
ՆԱՎԹԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Արմեն Մանվելյան
Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ, պ.գ.թ.
2014թ. սեպտեմբերից նավթի գների շարունակական անկումը հանգեցրել է Մեծ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական իրավիճակի կտրուկ փոփոխման, ինչն իր հերթին խորացրել է տարածաշրջանում առկա ճգնաժամերը և հանգեցրել ռազմաքաղաքական հավասարակշռության փոփոխության: Նավթով և գազով հարուստ տարածաշրջանների և պետությունների անվտանգային դինամիկան էականորեն կախված է նավթի ու գազի գնագոյացման մեխանիզմներից և դրանց վրա ազդելու իրենց ընդունակությունից, հետևաբար դրա ուսումնասիրությունը կարևոր է՝ հասկանալու համար գների փոփոխման պատճառները:
Նախ պետք է շեշտել այն գործոնները, որոնք առաջնահերթ ազդում են նավթի գնագոյացման վրա։ Դրանք են`
1. տնտեսական,
2. աշխարհաքաղաքական,
3. բորսային կամ սպեկուլյատիվ,
4. դոլարային:
Գնագոյացման վրա ազդում են այլ գործոններ ևս, օրինակ՝ բնակլիմայական փոփոխությունները, տեխնոլոգիաների զարգացումը, վերականգնողական և միջուկային էներգետիկան և այլն, սակայն այսօր կանգ կառնենք նշված չորս գործոնի վրա:
Նշենք, որ նավթի գնի ձևավորումը բավական բարդ գործընթաց է, որտեղ մեծ է մի շարք գործոնների համընկնման դերը, ինչն էլ հանգեցնում է այն բանին, որ նավթի գների կանխատեսումը դժվարանում է, ինչի պատճառով էլ շատերն այն համարում են քաոտիկ: Սակայն իրականում այստեղ կա հստակ տրամաբանություն. դրա հաշվարկը բարդ, սակայն հնարավոր գործողություն է:
Առաջին գործոնը տնտեսականն է։ Ինչպես և ցանկացած ապրանք, նավթի գինը ձևավորվում է շուկայում պահանջարկի և առաջարկի հաշվեկշռի արդյունքում: Հասկանալի է, որ առաջարկի ավելացման դեպքում գինը նվազում է, իսկ պահանջարկի ավելացման դեպքում` բարձրանում: Նավթի գնի փոփոխությունը` դրա բարձրացումը, վերջին տասնամյակում պայմանավորված է այսպես կոչված չինական ֆենոմենով: Չինաստանի տնտեսության աննախադեպ աճը, որը սկսվեց անցած դարի 90-ականներին, հանգեցրեց նավթի պահանջարկի կտրուկ ավելացման:
Չինաստանը, որն ինքը նավթ արտահանող պետություն էր, ստիպված էր դեռ անցած դարի 90-ական թվականների վերջին դադարեցնել նավթի արտահանումը սեփական ավելացող կարիքները բավարարելու համար: Սա էլ իր հերթին հանգեցրեց նավթի պահանջարկի կտրուկ աճի միջազգային շուկայում և, որպես արդյունք, նավթի գնի թանկացման: Եվ եթե 2000թ. նավթի մեկ բարելի արժեքը մոտ $22 էր, ապա 2008թ. այդ գինը հասավ $146-ի:
Նավթի գնի անկման պատճառներից մեկը ևս չինական գործոնն էր։ 2010թ. սկսվեց Չինաստանի տնտեսության աճի դանդաղումը, ինչն էլ 2014թ. աշնանը հանգեցրեց նավթի պահանջարկի նվազման և գների անկման:
Նավթի գնի անկման մյուս «մեղավորը» Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որը, լինելով նավթ սպառող աշխարհի խոշորագույն պետություններից մեկը, վերջին մի քանի տարիների ընթացքում կտրուկ փոխել է դիրքը՝ այդ շուկայում դառնալով նավթի ամենախոշոր արդյունահանող: Եթե 2010թ. ԱՄՆ-ը բավարարում էր նավթի իր պահանջարկի միայն 63%-ը, իսկ մնացած 37%-ը ներմուծում միջազգային շուկայից, ապա 2014թ. ԱՄՆ-ը սկսեց բավարարել իր պահանջարկի արդեն 94%-ը՝ կտրուկ նվազեցնելով նավթի ներմուծումը: ԱՄՆ-ը նման արդյունքի հասավ թերթաքարային նավթի պաշարների արդյունահանման ծավալների կտրուկ աճի շնորհիվ։ 2014թ. նավթի արդյունահանման ծավալներով ԱՄՆ-ը առաջ անցավ Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից: Սա հանգեցրեց նրան, որ նավթի համաշխարհաին շուկայում «ավելորդ» նավթ հայտնվեց, և նավթի առաջարկը սկսեց գերազանցել պահանջարկը մոտ 2 մլն բարել օրական ծավալով1: Այս պայմաններում նավթի գինը 2014թ. երկրորդ կեսին նվազեց $110-ից մինչև $70-80-ի: Սակայն այս գինն էլ երկար չպահպանվեց, քանի որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և վերջինիս վերադարձը նավթի համաշխարհային շուկա էլ ավելի նվազեցրին ածխաջրածնի գները՝ հասցնելով մինչև $50-ի: Սակայն նավթի գները շարունակեցին նվազել նաև 2015թ. վերջին օրերին և 2016թ. առաջին ամիսներին՝ տատանվելով $25-40-ի սահմաններում, հատկապես երբ ԱՄՆ Կոնգրեսը չեղարկեց հում նավթի արտահանման արգելքը2: Հիշեցնենք, որ 1975թ. ԱՄՆ Կոնգրեսը որոշում էր ընդունել արգելել հում նավթի և գազի արտահանումը՝ դրանք պահելով որպես ռազմավարական պաշարներ: Սակայն թերթաքարային նավթի ի հայտ գալը փոխել է իրավիճակը, և այսպիսով ԱՄՆ-ը ցանկանում է ազատվել նավթ արդյունահանող հիմնական պետությունների ազդեցությունից և թելադրում է խաղի իր կանոնները:
ԱՄՆ այս քաղաքականությունն առաջին հերթին հարվածում է նավթի խոշոր արդյունահանողների` Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի շահերին: Իհարկե, տուժում են նավթ արդյունահանող բոլոր պետությունները և հատկապես նրանք, որոնց նավթի արդյունահանման ինքնարժեքը բավական բարձր է, օրինակ՝ Վենեսուելան, Կանադան և Ադրբեջանը:
2016թ. գարնանը նավթի գնի բարձրացումը մինչև $50-ի սահմաններում պայմանավորված էր առաջին հերթին ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների անկմամբ: Նավթի ցածր գները հանգեցրին թերթաքարային նավթի արդյունահանման կրճատմանը, նվազումը կազմեց օրական մոտ 1 մլն բարել, ինչն էլ նավթի գինը բարձրացրեց ներկայիս $45-50-ի սահմանին:
Նավթի գնագոյացման գործում կարևոր է նաև աշխարհաքաղաքական գործոնը: Գաղտնիք չէ, որ նավթի պաշարները հավասարապես չեն բաշխված երկրագնդի վրա, դրանք հիմնականում կենտրոնացած են Պարսից ծոցում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում և ևս մի քանի տարածաշրջաններում:
Այստեղ, թերևս, կարևոր է հատկապես Պարսից ծոցը, որտեղ կենտրոնացված է համաշխարհային նավթի մոտ 45%-ը: Սա նշանակում է, որ քաղաքական անկայունությունը կամ կայունությունը նշված տարածաշրջաններում կարող են ազդել նավթի գնագոյացման վրա՝ հանգեցնելով դրա բարձրացմանը կամ նվազմանը:
Սա հատկապես պարզ երևում է, երբ համեմատում ենք նավթի գնի տատանումը և ռազմական գործողությունները Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում։ Ցանկացած ռազմական բախում, ճգնաժամ կամ հեղաշրջում այս տարածաշրջանում հանգեցնում էր նավթի գնի բարձրացմանը միջազգային բորսաներում:
ՕՊԵԿ անդամ պետությունները շատ անգամ փորձել են այս գործոնն օգտագործել Արևմուտքի վրա ճնշում գործադրելու համար, հատկապես իսրայելա-արաբական պատերազմների ժամանակ, և այդպիսի 11 փորձերից, թերևս, հաջողվեց միայն մեկը` 1973թ., երբ Պարսից ծոցի պետությունների կողմից դեպի Արևմուտք նավթի առաքման դադարեցումը հանգեցրեց նավթի գնի կտրուկ բարձրացման` $2.9-ից մինչև $11.65 մեկ բարել նավթի դիմաց3:
Այս իրադարձությունից հետո ԱՄՆ-ում և Եվրոպայում սկսեցին մշակել էներգետիկ աշխարհաքաղաքականության և էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգեր և ռազմավարություններ, ինչն էլ ժամանակի ընթացքում հանգեցրեց Պարսից ծոցի էներգետիկ աշխարհաքաղաքական նշանակության նվազմանը: Այս մշակումներում կարևորվում էր երկու ուղղություն. առաջինը ընդհանուր էներգետիկ շուկայում, չնայած դրա շարունակական աճին, նավթի տեսակարար կշիռի նվազեցումն էր (եթե 2000թ. էներգետիկ շուկայի 60%-ը կազմում էր նավթը, ապա 2010թ. այն ընդամենը 40% էր):
Երկրորդ ուղղությունը թերթաքարային նավթի և գազի մշակումներն էին, որի առաջատարը ԱՄՆ-ն է: Թերթաքարային հեղափոխությունն էականորեն փոխեց աշխարհառազմավարական վիճակը նավթի շուկայում և հանգեցրեց Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի դերի նվազմանը նավթի գնագոյացման գործընթացում: Այս տարածաշրջաններին փոխարինելու եկավ Հյուսիսային Ամերիկան`ԱՄՆ-ը և Կանադան:
Բորսային կամ սպեկուլյատիվ գործոն. նավթի գինը ձևավորվում է բորսաներում, հիմնականում՝ Լոնդոնի ու Նյու Յորքի, և որպես դասական բորսայական ապրանք այստեղ մեծ է նաև սպեկուլյանտների դերը, որոնք, խաղալով գնի բարձրացման կամ անկման վրա, հսկայական եկամուտներ են ստանում:
Բորսաներում վաճառվում է ոչ թե նավթ, այլ այսպես կոչված ապագայի պայմանագրեր՝ ֆյուչերսներ (futures contract), որոնք նախանշում են նավթի գինը մեկ կամ երկու ամիս առաջվա համար: Օրինակ, հուլիսի 11-ին Լոնդոնի բորսայում վաճառվում են ֆյուչերսներ 2016թ. սեպտեմբեր ամսվա համար՝ մեկ բարել բրենթ (Brent Crude) տեսակի նավթը մոտ $47 գնով: Նյու Յորքի բորսայում արդեն WTI (West Texas Intermediate) տեսակի նավթը 2016թ. օգոստոս ամսվա համար վաճառվում է մոտ $45-ով4:
Այսինքն՝ հենց այս ֆյուչերսների վաճառքով զբաղվող բրոքերներն (ցուլեր և արջեր) էլ ձևավորում են նավթի գինը՝ փորձելով գումարներ վաստակել նավթի գների նվազեցման կամ բարձրացման հաշվին: Այդ ֆյուչերսային պայմանագրերը երբեք էլ իրական նավթի չեն վերածվում, դրանք որպես արժեթղթեր ձեռքից ձեռք են անցնում և մի քանի անգամ վերավաճառվում՝ պայմանավորված նավթի նկատմամբ հետաքրքրության աճով կամ նվազմամբ: Հասկանալի է, որ այստեղ մեծ է սպեկուլյատիվ գործոնի դերը, և այնպիսի հայտնի սպեկուլյանտ, ինչպիսին, օրինակ, Ջորջ Սորոսն է, իր ակտիվությամբ կարող է նվազեցնել կամ բարձրացնել նավթի գինը: Սակայն պետք է շեշտել, որ սպեկուլյատիվ-բորսային գործընթացը նավթի գնագոյացման վրա երկարատև ազդեցություն ունենալ չի կարող, այն ունենում է կարճաժամկետ ազդեցություն:
Նավթի գների ձևավորման այս մեխանիզմը միշտ չէ, որ արտահայտում է նավթի շուկայում պահանջարկի և առաջարկի իրական պատկերը, այն շատ դեպքերում կարող է հակառակ տրամաբանությամբ աշխատել: Միաժամանակ, բորսաները զգայուն են նավթ արդյունահանող և սպառող հիմնական պետություններում տեղի ուենցող տնտեսական և քաղաքական փոփոխությունների հանդեպ և կարող են ազդել նավթի գնի վրա՝ նշված երկրներից դրական կամ բացասական տեղեկատվության տարածման պայմաններում:
Նավթի գնի ձևավորման նման գործընթացի դեմ միշտ էլ պայքարել են նավթ արդյունահանող պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Վենեսուելան և Ռուսաստանը: Վերջիններս փորձում են նավթի վաճառքով զբաղվող մասնագիտացված բորսաներ ստեղծել կամ իրենց տարածքներում, կամ իրենց կողմից վերահսկվող բորսաներում, բայց, որպես, կանոն այդ ծրագրերը ձախողվել են, և էական առաջընթաց չի գրանցվում. նավթի գնի ձևավորումը շարունակում է իրականանալ հիմնականում Նյու Յորքի ու Լոնդոնի բորսաներում:
Նավթի գնագոյացման վրա ազդող վերջին գործոնը դոլարայինն է: Ինչպես հայտնի է, նավթը բորսայական այն եզակի ապրանքներից է, որը վաճառվում է միայն դոլարով: Նույնիսկ Լոնդոնի բորսայում նավթի առքուվաճառքն իրականացվում է այդ արժույթով, հետևաբար դոլարի փոխարժեքի տատանումն արժութային շուկայում հակառակ համեմատական ազդեցությունն է թողնում նավթի գնի վրա:
Այսինքն՝ նավթի գնի անկման պայմաններում միջազգային բորսաներում ուժեղանում է դոլարի դիրքը մյուս արժույթների նկատմամբ, և տեղի կունենա հակառակը նավթի գների բարձրացման դեպքում: Այս երևույթը տեղի ունեցավ նաև նավթի գնի վերջին նվազման շրջանում ևս, 2014-2016թթ. ընթացքում դոլարի դիրքերը շարունակաբար ամրանում էին միջազգային հիմնական արժույթների նկատմամբ:
Սա նավթի գնի վրա ազդելու քաղաքական կամ արժութային այն լծակն է, որ ուղղակիորեն գտնվում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (US Federal Reserve System) վերահսկողության ներքո, և վերջինիս կողմից դոլարի տոկոսադրույքի վերաֆինանսավորման փոփոխությունը կարող է ազդել նաև նավթի գնի վրա միջազգային շուկայում: 2015թ. դեկտեմբերին դոլարի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից մինչև 0.5% (ի դեպ, նման բարձրացում չէր կատարվել 2006թ. սկսած) հանգեցրեց դոլարի դիրքերի ամրապնդմանը միջազգային շուկայում և համապատասխանաբար նավթի գնի կտրուկ անկմանը5:
Նավթի աճող պահանջարկով է բացատրվում նաև ԱՄՆ արժույթի նկատմամբ նման բարձր պահանջարկն ամբողջ աշխարհում:
Նավթի գնագոյացումն աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական գործընթաց է, որի վրա ազդելու ցանկացած հնարավորություն աշխարհառազմավարական առավելություն է տալիս այս կամ այն պետությանը: Հետևաբար, պայքարն ազդեցության այդ գործընթացում տեղ զբաղեցնելու համար շարունակական է լինելու: Այդ պայքարին հավասարապես մասնակցում են թե՛ նավթ արդյունահանող ու այն սպառող խոշոր խաղացողները, թե՛ մասնավոր ընկերությունները և անհատները:
Պետք է հատուկ շեշտել, որը վեր նշված չորս գործընթացները չունեն նավթի գնի վրա ազդելու երկարատև ռեսուրս, դրանք ժամանակավոր են և փոփոխվում են՝ պայմանավորված այդ գործոնների համադրությունից ու համընկնումներից: Հետևաբար, առանձին վերցրած մեկ պետություն նավթի գնագոյացման վրա ազդելու ռեսուրս չունի, դրան կարելի է հասնել միայն միջազգային պայմանավորվածությունների և պայմանագրերի շնորհիվ, սակայն այդ գործընթացները ևս երկարատև ազդեցություն նավթի գնի վրա ունենալ չեն կարող:
Թերևս, նավթի գնագոյացման հետաքրքիր կողմերից մեկն էլ հենց այդ է, որ չնայած առկա լծակներին, նավթի գնի վրա արհեստական կերպով ազդելու հնարավորություններին՝ այն երկար ժամանակով փոխելն անհնար է:
1 BP Statistical Review of World Energy, June 2015, https://www.bp.com/content/dam/bp/pdf/energy-economics/statistical-review-2015/bp-statistical-review-of-world-energy-2015-full-report.pdf2 America lifts its ban on oil exports, http://www.economist.com/news/finance-economics/21684531-light-sweet-compromise-puts-end-crude-market-distortions-america-lifts
3 Oil Shock of 1973–74, http://www.federalreservehistory.org/Events/DetailView/36
4 Crude Oil & Natural Gas, http://www.bloomberg.com/energy
5 Fed Raises Key Interest Rate for First Time in Almost a Decade, http://www.nytimes.com/2015/12/17/business/economy/fed-interest-rates.html?_r=0
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]