
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ( 2016Թ. ԱՇՆԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ)

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ
Հայաստանի համացանցում սոցիալական ցանցերը մնում են հիմնական հարթակները։ Բացի դրանից, սոցիալական ցանցերին է ուղղված ինտերնետից օգտվողների հիմնական հետաքրքրությունը։ Այցելությունների աճ նկատվում է գրեթե բոլոր հարթակներում։ Սակայն նկատվում է հարթակների լսարանների վերաբաշխում։ 2016թ. ընթացքում ռուսաստանյան «Օդնոկլասնիկի» սոցցանցը զիջում է դիրքերը, մյուս կողմից՝ սկսում է դանդաղել «Ֆեյսբուքի» աճը, առաջ են գալիս նոր հարթակներ։
Ըստ Google Trends համակարգի, Հայաստանից վերջին մեկ տարվա ընթացքում Google համակարգի միջոցով որոնվող բառերի ամենատարածված հնգյակի մեջ գտնվում են միայն սոցիալական ցանցերի անվանումները (տե՛ս Նկար 1).
Սակայն նկատվում է սոցցանցերի լսարանների վերաբաշխում։ Մինչև վերջերս Հայաստանն այն եզակի երկրներից էր, որտեղ «Ֆեյսբուքը» չէր ամենից շատ այցելվող սոցիալական ցանցը։ Ռուսաստանյան «Օդնոկլասնիկին» միշտ եղել է Հայաստանում առաջատար սոցիալական ցանցը։ Սակայն վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ շաբաթ առ շաբաթ Հայաստանից այցելություններն «Օդնոկլասնիկի» նվազում են։ Վերջին կես տարում անկումը մոտ 25% է կազմել (տե՛ս Նկար 2).
Մյուս կողմից՝ «Ֆեյսբուքի» Հայաստանից ակտիվ օգտատերերի թիվը ամսական կտրվածքով հասել է արդեն մեկ միլիոնի։ Օրական լսարանը հասնում է մոտ 650 հազարի։ Չնայած լսարանի աճը շարունակվում է, սակայն այն դանդաղել է․ վերջին երեք ամսում աճը կազմել է ընդամենը մոտ 5%։
Մեկ այլ սոցիալական ցանց, որը պատկանում է «Ֆեյսբուք» կորպորացիային, «Ինստագրամը», հակառակը, աճում է արագ տեմպերով։ Այստեղ օրական օգտվողների թիվը Հայաստանից հասնում է 110 հազարի, իսկ ամսական կտրվածքով լսարանը հասնում է 200 հազարի, ամսական աճը՝ 15%-ի։ Ըստ Similarweb կազմակերպության գնահատականի, «Ինստագրամն» արդեն այցելություններով տասնմեկերորդ տեղում է հայտնվել Հայաստանում1 (տե՛ս Նկար 3).
«Թվիթերի» դեպքում լսարանի գնահատումը բավական բարդանում է, քանի որ հիմնականում կատարվում են ավտոմատացված հեռարձակումներ կայքերից կամ այլ սոցցանցերից, և տվյալ օգտատերերի ակտիվությունը շատ դեպքերում թվացյալ է, որովհետև իրենք չեն այցելում սոցցանց։ «Թվիթերի» հայաստանյան լսարանը մոտավորապես կարելի է գնահատել մոտ 15-20 հազար օգտատեր, որոնց մեջ են նաև նշված ավտոմատացված հաշիվները։ Հարկ է նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում նկատվում է սոցցանցի ակտիվացում հատկապես երիատասարդության շրջանում։
«Թվիթերի» և «Ինստագրամի» դեպքում նկատվում է սեռային անհավասարակշռություն․ այստեղ օգտվողների մոտ երկու երրորդը կանայք են։ «Ֆեյսբուքում» սեռային բաշխումը հավասար է։
Ռուսաստանյան «ՎԿոնտակտե» սոցցանցում, ըստ հարթակի գովազդային համակարգի տվյալների, գրանցված է 1 146 000 հայաստանցի, Հայաստանից այցելություններով նույնպես այս սոցցանցը տասնյակի մեջ է2։ Մյուս կողմից՝ այցելուների հիմնական մասը «ՎԿոնտակտե»-ն օգտագործում է ոչ որպես սոցիալական ցանց, այլ միայն որպես երաժշտություն լսելու և ֆիլմեր նայելու հարթակ, Հայաստանից օգտատերերի ակտիվությունը քննարկումներում շատ ցածր է։
Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ Հայաստանից սոցցանցերի այցելուների թիվը շարունակում է աճել, չնայած այն արդեն չունի պայթյունային բնույթ ինչպիսին էր 2011-2015թթ. Ընթացքում3։ Նկատվում է հագեցվածություն, մյուս կողմից՝ լսարանների վերաբաշխում սոցցանցերի միջև։
1 https://www.similarweb.com/top-websites/armenia
2 https://www.similarweb.com/top-websites/armenia
3 Սամվել Մարտիրոսյան, Սոցիալական ցանցերը Հայաստանում (2015թ. տվյալները)։ http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13686
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]