
ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016թ. ապրիլ)

Ռոման Կարապետյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պ.գ.թ.
Իրանի արտաքին քաղաքականության օրակարգն ապրիլին բավական հագեցած էր: Իրանն ամսվա ընթացքում զգալիորեն ակտիվացավ ռազմական և էներգետիկ ոլորտներում, որոնք երկրի արտաքին քաղաքականության անբաժանելի մասն են կազմում: Այս փաստը պայմանավորվում է պատժամիջոցների չեղարկման արդյուքնում ստեղծված բավական լայն հնարավորություններով: Իրանը երբեք չի էլ հերքել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հարցերում լիդերի դերի իր նկրտումները և երկրի ինտենսիվ զինումն ու ռազմական արդյունաբերության արդիականացումը պայմանավորում է հենց այս նպատակների իրագործման անհրաժեշտությամբ:
Ապրիլի 6-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարեց, որ Իրանը, քաղաքական և դիվանագիտական ճանապարհների հետ մեկտեղ, պատրաստ է նաև ռազմական ճանապարհով պաշտպանել իր անվտանգությունը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ագրեսիայի դեպքում: Ավելին, ըստ պաշտոնյայի, Իրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագրերը, և մոտ ապագայում ավելի հեռահար և ավերիչ ուժով հրթիռներ կմտնեն արտադրության փուլ: Հաջորդ օրը նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ Իրանի զինումը միայն պաշտպանողական նպատակներ ունի: Նախագահի խոսքերով, վերջին երկու դարերի ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել և չի էլ պատրաստվում, սակայն արտաքին հարձակմանը պետք է միշտ պատրաստ լինել: Ռոուհանին տարածաշրջանի մահմեդական երկրների նկատմամբ վտանգը նույնպես դիտարկում է որպես Իրանին ուղղված սպառնալիք, ուստի իրենք պետք է շարունակեն զարգացնել տնտեսական և գիտական բոլոր ճյուղերը, այդ թվում՝ միջուկային ոլորտը: Հետաքրքիր է, որ Իրանի ղեկավարները չեն խուսափում միջուկային խաղաղ ծրագրերի զարգացման վերաբերյալ խոսելուց՝ դրանով որոշակի ակնարկներ անելով Արևմուտքին:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Աբիբոլա Սայարին հայտարարել է, որ Իրանն ավելացնելու է ներկայությունը ծովերում, մասնավորապես՝ Կասպից ծովում հայտնվելու են հրթիռակիր նավեր: Ապրիլի 12-14-ին Իրանում անցկացվեցին ցամաքային զորավարժություններ, իսկ 19-ին Հորմուզի նեղուցում Պակիստանի հետ համատեղ՝ ծովային զորավարժություններ:
Իրանը վստահ է զգում իրեն նաև միջուկային պարտավորությունների կատարման հարցում: Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ ԱԷՄԳ ղեկավար Յուկիա Ամանոն ասել է, որ Իրանը ոչ միայն ամբողջությամբ կատարել է ստանձնած միջուկային պարտավորությունները, այլ նաև ստորագրել է լրացուցիչ արձանագրություններ:
Իրան-ԱՄՆ. Իրան-ԱՄՆ «հեռակա պատերազմն» ապրիլին ավելի ինտենսիվ բնույթ ստացավ: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակ մեղադրում են ԱՄՆ-ին Իրանի և տարածաշրջանի ներքին գործերին խառնվելու, տարածաշրջանն ապակայունացնելու և իր նկատմամբ պատժամիջոցների վերացման մասով պարտավորությունների չկատարման մեջ:
Ապրիլի 6-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմ Շենոնը հայտարարել է, որ իրենք չեն կարող թույլ տալ ռուսական Սու-30 ռմբակոծիչների և Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերի ներմուծումն Իրան, քանի որ դրանք կարող են օգտագործվել հարձակողական նպատակներով: Սրան ի պատասխան, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության անվտանգության հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխաիլ Ուլյանովն ասել է, որ ՄԱԿ ԱԽ թիվ 2231 բանաձևը չի արգելում ռուսական ռազմական տեխնիկայի առաքումն Իրան, ուստի չկա որևէ խոչընդոտ Ս-300 համակարգերը և Տ-90 տանկերը Իրան առաքելու հարցում:
Ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանն ամբողջությամբ կատարում է միջուկային համաձայնագրով նախատեսված կետերը, ուստի այն արժանի է օգտվելու այդ համաձայնագրով ընձեռված հնարավորություններից, այդ թվում՝ Իրանի համար դոլարը պետք է հասանելի լինի: Այս հայտարարությունն արժանացավ որոշ կոնգրեսականների քննադատությանը, ովքեր կոչ արեցին ոչ միայն թույլ չտալ Իրանին մուտք գործել ԱՄՆ ֆինանսական համակարգ, այլ նաև թարմացնել պատժամիջոցները հրթիռներ փորձարկելու համար:
Ապրիլի 19-ին Նյու Յորքում Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որից հետո կողմերը հայտարարել են մի քանի սկզբունքային հարցերի շուրջ առաջընթաց գրանցելու մասին: Կողմերը քննարկել են համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: Քերին նկատել է, որ ԱՄՆ-ը հանել է այն բոլոր պատժամիջոցները, որոնք վերաբերել են Իրանի միջուկային ծրագրերին:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարում է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չի կարող խոչընդոտել ԱՄՆ-ին՝ պայքարել նրա դեմ, քանի որ վերջինս ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում: Ի պատասխան՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ասել է, որ ոչ մի երկիր չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, իսկ հակառակ պարագայում՝ ավերիչ հարված կստանա: Ըստ Խամենեիի, ԱՄՆ-ը, սիոնիստները և նրանց հետևորդները շարունակում են «փափուկ պատերազմ» վարել Իրանի դեմ: Ավելի ուշ Խամենեին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադրված ձևով հակաիրանական տրամադրություններ է ստեղծում աշխարհում, ինչի հետևանքով միջազգային խոշոր ընկերությունները խուսափում են ներդրումներ անել Իրանում:
Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ավելի սրվեցին, երբ Վաշինգտոնի դատարանը որոշում կայացրեց Իրանի սառեցված ակտիվներից $2 մլրդ-ի չափով փոխհատուցում վճարել 1983թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ահաբեկչության հետևանքով զոհված ամերիկյան 241 զինվորականների ընտանիքներին: Այդ գործողության մեջ ԱՄՆ-ը մեղադրում է «Հըզբոլլահ» շարժմանը և Իրանի բարձրաստիճան զինվորականներին: Իրանի արտգործնախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին այս որոշումը «թալան» անվանեց: Այնուհետև պաշտոնական Թեհրանը հայտարարեց այս հարցով միջազգային դատարան դիմելու իր մտադրության մասին: Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրելով նրա աջակցությունը իրանյան ակտիվները ստանալու հարցում, որոնք սառեցված են ԱՄՆ բանկերում և օգտագործվում են վերջինիս կողմից:
Ապրիլի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Էր Ռիադում մասնակցել է ԱՄՆ-Պարսից ծոցի երկրներ ձևաչափով հանդիպմանը, որտեղ իր ելույթում մեղադրել է Իրանին տարածաշրջանի երկրների ներքին գործերին խառնվելու մեջ՝ կոչ անելով զերծ մնալ իր այդ քաղաքական գծից: Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հոսեյն Դեհղանը հետագայում ասել է, որ անվտանգության և խաղաղության հարցերում ԱՄՆ-ը օգտագործում է երկակի ստանդարտներ՝ դրանք ծառայեցնելով իր շահերին, ինչը կարող է բերել նոր համաշխարհային պատերազմի: Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին ասել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում տարածաշրջանի գլխավոր մարտահրավերներից է, ինչը գալիս է տարածաշրջանի որոշ երկրների ոչ սուվերեն լինելուց:
Իրան-Եվրոպա. Ապրիլի սկզբին Թեհրան այցելեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարինա Կալյուրանդը, իսկ ավելի ուշ՝ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Ուկրաինան պաշտոնապես հայտարարեց, որ հանում է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները: Ապրիլի 12-ին երկօրյա պաշտոնական այցով Թեհրան ժամանեց Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին: Վերջինս հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահի և հոգևոր առաջնորդի հետ: Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք միջպետական համաձայնագրեր, որոնք հիմնականում վերաբերում են տնտեսական և էներգետիկ ոլորտներին: Իտալիայի վարչապետը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանում կայունության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Կողմերը հույս են հայտնել, որ մոտ ապագայում Իտալիան կրկին կդառնա Իրանի թիվ մեկ գործընկերը Եվրոպայում:
Եվրոպական ուղղության մյուս կարևոր իրադարձությունը կապված էր ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորած պատվիրակության այցի հետ: Վերջինիս ուղեկցում էր Եվրահանձնաժողովի յոթ ներկայացուցիչ: Հանդիպումների արդյունքում որոշվել է եվրոպական դիվանագիտության ղեկավարության և Իրանի արտգործնախարարության միջև տարեկան հանդիպումներ կազմակերպել: Կողմերը քննարկել են հարցերի բազմավեկտոր շրջանակներ, այդ թվում՝ էներգետիկ, տնտեսական, ատոմային էներգետիկային առնչվող, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Իրանի արտգործնախարար Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին ասել է, որ Իրանում հրթիռների փորձարկումով չի խախտվում միջուկային համաձայնագիրը, սակայն այն որոշակի անհանգստության տեղիք է տալիս:
Ամսվա վերջին Թեհրան ժամանեց Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունը: Կողմերի քննարկման հիմնական թեմաներն են եղել ահաբեկչությունը և դրա դեմ պայքարի համատեղ քայլերի մշակումը: Կողմերը պայմանավորվել են նաև ակտիվացնել միջխորհրդարանական համագործակցությունը:
Իրանը կտրուկ ավելացրել է Եվրոպա արտահանվող նավթի ծավալները: Ստորագրված նոր պայմանագրերի համաձայն՝ դեպի Եվրոպա նավթի արտահանման ամենօրյա ծավալները պետք է կազմեն 700 հազար բարել:
Իրան-Հարավային Կովկաս, Ռուսաստան. Ապրիլի 2-ից Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պայմաններում Իրանը բավական մեծ ակտիվություն դրսևորեց: Երկրի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով կողմերին կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները և անցնել հիմնախնդրի կարգավորման բանակցային ճանապարհին: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ պատրաստակամություն հայտնելով օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում: Միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը Հայաստանի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Հայաստանում Իրանի դեսպանատան ռազմական կցորդը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար:
Ապրիլի 5-ին, վաղօրոք կայացված պայմանավորվածության համաձայն, Իրանի Ռամսար քաղաքում տեղի է ունեցել Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 4-րդ եռակողմ հանդիպումը: Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովին կոչ է արել թույլ չտալ նոր ճգնաժամ տարածաշրջանում: Այստեղ ստորագրվել է երկու փաստաթուղթ՝ սկզբունքների համատեղ հռչակագիր և առաջիկա երկու տարիների համար համատեղ գործողությունների պլան: Երկրորդ փաստաթղթում նշվող համագործակցության հիմնական ոլորտներն են տարանցման հարցերը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը:
Ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանն աստիճանաբար մեծացնում է մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ապրիլի 6-ին Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալաեդին Բորուջերդին հանդիպել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ջաղարյանի հետ: Կարևորելով Ռուսաստանի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը տարածաշրջանում ունի բավական մեծ դերակատարում: Կարծում ենք, սրանով Թեհրանը փորձում է ակնարկել ղարաբաղյան հարցում իր մասնակցության մեծացման մտադրությունների մասին:
Բաքվում կայացել է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը: Կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որով նախատեսում են զարգացնել եռակողմ համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում, համատեղ պայքարել տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների, մասնավորապես՝ ծայրահեղականության, ահաբեկչության և թմրաբիզնեսի դեմ: Կողմերը քննարկել են նաև Կասպից ծովի կարգավիճակի հետ կապված հարցեր: Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը, ի թիվս երկկողմ համագործակցության խնդիրների, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները շարունակում են զարգանալ, թեպետ դրա տնտեսական կողմը որոշակիորեն հետ է մնում: Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, որ Ռուսաստանը եղել է և կշարունակի մնալ Իրանի բարեկամը և ռազմավարական գործընկերը, անկախ նրանից, թե ինչ երկրների հետ Իրանը կզարգացնի իր հարաբերությունները: Եվրասիայի երկրների պառլամենտների խոսնակների առաջին խորհրդակցության շրջանակներում Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին հանդիպել է Ռուսաստանի դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Ապրիլի վերջին պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է անվտանգության հարցերով 5-րդ միջազգային կոնֆերանսին: Դեհղանը հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում հիմնականում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Դեհղանը Մոսկվայում հանդիպել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ կարծիք հայտնելով, որ այն չունի ռազմական լուծում:
Ապրիլի կեսերին Երևան ժամանեց Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հետագա համագործակցության զարգացման հարցեր: Երևանում Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ ստորագրվել է ոլորտում համագործակցության վերաբերյալ քառակողմ համաձայնագիր: Կազմվել է այս չորս երկրների էներգահամակարգերը միավորող ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը:
Իրան-«մահմեդական աշխարհ». Շարունակվում է դիվանագիտական հեռահար պայքարն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրան հայտարարել է, որ եթե Իրանը շարունակի ագրեսիվ քաղաքականությունը Պարսից ծոցում և խառնվի տարածաշրջանի երկրների ներքին գործերին, իրենք ավելի կոշտ միջոցառումների կդիմեն: Պաշտոնական Թեհրանը մեղադրում է Էր Ռիադին տարածաշրջանի մահմեդական երկրներում, մասնավորապես՝ Եմենում վարվող ագրեսիվ քաղաքականության մեջ: Իրանը մեղադրում է Սաուդյան Արաբիային նաև ծոցի այլ երկրների հետ միասին Իրանի դեմ գործող ահաբեկչական խմբավորումներ կազմավորելու մեջ:
Ապրիլին իսլամական աշխարհում կարևորագույն քաղաքական իրադարձությունը Ստամբուլում անցկացված Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 13-րդ հանդիպումն էր: Այստեղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆն իր ելույթում մեղադրում է Սաուդյան Արաբիային տարածաշրջանում Իրանի դեմ գործողությունները ղեկավարելու համար: Ստամբուլում Իրանի նախագահ Հոսեյն Ռոհանին հանդիպումներ է ունեցել Բրունեյի, Օմանի, Ինդոնեզիայի և այլ մահմեդական երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ: Քննարկումների հիմնական թեմաներն են եղել իսլամական երկրների համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Ռոուհանին հանդիպել է նաև Թուրքիայի գործընկեր Էրդողանի հետ, ստորագրվել են կրթության, արդարադատության և այլ ոլորտներին առնչվող 8 միջպետական համաձայնագրեր:
Արաբական երկրների հետ Իրանի հարաբերությունները հեռու են դրական տեղաշարժեր գրանցելուց: Հորդանանը, Իրանին մեղադրելով արաբական երկրների գործերին խառնվելու մեջ, իր դեսպանին հետ է կանչում Թեհրանից՝ շարունակելով Էր Ռիադի մեկնարկած «արշավը»: Նույն պատճառաբանությամբ Իրանին սպառնում է նաև Բահրեյնը, որն Էր Ռիադից հետո երկրորդ պետությունն էր, որ սառեցրել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:
Լայն արձագանք գտավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցն Իրան: Նազարբաևը հանդիպումներ է ունեցել Իրանի գործընկեր Ռոուհանիի և հոգևոր առաջնորդ Խամենեիի հետ: Այցի հիմնական նպատակն է եղել տնտեսությանը և անվտանգությանն առնչվող հարցերի քննարկումը: Ղազախստանի նախագահին ուղեկցող գործարարներն իրանցի գործընկերների հետ համագործակցության ավելի քան 60 պայմանագիր են ստորագրել:
Սիրիական հարցը շարունակում է մնալ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Սիրիական կառավարության հետ ստորագրված պայմանագրի համաձայն՝ ամսվա սկզբին Իրանի հատուկջոկատային զինվորական խումբ է մեկնել Սիրիա խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա Սիրիայի տրոհումը և ամեն ինչ կանեն նրա միասնականության պահպանման համար: Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայեթիի խոսքերով, Սիրիայում իշխանության ղեկին Ասադի մնալն Իրանի համար սկզբունքի հարց է. Ասադն ընտրվել է սիրիացի ժողովրդի կողմից և պետք է մնա իշխանության ղեկին մինչև նախագահության ժամկետի ավարտը:
Մերձավոր Արևելքում մյուս կարևոր խնդիրն առնչվում է նավթի շուկայի կայունացմանն ուղղված բանակցություններին: Նավթ արդյունահանող երկրները պահանջում են Իրանից նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները՝ դրանք հասցնելով 2016թ. հունվարի մակարդակին: Իրանն իր հերթին մեղադրում է վերջիններիս նավթի գները դիտավորյալ իջեցնելու մեջ՝ դրանում Իրանի դեմ միտում տեսնելով:
Այլ ուղղություններ. 1979թ. իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ Իրան ժամանեց Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը: Ջեյկոբ Զումանի և իրանցի գործընկեր Հասան Ռոուհանիի միջև հանդիպման շրջանակներում ստորագրվել են արտադրությանը, առևտրին, գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող 8 միջպետական պայմանագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նավթի արտահանման վերաբերյալ:
Ապրիլի 17-ին Թեհրանում հանդիպել են Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարները: Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցությունը պաշտպանության, անվտանգության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում: Կողմերը հատկապես կարևորել են արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքի իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի իրականացումը:
Պաշտոնական Թեհրանն ընդունել է բարձրաստիճան պաշտոնյաներ նաև Լատինական Ամերիկայի երկրներից: Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսն իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարևորել է Թեհրան-Կարակաս համագործակցության զարգացումը, հատկապես որ երկուսն էլ նավթ արդյունահանող երկրներ են: Ապրիլի վերջին Թեհրան ժամանեց Ուրուգվայի փոխնախագահ Ռաուլ Ռոդրիգեսը: Ռոուհանիի հետ հանդիպման ժամանակ կարևորվեց տնտեսական ոլորտում, հատկապես մասնավոր սեկտորում գործակցության զարգացումը կողմերի միջև:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ԱՄՐԱՊՆԴՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ[30.07.2018]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[10.10.2017]
- ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[05.04.2017]
- ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ[27.03.2017]
- ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ, «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԷՊԻԿԵՆՏՐՈՆ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[12.01.2017]
- ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016թ. նոյեմբեր)[26.12.2016]
- ԻՐԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ներքին իրադրության տեսություն)[23.12.2016]
- ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն և վերլուծություն)[05.12.2016]
- ԻՐԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[17.11.2016]
- ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն և վերլուծություն)[09.11.2016]
- ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[26.09.2016]