելիք» կազմակերպությունն էր, որն, ի դեպ, վերականգնվեց Ռուսաստանում 2016թ.՝ փոքր-ինչ այլ կառուցվածքով և նպատակներով։ Սովորելու և գիտելիքներ ստանալու անհրաժեշտության հարցերն այդ մարմնի շնորհիվ լայնորեն քննարկվում և շրջանառվում էին մամուլում, ռադիոհաղորդումներում, կուսակցական, կոմերիտական և պիոներական հավաքներում։ Այդ քարոզչությունն իր արտահայտությունն էր գտնում բազմաթիվ կարգախոսներում ու պաստառներում։

Վերոնշյալի համատեքստում ուշադրության արժանի է նաև հետևյալ հանգամանքը։ Ռուսաստանյան մտավորականության մի զգալի մասը, չընդունելով բոլշևիկյան համակարգը, տարբեր ճանապարհներով և զանազան հնարքներ կիրառելով, լքեց հայրենիքը։ Նկատենք, որ էմիգրանտների շրջանում քիչ չէին նաև սոցիալիստական գաղափարախոսության համակիրները, օրինակ՝ նույն Եվ. Զամյատինը, որի խոսքերն են որպես բնաբան ծառայել այս հոդվածի համար։ Մինչդեռ մտավորականության ներուժը խիստ անհրաժեշտ էր խորհրդային պետությանը ոչ միայն սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման, այլև վերոնշյալ գիտական, մշակութային և կրթական համակարգը ստեղծելու համար։ Այս հարցերը լուծելու նպատակով խորհրդային իշխանությունները դիմեցին մի շարք քայլերի։ Առաջինն այն էր, որ գրավիչ աշխատանքային և կենցաղային պայմաններ առաջարկելով՝ փորձում էին հետ կանչել այլ երկրներում գտնվող գիտնականներին, արվեստագետներին ու ընդհանրապես մտավորականությանը։ Դա հետագայում կիրառվող այն մոտեցման նախադեպը հանդիսացավ, երբ իշխանություններն առավել կարևորում էին ոչ թե տվյալ անձի հավատարմությունը խորհրդային կարգերին, այլ նրա պրոֆեսիոնալ կարողությունները (բնականաբար, այս սկզբունքը գործում էր որոշակի սահմաններում, և «կարգազանցները» պատժվում էին ստալինյան ռեժիմի ամբողջ խստությամբ)։ Զուգահեռ՝ արտոնյալ պայմաններ էին ստեղծվում երկրում մնացած մասնագետների համար, որոնց մի զգալի մասը նույնպես թերահավատորեն էր տրամադրված տիրող կարգերի նկատմամբ։ Նկատենք, որ Հայաստանում գիտության և կրթության հետ կապված հիմնախնդիրներին մեծ կարևորություն էր տալիս Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալ.Մյասնիկյանը (1886-1925թթ.)։ Նրա ծավալած գործունեությունը հենք հանդիսացավ Երկրորդ հանրապետության կայացման և հետագա զարգացման համար։

Վերը ներկայացվածի համատեքստում հարկ է վերհիշել, որ գիտակրթական խնդիրներին ուղղված քաղաքականությունը տեղեկատվական ռազմավարության մասն է կազմում։ Այս համատեքստում կարելի է ամրագրել, որ գիտելիքների վրա խարսխված խորհրդային հանրության և ծայրահեղականացված գաղափարախոսական քարոզչության միջև գոյացած անտագոնիզմը շարունակաբար խորացավ և հետագայում դարձավ խորհրդային համակարգի փլուզման հիմնական պատճառներից մեկը։

1 Ռուս ականավոր գրող (1884-1937թթ.), որը, տարված լինելով հեղափոխական գաղափարներով, միևնույն ժամանակ ընդդիմանում էր բոլշևիկյան մոտեցումներին մի շարք սկզբունքային հարցերում։

2 Նկատենք, որ գրաքննության ավանդույթն այս կամ այն ձևով բնորոշ էր բոլոր դարաշրջաններին, սակայն ինստիտուցիոնալ կառույցի տեսքով այն ձևավորվել է 1559թ., երբ կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես սկսեց հրատարակել այսպես կոչված «արգելված գրքերի ցուցիչը», որում ներկայացված էին արգելված գրականության ցուցակները։ Այդ գործառույթից Վատիկանը պաշտոնապես հրաժարվեց միայն 1966թ.։

Գրականություն

1. Գագիկ Հարությունյան, Երրորդ ռեյխի տեղեկատվական քաղաքականությունը, ԳԼՈԲՈՒՍ, #10 (79), էջ 5, 2016։

2. Գագիկ Հարությունյան, Անգլո-ամերիկյան տեղեկատվական գործողությունները Համաշխարհային պատերազմներում, ԳԼՈԲՈՒՍ, #9 (78), էջ 5, 2016։

3. Земан З., Шархау У., «Кредит на революцию. План Парвуса» /Пер. с англ. Л.А. Игоревского, М., ЗАО Центрполиграф, 2007, 319 с.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր