
«ԵՐՐՈՐԴ ՌԵՅԽԻ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խզում իրականության և քարոզչության բովանդակության միջև
Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն
Հատկանշական է, որ Գերմանիան գրեթե մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ., ագիտացիոն-պրոպագանդիստական գործողություններ չէր վարում, քանի որ դա, ըստ գերմանացիների պատկերացումների, հակասում էր պատերազմ վարելու օրենքներին։ Հակամարտությունների ընթացքում նման մոտեցման անհեռանկարայնությունն առավել սուր գիտակցել էր Երրորդ ռեյխի ապագա առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, որն իր 1925-1926թթ. հրապարակած «Mein Kampf» («Իմ պայքարը») ծրագրային գրքում իրեն բնորոշ անառարկելի ոճով գրել էր, որ եթե «Անգլիայում պրոպագանդան դարձել էր առաջնակարգ զենք, ապա մեզ մոտ այն գործազուրկ քաղաքական գործիչներին նետված ողորմություն էր»։
Հիտլերը և նրա համախոհներն ավելի քան կարևորեցին տեղեկատվական գործոնը։ Այն առաջնային տեղ գրավեց նրանց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։ Նրանց հիմնած Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունում արդեն 1930թ. ստեղծվում է ագիտացիոն-պրոպագանդիստական ոլորտի պատասխանատուի (այսպես կոչված ռեյխսլայթերի) պաշտոն, որի ղեկավար է նշանակվում Յոզեֆ Գեբելսը։ Նկատենք, որ 1933-ին սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում գտնվող Գերմանիայում Հիտլերի իշխանության գալը մեծ չափով պայմանավորված էր նաև նրա պրոպագանդիստական և ագիտատորական ունակություններով։ Նա կարողանում էր գտնել կոնկրետ լսարանի համար հրատապ թեմաները և մեծ եռանդով ներկայացնում էր ընկալման համար պարզ «լուծումներ»։ Այդ համատեքստում զարմանալի չէ, որ 1936թ. Նյուրնբերգում կայացած նացիոնալ-սոցիալիստների համագումարի դահլիճում փակցված էր մի մեծ պաստառ, որի վրա գրված էր. «Պրոպագանդան օգնեց մեզ գալ իշխանության։ Պրոպագանդան մեզ կօգնի պահել իշխանությունը։ Պրոպագանդան մեզ կօգնի նվաճել ողջ աշխարհը»։ Նյուրնբերգի համագումարում, կարելի է ասել, վերջնականորեն ձևավորվեց նացիստական գաղափարախոսությունը, և այդ առումով բնորոշ էր մասնակիցներից մեկի ելույթը, ըստ որի՝ գոյություն պետք է ունենար ընդամենը մեկ հասկացություն՝ «բացարձակ գերմանացին, որը միշտ և ամենուր մնում է գերմանացի և միայն գերմանացի, ինչն էլ իրեն դարձնում է նացիստ»։ Հատկանշական է, որ նույն քաղաքում ընդամենը 9 տարի հետո կայացավ Երրորդ ռեյխի ղեկավարության միջազգային դատավարությունը։
Վերը հիշատակված Յոզեֆ Գեբելսը նացիստների իշխանության գալուց հետո ստանում է Ժողովրդական լուսավորության և պրոպագանդայի նախարարի (ռեյխսմինիստրի) պաշտոնը։ Սահմանելով տոտալ վերահսկողություն բոլոր միջոցների վրա՝ սկզբնական շրջանում այդ կառույցին հաջողվում է մոբիլիզացնել Գերմանիայի բնակչությանը նացիոնալ-սոցիալիզմի գաղափարների շուրջ։ Դա պայմանավորված էր առաջին հերթին նրանով, որ Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունը բարդույթներ էր առաջացրել գերմանական հանրությունում, քանի որ այդ երկիրը (համաձայն 1919թ. կնքված Վերսալյան պայմանագրի) զրկվել էր իր տարածքների մի զգալի մասից՝ Էլզաս-Լոթարինգիան վերադարձվել էր Ֆրանսիային, Լեհաստանին էր տրվել Արևմտյան Պրուսիայի մի մասը և այլն)։ Այդ համատեքստում հիտլերյան կոչերը գերմանացիների արտակարգ ազգ լինելու և ռազմական ռևանշի վերաբերյալ դրական էին ընկալվում հասարակությունում։ Այս ամենի համատեքստում պատահական չէ, որ նացիստները 1933թ. վերցրին իշխանությունը ոչ թե հեղափոխության, այլ պառլամենտական ընտրությունների արդյունքում։ Ինչպես տեսնում ենք, ժողովրդավարական ինստիտուտների առկայությունը, համապատասխան տեղեկատվական-հոգեբանական մթնոլորտ ստեղծելու դեպքում, չի կարող երաշխավորել այս կամ այն ծայրահեղական ուժի իշխանության գալը։
Կարևոր հանգամանք էր նաև այն, որ Հիտլերի իշխանության գալը հանգեցրեց տնտեսական վերելքի տնտեսապես կազմալուծված երկրում։ Այդ համատեքստում ուշադրության արժանի են սոցիալական և գաղափարախոսական ուղղվածության կոչերը՝ «Գերմանիան առանց կապիտալիստների և կոմունիստների»։
Այլ խոսքով՝ պետք է ընդունել, որ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսության տոտալ պրոպագանդան ինչ-որ չափով ադեկվատ էր հանրությունում իշխող տրամադրություններին և դրդում էր նրանց հետևել հիտլերյան գաղափարախոսության սկզբունքներին և դրույթներին։ Այդ ամենին նպաստում էին Հիտլերի կրքոտ ելույթները զանազան հանրահավաքներում և հանդիպումներում։ Իր ճառերը նա պատրաստում էր օրերով՝ մշակելով շեշտադրումները, բաց չթողնելով ոչ մի մանրուք, և դրանք, մասնագետների կարծիքով, դասվում են հռետորական արվեստի լավագույն օրինակների շարքին։ Համաձայն պահպանված վկայությունների, ֆյուրերի ելույթները հիպնոսող հատկություն ունեին։ Կարևոր նշանակություն էին ձեռք բերել արարողական բնույթ կրող ժեստերը և ողջույնի բացականչությունները։ Հայտնի «զիգ հայլը» («Sieg Heil» նշանակում է «կեցցե՛ հաղթանակը») շրջանառության մեջ է դրվել արդեն հիշատակված նյուրնբերգյան համագումարում։ Նկատենք նաև, որ նացիստների ամենացայտուն ժեստը՝ աջ ձեռքն առաջ պարզելը, ֆյուրերը փոխ էր առել Հռոմի կեսարներից, բայց փոխել էր շարժման հետագիծը. կեսարները ողջունում էին Հելիոս աստծուն ափը վեր, Հիտլերն իր ժողովրդին ողջունում էր ափը ներքև, ինչը ճնշման նշանն է։ Այս առիթով նշենք, որ ըստ արդեն հետպատերազմյան շրջանում կատարված հետազոտությունների, լայն լսարանին ուղղված ցանկացած «ուղերձ» կազմված է ընդամենը 7% բառերից, 38% ինտոնացիայից, իսկ տեղեկատվության մնացած 55%-ը փոխանցվում է ժեստերի լեզվով։
Վերոնշյալի համատեքստում բնական էր նացիոնալ-սոցիալիստների մեծ ուշադրությունը մամուլի նկատմամբ։ Արդեն 1933թ. ընդունվում է մամուլի մասին օրենքը, որը փաստորեն հանգեցրեց նրան, որ խմբագրություններից հեռացվեցին հրեական ծագում ունեցող աշխատակիցները։ Բավական արագ տոտալ վերահսկողություն սահմանվեց թերթերի և ամսագրերի վրա, իսկ «Ֆոլկիշե Բեոբախտեր» («Ազգային դիտորդ») թերթը, որը նացիոնալ-սոցիալիստների գլխավոր խոսափողն էր, գլխավորում է կուսակցության գլխավոր տեսաբան Ալֆրեդ Ռոզենբերգը։
