
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Խաչիկ Փափազյան
ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման և հանրային ֆինանսների դասախոս, տնտեսագիտության թեկնածու
Արտաքին աուդիտի (կամ արտաքին պետական վերահսկողության) համակարգի բարելավումը և կատարելագործումը ցանկացած պետության հանրային ֆինանսների օգտագործման թափանցիկության և, ընդհանրապես, հանրային կառավարման արդյունավետության բարձրացման կարևորագույն երաշխիքներից է:
Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարն ինքնին կոչված է ապահովելու միության անդամ երկրների առջև ծառացած այն համընդհանուր խնդիրների լուծման գործընթացը, որը յուրաքանչյուր երկրում կհանգեցնի կայուն տնտեսական առաջընթացի, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի նաև յուրաքանչյուր երկրի զբաղեցնել ուրույն տեղ համաշխարհային տնտեսական համակարգում:
Վերոնշյալը հնարավոր է միմիայն հանրային միջոցների, ռեսուրսների, սեփականության արդյունավետ օգտագործման, կառավարման և վերահսկողության միջոցով: Սրա անհրաժեշտությունը ներկա պայմաններում կասկածից վեր է, իսկ արդեն կոնկրետ արդյունքային ցուցանիշների կայուն պարբերականությունն ապահովելու համար հարկավոր է հստակ հետևողականություն ցուցաբերել վերահսկողական աշխատանքներում, առանձնակի ուշադրություն դարձնելով բացասական երևույթների պատճառահետևանքային կապերի վերացմանը:
Գնահատելով Եվրասիական տնտեսական միության գործունեությունը՝ միության ուշադրության շրջանակներից դուրս չի մնացել այն կարևոր ոլորտները, որոնց գործունեության գնահատականը հնարավոր է ստանալ արտաքին պետական վերահսկողության (աուդիտի) իրականացման միջոցով:
Միության անդամ երկրներում արտաքին աուդիտի իրականացումը վերապահված է բարձրագույն վերահսկողություն իրականացնող մարմիններին, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Վերահսկիչ պալատին, Ռուսաստանի Դաշնությունում՝ Հաշվիչ պալատին, Բելառուսի Հանրապետությունում՝ Պետական վերահսկողական հանձնաժողովին, Ղազախստանի Հանրապետությունում՝ Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հաշվիչ հանձնաժողովին, Ղրղզստանում` Վերահսկիչ պալատին, որոնք գործում են՝ ելնելով իրենց ազգային օրենսդրության պահաջներից: Ընդ որում՝ այս երկրները, միևնույն ժամանակ, համարվում են ԱՊՀ անդամ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի անդամներ:
Հարկ է ընդգծել, որ միության բյուջետային միջոցների ձևավորման, կառավարման, դրանց տնօրինման արդյունավետության, գույքի և այլ ակտիվների օգտագործման արդյունավետությունը պարզելու նպատակով միությունում նույնպես իրականացվում է արտաքին աուդիտ:
Միության աուդիտն իրականացնելու նպատակով անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմիններից ձևավորվում է աուդիտորների (տեսուչների) խումբ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատված արտաքին աուդիտի հիմնադրույթի վրա հիմնվելով: Միության մարմիններում անցկացված արտաքին աուդիտի արդյունքները բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից հաստատվելուց հետո ներկայացվում և քննարկվում են Բարձրագույն խորհրդում, դրանցով պայմանավորված ընդունվում են համապատասխան որոշումներ, ընդհուպ մինչև հայտնաբերված խախտումների, չարաշահումների, թերությունների, բացթողումների և ընդհանրապես` բացասական երևույթների վերացման, ինչպես նաև ներկայացված բազմաբնույթ ու բազմաբովանդակ առաջարկությունների (օրենսդրական, իրավական, տեխնիկական և այլն) ընդունման և իրագործման կապակցությամբ:
Աուդիտի արդյունքները հրապարակային են, և համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դրանք դառնում են հանրության սեփականությունը (լուսաբանվում են զանգվածային լրատվության տարբեր միջոցներով)։
Արտաքին աուդիտի համար որպես օբյեկտ հանդիսանում են.
- միության տնտեսական հանձնաժողովը, վերջինիս մարմինները՝ Խորհուրդը և Կոլեգիան, դեպարտամենտները, ինչպես նաև Հանձնաժողովի կամ իր իսկ մարմինների կողմից ստեղծվող այլ մարմիններ,
- միության տնտեսական դատարանը, այդ թվում՝ դատարանի աշխատակազմը:
Միության շրջանակներում իրականացվող աուդիտի հիմքում ընկած են օրինականության, արդյունավետության, անաչառության, անկախության և հրապարակայնության սկզբունքները: Առաջնորդվելով աուդիտի հիմնարար սկզբունքներով՝ աուդիտի ձևերից իրականացվում են նախնական աուդիտը, ընթացիկ աուդիտը և հետահայաց աուդիտը: Իսկ աուդիտի տեսակներից կիրառական են ֆինանսական աուդիտը, համապատասխանության աուդիտը և կատարողականի աուդիտը:
Միության արտաքին աուդիտի իրականացման աշխատանքները համակարգում է անդամ պետություններից մեկը՝ այբբենական (ռուսերեն) պարբերական կրկնողության:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկավոր է նշել, որ արտաքին աուդիտի (վերահսկողության) իրավական կարգավորումը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթով, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի թիվ 89 կարգադրությամբ հաստատված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Եվրասիական տնտեսական միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության) հիմնադրույթով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև Միության իրավունքի մաս կազմող իրավական տարբեր այլ ակտերով: Իսկ ինչ վերաբերում է աուդիտի իրականացման գործընթացին, ապա վերջինս իրականացվում է Միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության)` վերոնշյալ հիմնադրույթով սահմանված կարգով մշակված և հաստատված ստանդարտներին համապատասխան:
դեպի ետ