
ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)

Ռոման Կարապետյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս
Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում արաբական, մասնավորապես՝ Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ գերխնդիր: Թեպետ միջազգային պատժամիջոցների չեղարկման գործընթացի մեկնարկով Իրանն ակտիվորեն զարգացնում է կապերն արևմուտքի, արևելքի երկրների և հանգուցային համարվող այլ ուղղություններով, նույնը չի կարելի ասել արաբական աշխարհի մասին: Կարծում ենք, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ արաբական որոշ երկրներ նույնպես հավակնում են տարածաշրջանում առաջնորդի դերին և իրենց այստեղ զգում են որպես «տանտեր»: Ծոցի երկրների և պաշտոնական Թեհրանի միջև առաջացած անդունդը ժամանակի ընթացքում ավելի է խորանում: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման միակ իրական հույսը կապվում էր Ռամադանին ընդառաջ իրանցիների՝ Մեքքա այցելության թույլտվության շուրջ բանակցությունների հետ, սակայն այս ուղղությամբ ևս կողմերին չհաջողվեց համաձայնության գալ: Թերևս, Արաբական թերակղզու երկրներից միակը Հորդանանն է, որ պահպանում է դիվանագիտական հարաբերություններ իսլամական հանրապետության հետ: Պաշտոնական Ամանը դիվանագիտական խողովակներով տեղեկացնում է Թեհրանին, որ ցանկանում է ամրացնել հարաբերությունները վերջինիս հետ:
Թեպետ արաբական երկրները մեղադրում են Իրանին Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ, Թեհրանը շարունակում է ջանքեր գործադրել վերջինիս հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Բաղդադում Իրանի դիվանագիտական ներկայացուցիչն Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում: Արաբ պաշտոնյան իր հերթին խոսել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին:
Իրանի համար մեծ կարևորություն ներկայացնող մյուս արաբական երկիրը Լիբանանն է: Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անսարին աշխատանքային այցով մեկնել է Բեյրութ, որտեղ հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետի, արտաքին գործերի նախարարի և խորհրդարանի խոսնակի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Իրանը շարունակում է ինտենսիվորեն զարգացնել տնտեսական կապերը Թուրքիայի հետ: Սակայն պետք է նշել, որ այստեղ հիմնական նախաձեռնողը թուրքական կողմն է: Վերջին տարիներին Թուրքիան տնտեսական գործընկերներ և մեծ շուկաներ է կորցրել, ուստի ջանում է լրացնել այդ բացը: Թուրքական խոշոր ընկերություններից մեկն Իրանի կառավարության հետ ստորագրել է 7 գազային էլեկտրակայան կառուցելու մասին փաստաթուղթ: Ծրագրի արժեքը կազմելու է $4,2 մլրդ, որի աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2017թ. առաջին եռամսյակում: Այս հսկայական ծրագրի իրագործման դեպքում կառուցվելիք 7 կայանները կապահովեն Իրանի էլեկտրաէներգիայի պահանջարկի շուրջ 10%-ը: Երկու երկրների միջև փոխհարաբերություններում այս պահին, թերևս, ամենավիճահարույց հարցն առնչվում է սիրիական ճգնաժամին: Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, Իրանը շարունակում է մեղադրել ինչպես Թուրքիային, այնպես էլ նրա արևմտյան դաշնակիցներին դրանք խախտելու և Սիրիայում ահաբեկիչներին օգնելու մեջ: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Դեհղանը կոչ է արել կազմակերպությանը համագործակցել Ասադի կենտրոնական կառավարության հետ սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: Ըստ իրանցի ներկայացուցչի, միայն այդպես հնարավոր կլինի պայքարել Սիրիայում իրավիճակն ապակայունացնող ուժերի դեմ:
Իրան-Հայաստան: Պաշտոնական Երևանը և Թեհրանը շարունակում են ջանքեր գործադրել երկու երկրների միջև տնտեսական կապերի մեծացման ու քաղաքական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հունիսի 5-6-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան: Իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Թեհրանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում հավասարակշռված դիրքորոշում պահպանելու և հիմնախնդրի կարգավորման գործում միջնորդական առաքելություն ստանձնելու պատրաստակամության համար: Այս հանդիպման շրջանակներում ստորագրվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը: Ըստ այդմ, վերացվում է վիզային ռեժիմը, և երկու երկրների քաղաքացիները կարող են 90 օր առանց հավելյալ փաստաթղթերի գտնվել մյուս երկրում: Սրանով պաշտոնական Երևանն ու Թեհրանը նպատակ ունեն զարգացնել տնտեսական կապերը և զբոսաշրջության ոլորտը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին ընդունել է նաև Իրանի նախագահ Հոսեյն Ռոհանին, որը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար կարևորել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Ռոհանին նաև հայտարարել է առաջիկայում Հայաստան այցելելու մտադրության մասին: Իրանի նախագահը շեշտել է նաև, որ երկու երկրներն ունեն բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնելու մեծ հնարավորություններ: Ըստ նրա, Հայաստանն ու Իրանը լավ հնարավորություն ունեն զարգացնելու Պարսից ծոց-Սև ծով առևտրային միջանցքը: Նալբանդյանը հանդիպել է նաև Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Պաշտոնյաները քննարկել են ինչպես երկկողմ տնտեսական, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կապերի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև իրանական օրենսդիր մարմնի երկու հայազգի պատգամավորները: Պաշտոնական այցի երկրորդ օրը Նալբանդյանը հանդիպել է նաև Իրանի փոխնախագահ, միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիի և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Տեղեկանք: Հատկանշական է, որ Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններում ամենաարագ զարգացողը էներգետիկ ոլորտն է: Հայաստանը մեծացնում է Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները, որոնք 2017-ին նախատեսվում է հասցնել 1 մլրդ 21 մլն կվտ-ի, ինչը կազմում է Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 15%-ը:
Իրանի և Հայաստանի միջև զարգացող հարաբերություններին բավականաչափ նյարդային է արձագանքում պաշտոնական Բաքուն: Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի մի քանի ներկայացուցիչներ պաշտոնական Թեհրանի՝ Երևանի հետ հարաբերությունները զարգացնելու և ջերմացնելու ուղղությամբ քայլերը դիտարկում են իբրև Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող հանգամանք: Կարծում ենք, սրա հետ է կապված նաև Գերմանիա կատարած այցից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին (լրագրողներին ու փորձագետներին տված հարցազրույցում), որ Ադրբեջանը, ի թիվս այլ երկրների, զենք է գնում նաև Իրանից: Սա առաջին դեպքն է, երբ պաշտոնական Բաքուն խոսում է այս մասին: Սրանով Բաքուն նպատակ ունի սեպ խրել Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններում:
Իրան-Արևմուտք: Հունիսի սկզբին ԱՄՆ-ը հրապարակեց ահաբեկչության վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ Իրանը շարունակում է դասվել ահաբեկչությունը ֆինանսավորող երկրների շարքին: Պաշտոնական Թեհրանը կոշտ արձագանքեց այս զեկույցին՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով Վաշինգտոնի հասցեին Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու և ահաբեկիչների դեմ պայքարի իմիտացիա ստեղծելու մեջ: Պաշտոնական Վաշինգտոնն իր հերթին նման հայտարարություններով մեղադրում է Իրանին Սիրիայում անգործության և միայն Ասադի վարչակարգի պահպանմանն ուղղված քայլերի մեջ: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իսլամական հանրապետության իշխանության երեք ճյուղերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ, թեպետ իրենց համար միևնույն է, թե ով կհաղթի ԱՄՆ գալիք ընտրություններում, սակայն եթե ԱՄՆ նոր նախագահը խախտի միջուկային համաձայնագրի կետերը, Իրանն այն չեղյալ կհամարի: Սա առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ նախագահի հիմնական հավակնորդներից Թրամփին, որն իր նախընտրական ելույթներում ասում է, որ ԱՄՆ նախագահի պարտականությունների ստանձնումից հետո իր առաջին գործը լինելու է Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագրի չեղարկումը:
Իրանը փորձում է կարգավորել հարաբերությունները Կանադայի հետ, որի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը պաշտոնապես հաստատել է տարածված լուրերն այն մասին, որ Օտտավան սկսել է բանակցությունները Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ. Կանադայի նախաձեռնությամբ, այն բանից հետո, երբ վերջինս մեղադրեց Իրանին Սիրիային զենք մատակարարելու և միջուկային ծրագրեր իրագործելու մեջ:
Հունիսի 14-15-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվեց անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էր նաև Իրանը: Այստեղ Իրանի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջուկային համաձայնագրի կատարման ընթացքը և Սիրիայում, Եմենում, Լիբիայում, Աֆղանստանում, Ուկրաինայում տիրող իրավիճակը: Միջուկային համաձայնագրի կատարման վերաբերյալ բանակցությունները Զարիֆը շարունակել է Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Զարիֆը Օսլոյում հանդիպել է նաև իր շվեդ գործընկերոջ, Շվեդիայի պառլամենտի խոսնակի և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա շրջագայել է նաև Գերմանիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում: Գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Պաշտոնական Բեռլինը պատրաստակամություն է հայտնել զարգացնել Իրանի հետ հարաբերությունները: Իրանը սկսել է որոշակի վստահություն ձեռք բերել Գերմանիայում՝ սկսելով մարել վերջինիս նկատմամբ պարտքը: Մինչ այս պահը պարտքը մարվել է 500 մլն եվրոյի չափով, սակայն պաշտոնական Թեհրանը ծրագրել է մոտ ապագայում ամբողջությամբ մարել Գերմանիային ունեցած պարտքը՝ դրանով խթանելով վերջինիս հետ տնտեսական կապերի զարգացումը: Ֆրանսիա և Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում Զարիֆը հանդիպել է երկու երկրների ղեկավարների, իր գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում հիմնական թեման եղել են միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծված հնարավորությունները, որոնք պետք է օգտագործվեն Իրան-Եվրոպա տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Իրանը նավթամթերքի մատակարարման շուրջ ակտիվ բանակցություններ է վարում եվրոպական ընկերությունների հետ: Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների, արդեն հաջողվել է համաձայնագրեր ստորագրել իտալական, իսպանական և հունական ընկերությունների հետ, շարունակվում են բանակցություններն անգլիական նավթային հսկաների հետ:
Իրան-Ասիա: Իրանի արտգործնախարար Զարիֆը մասնակցել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հունիսի 23-24-ին անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների տարեկան գագաթաժողովին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ասել է, որ Իրանն ամբողջությամբ պատրաստ է կազմակերպությանն անդամակցելուն, իսկ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո այլևս չկան նրա դիմումը մերժելու պատճառներ:
Տեղեկանք: Իրանը 2005 թվականից կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ, իսկ 2008-ին անդամակցության հայտ է ներկայացրել: Կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ է անդամ բոլոր պետությունների համաձայնությունը: Իրանի անդամակցության վերաբերյալ համաձայնությունը դեռևս չի տվել Ուզբեկստանը, Ղազախստանը երկմտում է, Ղրղզստանը սպասողական վիճակում է, իսկ Չինաստանն Իրանի անդամակցությունը հնարավոր է համարում միայն Պակիստանի ու Հնդկաստանի մուտքից հետո:
Տաշքենդում Զարիֆը հանդիպումներ է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:
Ռուսաստանը շարունակում է ակնհայտ աջակցություն ցուցաբերել Իրանին ինչպես Շանհայի կազմակերպության անդամակցության հարցում, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցերում վերջինիս ձեռնարկումներում: Թեհրան է այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Դեհղանի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերին, սիրիական ճգնաժամի կարգավորմանն առնչվող հարցեր: Թեհրանում կայացել է նաև եռակողմ հանդիպում Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև: Հունիսի երկրորդ կեսին արդեն Մոսկվա այցելեց Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը: Վերջինս հանդիպել է Սերգեյ Շոյգուի և ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ:
Ասիայի, Օկեանիայի և ԱՊՀ երկրների հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը հունիսի 3-ին պաշտոնական այցով մեկնել է Մոնղոլիա, որից հետո՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն: Իրանցի դիվանագետը միջանկյալ այցով եղել է նաև Չինաստանում: Ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանը փորձում է զարգացնել տնտեսական և քաղաքական կապերը բոլոր ուղղություններով՝ անկախ այդ երկրներում իշխող վարչակարգերից:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ԱՄՐԱՊՆԴՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ[30.07.2018]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[10.10.2017]
- ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[05.04.2017]
- ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ[27.03.2017]
- ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ, «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԷՊԻԿԵՆՏՐՈՆ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[12.01.2017]
- ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016թ. նոյեմբեր)[26.12.2016]
- ԻՐԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ներքին իրադրության տեսություն)[23.12.2016]
- ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն և վերլուծություն)[05.12.2016]
- ԻՐԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[17.11.2016]
- ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն և վերլուծություն)[09.11.2016]
- ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[26.09.2016]