Մամուլին զուգահեռ, նացիոնալ-սոցիալիստները հատուկ ուշադրություն էին դարձնում նաև պրոպագանդայի տեխնիկական միջոցներին, որոնցից կարևորագույնն այդ ժամանակաշրջանում ռադիոն էր։ Նրանց ջանքերով 1933թ. սկսվեց այսպես կոչված «Ժողովրդական ռադիոընդունիչի» (Ֆոլկս-էմպֆենգեր, Volks-empfänger) զանգվածային արտադրությունը, որի գինը շուրջ 5 անգամ ավելի էժան էր, քան այն ժամանակ շրջանառության մեջ գտնվող ռադիոընդունիչներինը։ Դա պետք է մատչելի դարձներ ռադիոընդունիչի գնումը և այդպիսով ապահովեր ռադիոհաղորդումների ունկնդրումն ամեն մի գերմանական ընտանիքում։ Այդ հաղորդումներում Գեբելսը տեսնում էր նաև անհատականության և ինտելեկտուալների դեմ պայքարի հնարավորություններ։ Ի լրումն, «պրոպագանդայի նախարարն» ամեն օր կազմակերպում էր մամլո ասուլիսներ, որոնցում օգտագործում էր նոր բառակապակցություններ, որոնք պետք է կիրառեին լրագրողները և այդպիսով «լվային» իրենց լսարանի «ուղեղները»։
Սակայն այն պահից, երբ պատերազմի անբարենպաստ ընթացքն էապես նվազեցրեց գերմանացիների հավատքը նացիոնալ-սոցիալիզմի հանդեպ, բնակչությունը դրանցով սկսեց ունկնդրել ոչ թե նացիստական առաջնորդների ճառերը, այլ, մասնավորապես, բրիտանական ռադիոհաղորդումները։ Այսինքն՝ Ռեյխի «ներքին լսարանում» տեղի ունեցավ խզում նացիստական քարոզչության միջոցով ներշնչվող պատրանքների և իրականության միջև, ինչը ցանկացած բնույթի տեղեկատվական քաղաքականության համար տապալման կամ, նազագույնը, անհաջողության չափանիշ է հանդիսանում։ Սակայն անգամ այդ իրավիճակում «Ժողովրդական ռադիոընդունիչների» վաճառքը շարունակվում էր, քանի որ մոլեռանդորեն տրամադրված նացիստական ղեկավարությունը համոզված էր, որ իրենց պրոպագանդան անհամեմատ ավելի գործուն է, քան հակառակորդինը, ինչը բնավ չէր համապատասխանում իրականությանը։
Գերմանիան առաջին երկրներից էր, որտեղ տարածում գտավ հեռուստատեսությունը։ Բեռլինում 1935թ. սկսվեցին առաջին կանոնավոր հեռուստահաղորդումները, իսկ արդեն 1936-ին Գերմանիայում անցկացվող օլիմպիական խաղերը լիարժեքորեն լուսաբանվում էին հեռուստատեսությամբ։ Գեբելսը հեռուստատեսության մեջ տեսավ քարոզչական աշխատանքի նոր հնարավորություններ, նա ծրագրում էր այդ տեղեկատվական միջոցը դարձնել նույնքան զանգվածային, որքան ռադիոն։ Սակայն պատերազմի ընթացքը խորտակեց նրա հույսերը։
Միևնույն ժամանակ, չնայած բոլոր ջանքերին, ներքին լսարանին ուղղված տեղեկատվական քաղաքականությունը հաջողություն ուներ միայն պատերազմի առաջին տարիներին, երբ վերմախտը (գերմանական բանակը) մեկը մյուսի հետևից գրավում էր Լեհաստանը, Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ։ Իհարկե, ժողովրդական ոգևորությունը սկսեց արագ մարել Արևելյան ճակատից ստացվող անմխիթար լրատվության և անգլո-ամերիկյան դաշնակիցների սաստկացող ռմբակոծություններին զուգընթաց։
Արտաքին լսարանին ուղղված տեղեկատվական գործողություններում գերմանական ծառայությունների ձեռքբերումները, չնայած առանձին հաջողություններին, շատ ավելի համեստ էին, թեև այդ ոլորտում նացիստները կարողացել էին կենտրոնացնել մարդկային և նյութական զգալի ռեսուրսներ։
ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սկսելու նախաշեմին Գեբելսի նախարարության կազմում ստեղծվեց խիստ գաղտնի «Վինետա» կազմակերպությունը, որի գլխավոր խնդիրն էր հակառակորդի դեմ տեղեկատվա-հոգեբանական գործողություններ կազմակերպելը։ «Վինետայի» մոտեցումները, թերևս, լավագույնս ներկայացված են պատերազմից հետո բացահայտված գրավոր ցուցումներում։ Ըստ դրանց, տեղեկատվական գործողությունների գլխավոր նպատակը հակառակորդի զինվորների վստահությունը գրավելն է, և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կիրառել ցանկացած մեթոդներ։ Ինչպես գրված էր այդ փաստաթղթերում. «Քայքայման պրոպագանդան կեղտոտ գործ է, որն ընդհանուր ոչինչ չունի հավատի կամ աշխարհայացքի հետ։ Այս գործում վճռականն ինքը՝ արդյունքն է։ Եթե մեզ հաջողվի նվաճել հակառակորդի վստահությունը նրանով, որ մենք կեղտ լցնենք մեր ֆյուրերի և նրա զինակիցների, մեր մեթոդների և մեր աշխարհայացքի վրա, և եթե մեզ հաջողվի թափանցել հակառակորդի զինվորների՝ մեր առջև բացված հոգիները, նրանց մեջ քայքայիչ կարգախոսներ գցել (բնավ կապ չունի՝ կլինեն դրանք մարքսիստական, հրեական, թե մտավորականական կարգախոսներ, միայն թե գործուն լինեն), ապա դրանով անհամեմատ շատ ավելին ձեռք կբերվի, քան բոլշևիկյան վտանգի և պլուտոկրատական համակարգի մասին ամենահասկանալի քարոզով»։ Նման մոտեցումների առիթով տեղին է հիշել Սուն Ցզիի հայտնի տրակտատի դրույթները։
Ինչպես և այլ երկրների տեղեկատվական պատերազմ վարող կառույցները, գեբելսյան գերատեսչությունը սերտորեն համագործակցում էր Ռեյխի հատուկ ծառայությունների հետ։ Այդ համագործակցությունը լոկ տվյալներ ստանալով և փոխանակելով չէր սահմանափակվում։ Օրինակ, գերմանական ռազմական հետախուզությունը՝ «Աբվերը»1, ռուսների հոգեկերտվածքը հասկանալու համար բավական ծավալուն հետազոտություն էր կատարել, որտեղ ուսումնասիրել էին ռուսական «բիլինաները» (առասպելները) և ժողովրդական հեքիաթները։ Այդ տվյալները մշակվում և ռեալ հարթությունում կիրառվում էին վերմախտի մի քանի մասնագիտացված վարչություններից կազմված Վարչական խմբում (ղեկավար՝ գեներալ-մայոր Հանս ֆոն Վիդալ), որը կազմակերպում էր անմիջական պրոպագանդիստական աշխատանքը ռազմական գործողությունների թատերաբեմերում։ Այդ խմբի աշխատանքների լայնածավալության մասին է վկայում, մասնավորապես, այն փաստը, որ վերմախտի և էսէսական զորամիավորումների կազմում գործում էին պրոպագանդա վարող 33 վաշտ և մի հատուկ խումբ՝ բաղկացած 250 նկարիչներից։ Իսկ գերմանական ռադիոկայաններն արդեն 1940թ. ամռանն իրականացնում էին հաղորդումներ 30 լեզուներով։ Նման լայն լսարանի ընդգրկումը հասկանալու համար բավական է վերհիշել նացիոնալ-սոցիալիստների կարգախոսները՝ «Գերմանիան վեր է բոլորից» և «Պրոպագանդան մեզ կօգնի նվաճել ողջ աշխարհը»։
Պետք է նկատել, սակայն, որ տեղեկատվական գործողությունները պատերազմում չէին սահմանափակվում միայն քարոզչական աշխատանքով։ Բավական արդյունավետ էր գործում գերմանական ռադիոորսումների ծառայությունը։ Օրինակ, նրանք սովորել էին նմանակել խորհրդային ղեկավարների ձայները և այդ եղանակով երբեմն համապատասխան «հրահանգներ էին տալիս» խորհրդային ռազմական ու վարչական ստորաբաժանումներին։
Բոլոր պարագաներում, չնայած բավական մեծ ջանքերին (միայն Արևելյան ճակատում գերմանացիները շուրջ 6 մլրդ թռուցիկ էին տարածել) Երրորդ ռեյխի պրոպագանդիստական–ագիտացիոն գործողությունները հակառակորդի դեմ՝ չնայած առանձին հաջողություններին, արդյունավետ չեղան։ Դա պայմանավորված էր այն փաստով, որ գերմանական հատուկ ՍՍ ստորաբաժանումները (որոնցում ծառայում էին միայն նացիոնալ-սոցիալիստական կուսակցության երաշխավորությունն ունեցողները), պատժիչ կառույցները, հատկապես քաղաքական ոստիկանությունը (գեստապոն) և ընդհանրապես օկուպացիոն զորքերն իրականացնում էին զանգվածային մահապատիժներ և դաժանություններ։ Բավական է նշել, որ ԽՍՀՄ տարածքում ոչնչացվել է շուրջ 10 մլն խաղաղ բնակիչ, իսկ միայն Օսվենցիմի և Մայդանեկի համակենտրոնացման ճամբարներում սպանվել է շուրջ 1 մլն մարդ, որոնց հիմնական մասը կազմում էին հրեաները։ Այս իրողություններն առաջացնում էին այսպես կոչված խզում ռեալ կյանքի և գերմանական տեղեկատվական միջոցներով հորինված պատկերացումների միջև։ Ինչպես և ներքին լսարանի պարագայում (տե՛ս վերը), նման խզումն իմաստազրկում էր Երրորդ ռեյխի տեղեկատվա-հոգեբանական ջանքերը հակառակորդի և՛ խաղաղ բնակչության, և՛ զինվորականության միջավայրում։ Այս իրողությունը հաստատում է Սուն Ցզիի այն ասույթը, որ «պատերազմում հարկ է խուսափել վայրագություններից, որովհետև դա դիմադրություն է առաջացնում և հակառակորդին հնարավորություն ընձեռում պատերազմը շրջել իր օգտին»։
Այսպիսով, նացիստների վարած ընդհանրական քաղաքականությունը, որի մեջ կարևորվում էր տեղեկատվական բաղադրիչը, ամենուր առաջացնում էր դիմադրություն, որը և հանգեցրեց Երրորդ ռեյխի տապալմանը։
Վերոնշյալից հետևում է, որ անգամ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրագործվող տեղեկատվա–հոգեբանական գործողություններն ունեն ազդեցության հստակ սահմանափակումներ: Եթե տեղեկատվական հորդորները և ներկայացվող «հրապույրները» հակասում են մարդկանց շրջապատող իրողություններին, ապա վաղ թե ուշ դրանք անխուսափելիորեն արժեզրկվում են և սկսում են աշխատել «հակառակ նշանով»։ Նման պարագայում իրագործվող տեղեկատվական գործողությունները փաստացի վերածվում են հակապրոպագանդայի և հակաագիտացիայի՝ վարկաբեկելով և՛ ուղերձներում պարունակվող գաղափարները, և՛ դրանց հեղինակներին։ Այս համատեքստում զարմանալի չէ, որ նացիստական գաղափարախոսությունը և Գեբելսի նախարարությունը՝ մասնավորապես, ավելի քան տխուր վախճան ունեցան։
1 Գերմաներեն Abwehr՝ պաշտպանություն։ 1920-1944թթ. այդպես էին կոչվում գերմանական զինված ուժերի բոլոր այն կառույցները, որոնք իրագործում էին հետախուզության և հակահետախուզության գործառույթներ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]